Չինական գրականությունն աշխարհի հնագույն և ամենահարուստ գրականություններից մեկն է, որը երեքհազարամյա ավանդույթներ ունի։

Չինական գրականության գլուխգործոցներից մեկի՝ Ցաո Սյուեցինի «Երազը կարմիր դղյակում» վեպի նկարազարդումներից

Հին շրջան խմբագրել

 
Լաո Ցզիի քարե արձանը, Ցյուանչժոու, Չինաստան

Ուշ շրջանի գրառումներն ու մշակումները վկայում են, որ չինացիները դիցաբանության համեմատաբար զարգացած համակարգ ունեն, սակայն հին շրջանի և վաղ միջնադարի նշանակալի էպիկական հուշարձաններ չկան։ Չին․ հին գրականության առաջին խոշոր բանաստեղծական գործը «Շիցզին»-ն է («Երգերի գիրք», Ք․ ա․ 11 - 6-րդ դդ․), որը որոշակի մշակման ենթարկված բանավոր ստեղծագործության հուշարձան է։ Անհատական պոեզիան սկզբնավորվել է Ք․ ա․ 4 - 3-րդ դդ․, հարավում․ Ցյույ Ցուանի (Ք․ ա․ մոտ 340 - մոտ 278) և նրա աշակերտների բանաստեղծություններն ու պոեմներն ամփոփվել են «Չույան տաղեր» (Ք․ ա․ 2-րդ դ․) անթոլոգիայում։ Հատուկ «Երաժշտական պալատի» գրառումների շնորհիվ պահպանվել են նաև յուեֆու (Ք․ ա․ 3-րդ դարից) քնարական ու երգիծական ժողովրդական երգերը, որ ընդօրինակել են չին շատ բանաստեղծներ։

Հնադարյան արձակը սինկրետիկ է։ Փիլիսոփայական և պատմական երկերը պարունակում են առասպելներ, հեքիաթների, ավանդազրույցների պատառիկներ, առածներ ևն։ Կոնֆուցիական Մեն Ցզիի (Ք․ ա․ 4 - 3-րդ դդ․) առակները և Չժուան Ցզիի (Ք․ ա․ 3-րդ դ․) դաոները գեղարվեստական արձակի սաղմեր են։ Սիմա Ցզյանը (Ք․ ա․ 135 – Ք․ ա․ մոտ 86) ստեղծել է պատմական անձնավորությունների վարքագրություններ։ «Շչի ցզի»-ում («Պատմական հիշատակարան») վավերականությունը զուգորդվում է բարձր գեղարվեստականության հետ։ Այն ժամանակների «բարձր» պոեզիայում իշխել է վերամբարձությամբ աչքի ընկնող Ֆու արձակ–բանաստեղծական ժանրը։

Միջնադարյան շրջան խմբագրել

 
Լի Բո, չինական պոեզիայի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը

Վաղ միջնադարի (3 - 4-րդ դդ․) առաջին բանաստեղծների (Ցաո Չժի, 192 – 232 և ուրիշներ) վրա, որ պատերազմական կյանքի դժվարությունների ու ժողովըրդի տառապանքների մասին են գրել, ազդեցություն են գործել յուեֆու երգերը։ Հակաբռնատիրական տրամադրություններն են արտացոլվել Ժուան Ցզիի (210– 263 թթ.) և Ցզի Կանի (223–262 թթ.) ստեղծագործություններում։ 4 - 5-րդ դդ․ խոշորագույն բանաստեղծ, «դաշտերի ու այգիների» երգիչ Թաո Ցուանմինը (365–427 թթ.) չին բանաստեղծներից առաջինն է երգել գեղջկական աշխատանքը։ 5 - 6-րդ դդ․ ծնունդ է առել դասական բանաստեղծությունը՝ հիմնված երաժշտական չորս հնչերանգների խիստ հերթագայության վրա։ Թան հարստության (618–907 թթ.) կողմից երկիրը միավորվելուց հետո նպաստավոր պայմաններ են ստեղծվել գրականության վերելքի համար։ Այդ շրջանում է ձևավորվել գրական լեզուն (վենյան)։ Չեն Ցգիանը (661 - 702 թթ.) հանդես է եկել հանուն գրականության բովանդակության և բարձր իդեալների։ Գրականության ծաղկումն են սկզբնավորել բանաստեղծներ Մեն Հաոժանը (689–740 թթ.) և Վան Վեյը (699 կամ 701759 կամ 761Լի Բոյի (701–762 թթ.) քնարերգությունը համակված է կյանքի իմաստն ըմբռնելու ձգտումով։ Դու Ֆուի (712–770 թթ.) զուսպ ու խստաշունչ պոեզիայում քաղաքացիական մոտիվները զուգորդվում են անձնական խոր ապրումներով։ Սոցիալական թեման հետագա զարգացումն է ապրել Բո Ցզյույ Ի-ի (772–846 թթ.) պոեզիայում։ 8 - 9-րդ դդ․ խոշորագույն քնարերգուներն են Ցուան Չժենը (779–831 թթ.), Լի Շան Ինը (813-858 թթ.), Դու Մուն (803– 853 թթ.)։ 9-րդ դ․ հաստատվել են արձակի տարբեր ժանրեր (էսսե, առակ, ուղերձ, նախաբան), որոնցում դրսևորվել են չինական գրականությանը հատուկ ուսուցողական միտումներ։ Երևան են եկել սիրային, արկածախնդրական ու ֆանտաստիկ նովելների ժողովածուներ։ Արձակ–բանաստեղծական ժանր բյանվենը, քաղաքային վիպակ հուաբենը, արձակ–բանաստեղծական խոշոր ձև չժունգունդյաոն նախապատրաստեցին նոր ժանրերի՝ դրամայի (նշանակալի հաջողությունների հասավ 12 - 14-րդ դդ․) և վեպի (15-րդ դ․) երևան գալը։ Մուն դինաստիայի ժամանակաշրջանում (960 – 1279 թթ.) հատկապես զարգացել են քաղաքացիական հայրենասիրական թեմաները։ Շի դասական խիստ բանաստեղծության (Օույան Սյու, 1007–1072 թթ., Սու Շի, 1036 –1101 թթ.) կողքին լայն տարածում է գտել ցի երգային քնարերգությունը, որի համար բնորոշ է զգայական հիմքը, հետաքրքրությունը մարդու ներաշխարհի նկատմամբ (Սին Ցի Ցզի, 1140 –1207 թթ., Լու Յու, 1125–1210 թթ.)։ Օույան Սյուն և Սու Շին հանդես են եկել նաև որպես արձակագիր։ Լայն տարածում է գտել դրաման, որի առաջին գրառումները (այսպես կոչված՝ հարավային դրամա) կատարվել են 13-րդ դ․։ Թեև պիեսների սյուժեները մեծ մասամբ հենվել են հին ավանդազրույցների և նախորդ դարերի գրականության վրա, սակայն մերկացնող պաթոսն ու հասարակ մարդու նկատմամբ ուշադրությունը դըրանք դարձրել են այժմեական։ 14-րդ դ․ շարքերի են վերածվել ժողովրդական պատումները․ դրանց հիման վրա ստեղծվել են վեպ–էպոպեաները, որոնք միավորում են սյուժեի տեսակետից ավարտուն, բայց ոչ միշտ իրար հետ կապված գլուխները՝ Լո Գուանչժունի (մոտ 1330 թ. – մոտ 1400 թ.) «Եռաթագավորություն»-ը, Շի Նայանի (1296–1370 թթ.) «Գետախորշեր»-ը։

 
Ցաո Սյուեցինի կիսանդրին

16-րդ դ․ վերջին պատմողական արձակի նոր վերելք է նկատվել՝ Ու Չենենի (մոտ 1500– 1582 թթ.) «ճանապարհորդություն դեպի Արևմուտք» էպոպեան, «Ցզին, Պին, Մեյ» սոցիալկենցաղային անստորագիր վեպը ևն։ Այդ ժամանակաշրջանի դրամատուրգիայի բարձրագույն նմուշներն են Թան Այան Ցզուի (1550-1616 թթ.), Հուն Շենի (1645 – 1704 թթ.) և Կուն Շանժենի (1648-1718 թթ.) պիեսները։ Մանջուրական ներխուժման (1644 թ.) հետ է կապված ընդիմադիր կերպով տրամադրված գրողների համաստեղության երևան գալը, որոնց ստեղծագործության համար բնորոշ են լուսավորական միտումները․ Պոլ Սունլինի (1640–1715 թթ.) ֆանտաստիկայով ու հեգնանքով տոգորված նովելները, Ու Ցզինցզիի (1701–1754 թթ.) «Կոնֆուցիականների ոչ պաշտոն, պատմությունը» (հրտ․ 1803 թ.) երգիծական վեպը։ Դասական վեպի բարձրակետն է Ցաո Սյուեցինի (մոտ 1715–1762 թթ.) «Երազ կարմիր դղյակում» (հրտ․ 1765 թ.) գործը։

Նոր ժամանակի գրականություն խմբագրել

Նոր ժամանակի չինական գրականությունն (19-րդ դարի կես-1917 թ.) առանձնահատկություններից մեկը դարձավ համաշխարհային մշակույթի նվաճումների հետ բուռն ծանոթությունը։ 1920-1930-ականներին դրվեցին չինական նոր գրականության հիմքերը՝ բովանդակության (հասարակական վերափոխման գաղափարներ, լեզվի բարեփոխում) և ձևի (ազատ ոտանավոր, Եվրոպական տիպի վեպ և այլն) ասպարեզում։ Չինական գրական հեղափոխության գլուխ կանգնած էր Լու Սինը (1881-1936 թթ.): Այդ ժամանակ երևան եկավ տաղանդավոր վիպագիրների (Լաո Շե, 1899-1966 թթ., Մաո Դուն, Ե Շենտաո, Բա Ցզին և այլք), դրամատուրգներ (Հուն Շեն, 1894-1955 թթ., Տյան Հան, Սյա Յան, Ցաո Յույ), բանաստեղծների (Ցզյան Գուանցի, 1901-1931 թթ., Սյույ Չժիմո, 1896-1931 թթ., Ին Ֆու, 1909-1931 թթ., Տյան Ցզյան, Գո Մո Ժո, 1892-1978 թթ. և այլք) համաստեղությունը։ Ճապոնացիների դեմ չինացիների մղած պատերազմը (1937-1945 թթ.) պայմանավորեց հայրենասիրական գրականության բուռն աճը՝ Այ Ցինի, Տյան Ցզյանի պոեզիան, Լաո Շեի դրամաները, Լու Բայ Յույի պատմվածքներն ու ակնարկները։ Գոմինդանական թիկունքի կյանքի քննադատությամբ հանդես են եկել Մաո Դունը («Քայքայում», 1941 թ., վեպ) և Չժան Տյանին։ 1945-1947 թթ.-ին գրվեցին Յուան Շույ Պոյի երգիծական բանաստեղծությունները, Լաո Շեի «Չորս սերունդ նույն հարկի տակ» եռերգությունը։ Սակայն 1948 թ.-ին չանկայշիական ահաբեկչությունը գրողների մեծ մասին ստիպեց լռել։

Գրականություն խմբագրել

  • Hsia, C.T.: Der klassische chinesische Roman: eine Einführung, Übers. Eike Schönfeld, Frankfurt a.M.: Insel Verlag, 1989 (Deutsche Übersetzung vergriffen; englische Ausgabe: The classic Chinese novel: a critical introduction, New York: Columbia Univ. press, 1968)
  • Kubin, Wolfgang: Geschichte der chinesischen Literatur, ISBN 978-3-598-24540-4
  • Melzer, Alexander: Der Buchmarkt in der Volksrepublik China als Lizenzmarkt für deutsche Buchverlage, Iko-Verlag für Interkulturelle Kommunikation, 2006, ISBN 978-388939-812-3
  • Schmidt-Glintzer, Helwig: Geschichte der chinesischen Literatur. Von den Anfängen bis zur Gegenwart, Bern 1990. Zweite Auflage: München: C.H. Beck, 1999, ISBN 3406453376
  • Wilt, Idema and Haft, Lloyd: A Guide to Chinese Literature, Ann Arbor 1997, ISBN 0-89264-123-1
  • The Columbia History of Chinese Literature, Columbia University Press, 2002, ISBN 0231109849
  • Woesler, Martin: Chinesische Literatur in deutscher Übersetzung - China Ehrengast der Frankfurter Buchmesse 2009 - Symposiumsband, Bochum: Europäischer Universitätsverlag 2010, 1. Aufl. 2009 139 S., ISBN 978-3-89966-293-1
  • Woesler, Martin: Chinesische Literatur der Gegenwart – Autoren, Werke, Trends - Eine Momentaufnahme 2007/2008, Bochum: Europäischer Universitätsverlag 2008, 100 S., ISBN 978-3-89966-289-4
  • Jean-Baptiste Du Halde: Ausführliche Beschreibung des Chinesischen Reichs und der großen Tartarey, 3, ISBN 978-3-941919-33-4, Rostock 1749, eBook.
  • Grube, Wilhelm: Geschichte der chinesischen Litteratur, Amelang, Leipzig 1902
  • Nagasawa, Kikuya: Geschichte der chinesischen Literatur (Shina Gakuju Bungeishi), Übers. Eugen Feifel, zuerst Peking 1945
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինական գրականություն» հոդվածին։