Պաշտամունքային կառույցներ

Պաշտամունքային կառույցներ, տարբեր կրոնների ծիսական արարողությունների կատարման վայրեր, ժողովուրդների նյութական մշակույթի մաս։

Եկեղեցի խմբագրել

Եկեղեցին քրիստոնեական դավանանքի պաշտամունքային կառույց է։ Առաջին եկեղեցիները կառուցվել են IV դարում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրներում՝ Հայաստանում, Ասորիքում, Բյուզանդիայում։ Համայնքի, բնակավայրի կամ վանքի գլխավոր եկեղեցին հաճախ անվանվում է մայր եկեղեցի կամ կաթողիկե։ Եկեղեցական կառույցի անհրաժեշտ բաղադրիչներն են աղոթասրահը, Ավագ խորանը՝ ուղղված դեպի արևելք, ավանդատները և այլն։ IV-V դարերի հայկական եկեղեցիները հիմնականում բազիլիկ (Երերույք, Աշտարակ, Ծիծեռնավանք) և դահլիճային (Դվին, Քասախ, Եղվարդ, Կողբ) տիպերի են՝ Ավագ խորանին մեկ կամ երկու կողմից կից ավանդատներով, սյունասրահներով։ Հետագա դարերում կառուցված եկեղեցիները գերազանցապես գմբեթավոր են՝ յուրահատուկ և բազմապիսի հորինվածքներով։ Զարգացման յուրաքանչյուր փուլում դրանք տարբերվում են իրենց հատակագծային ու ծավալային լուծումներով, բաղկացուցիչ մասերով, համաչափություններով, գեղարվեստական ու կառուցվածքային տվյալներով։

Հայկական եկեղեցիների հիմնական տիպերն են՝ միանավ (Լեռնակերտ) և եռանավ (Քասախ) դահլիճներ, եռանավ բազիլիկ (Երերույք), գմբեթավոր բազիլիկ (Օձուն), գմբեթավոր սրահ (Պտղնի), կենտրոնագմբեթ եկեղեցիներ՝ մեծաթիվ տարբերակներով (Փարպի, Ագարակ, Մաստարա, Զվարթնոց, Հռիփսիմե, Եղվարդ, Կարս, Խծկոնք)՝ ներքուստ՝ խաչաձև, արտաքուստ՝ ուղղանկյուն (Սանահին), և այլն։ Եկեղեցիներն առանձին կառույցներ են կամ կազմում են վանական համալիրների բաղկացուցիչ մասը։ Տարբեր ժամանակներում դրանց կցվել են այլ շինություններ (գավիթներ, զանգակատներ, գրատներ, սյունասրահներ և այլն), XI-XIII դարերում եկեղեցիների արևմտյան կողմին կից կառուցում էին հատկապես գավիթներ։

Լյութերական եկեղեցին կոչվում է կիրկ կամ կիրխ, լեհական կաթոլիկականը՝ կոստյոլ։

Քրիստոնեական պաշտամունքային կառույցներ են նաև մատուռները՝ վկայարանները, որոնք կառուցվում են վկայի՝ նահատակի գերեզմանի կամ մասունքների վրա։ Մատուռները, ըստ էության, պարզ հորինվածքով փոքրաչափ եկեղեցիներ են՝ ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ, երկթեք կտուրով. կառուցվել են բնակավայրերում, ճանապարհների մոտ, գերեզմանատներում, վանական համալիրներում։

Մզկիթ խմբագրել

Մզկիթը իսլամական պաշտամունքային կառույց է, որի՝ դեպի Մեքքա ուղղված պատին եղել են միհրաբներ (ծիսական խորշեր. Օմայանների մզկիթը՝ Դամասկոսում, Սիրիա, 705-715 թթ)։

Տարբեր երկրներում, շինարարական ավանդույթներով և բնակլիմայական պայմաններով թելադրված, մշակվել են մզկիթի զանազան տիպեր։ Հյուսիսային Աֆրիկայի երկրների մզկիթներին բնորոշ են դեպի բակ դուրս եկող մեծաթիվ նավերով խոր աղոթասրահը, կեսոնավոր (հատվող հեծաններով) առաստաղները, շթաքարազարդ գմբեթները [Կուտուբիա մզկիթը(1153 թ.՝ Մառակեշում(Մարոկկո)]։ Իրանում (Զավարի մզկիթը, 1135 թ., Սպահանի գլխավոր մզկիթը) և Կենտրոնական ու Միջին Ասիայում տարածված են բակի շուրջն այվաններով (դեպի բակ բացվող թաղածածկ դահլիճներ), մոնումենտալ շքամուտքով [Կալյան մզկիթը (XII դար)՝ Բուխարայում], իսկ Թուրքիայում՝ կենտրոնակազմ, փոքր գմբեթներով շրջափակված, կենտրոնական մեծ գմբեթով ծածկված [Սուլեյմանիեն(1577 թ)՝ Ստամբուլում, ճարտարապետ՝ Սինան] մզկիթները։ Զարդարվել են արհեստական մարմարի, քարի, փայտի փորագրություններով, աղյուսի և քարի ձևավոր շարվածքով, ջնարակված խեցեղենով, խճազարդերով, որմնազարդերով։ Ժամանակակից մզկիթները կառուցվում են նորագույն շինարարական նյութերով՝ հիմնականում պահպանելով ավանդական հատակագիծը։

Պագոդա խմբագրել

Պագոդան բուդդայական պաշտամունքային կառույցի տիպ է Հեռավոր Արևելքի երկրներում։ Նախատեսված է բուդդայական մասունքներ պահելու համար։ Կառուցվում են տաղավարների, աշտարակների (հաճախ՝ բազմաստիճան), կոթողների և այլ ձևերով՝ քառակուսի կամ բազմանկյուն հատակագծով։ Որպես կառույցի տիպ կազմավորվել է մ.թ. առաջին դարերում, Չինաստաում(Դայանտա բազմահարկ պագոդան, 652 թ.), տարածվել է Վիետնամում (հայտնի է Դիեն-Բո փայտե պագոդան՝ մեկ սյան վրա, 1044 թ.), Կորեայում, Ճապոնիայում և այլուր։

Սինագոգ խմբագրել

Սինագոգը կամ ժողովարանը հրեական պաշտամունքային կառույց է՝ աղոթարան, որտեղ կատարվում են ժամասացություն, Հնգամատյանի (Մովսեսական օրենքներ), Թալմուդի, հրեական կրոնաէթնիկական և իրավական դրույթների ընթերցանություն։ Ձևավորվել է Պաղեստինում՝ մ.թ.ա. IV դարում և Եգիպտոսում՝ մ.թ.ա. III դարում։ Մ.թ. 70 թ-ին հռոմեացիների՝ Երուսաղեմի տաճարի ավերումից և հրեաների նոր տարագրությունից հետո սինագոգներ են կառուցվել այն վայրերում, որտեղ ապրում էին հրեաներ (Մերձավոր Արևելք, Հռոմեական կայսրություն և այլն)։ Սինագոգի ճարտարապետական տիպերը բազմազան են. ընդհանրությունն ուղղանկյուն հատակագիծն է, 3 կամ 5 նավով աղոթասրահը, «պատգամի տապանը» (արևելյան պատի մոտ) և սրբազան տեքստերի ընթերցանության համար նախատեսված ամբիոնը։

Տաճար խմբագրել

Տաճարն անտիկ շրջանի պաշտամունքային կառույց է. կապվում է հեթանոսական կրոնի հետ՝ որպես ծիսական տուն, կուռքերի մեհյան, որտեղ զոհասեղան կար, և զոհ էր մատուցվում։ Եղել է նաև հասարակական ժողովների, հանդիսությունների վայր։

Լավագույն տաճարների նախաստեղծ հորինվածքը երկայնական կառույց է՝ սյունաշարային տարբեր համակարգերով. այդպիսի օրինակներով հայտնի են Հին աշխարհի երկրները՝ Եգիպտոսը, Միջագետքը, Հունաստանը, Հռոմը։ Հին Հայաստանում նշանավոր էին Էրեբունի ամրոցի Սուսիի և Խալդիի (մ.թ.ա. VIII դար), Գառնիի (I դար) տաճարները։ Հայկական բարձրավանդակում տաճարաշինությունը ծաղկում է ապրել մ.թ.ա. III-I և մ.թ.I դարերում։ Տաճար են կոչվում հիմնականում Զվարթնոցի, Ավան-Հռիփսիմեի, Բագարանի և այլ կենտոնագմբեթ հորինվածքով, սրբագործված վայրերում (որոնց նախապատմությունը կապված է հեթանոսական կրոնի հետ) կառուցված և Հայ առաքելական եկեղեցու մայր եկեղեցիները։ Հայկական միջնադարյան տաճարները (Էջմիածնի Մայր տաճարը, Անիի Մայր տաճարը, Աղթամարը և այլն) իրենց բազմազան ու ինքնատիպ հորինվածքներով քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության լավագույն նմուշներից են։

Հետագայում աստիճանաբար ընդլայնվել է «տաճար» եզրույթի կիրառման շրջանակը, իսկ նոր ժամանակներում գրեթե վերացել է «տաճար» և «եկեղեցի» հասկացությունների տարբերությունը։

«Տաճար» արտահայտությունը կիրառվում է և′ որպես կրոնական ուղղությունների պաշտամունքային կառույցների ավանդական անվանում (բուդդայական տաճար, Փարիզի Աստվածամոր տաճար, Վասիլի Երանելու տաճար և այլն), և′ փոխաբերական իմաստով (սրբության տաճար, լույսի տաճար, փառքի տաճար և այլն)։ Հուդայականության մեջ հայտնի է միայն Երուսաղեմի տաճարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  • Դպրոցական մեծ հանրագիտարան, Գիրք 2, հատոր 2, էջ 292-294, 2010
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաշտամունքային կառույցներ» հոդվածին։