Պլասա Մայոր (իսպ.՝ Plaza Mayor, բառացի` գլխավոր հրապարակ), Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի գլխավոր հրապարակներից մեկը։ Գտնվում է այն մասում, որն ընդունված է կոչել «ավստրիական Մադրիդ»։ Պուերտա դել Սոլ հրապարակի հետ մրցում է մայրաքաղաքի գլխավոր հրապարակը կոչվելու։ Մադրիդյան բարոկկոյի ոճով կառուցված հրապարակը, որ Հաբսբուրգների շրջանից պահպանված փոքրաթիվ հուշարձաններից է, կառուցվել է ճարտարապետ Խուան Գոմես դե Մորայի նախագծով։

իսպ.՝ Plaza Mayor
Պլասա Մայոր
Երկիր Իսպանիա[1]
ՏեղագրությունՍոլ[2]
ՎայրMadrid city?
Միանում էcalle del 7 de julio?, calle de Ciudad Rodrigo?, Calle de Botoneras, Madrid?, Calle de Zaragoza, Madrid?, Calle de Gerona, Madrid?, Calle de Felipe III, Madrid?, Calle de la Sal, Madrid? և calle de Toledo?
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Մակերես9400 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ

Սկզբնական շրջանում` Կաստիլիայի և Լեոնի թագավորության արքա Էնրիկե II-րդի օրոք, հրապարակը գտնվել է քաղաքային պարիսպներից դուրս` գլխավոր երկու ճանապարհների` Տոլեդոյի և Ատոչայի հատման տեղում։ Աստիճանաբար ձեռք բերելով կարևոր շուկայի կարգավիճակ` հրապարակը Ֆիլիպ III-ի օրոք լրջորեն վերակառուցվում է։

Իր պատմության ընթացքում հրապարակը կոչվել է տարբեր անուններով` «Արվարձանայինից» մինչև «Գլխավոր հրապարակ»։ 1812 թվականին արձակված հրամանի համաձայն` իսպանական քաղաքների բոլոր գլխավոր հրապարակները կոչվել են «Սահմանադրության հրապարակ»։ Սակայն այդ անունը պահպանվել է ընդամենը երկու տարի, իսկ 1814 թվականին հրապարակը կոչվել է «Արքայական», չնայած «Սահմանադրության հրապարակ» անվանումը վերադարձվել է մի քանի անգամ (1820-1823, 1833-1835, 1840-1843)։

1873 թվականին հրապարակը վերանվանվում է «Հանրապետության հրապարակ», սակայն արդեն 1876 թվականին այն կրկին կոչվում է «Սահմանադրության հրապարակ». այս անվանումը պահպանվում է մինչև 1923 թվականը` Պրիմո դե Ռիվերայի դիկտատուրայի հաստատումը։ Հրապարակը այդ նույն անունով է կոչվում Իսպանիայի երկրորդ հանրապետության տարիներից մինչև քաղաքացիական պատերազմը (1936-1939), երբ հրապարակին կրկին վերադարձվում է հանրաճանաչ «Պլասա Մայոր» անվանումը։

Պլասա Մայորի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1620 թվականի մայիսի 15-ին Իսիդրո դե Մերլոյի և Կինտանի` սրբերի շարքում դասվելու կապակցությամբ, ինչի առթիվ Լոպե դե Վեգան բանաստեղծություն է գրել։ Այդ ժամանակներից ի վեր` ամեն տարի մայիսի 15-ին նշվում է մադրիդցիների գլխավոր տոնը` քաղաքի հովանավոր Սուրբ Իսիդրոյի օրը։ Տոնակատարությունը տևում է երկու շաբաթ, բայց ոչ աշխատանքային օր է հռչակված միայն մայիսի 15-ը։

Պլասա Մայորը առաջին հրապարակն է Մադրիդում, որտեղ մշտական տեղ է ձևավորվել ցլամարտի համար։ Հիմնականում ցլամարտ է կազմակերպվել քաղաքի հովանավորների` Սան Խուանի, Սանտա Աննայի, Սան Իսիդրոյի հիշատակի օրերին։ 1779 թվականին այդպիսի մի ցլամարտի ժամանակ ելույթ են ունեցել ցլամարտի մեծանուն երեք վարպետները` Պեդրո Ռոմերոն, Պեպե Իլյոն և Կոստիլյարեսը, իսկ հրապարակը ձևավորել էր Ֆրանցիսկո Գոյան։

Արտաքին տեսք խմբագրել

 
Ֆիլիպ III-ի արձանը

Միջնադարում հրապարակը շրջապատող շինությունները կառուցվում էին փայտից, ինչը հաճախ հրդեհների առիթ էր դառնում։ 1790 թվականի այդպիսի մի հրդեհից հետո ճարտարապետ Խուան դե Վիլյանուևան, ում հանձնարարված էր վերականգնել հրապարակը, միացնում է հրապարակի շրջանագծով բոլոր տները` նախատեսելով կամարային մուտքեր և փայտը հնարավորինս քարով փոխարինելով։ Աշխատանքը ձգձգվում է մոտ 60 տարի։ Միայն 1853 թվականին հրապարակի արևելյան մասում վերացվում են հրդեհի հետքերը։

Մեր օրերում հրապարակը կանոնավոր քառանկյան տեսք ունի` շրջապատված միաոճ տներով, որոնց թիվը 136 է։ Ամեն շենք ունի պատշգամբ, որից կարելի է հետևել հրապարակում կատարվող իրադարձություններին։ Պատշգամբների թիվը 437 է։ Պլասա Մայորի 9 դարպասները այդ շենքերում ձևավորված կամարներ են։

Կասա դե լա Պանադերիա խմբագրել

 
Կասա դե լա Պանադերիա

Հրապարակի ամենանշանավոր շինությունը Կասա դե լա Պանադերիան է («Հացաբուլկեղեն»)։ Շենքը 15-րդ դարի վերջին ձեռք է բերել քաղաքապետարանը` այնտեղ տեղավորելով արքայի պալատը սպասարկող հացաբուլկեղենի երեք կետ։ Պանադերիան հացաբուլկեղենի հասարակ խանութ չէր լոկ. չորսհարկանի տան միայն առաջին հարկում էր վաճառվում հացաբուլկեղեն, իսկ տոների, ցլամարտերի, մահապատիժների ժամանակ ներքին հարկը զբաղեցնում էր թագավորական ընտանիքը, իսկ վերին հարկերը, իսկ իրենց ունեցած պաշտոնների` մնացած պալատականները։ Պանադերիայի ներսում շքեղ սրահներ են եղել, որտեղ կազմակերպվել են ճոխ ընդունելություններ։ Հետագայում շենքում են տեղակայվել Գեղարվեստի ակադեմիան, ապա նաև Պատմության ակադեմիան։ 1880 թվականից այստեղ է պահվում քաղաքային արխիվը։ Պանադերիայի դիմաց նրա մրցակցությամբ գործել է Կասա դե լա Կարնիսերիան` մսի վաճառքի խանութը։ Տոնական օրերին նրա պատշգամբները ևս մեծ հեղինակություն են վայելել։

Ֆիլիպ III-ի արձանը խմբագրել

Հրապարակի ուղիղ կենտրոնում` գրանիտե պատվանդանի վրա, խոյանում է Ֆիլիպ III-ի բրոնզաձույլ արձանը։ Արձանի հեղինակը հոլանդացի քանդակագործ Ջամբոլոնիան է, սակայն արձանն ավարտին է հասցրել նրա աշակերտ Պեդրո Տական 1616 թվականին։ Արձանը Իսպանիայի թագավորին է նվիրել Տոսկանայի մեծ հերցոգը։ Սկզբում այն տեղադրվել է արքայական Կասա դե Կամպո մերձքաղաքային նստավայրում, սակայն 1848 թվականին թագուհի Իզաբել II-ի հրամանով տեղադրվել է Մադրիդի գլխավոր հրապարակում։

 

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլասա Մայոր» հոդվածին։