Պիրոլիզ (հին հունարեն՝ πῦρ - կրակ, տաք և λύσις - կազմալուծվել, քայքայվել), բարձր ջերմաստիճաններում օրգանական միացությունների դեստրուկցիայով ուղեկցվող փոխարկումները։

Նեղ իմաստով՝ պիրոլիզ նավթային և բնական գազային հումքի բարձր ջերմաստիճանային փոխարկումներն են՝ մոլեկուլների ջերմային դեստրուկցիան, իզոմերումը, պոլիմերումը և այլն։ Պիրոլիզ նավթաքիմիական սինթեզի կարևոր արտադրական եղանակ է, որի հիմնական նպատակն է ստանալ պլաստմասսաների, սինթետիկ մանրաթելերի, կաուչուկի և այլ կարևոր նյութերի արտադրությանն անհրաժեշտ հումք՝ չհագեցած ածխաջրածիններով (էթիլեն, պրոպիլեն, բութադիեն և այլն) հարուստ գազեր։

Պիրոլիզի համար օգտագործում են բնական գազերը, նավթի թորման արդյունքները (գազային ածխաջրածիններից մինչև ծանր ֆրակցիաները), նավթը են։ Գազերից բացի պիրոլիզի հետևանքով ստացվում են նաև կողմնակի հեղուկ խեժեր, որոնց քանակությունը կախված է հումքի տեսակից, գազային հումքից ստացվում է մինչև 5%, իսկ բենզիններից՝ 20% խեժ։

Հումք խմբագրել

Պիրոլիզի հումքը նախ նոսրացնում են գերտաքացված ջրային գոլորշիով, ապա ենթարկում պիրոլիզի խողովակավոր վառարաններում։ Վառարանից դուրս եկող տաք (750-850 °С) գազերն արագ սառեցնում են ջրով, ապա բարձր ճնշման գոլորշի արտադրող կաթսաներում և յուղային լվացման սարքերում, ուր կլանվում են մրի, կոքսի և խեժի մասնիկները։ Գազերը վերջնական սառեցումից հետո բաժանում են ջրից և ծանր ածխաջրածիններից։

Չհագեցած ածխաջրածիններն անջատում են գազաֆրակցիոն սարքերում։ Առաջացած խեժերը պարունակում են արոմատիկ և չհագեցած ածխաջրածիններ։ Պիրոլիզը ավելի շահավետ դարձնելու համար օգտագործում են կատալիզատորներ։ 1200 °C-ում գազային հումքի պիրոլիզի հիմնական արգասիքը ացիտիլենն է։ Նավթամթերքների և ածխաջրածնային այլ հումքերի բարձրջերմաստիճանային վերամշակումը, որն իրականացվում է շարժիչային վառելանյութեր ստանալու նպատակով, կոչվում է կրեկինգ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 309