Պերմանենտ հեղափոխություն

Պերմանենտ հեղափոխություն, շարունակական հեղափոխություն (լատին․՝ permaneo — շարունակվում եմ, մնում եմ), անընդհատ, շարունակվող հեղափոխություն։ Պերմանենտ հեղափոխություն հասկացությունն առավելապես կապվում է Լև Տրոցկու անվան հետ՝ Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ում (1848) և «Կոմունիստների միությանը ուղղված Կենտրոնական կոմիտեի դիմում»-ում (1850) առաջադրված գաղափարների հիման վրա։ Հետագայում այն զարգացրել են Լենինը, Տրոցկին, Էռնեստ Մանդելը[1] և մարքսիստական այլ տեսաբաններ (ներառյալ այնպիսի տրոցկիստներ, ինչպիսիք են՝ Միխայել Լևին[2], Ջոզեֆ Հանսենը[3], Լիվիո Մաիթանը[4]

Լ. Տրոցկին - Ռուսական հեղափոխության հեռանկարները (կազմ, 1917)

Տարբեր տեսաբանների կողմից պերմանենտ հեղափոխություն տերմինի կիրառումը նույնական չէ։ Մարքսն այն օգտագործել է հեղափոխական դասակարգի ռազմավարությունը նկարագրելու համար, որի միջոցով հեղափոխական դասակարգը կարող է ինքնուրույն և առանց փոխզիջման իրականացնել իր դասի շահերը, քաղաքական դաշինքների բացթողումներից և հասարակության հակադիր քաղաքական գերիշխանությունից անկախ։

Տրոցկին առաջ է քաշել իր «մշտական հեղափոխության» հասկացությունը, որպես բացատրություն, թե ինչպես սոցիալիստական հեղափոխությունները կարող են տեղի ունենալ այնպիսի հասարակություններում, որոնք չեն հասել առաջավոր կապիտալիզմին։ Նրա տեսության մի մասն է «սոցիալիզմը առանձին վերցրած մի երկրում»[5] իրականացնելու անհնարինությունը՝ համոզված լինելով, որ կապիտալիստական գլոբալ հեգեմոնիայի դեմ պայքարելու համար սոցիալիստական հեղափոխությունններ պետք է տեղի ունենան ամբողջ աշխարհում։ Տրոցկու տեսությունը նաև պնդում է, որ ուշ զարգացած կապիտալիստական երկրներում բուրժուազիան անզոր է արտադրողական ուժերն այն ձևով զարգացնել, որ հասնի այնպիսի զարգացած կապիտալիզմի, որում լիովին զարգացել է արդյունաբերական պրոլետարիատը, հետևաբար պրոլետարիատը կարող է և պետք է վերցնի սոցիալական, տնտեսական և քաղաքական իշխանությունը՝ դաշինք կազմելով գյուղացիության հետ։

Մարքսիստական տեսություն խմբագրել

Պերմանենտ հեղափոխության գաղափարն առաջադրել են Մարքսը և Էնգելսը՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ում (1848) և «Կոմունիստների միությանը ուղղված Կենտրոնական կոմիտեի դիմում»-ում (1850)։

  Մինչդեռ դեմոկրատական մանր բուրժուաներն ուզում են ․․․ ըստ կարելվույն արագ կերպով վերջացնել հեղափոխությունը, մեր շահերը և մեր խնդիրներն այն են, որ հեղափոխությունը դարձնենք անընդհատ այնքան ժամանակ, մինչև որ ավելի կամ պակաս ունևոր դասակարգերը չհեռացվեն տիրապետությունից, մինչև որ պրոլետարիատը չնվաճի պետական՝ իշխանությունը ․․․[6]։
- Կ. Մարքս, Ֆ. Էնգելս «Կոմունիստների միությանը ուղղված Կենտրոնական կոմիտեի դիմում»
 

Մարքսիզմի հիմնադիրներն անընդհատությունը հասկանում էին որպես հեղափոխական պրոցեսի փուլերի հետևողական հերթափոխում։ Նրանք գտնում էին, որ պրոլետարիատը չի կարող շարժման սկզբում առաջադրել զուտ կոմունիստական միջոցառումներ, հասնել պետական իշխանության և իրականացնել իր դասակարգային շահերը, առանց հեղափոխական զարգացման երկարատև ուղին լիակատար անցնելու։

1850 - 1860 թվականներին Կ. Մարքսն ու Ֆ. Էնգելսը մասամբ վերանայել են իրենց եզրակացությունները, որոնք արվել էին եվրոպական մի քանի երկրներում միաժամանակ բռնկված՝ 1848 թվականի հեղափոխությունների ալիքի փորձի հիման վրա[7]։

Պատմական նոր պայմաններում, իմպերիալիզմի դարաշրջանում զարգացնելով մարքսիզմը, Վ․ Ի․ Լենինը առաջադրեց բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերաճելու տեսությունը։ 1905 թվականին գրված «Սոցիալ-դեմոկրատիայի վերաբերմունքը դեպի գյուղացիական շարժումը» հոդվածում Վ. Ի. Լենինը գրել է.

  ․․․Դեմոկրատական հեղափոխությունից մենք իսկույն ևեթ կսկսենք անցնել և հենց մեր ուժի, գիտակից ու կազմակերպված պրոլետարիատի ուժի չափով, կսկսենք անցնել սոցիալիստական հեղափոխության։ Մենք կանգ չենք առնի կես ճանապարհին[8]։  

Վ․ Ի․ Լենինը վճռականորեն քննադատեց օպորտունիստական այն տեսակետը, ըստ որի բուրժուա-դեմոկրատական և սոցիալիստական հեղափոխությունների միջև գոյություն ունի անդունդ, որ այդ հեղափոխությունների միջև ընկած է 50-100 տարվա ժամանակամիջոց, որից հետո միայն «հասունացած» պրոլետարիատը կարող է սկսել սոցիալիստական հեղափոխությունը։

Տրոցկիստական տեսություն խմբագրել

Լենինը և նրա գաղափարակիցները քննադատում և մերժում էին տրոցկիստական պերմանենտ հեղափոխության տեսությունը։ Տրոցկին 1905 թվականին առաջադրել էր «առանց ցարի, բայց իշխանությունը բանվորական» լոզունգը, որը ժխտում էր հեղափոխության անընդհատականությունը, այսինքն՝ հեղափոխության առաջին փուլի շրջանցում, հակացարական, դեմոկրատական ուժերի հետ դաշինքի բացասում։ Ի տարբերություն մարքսիստների, Տրոցկին ժխտել է պրոլետարիատի ու գյուղացիության դաշինքը, հեղափոխության մեջ Ռուսաստանի գյուղացիության դերի կարևորությունը, գյուղացիությանն իր ետևից տանելու պրոլետարիատի ունակությունը։ Հետագայում տրոցկիստական տեսությունը մերժել է Ռուսաստանում սոցիալիստական հեղափոխության հաղթանակի հնարավորությունը, սոցիալիզմի հաստատումը ԽՍՀՄ-ում, դրանց իրականացման համար պարտադիր համարելով զարգացած կապիտալիստական երկրներում սոցիալիստական հեղափոխությունների հաղթանակը և նրանցից պետական ուղղակի աջակցություն ստանալը։ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիզմի հաղթանակը ԽՍՀՄ-ում գործնականորեն հերքեցին տրոցկիստական պերմանենտ հեղափոխության տեսությունը։

Տրոցկիստները համարում էին, որ եթե Հոկտեմբերյան հեղափոխությունից կարճ ժամանակ անց Արևմուտքում պրոլետարական հեղափոխությունը հաղթանակ չտանի, ապա ԽՍՀՄ-ին սպասում է «կապիտալիզմի ռեստավրացիա»։

  Խորհրդային Միությունը Հոկտեմբերյան հեղափոխությունից դուրս է եկել, որպես աշխատավորական պետություն։ Արտադրության միջոցների ազգայնացումը, որը սոցիալիստական զարգացման անհրաժեշտ պայման է, արտադրողական ուժերի արագ աճի հնարավորություն է ստեղծել։ Աշխատավորական պետության պետական ապարատն այդ ընթացքում ամբողջական վերածնվեց՝ բանվոր դասակարգի զենքից վերածվելով բանվոր դասակարգի դեմ բռնությունների բյուրոկրատական գործիքի և աստիճանաբար տնտեսության սաբոտաժի միջոցի։ Հետամնաց և մեկուսացված բանվորական պետության բյուրոկրատացումը և բյուրոկրատիայի վերափոխումն ամենակարող արտոնյալ կաստայի հանդիսանում է մեկ երկրում սոցիալիզմ կառուցելու առավել համոզիչ՝ ոչ թե տեսականորեն, այլ գործնականորեն հերքում։

Այդպիսով, խորհրդային ռեժիմը ներառում է այնքան զարհուրելի հակասություններ։ Բայց այն շարունակում է մնալ վերածնված աշխատավորական պետության ռեժիմ։ Այդպիսին է սոցիալական ախտորոշումը։ Քաղաքական կանխատեսումն ունի այլընտրանքային բնույթ` կամ բյուրոկրատիա, որն ավելի ու ավելի դառնալով աշխատավորական պետության համաշխարհային բուրժուազիայի օրգան, կտապալի սեփականության նոր ձևերը եւ երկիրը կնետի կապիտալիզմի գիրկը, կամ բանվոր դասակարգը կջախջախի բյուրոկրատիային և ճանապարհ կբացի դեպի սոցիալիզմ[9]։

 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետ պերամանենտ հեղափոխության տեսության զարգացումը շարունակել են Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի տրոցկիստական կազմակերպություններ ունեցող երկրների բազմաթիվ ձախ մարքսիստական տեսաբաններ։ Հակագաղութային ընվզման ընթացքում՝ 1950-ական թվականների վերջից մինչև 1960-ական թվականները չորրորդ ինտերնացիոնալը վերլուծել է «երրորդ աշխարհի» երկրներում հեղափոխական գործընթացների զարգացումը, և, առաջին հերթին, Ալժիրի և Կուբայի հեղափոխությունները։

1963 թվականին, Չորրորդ ինտերնացիոնալի համագումարներից մեկում ընդունվել է «Համաշխարհային հեղափոխության դինամիկան այսօր» բանաձև։ Բանաձևի հեղինակներն էին Էռնեստ Մանդելը՝ Բելգիական մասի առաջնորդը, և Ջոզեֆ Հանսենը՝ Սոցիալիստական աշխատավորական կուսակցության (ԱՄՆ) ղեկավարության անդամ։ Բանաձևում նշվում է.

  ... Համաշխարհային հեղափոխության երեք հիմնական ուժերը` գաղութային հեղափոխությունը, քաղաքական հեղափոխությունը վերածնված եկամ դեֆորմացված աշխատավորական պետություններում և պրոլետարական հեղափոխությունը իմպերիալիստական երկրներում, ձևավորում են դիալեկտիկական միասնություն։ Այդ ուժերից յուրաքանչյուրն ազդում է մյուսների վրա, և ի պատասխան ստանում է հզոր խթան իր հետագա զարգացման կամ արգելակման համար։ Իմպերիալիստական երկրներում պրոլետարական հեղափոխության հետաձգումը անկասկած խոչնդոտել է գաղութային հեղափոխությանը նրանով, որ սոցիալիստական ուղու վրա կանգնեն, այնքան արագ և այնքան գիտակցաբար, որքան հնարավոր է հաղթական հեղափոխական ապստամբության կամ զարգացած երկրներում պրոլետարիատի հաղթանակի ազդեցությամբ։ Այս ուշացումը նույնպես խոչնդոտում է ԽՍՀՄ-ում քաղաքական հեղափոխության զարգացմանը, այդ թվում նաև այն պատճառով, որ խորհրդային աշխատողները իրենց առաջ չեն տեսնում սոցիալիզմի կառուցման այլընտրանքային օրինակ[10]։  

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ernest Mandel In Defense of Permanent Revolution. A Reply to Doug Jenness. December 1982
  2. Michael Löwy The relevance of permanent revolution. Saturday 7 October 2000 (անգլ.)
  3. Joseph Leroy Hansen Կենսագրություն (անգլ.)
  4. Livio Maitan Կենսագրություն (անգլ.)
  5. «Marxist.com on 'Socialism in one country'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  6. Կ. Մարքս, Ֆ. Էնգելս, Ընտ․ երկ․, հ․ 1, Ե․, 1972, էջ 236
  7. Ойзерман, Теодор Ильич. Маркс: эволюция социологической концепции насилия. Социологические исследования, 1994, № 5. С. 27-34.
  8. Վ. Ի. Լենին, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 11, էջ 277-278
  9. Антология позднего Троцкого. — М.: «Алгоритм», 2007. — С. 338
  10. of World Revolution Today. 7-րդ համաշխարհային կոնգրեսի բանաձև, 1963)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։