Հաշվապահական ծախքեր կամ պատմական արժեք (անգլ.՝ accounting costs կամ Historical cost), հաշվապահական հաշվառման հասկացություն, ծախսումներ, որոնք ներկայացված են ծախսված միջոցների դրամական արտահայտությամբ դրանց ձեռքբերման փաստացի՝ նոմինալ գներով։ Դրանք կարելի է անվանել բացահայտ ծախսեր, արտադրանքի ինքնարժեք, սկզբնական արժեք։

Պատմական ծախսերի հաշվառումը ներառում է ակտիվների և պասիվների հաշվետվություններն իրենց պատմական ծախսերով, որոնք չեն թարմացվում արժեքների փոփոխության դեպքում։ Հետևաբար, հաշվեկշռում ներկայացված գումարները հաճախ տարբերվում են դրանց ընթացիկ տնտեսական կամ շուկայական արժեքներից։

Թեև պատմական արժեքի օգտագործումը քննադատվում է արժեքի փոփոխություններին համընթաց հաշվետվությունների բացակայության պատճառով, այն շարունակում է կիրառվել հաշվապահական հաշվառման համակարգերի մեծ մասում ցածր և բարձր գնաճի և գնանկման ժամանակաշրջաններում։

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (ՖՀՄՍ) հիպերինֆլյացիայի ժամանակ պահանջում են ֆինանսական կապիտալի պահպանում մշտական գնողունակության միավորներով՝ ամսական սպառողական գների ինդեքսով (ՍԳԻ), ինչպես սահմանված է IAS 29 «Ֆինանսական հաշվետվություն հիպերգնաճային տնտեսություններում»։ Պատմական արժեքը որոշ չափով կապված է ղեկավարության մոտեցումների հետ։ Ուստի տարբեր ճշտումների հետևանքով ստուգելիությունը բարդանում է։ Հաշվապահական հաշվառման ստանդարտների մեծ մասում լինում է որոշ ակտիվների և պասիվների իրական կամ շուկայական արժեքի ավելի համաժամանակյա արտացոլում, չնայած պատմական արժեքի սկզբունքը շարունակում է գործել։ Հաշվապահական հաշվառման շատ ստանդարտներ պահանջում են որոշակի ակտիվների և պասիվների ընթացիկ արժեքների պարզաբանում ֆինանսական հաշվետվությունների ծանոթագրություններում՝ դրանք հաշվեկշռում ներկայացնելու փոխարեն։

Հեշտ հասանելի շուկայական արժեք ունեցող ակտիվների որոշ տեսակների համար ստանդարտները պահանջում են, որ ակտիվի (կամ պասիվի) հաշվեկշռային արժեքը թարմացվի ըստ շուկայական գնի կամ արժեքի որևէ այլ գնահատականի, որը մոտավորապես հավասար է ընթացիկ արժեքին (իրական արժեք, նաև իրական շուկայական արժեք)։ Հաշվապահական հաշվառման ստանդարտները տարբերվում են, կախված նրանից, թե ինչպես է գրանցվում ակտիվի կամ պասիվի արժեքի փոփոխությունը. այն կարող է ներառվել որպես եկամտում կամ որպես բաժնետերերի սեփական կապիտալի ուղղակի փոփոխություն։

Մշտական գնողունակության միավորներով կապիտալի պահպանման մոդելը, որը հաստատված է Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից, պատմական ծախսերի հաշվառման մոդելի այլընտրանքային հիմնական հաշվապահական մոդելն է։

Սահմանում խմբագրել

Հաշվապահական հաշվառման ծախսերը արտադրական գործոնների օգտագործման ծախսերի դրամական արտահայտությունն է, որի արդյունքում իրականացվում են ապրանքների արտադրություն (արտադրական ծախքեր) և վաճառք (շրջանառության ծախքեր)։ Հաշվապահական ծախսերը չեն ներառում արտադրական գործոնների ալտերնատիվ ծախքերը, այսինքն՝ ռեսուրսները լավագույնս օգտագործելու հնարավորության կորուստները։ Հաշվապահական հաշվառման մեջ հաշվառման օբյեկտը միայն հաշվապահական ծախսերն են (փաստացի կատարված և փաստաթղթավորված ծախսերը)։ Կառավարչական հաշվառման մեջ հնարավորության (ալտերնատիվ) ծախքերը որոշելու համար կարող է կազմակերպվել ենթահամակարգ, որտեղ կարող է ձևավորվել տեղեկատվություն, որը կոչված կլինի ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ընտրությունը որոշելուն, կառավարման օպտիմալ որոշումները հիմնավորելուն և ընդունելուն։ Այսպիսով, հաշվապահական ծախսերը (կամ արտադրական ծախսերը) կարող են ճանաչվել որպես համապատասխան եկամուտ ստանալու ծախսեր, կամ «կապիտալիզացված» ծախսեր, այսինքն՝ հաշվեկշռում արտացոլվել որպես ակտիվներ։

Հաշվապահական ծախսերը դրանք սկզբնական ծախսերն են[1]։ Հաշվապահական ծախսերը ռեսուրսների արժեքն են, որոնք ծախսվել են դրանց ձեռքբերման փաստացի գներով, որը նաև կոչվում է արտադրանքի ինքնարժեք։ Դրանք ներառում են հումքի, նյութերի, վառելիքի, էներգիայի, աշխատողների և ղեկավար անձնակազմի աշխատավարձերը, վարձավճարը, ստացված վարկերի տոկոսները և այլն[2]։

Պատմական արժեք խմբագրել

Հաշվապահական ծախսերը պատմական արժեք է կոչվում, քանի որ դրա հիմքում սկզբնական արժեքն է։ Հաշվապահական հաշվառման պատմական արժեքի հիման վրա ակտիվները և պասիվները գրանցվում են իրենց արժեքներով, երբ առաջին անգամ ձեռք են բերվել։ Այնուհետև դրանք հիմնականում չեն վերաձևակերպվում արժեքների փոփոխությունների դեպքում։

Եկամուտների մասին հաշվետվությունում գրանցված ծախսերը հիմնվում են վաճառված կամ օգտագործված ապրանքների պատմական արժեքի վրա, այլ ոչ թե դրանց փոխարինման համար արված ծախսերի վրա։

Օրինակ՝ խմբագրել

  • ընկերությունը 1-ին տարում ձեռք է բերում ակտիվ 100 ԱՄՆ դոլարով
  • 1-ին տարվա վերջում ակտիվը դեռ պահպանվում է, երբ դրա շուկայական արժեքը կազմում է $120
  • 2-րդ տարում ընկերությունն ակտիվը վաճառում է 115 դոլարով։

1-ին տարվա վերջում ակտիվը հաշվեկշռում գրանցվում է $100 արժեքով։ Հաշվի չի առնվում 1-ին տարում արժեքի՝ $100-ից մինչև $120 աճը։ 2-րդ տարում ընկերությունը գրանցում է $115 վաճառք։ Վաճառքի արժեքը կազմում է $100, որը հանդիսանում է ակտիվի պատմական արժեքը։ Սա հանգեցնում է $15 շահույթի, որն ամբողջությամբ ճանաչվում է 2-րդ տարում։

Գնահատում ըստ պատմական արժեքի խմբագրել

Գույքագրում խմբագրել

Ընդունված ստանդարտ է, պատմական արժեքի հիման վրա հիմնվելով՝ գույքի արժեքը ներկայացնել ինքնարժեքից և իրացման զուտ արժեքից ցածր արժեքով[Ն 1]։ Արդյունքում՝

  • իրացվող պաշարների արժեքի նվազումն իր սկզբնական արժեքից ցածր գումարի չափով ճանաչվում է անմիջապես[4]
  • իրացվող պաշարների արժեքի աճն իր սկզբնական արժեքից բարձր գումարի չափով չի ճանաչվում մինչև պաշարների վաճառքը[4]։

Հիմնական ֆոնդեր խմբագրել

Հիմնական ֆոնդերը (անշարժ գույք, գործարան և սարքավորումներ և այլն) գրանցվում են իրենց պատմական արժեքով[5]։ Արժեքը ներառում է․

  • Գնման գինը, ներառյալ ներմուծման մաքսատուրքերը և առևտրային զեղչերն ու զիջումները հանելուց հետո գնման չվերադարձվող հարկերը,
  • Ցանկացած ծախս, որն ուղղակիորեն վերագրվում է ակտիվը այն վայրին և պայմաններին հասցնելուն, որոնք անհրաժեշտ են, որպեսզի այն կարողանա աշխատել։ Դրանք կարող են ներառել տեղամասի պատրաստման, առաքման և բեռնաթափման ծախսերը, տեղադրման, հավաքման, փորձարկման, մասնագիտական վճարները և այդ աշխատանքներին անմիջականորեն ներգրավված աշխատակիցների ծախսերը։

Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներում արժեքը ներառում է նաև օբյեկտի ապամոնտաժման և օտարման և դրա վերականգնման ծախսերի սկզբնական գնահատումը։ Արժեքը կարող է ներառել շինարարության ֆինանսավորման համար փոխառության արժեքը, եթե այս քաղաքականությունը հետևողականորեն որդեգրվի։ Այնուհետև պատմական արժեքը մաշվում է. այն համակարգված կերպով նվազեցվում է մինչև փոխհատուցվող գումարը՝ ակտիվի գնահատված օգտակար ծառայության ընթացքում, որպեսզի արտացոլի ակտիվի օգտագործումը։ Արժեզրկումը (պատմական արժեքի նվազեցումը) գանձվում է ծախսերից[6]։ Շատ դեպքերում օգտագործվում է «ուղիղ գծի» մաշվածության մեթոդը, որի արդյունքում ամեն տարի գանձվում է միևնույն ամորտիզացիան, մինչև այն ենթադրվում է, որ կօտարվի կամ դրանից լրացուցիչ տնտեսական օգուտներ չեն ստացվի հետագայում։ Արժեզրկման այլ օրինաչափություններ օգտագործվում են, եթե որոշ ժամանակաշրջաններում ակտիվները համաչափորեն ավելի շատ են օգտագործվում, քան մյուսները։

Ֆինանսական գործիքներ խմբագրել

Որոշ ֆինանսական ակտիվներ կարող են հաշվառվել պատմական արժեքով, որը ֆինանսական հաշվառման հիմնական մեթոդն է։ Ցանկացած սկզբնական թողարկման հավելավճար կամ զեղչ ժամանակի ընթացքում ամորտիզացվում է տոկոսներով, և արդյունքում ստացված արժեքը հաճախ նկարագրվում է որպես ամորտիզացված արժեք[7]։

Տնտեսական ծախսեր խմբագրել

Տնտեսական ծախսերը գումարային ծախսեր են, ներառյալ՝ հաշվապահական ծախսերը (արտադրական գործոնների օգտագործման ծախսերի դրամական արտահայտությունը, որի արդյունքում իրականացվում է արտադրանքի արտադրությունը (արտադրության ծախսերը) և վաճառքը (իրացումը) (բաշխման ծախսերը)) և հնարավորության ծախսերը (ընկերության կապիտալի ալտերնատիվ օգտագործումից կորցրած շահույթը, որը կապված է ընկերության շրջանառու միջոցների հետ)։

Տնտեսական ծախսեր = Հաշվապահական ծախսեր + Հնարավորության ծախսեր։

Հաշվապահական հաշվառում և տնտեսական շահույթ խմբագրել

Հաշվապահական շահույթը հավասար է ընդհանուր հասույթին առանց հաշվապահական ծախսերի (բացահայտ ծախսեր)։

Հաշվապահական շահույթ = Եկամուտ - Հաշվապահական ծախսեր

Տնտեսական շահույթ = Եկամուտ - Տնտեսական ծախսեր

որտեղ

Տնտեսական ծախսեր = Բացահայտ ծախսեր + Թաքնված ծախսեր։

Պատմական ծախսերով հաշվառման առավելություններ ու թերություններ խմբագրել

Առավելություններ խմբագրել

  • Պատմական ծախսերով հաշվառումը պարզ է
  • Պատմական ծախսերով հաշվառումը չի գրանցում օգուտները, քանի դեռ դրանք չեն իրականացվել
  • Պատմական ծախսերի հաշվառումը դեռ օգտագործվում է հաշվապահական համակարգերի մեծ մասում։

Թերություններ խմբագրել

  • Պատմական ծախսերով հաշվառումը որևէ ցուցում չի տալիս ձեռնարկության ակտիվների ընթացիկ արժեքների մասին
  • Պատմական ծախսերով հաշվառումը չի գրանցում ավելի հին ակտիվների, մասնավորապես գույքի օգտագործման հնարավորության ծախսերը, որոնք կարող են հաշվառվել շատ տարիներ առաջ կատարված ծախսերի վրա հիմնված արժեքով,
  • Պատմական ծախսերով հաշվառումը չի ներկայացնում/հաշվառում գնաճի հետևանքով անվանական դրամական միավորի իրական արժեքի կորուստը կամ գնանկման ժամանակ անվանական դրամական միավորի իրական արժեքի աճը[8][9][10]։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Ըստ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS)- IAS 2[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Макконнелл Кэмпбелл Р., Брю Стэнли Л. Экономикс. Принципы, проблемы и политика. Учебник Экономические издержки․ հատոր 2». OZON.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: Text "ISBN 5-250-01486-0" ignored (օգնություն)
  2. Бухгалтерские и экономические издержки Արխիվացված 2018-11-23 Wayback Machine//Экономика. Основы экономической теории. 10-11 классы: профильный уровень. Книга 1 / Под ред. С.И. Иванова — Москва: Вита-Пресс, 2018 — С.150-156 — 320с. — ISBN 978-5-7755-3673-2
  3. IAS- 2, Inventories, paragraph 9, Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտե (IASC)
  4. 4,0 4,1 Woodford, William; Wilson, Valerie; Freeman, Suellen; Freeman, John (2008). Accounting: A Practical Approach (2 ed.). Pearson Education. էջ 13. ISBN 978-0-409-32357-3.
  5. IFRS - IAS 16, «Property, Plant & Equipment», paragraph 15, IASC
  6. IFRS - IAS 16, «Property, Plant & Equipment», paragraph 50, IASC
  7. «Fair Value as the Measurement Basis for Financial Instruments» (PDF). CFA Institute. September 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  8. PriceWaterHouseCoopers (May 2006). «Archived copy» (PDF). PriceWaterHouseCoopers. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link), page 3.
  9. IASC Foundation Education (n.d.). «Technical Summary: IAS 29 Financial Reporting in Hyperinflationary Economies» (PDF). IASC Foundation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. Kapnick, H. (1976). «Value-Based Accounting - Saxe Lectures (1975/76)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել