Պայմանական ռեֆլեքսներ, կենդանիների և մարդու կենսագործունեության բնականոն պայմաններում կամ արհեստականորեն մշակվող ռեֆլեքսներ։ Իվան Պետրովիչ Պավլովի հայտնաբերած կենսաբանական այս համընդհանուր երևույթը հանգեցրեց կենդանիների ֆիզիոլոգիայի նոր բաժնի՝ բարձրագույն նյարդային գործունեության մասին ուսմունքի ստեղծմանը։ Պայմանական ռեֆլեքսային գործունեության հայտնագործումը և նրա օրինաչափությունների ուսումնասիրությունը հսկայական հեղաշրջող ազդեցություն ունեցան ոչ միայն գլխուղեղի ֆիզիոլոգիայի հետագա զարգացման, այլև ընդհանրապես նյարդաբանության, ախտաբանության ընդհանուր տեսության, հոգեբանության, մանկավարժության, ժամանակակից նյարդակիբեռնետիկայի և մի շարք այլ գիտությունների առաջընթացի վրա։

Իվան Պետրովիչ Պավլով

Պայմանական ռեֆլեքսային գործունեությունը ընկած է օրգանիզմների ուսուցման և Ջոն Վաթսոնի, Բեռես Սքիների հոգեբանության փիլիսոփայության հիմքում։ Ուսուցման տեսությունը հիմք է հանդիսացել բիհևորիզմի զարգացմանը, հոգեբանական տեսությունը, որը հսկայական ազդեցություն է ունեցել 20-րդ դարում։

Առաջացման մեխանիզմ խմբագրել

Պայմանական ռեֆլեքսի առաջացման ամենապարզեցված մեխանիզմը կարելի է բացատրել հետևյալ փորձով, եթե կենդանու, օրինակ, շան, զգայարանին կերակրելուց առաջ հասցվի որևէ գրգիռ, որը ոչ մի կապ չունի սնունդ ընդունելու հետ, ապա մի քանի նման զուգորդումներից հետո, այդ, նախկինում անտարբեր (ինդիֆերենտ) գրգիռը կսկսի առաջացնել սնունդ ընդունելու գործողության բոլոր ֆիզիոլոգիական նշանները։ Այդ նշաններից առավել ցայտունը սկսվող թքազատությունն է, որը և Պավլովն օգտագործեց որպես պայմանական ռեֆլեքսային գործունեության ցուցանիշ։ Բնական է, որ հետագայում, ինչպես Պավլովի, այնպես էլ բազմաթիվ այլ լաբորատորիաներում սկսեցին մշակվել ոչ միայն «թքային», այլ նաև շարժողական և այլ կարգի պայմանական ռեֆլեքսներ։ Այսպիսով պայմանական ռեֆլեքսային գործունեությունը, որպես ֆիզիոլոգիական պրոցես, որպես նյարդային համակարգի ակտիվության արդյունք, անընդհատ ընթանում է ոչ պայմանական ռեֆլեքսային գործունեության հետ միասին։

Ժամանակավոր կապ խմբագրել

 
Ի․Պ․ Պավլովի շունը թանգարանում

Պայմանական ռեֆլեքսի իրագործման հիմնական մեխանիզմը ժամանակավոր նյարդային կապն է։ Այն առաջանում է պայմանական և անպայման ազդանշանների կիրառումից, ուղեղի համապատասխան հատվածներում գոյացած գրգռման օջախների միջև։ ժամանակավոր նյարդային կապի որոշակի կայունացումից հետո պայմանական ազդանշանից առաջացած գրգռումը ուղեղի համապատասխան օջախից անմիջապես հաղորդվում է անպայման ռեֆլեքսի ուղեղային կենտրոնը, որի հետևանքով մինչև անպայման գրգռիչի կիրառումը, իրագործվում է անպայման ռեֆլեքսային գործողություն։ Եթե երկու գրգռիչների զուգորդումը որոշ ժամանակ դադարեցվի, տեղի կունենա պայմանական ռեֆլեքսի մարում (արգելակման պրոցեսի առաջացման շնորհիվ)։ Իրականում պայմանական ռեֆլեքսային գործունեությունը շատ ավելի բարդ է, քան վերը նշված պարզեցված սխեման։ Այն ուսումնասիրվել և շարունակվում է մանրամասն հետազոտվել բազմաթիվ նյարդաֆիզիոլոգիական լաբորատորիաներում։ Նրա առաջացումը և ամրացումն անցնում է գրգռման պրոցեսի համընդհանրացման (գեներալիզացիա) և հետագա համակենտրոնացման (կոնցենտրացիա) փուլերով, գրգռման և արգելակման պրոցեսների անընդհատ փոխազդեցության պայմաններում, որով էլ հենց ապահովվում է ամբողջ պայմանական ռեֆլեքսային գործունեության կոորդինացումը։ Պայմանական պատասխանը նման է ոչ պայմանական պատասխանին, միայն թե այն ձեռք է բերվում անհատական փորձի ընթացքում և մշտական չէ[1]։ Դասական պայմանական ռեֆլեքսները տարբերվում են օպերանտ կամ գործիքային պայմանական ռեֆլեքսներից, որոնց դեպքում վարքային գործունեությունը կախված արդյունքներից թուլացվում է կամ ակտիվացվում պատժի կամ պարգևի միջոցով[2]։

Ռեֆլեքսի տեսակները խմբագրել

Գոյություն ունեն պայմանական ռեֆլեքսի տարբեր տեսակներ՝ սննդային, պաշտպանողական, ընդհանուր-շարժողական, տեղակայված-շարժողական, ներքին ընկալիչային (ինտերոռեցեպտիվ) և այլն։ Պայմանական ռեֆլեքսները կարող են լինել դրական և բացասական։ Վերջին դեպքում մշակվում են արգելակման պրոցեսի տարբեր տեսակներ՝ տարբերակիչ արգելակում, պայմանական արգելակում, մարողական արգելակում և այլն։ Կենդանիների և մարդու պայմանական ռեֆլեքսները շատ կողմերով ընդհանուր են, սակայն, մարդու մոտ, երկրորդ ազդանշանային համակարգի զարգացման շնորհիվ, մշակվում են նոր՝ ավելի բարձր կարգի պայմանական ռեֆլեքսներ։

Ուսումնասիրման մեթոդներ խմբագրել

Ներկայումս, հետազոտման նորագույն մեթոդների կիրառման շնորհիվ, պայմանական ռեֆլեքսի մասին ուսմունքն ուսումնասիրվում է շատ ավելի նուրբ մակարդակով։ Հայտնաբերված է, որ ժամանակավոր պայմանական ռեֆլեքս կարող է առաջանալ նաև առանձին նյարդաբջիջների մակարդակում, միկրոօրգանիզմների մոտ և այլն։ Բազմաթիվ հետազոտություններ են նվիրված պայմանական ռեֆլեքսային գործունեության ընթացքում ուղեղի տարբեր հատվածների, կեղևի և ենթակեղևային գոյացությունների միջև տեղի ունեցող փոխազդեցություններին և այլն։ Պայմանական ռեֆլեքսներն ախտաբանական շատ երևույթների, հատկապես նևրոզների ուսումնասիրության հզոր միջոց են։ Նյարդաֆիզիոլոգիայի ժամանակակից մակարդակը, անվերապահորեն ցույց տալով պայմանական ռեֆլեքսի համընդհանուր կենսաբանական էությունը, անընդհատ նորանոր ասպարեզներ է բացում այդ ուղղությամբ հետազոտությունների համար։

Ուսումնասիրությունը Հայաստանում խմբագրել

Պայմանական ռեֆլեքսների հետազոտության բնագավառում մեծ ներդրում ունեն հայ խոշոր ֆիզիոլոգներ Լևոն Օրբելին, էզրաս Հասրաթյանը, Արտաշես Քարամյանը, Արարատ Ալեքսանյանը և շատ ուրիշներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cherry, Kendra. «What Is a Conditioned Response?». About.com Guide. About.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  2. Bouton, M. E. (2007) Learning and Behavior: A Contemporary Synthesis, Sunderland, MA: Sinauer
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։