Պոետիկա (հուն․՝ Περὶ ποιητικῆς, լատ.՝ . Ars Poetica), Արիստոտելի գեղագիտական հայացքները այս կամ այն չափով շարադրված են մեզ հասած նրա մի քանի գրքերում, առաջին հերթին՝ «Պոետիկայում»։ Դժբախտաբար, վերջինս հասել է մեզ բավականին վատ օրինակով. և, բացի այդ ոչ լրիվ վիճակում. չի պահպանվել կոմեդիային վերաբերող բաժինը։

Արիստոտել (հուն․՝ Αριστοτέλης՝ Արիստոտելես, մ. թ. ա. 384[…], Ստագիրա, Հունաստան - մ. թ. ա. 322, Խալկիդա)

Միմեսիս խմբագրել

Միմեսիս (հուն․՝ μίμηόιζ) գեղագիտության մեջ. ուսմունք, որը գեղարվեստական ստեղծագործությունը և մարդկային իմացությունը համարում է իրականության նմանեցում և վերարտադրում։ Միմեսիսի գաղափարը առաջ են քաշել պյութագորասականները՝ երաժշտական ներդաշնակությունը համարելով «երկնակամարների ներդաշնակության» արտացոլում։ Ըստ միմեսիսի մատերիալիստական ուսմունքի հիմնադիր Դեմոկրիտի, արհեստի և արվեստի զանազան տեսակներ մարդիկ սովորել էն՝ ընդօրինակելով կենդանիներին։ Միմեսիսին իդեալիստական մեկնաբանություն է տվել Պլատոնը։ Ի տարբերություն մարդկային արվեստի, որը նմանակում է անցողիկ և նյութական աշխարհը, Պլատոնը իսկական արվեստի նպատակ է ճանաչել գաղափարների բացարձակ գեղեցկության նմանակումը։ Արիստոտելը զարգացրել է միմեսիսի մատերիալիստական ուսմունքը, ըստ որի արվեստը իրականության, հատկապես մարդկային գործողությունների, վերարտադրությունն է։ Նրա կարծիքով նմանողության ունակությունը հատուկ է մարդուն ի ծնե։

Արիստոտելը վճռականորեն պնդում է, որ արտաքին աշխարհն արտացոլվում է արվեստում համաձայն նրա էության և ճշմարտացի ձևով։ Արիստոտելի համար (որը չէր հավատում Պլատոնի անդրկողմյան իդեաների գոյությանը) այդ նշանակում էր, որարվեստը ոչ թե սոսկ նկարագրում է երևույթները, այլ թափանցում է նրանց խորքը, այսինքն՝ վեր է հանում նրանց ներքին էությունը։ Արիստոտելը մինչև իսկ այն եզրակացության էր հանգում, որ այդ բանին արվեստն ավելի հասու է, քան գիտությունը[1]։

Կատարսիս խմբագրել

Արիստոտելը նշում էր երաժշտության դաստիարակող և մաքրող նշանակությունը, որի շնորհիվ մարդիկ թեթևանում են և մաքրվում աֆեկտներից, այսպիսով ապրելով՝ «անվանաս հաճույք»։ Կիրառման համակարգային վերլուծության ենթարկելով «կատարսիս» (κάθαρσις [τῆς ψυχῆς]) տերմինը, Արիստոտելը և այլ հնագույն վերլուծաբաններ պնդում էին, որ կատարսիսը չպետք է ընկալվի բարոյագիտական իմաստով՝ որպես աֆեկտների բարոյական մաքրում (Լեսսինգ և այլք), այլ՝ բժշկական։ Բոլոր մարդիկ էլ հակված են՝ թուլացնող աֆեկտների և, համաձայն Արիստոտելի ուսմունքի, արվեստի խնդիրներից մեկն է՝ այս աֆեկտների անցավ առաջացումը, որը տանում է կատարսիսի, այսինքն՝ լիցքաթափման։ Արդյունքում աֆեկտները (ժամանակավորապես), այսպես ասած, հեռացվում են հոգուց[2]։

Գեղեցիկի ընկալումը խմբագրել

Ըստ Արիստոտելի գեղեցիկը իրերի, արարածների և երևույթների այնպիսի մի հատկություն է, որը գոյանում է մի քանի իրական պայմաններից։ Վերջիններս են՝ կարգը, համաչափությունը, ռիթմը, որոշակիությունը, բազմաձևության մեջ ընդհանրությունը։

Իհարկե, գեղեցիկի նման մեկնաբանությունը անթերի չէ։ Կյանքում հանդիպում են այնպիսի երևույթներ, որոնք պարունակում են թվարկած պայմանները, բայց հրապուրիչ չեն. դրանցից են սարդը, բազմատոտիկը, ուրիշ էլի մի քանի միջատներ և կենդանիներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Վ. Ա.Հովսեփյան Գեղագիտական ուսմունքների պատմություն. — Երևան: Երևանի Համալսարանի Հրատարակչություն, 1979. — С. 16. — 240 с.
  2. «Биюшкина Н.И., Кирюшина Н.Ю., Шартынова А.В. Теоретико-правовые проблемы определения понятия добровольчества». Право и политика. 10 (10): 1603–1609. 2014-10. doi:10.7256/1811-9018.2014.10.12878. ISSN 1811-9018.