Պարահանդես (ֆր.՝ bal, իտալ.՝ ballo, գերմ.՝ Ball), հասարակության` տարբեր սեռերի մեծ թվով ներկայացուցիչների հավաքույթ պարելու նպատակով։ Պարահանդեսները տարբերվում են սովորական պարերից կամ դիսկոտեկներից իրենց հանդիսավորությամբ, առավել խիստ վարվելակարգով և դասական պարերով, որոնց հերթականությունը սահմանվում է նախօրոք։

Կայսր Ֆրանց Յոզեֆ IՎիեննական պարահանդեսին (1900)

Պատմություն խմբագրել

Պարահանդեսները ծագել են ֆրանսիական և բուրգունդյան պալատներում։ Առաջին պարահանդեսը, որի մասին հիշատակումներ կան պատմության մեջ, կայացել է 1385 թվականին Ամյենում Կառլ 6-րդի և Իզաբելա Բավարացու պսակադրության առիթով։ Սակայն հայտնի չէ` արդյոք այդ ժամանակներում պարահանդեսին մասնակցել են արքայազները և հրավիրված ազնվականները։

15-16-րդ դարերում պալատներում և պալատական ամրոցներում պարային մեծ միջոցառումներ հազվադեպ են անցկացվել։ Միայն Մարիա Մեդիչիի (նրա օրոք ի դեպ Ֆրանսիայում առաջին անգամ դիմակահանդեսներ են կազմակերպվել) և հետագայում նրբակիրթ Հենրի IV արքայի օրոք պարահանդեսները լայն տարածում են գտել։ Պարահանդեսների ներկայիս ձևը ընդունվել է Լյուդովիկոս XIV-ի ժամանակներից, երբ դրանք տարածում ունեցան նաև գերմանական տարածքներում։

Պարահանդեսների համար առաջին անգամ Ֆրանսիայում մշակվեց կանոնակարգ, որի փոքր-ինչ պարզեցված տարբերակը հաստատվեց 19-րդ դարում։ Պարին գրանցվելու և զույգի հավանական թեկնածուների համար տիկնայք օգտագործել են պարային քարտեր։

1715 թվականին Փարիզում պարահանդեսներ են կազմակերպվել օպերային թատրոնում (Bal de l’Opèra)` հնարավորություն ընձեռելով երրորդ դասակարգին վճարի դիմաց մասնակցելու միայն ուրախ պարերին։ Այդ ժամանակից էլ պարահանդեսը զվարճանքի միջոց է դառնում բոլոր խավերի համար։

Ինչպես նորաձևության մեջ, այնպես էլ այս ոլորտում Փարիզը թելադրում է զարգացման ուղին, պարահանդեսային պարագաների ընտրությունը։ Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին պարահանդեսային կենտրոն է համարվում Վիեննան, որտեղ իրենց հանգրվանն են գտնում ֆրանսիացի շատ ազնվականներ։

Պարահանդեսները Ռուսական կայսրությունում խմբագրել

 
Պարահանդես Պետերբուրգում` նվիրված Ռոմանովների արքայատոհմի 300-ամյակին (1913)

Պետրոս Առաջինի օրոք մի շարք այլ նորամուծությունների թվում տեղ է գտնում նաև պարահանդեսը։ Մինչ այդ Ռուսաստանում պարահանդեսներ չեն կազմակերպվել։ Կայսրուհի Ելիզավետա Պետրովնան, լինելով գրավիչ կին, հատկապես սիրել է պարել և պարահանդեսներ կազմակերպել։ Միտումը պահպանվել է նաև Եկատերինա II-ի օրոք, ով խրախուսում էր ազնվականական խելամիտ միջոցառումները։ Նրա կազմակերպած պարահանդեսները աչքի են ընկել հատուկ շքեղությամբ, ինչը նշել են նաև մարդիկ, ովքեր ականատեսն են եղել Վերսալի պալատի ճոխ պարահանդեսներին։

Պալատական պարահանդեսների կարևոր առանձնահատկությունն այն էր, որ դրանք փոխարինում էին պաշտոնական ընդունելություններին։ Պարահանդեսների այդ դերը պահպանվել է մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը։ Մասնավոր անձանց նախաձեռնությամբ կազմակերպվել են առանձին անհատներին կամ դեպքերին նվիրված պարահանդեսներ։ Այսպես` 1812 թվականին Վիլնյուսում կազմակերպվել է երկու պարահանդես, որոնցից մեկը նվիրված էր Ալեքսանդր I-ին, մյուսը` կայսր Նապոլեոնին[1]։

Ամենատեսարժան պարահանդեսներից մեկը կազմակերպվել է 1903 թվականին Ձմեռային պալատում, որին մասնակիցները ներկայացել են մինչպետրոսյան ժամանակի զգեստներով։ Կայսրական վերջին պարահանդեսը կազմակերպվել է 1913 թվականին, ինչին նվիրված է Ալեքսանդր Սոկուրովի «Ռուսական տապան» ֆիլմը[2]։

Պարահանդեսները 21-րդ դարում խմբագրել

Պարահանդեսներ կազմակերպվել են նաև 20-21-րդ դարերում։ Այսպես` ֆրանսիացիները սովորաբար կազմակերպում են դրանք Տրոկադերո պալատի (Փարիզ) ցուցահանդեսի բացման առիթով։ Վիեննայի պարահանդեսները մեծ հռչակ են վայելում ողջ աշխարհում. սկսած 1936 թվականից` Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը Վիեննայի պետական օպերայում կազմակերպվում է Վիեննական պարահանդեսը։ Ռուսաստանում ևս 21-րդ դարում սկսել են պարահանդեսներ կազմակերպել, որոնց ընթացքում սովորաբար պատմական զգեստներով կատարում են տարբեր դարաշրջանների պարեր։ Գործում է պատմական պարերի միջազգային կազմակերպություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Шыдлоўскі, С. А. Культура прывілеяванага саслоўя Беларусі : 1795—1864 гг. — Мінск : Беларуская навука, 2011. — С. 90—92.
  2. Новости NEWSru.com : Սոկուրովի «Ռուսական տապանը» Կաննի կինոփառատոնում մեծ հաջողություն ունեցավ