Պոլտավայի ճակատամարտ (1709), ռուսական և շվեդական զորքերի միջև գլխավոր ճակատամարտը Հյուսիսային պատերազմի (տես Հյուսիսային պատերազմ 1700-1721) ժամանակ, հունիսի 27-ին։ Շվեդական թագավոր Կարլ XII-ի զորքերը ((35 հզ զինվոր, 32 հրանոթ), որ Ռուսաստան էին ներխուժել 1708 թվականին) 1709 թվական-ի ապրիլին պաշարեցին Պոլտավան։ Քաղաքի կայազորը (4200 զինվոր և 2500 զինված քաղաքացի, 29 հրանոթ, հրամանատար՝ գնդապետ Ա․ Ս․ Կելին) դրսից վրա հասած ռուսական հեծելազորի (գեներալ Ա․ Դ․ Մենշիկովի գլխավորությամբ) և ուկրաինացի կազակների աջակցությամբ հաջողությամբ ետ մղեց մի քանի գրոհ։ Մայիսի վերջին Պոլտավային մոտեցան ռուսական բանակի հիմնական ուժերը Պետրոս I-ի գլխավորությամբ։ Հունիսի 16-ի ռազմական խորհրդում որոշվեց տալ գլխավոր ճակատամարտը։ Հունիսի 25-ին ռուսական բանակը (42 հզ զինվոր, 72 հրանոթ) դիրքավորվեց Պոլտավայից 5 կմ հեռավորության վրա։ Կարլ XII ռուսների վրա գրոհելու համար առանձնացրեց 20 հզ զինվոր, 4 հրանոթ, պահեստում (Պոլտավայի մոտ) թողնելով շուրջ 10 հզ մարդ, այդ թվում դավաճան հետման Ի․ Ս․ Մազեպայի կողմից խաբված ուկրաինացի և զապորոժյան կազակներին։ Հունիսի 27-ի գիշերվա ժամը 2-ին շվեդական զորքերը հարձակվեցին ռուսական ռեդուտների (ամրությունների) վրա և հաջողություն չունեցան։ Անհաջող գրոհից հետո շվեդացի զորքերը ետ քաշվեցին և նորից գրոհեցին առավոտյան ժամը 9-ին։ Ճակատամարտի ընթացքում ռուսական հետևակը սկսեց նեղել հակառակորդին՝ ճակատից, իսկ հեծելազորը՝ շրջանցել թևերը։ Ժամը 11-ի մոտ շվեդները դիմեցին փախուստի։ Կարլ XII և Մազեպան փախան Օսմանյան կայսրություն։ Շվեդների կորուստը կազմեց 9 հզ-ից ավելի սպանված և 18 հզ–ից ավելի գերի, ռուսներինը՝ 1345 սպանված և 3290 վիրավոր։ Պոլտավայի ճակատամարտի հետևանքով Շվեդիայի ռազմական հզորությունը սասանվեց, և պատերազմում տեղի ունեցավ բեկում հօգուտ Ռուսաստանի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 366