Պոլիվինիլային սպիրտ (СН2 — СН(ОН)), պոլիվինիլացետատի օճառացմամբ ստացվող պոլիմեր։ Սպիտակ, պինդ նյութ է, մոլ․ զանգվածը, կախված ստացման պայմաններից, 5 հզ-1 մլն։ Լուծվում է ջրում, չի լուծվում օրգանական լուծիչներում, կայուն է յուղերի, ճարպերի, բենզինի նկատմամբ, թունավոր չէ։ Օճառացումն իրականացնում են ուժեղ թթուների և ալկալիների առկայությամբ՝ մեթիլսպիրտի միջավայրում։ Օգտագործվում է մանրաթելեր, թաղանթներ ստանալու համար, նաև որպես էմուլգատոր, թանձրացնող նյութ և սոսինձ, ցածրմոլեկուլային Պոլիվինիլային սպիրտը՝ սննդի արդյունաբերության և բժշկության (դեղանյութերի բաղադրիչ, արյան պլազմայի փոխարինող) մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 360)։