Պիգմալիոն (Թաուֆիկ ալ-Հաքիմ)

«Պիգմալիոն» (արաբ․՝ بجماليون‎‎), արձակագիր և դրամատուրգ Թաուֆիկ ալ-Հաքիմի (1898 - 1987) պիեսներից մեկը, եգիպտական փիլիսոփայական դրամայի խոշորագույն նվաճում։

Այն բեմադրվել է 1942 թվականին, Կահիրեում։ Պիեսի գլխավոր հերոսը Կիպրոսի լեգենդար քանդակագործ Պիգմալիոնն է, ով ստեղծելով Գալաթեայի քանդակը՝ սիրահարվում է նրան։

Պիգմալիոն
հունական դիցաբանություն

Դեպքերը տեղի են ունենում քանդակագործի արհեստանոցում, որը տեղակայված է անտառի խորքում՝ լճի մոտ։ Բնությունը այստեղ հանդես է գալիս որպես լիարժեք գործող անձ։ Հետևի պատը ամբողջությամբ զբաղեցնում է մեծ պատուհանը, որը միշտ բաց է, և նրա միջով անցնում են մուսաները և աստվածները։ Պիեսի ողջ ընթացքում երևում է, թե ինչպես ողջ անտառը՝ կարծես կենդանի և գործող անձ, մասնակցում է տեղի ունեցող իրադարձություններին՝ ուրախանում է, պայծառանում է, երբ տիրում է սերը, դողում է՝ անհանգստանալով հերոսների ճակատագրի համար, պատված է սառնությամբ և մթությամբ՝ զգալով դժբախտ ավարտը։ Այս պիեսի օրինակի վրա կարելի է հստակորեն տեսնել Թաուֆիկ ալ-Հաքիմի դրամատուրգիայի ևս մեկ կարևոր հատկանիշ՝ անցումը փիլիսոփայականից դեպի կենցաղային գերակայություն, համամարդկայինը որոշող իրականություն։ Պատահական չէ, որ Պիգմալիոնին վերաբերող դիցաբանական իմաստներից վերցված է ոչ թե «Կիպրոսի արքան» կամ «Տիրի արքան», այլ «քանդակագործը», այսինքն իրական մարդ, որը տենչում է իր արվեստի գլուխգործոցը վերածել երկրային կնոջ։ Ավանդության և պիեսի համաձայն՝ այս խնդրանքով նա դիմում է Վեներա աստվածուհուն։

Այս պիեսում անգամ դիցաբանական կերպարներն են ձեռք բերում իրականություն։ Վեներայի և Ապոլլոնի երկխոսության դրվագները կարելի է ասել դարձել են որոշակի տեսարաններ, որտեղ փնթփնթացող զույգը, միմյանց հեգնելով, փորձում է լուծել իր «զավակների» ճակատագիրը։ Հազիվ Գալաթեան ստանում է կնոջ տեսք, այստեղ վերանում է առասպելը, և սկսվում են Պիգմալիոնի տանջանքները։ Սկզբում Գալաթեան փախչում է նրա աշակերտ Նարգեսի հետ, և Պիգմալիոնը հասկանում է, որ նա, լինելով մահկանացու, ստեղծել է մի անմահ գեղեցկություն, որը աստվածները վերածել են ոչնչության։ Ահա այս ժամանակ Ապոլլոնը իր քնարի նվագով օժտում է Գալաթեային բանականությամբ և մարդկային լավ հատկանիշներով։

Սակայն կյանքը մնում է կյանք, և սերը իմաստության հետ կանգնած է կյանքի խնդիրների, առօրյա գործերի կողքին։ Սա Պիգմալիոնի համար անհնար և նույնիսկ սրբապիղծ է։ Նա չի կարող տեսնել ավելը Գալաթեայի ձեռքին։ Իսկ Գալաթեան Պիգմալիոնից շուտ է սկսում հասկանալ, որ անմահությունը վերացել է այն ժամանակ, երբ սկսվել է կենդանի, իրական սերը։ Նա կսկսի ծերանալ, նրա մազերը կսպիտակեն, նրա դեմքը կծածկվի կնճիռներով։ Հասկանալով այս ամենը և նրբորեն զգալով իրեն մշտապես սիրող Պիգմալիոնին, Գալաթեան ինքն է բարձրանում մարմարե պատվանդանի վրա և վերադառնում է իր սկզբնական անկենդան դիրքին։

Բայց այս սառը, անշարժ, լուռ քանդակը ոչ մի կերպ ուրախություն չի կարող պատճառել Պիգմալիոնին։ Եվ նա չի կարող մի սենյակում մնալ իր կողմից կերտված անկենդան էակի հետ. նա իրեն զգում է մարդասպան և փորձում է հեռանալ դեպի սառը աշուն, գիշեր, փոթորիկ։ Աստվածները մտնում են խառնաշփոթի մեջ. իհարկե, կարելի է Գալաթեային նորից կենդանացնել, սակայն արդյո՞ք նա դարձյալ կերջանկացնի Պիգմալիոնին։ Չի՞ առաջանա արդյոք իր հոգում հավերժ գեղեց- կության և կենդանի կյանքի պայքար։ Կկարողանա՞ արդյոք նա ձգտել այնպիսի հասկացությունների ներդաշնակությանը, ինչպիսիք են կյանքը և ստեղծագործությունը։

Գրականություն խմբագրել

  • Усманов Н.К.-Проблематика «интеллектуального театра» Тауфика аль-Хакима (в сборнике «Арабская филология. Сборник статей»). Москва 1968
  • Усманов Н.К.-Жизнь и творчество Тауфика аль-Хакима. Москва 1963
  • Тауфик аль-Хаким-Лотерея. Рассказы и драматические сценки (перевод Юнусова К. и др., предисловие стр. 3-10). Москва 1983
  • Путинцева Т.А.-Многоликий Тауфик аль-Хаким (в книге «Тауфик аль-Хаким. Пьесы»). Москва 1979
  • Юнусов К. О.-Драматургия Тауфика аль-Хакима. Ленинград 1973
  • The achievements of Tawfiq al-Hakim, Cambridge university Արխիվացված 2014-04-16 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել