Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պոնտոս (այլ կիրառումներ)

Պոնտոսի թագավորություն, Պոնտոս[1], պետություն Փոքր Ասիայում մ.թ.ա. 301-մ.թ.ա. 64 թվականներին։ Հիմնվել է Կապադովկիայի մերձսևծովյան շրջաններում՝ պարսկական մի հայտնի տոհմի գլխավորությամբ, որն իրեն համարում էր Դարեհից սերված։ Մայրաքաղաքն էր Ամասիան։ Գետերի հովիտներում զբաղվել են հիմնականում երկրագործությամբ, լեռնային և տափաստային շրջաններում՝ անասնապահությամբ։ Երկիրը հարուստ էր երկաթի և արծաթի հանքերով։ Քաղաքներում տիրապետող էին ստրկատիրական հարաբերությունները, գյուղական վայրերում պահպանվել էր գյուղական համայնքը, շահագործվում էր ազատ արտադրողների աշխատանքը։ Տիրող ստրկատեր դասը սկզբնապես գտնվել է իրանական ուժեղ ազդեցության տակ, ժամանակի ընթացքում կրել է հունական մշակույթի ազդեցությունը, ընդունել հունական լեզուն և գիրը։ Պոնտոսի հիմնական բնակչությունը կապադովկիացիներն էին։ Նվաճումների հետևանքով Պոնտոսի կազմի մեջ են մտել հույներ, տիբարեններ, մոսսինոյկներ, հայեր։ Պոնտոսի թագավորության արտաքին նվաճումներն սկզբնավորվել են Միհրդատ II և Միհրդատ III թագավորները, որոնք գրավել են ծովափնյա հունական քաղաքները։ Թագավոր Փառնակ I 183 թվականին գրավել է Սինոպեն, Կերասուսը, Տրապեզուսը։ Նրա և նրա հաջորդների ժամանակ սերտ կապեր են հաստանվել հյուսիսային մերձսևծովյան հունական քաղաքների հետ։ 183 թվականին Փառնակ Ա դաշնակցել է Փոքր Հայքի կառավարիչ Միհրդատի հետ և պատերազմել Գազատայի, Կապադովկիայի և Պերգամոնի դեմ։ Չնայած սկզբնական հաջողությանը, Փառնակը և Միհրդատը պարտվել են։ Կնքված պայմանագրով Պոնտոսը և Փոքր Հայքը հրաժարվել են իրենց նվաճումներից և պարտավորվել են վճարել են մեծ ռազմատուգանք։ Միհրդատ V Եվերգետեսի ժամանակ ստեղծվել է վարծու բանակ՝ հույների օրինակով, սկսվել է ռազմական նավատորմի շինարարությունը, մայրաքաղաք է դարձել Սինոպեն։ Միհրդատ V Պոնտոսին է ենթարկել Փռուգիան, գերիշխանություն հաստատել Պափլագոնիայի և Գաղատիայի վրա, Կապադովկիայի գահին նստեցրել իր դրածո Արիարաթես Եպիփանեսին։ Պոնտոսը իր հզորության գագաթնակետին է հասել Միհրդատ VI Եվպատորի օրոք։ Միհրդատ VI նվաճել է Բոսպորի թագավորությունը, վերահաստատել գերիշխանությունը Պափլագոնիայի և Գաղատիայի վրա, գրավել Փոքր Հայքն ու նրա հյուսիսում և հյուսիս-արևմուտքում ընկած մերձսևծովյան շրջանները։ Միհրդատ VI միջազգային ասպարեզում իր հեղինակությունն ամրապնդելու և Հռոմի դեմ հնարավոր պատերազմի դեպքում թիկունքն ապահովելու նպատակով պայմանագիր է կնքել Հայոց արքա Տիգրան Բ Մեծի հետ. պայմանագիրն ամրապնդվել է Միհրդատ VI-ի դստեր՝ Կլեոպատրայի և Տիգրան Բ-ի ամուսնությամբ։ Հռոմի առաջխաղացումն Արևելք և Պոնտոսի հզորացումն առաջ է բերել պատերազմներ այդ երկու ուժերի միջև։ Մ.թ.ա. 71 թվականին Միհրդատը պարտվել է, հռոմեացիները գրավել են Պոնտոսի տարածքը։ Տիգրան Բ-ի օգնությամբ Միրդատ VI ժամանակավորապես (67-66) վերագրավել է իր թագավորությունը, սակայն պարտվելով հռոմեական զորզվար Պոմպեոսից, փախել է Բոսպոր։ 64 թվականին Պանտոսի արևմտյան մասը միացվել է հռոմեական Բյութանիա պրովինցիային, արևելյան մասը, այդ թվում՝ Փոքր Հայքը, տրվել է Հռոմի դաշնակիցներին։

Βασίλειον του Πόντου
Պոնտոս
Մ.թ.ա. 301 - Մ.թ.ա. 64 Հռոմեական կայսրություն 
Քարտեզ


(     Պոնտոսի թագավորությունը      Մեծ Հայքը)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ամասիա
Սինոպ
Լեզու Հունարեն, Հայերեն
Ազգություն Հույներ, Հայեր
Կրոն Հելլենիզմ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն

Պոնտոսի արքաներ խմբագրել

Միհրդատյանների հարստություն

Պողեմոնյան (Զենոնյան) հարստություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 53. ISBN 99941-56-03-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։