Չեխական գրականության առաջին ստեղծագործությունների երևան գալուն նպաստել է Կիրիլ և Մեֆոդի եղբայրների, նրանց աշակերտների լուսավորական գործունեությունը 9-10-րդ դարերի սահմանագծում։

Չեխական գրականության ծագումը խմբագրել

11-րդ դարի վերջերին հռոմեական եկեղեցու ուժեղացումով լատիներենը դուրս է մղել հին սլավոներենը։ Լատիներենով առավել նշանավոր հուշարձանը Կոզմա Պրահացու «Չեխական ժամանակագրությունն» (1125) է։ 13-րդ դարի վերջերից ծնունդ է առել չեխերենով գրականությունը։ Վերածննդի գաղափարների ներթափանցումը Չեխիա նպաստել է չեխական գրականության ծաղկմանը 14-րդ դարում։

Պատմական ստեղծագործություններ խմբագրել

Պատմական ստեղծագործություններից աչքի է ընկնում Դալիմիլ Մեզիրժիցկու չափածո, այսպես կոչված, Բոլեսլավյան (կամ Դալիմիլյտն) ժամանակագրությունը (մոտ 1308-1314)։ Այդ շրջանում հայտնվել են երգիծական ու խրատական երկերը, ասպետական գրականությունը։ Տարածվել են վագանտների (թափառաշրջիկ վանականների ու ուսանողների) սիրային լիրիկան, քնարական ու երգիծական երգերը։

Չեխական գրականության զարգացման նոր փուլ խմբագրել

 
Խորհուրդը հորից որդուն Ֆլյաշկանի աշխատանքներից

Չեխիայի հայտնի առաջին գրողը երգիծաբան Սմիլ Ֆլյաշկան է (14-րդ դարի կես-1403 թվական)։ Գրականության զարգացման նոր փուլը կապված է հուսյան հեղափոխական շարժման հետ (15-րդ դարի 1-ին կես)։ Այդ ժամանակ տարածվել են հակակաթոլիկական քարոզներ (Յան Հուս, մոտ 1371-1415, Յան ժելիվսկի), նամակաձև երկեր (Յան Հուս, Յան ժիժկա, մոտ 1360-1424 և ուրիշներ), թռուցիկներ, մանիֆեստներ, չափածո կոչեր, մարտական երգեր։ Հուսյան շարժումը ճնշվելուց հետո գրականությունը շարունակել է պահպանել հայրենասիրական ոգին։

Ժամանակագրություն խմբագրել

 
Յան Ամոս Կոմենսկի

14-րդ դարում զարգացել է գրական ստեղծագործության ավանդական տեսակը՝ ժամանակագրությունը։ 17-18-րդ դարերին կաթոլիկության ճնշող տիրապետությունը կասեցրել է գրականության զարգացումը։ Վերստին աճել է լատիներենի ազդեցությունը, ոչնչացվել են չեխերեն գրքերը, շատ գրողներ տարագրվել են։ Այդ ժամանակի ամենաականավոր գրողը Ցա․ Ա․ Կոմենսկին է (1592-1670 թթ.), որի մանկավարժական ու գեղար-վեստափիլիսոփայական երկերը բնութագրվում են հետևողական հումանիզմով։ Չեխական ազգության վերածննդի դարաշրջանում (18-րդ դարի վերջ-19-րդ դարի 1-ին կես) գրականության զարգացումն ընթացել է լուսավորական ձևերով և բնութագրվել բանականության իդեալների (Յոսեֆ Դոբրովսկի, 1753—1829 թթ.) և չեխերենի իրավունքների համար պայքարով։ Տվյալ ժամանակի գրականությանը բնորոշ են բանահյուսության դիմելը, հերոսական անցյալի բանաստեղծականացումը, սլավոնական ժողովուրդների ու նրանց մշակույթների ազգակցականության գիտակցումը (Յարոսլավ Կոլար, 1793-1852 թթ., Ֆ․ Լ․ Չելակովսկի, 1799—1852 թթ.)։ 30-ական թվականներին առաջացել է հեղափոխական ռոմանտիզմը (Կ․ Գ․ Մախա, 1810-1836 թթ.)։ Զարգացել է դրամատուրգիան (Յո․ Կ․ Տիլ, 1808-1856 թթ.)։ 1848-1849 թվականների հեղափոխության շրջանում գրականության մեջ երևացել են ռեալիստական միտումները, ուժեղացել է սոցիալ-քննադատական և հերոսական-հայրենասիրական հնչեղությունը։

Ուղղվածություններ խմբագրել

Հաբսբուրգյան տարիներին (19-րդ դարի կեսեր) առանձնահատուկ տեղ են գրավել Բ․ Նեմցովայի (1820-1862) վիպակները, որոնք արտացոլել են սոցիալական հակասությունները և ժողովրդին պատկերել որպես բարոյաէթիկական արժեքների գլխավոր կրողի։ 1860-1880-ական թվականներին զարգացում է ապրել ռեալիզմը, որի սկզբունքները գլխավորապես ձևավորվել են Յա․ Ներուդայի (1834-1891 թթ.) գրաքննադատական հոդվածներում։ 90-ական թվականների սկզբներին ուժեղացել է ռեալիզմի սոցիալ-քննադատական ուղղվածությունը, գրականության մեջ սկսել է ավելի շատ տեղ գրավել անհատի ու հասարակության փոխհարաբերությունների թեման, մարդու ներաշխարհի պատկերումը։

Պատմավեպի հաջողություններ խմբագրել

Զգալի են պատմավեպի հաջողությունները։ Ա․ Ցիրասեկը (1851-1930 թվականներ) վերստեղծել է Չեխիայի պատմության կարևորագույն պահերը, տվել հուսյան շարժման համայնապատկերը՝ որպես ժողովրդա-ազատագրական պատերազմի («Հոսանքների միջև», հատոր 1-3, 1887-1890 թվականներ, «Բոլորի դեմ», 1893 թ.)։ Իրենց դարաշրջանի սոցիալական բախումներն են արտացոլել Ա․ Ստաշեկը (1843-1931 թթ.), Ցա․ Արբեսը (1840-1914 թթ.)։ Սոցիալական արատների քննադատությունը, հեղափոխական վերափոխումների ռոմանտիկական կանխազգացողությունը, հայրենասիրական մոտիվներն են բնորոշ Ս․ Չեխի (1846-1908), Ցո․ Վ․ Սլադեկի (1845-1912), Ցա․ Վրխլիցկու (1853-1912) պոեզիային։ Գ․ Պրեյսովայի (1862-1946), Ա․ Մրշտիկի (1861-1925) և Վ․ Մրշտիկի (1862-1912), Ցիրասեկի ռեալիստական դրամաներում պատկերված է գյուղացիների ողբերգական ճակատագիրը, կապիտալիստական հարաբերությունների ազդեցությունը գյուղի վրա։ 19-20-րդ դարերի սահմանագծում գրական պրոցեսն աչքի է ընկել խայտաբղետությամբ ու հակասականությամբ։

Չեխական գրականության վրա ազդեցությունները խմբագրել

 
Շրամեկի

Գրականության վրա նկատելի ազդեցություն են գործել բանվորական շարժումը, սոցիալիստական գաղափարները։ Միևնույն ժամանակ բուրժուական իրականության մերժումը հաճախ ուղեկցվել է անհատապաշտական խռովությամբ, որն արտացոլվել է «Չեխական մոդեռնի մանիֆեստում» (1895)։ Բուրժուական հարաբերությունների խիստ մերկացումն է բնորոշ Ի․ Մ․ Մախարի (1864-1942) պոեզիային։ Պրոլետարիատի տարերային դասակարգային բողոքի ոգին են ներընկալել Պ․ Բեգրուչի (1867-1958) «Սիլեզյան երգերը»։ Սիմվոլիստներ Օ․ Բրժեզինայի (18081929) և Ա․ Սովայի (1864-1928) պոեզիային հատուկ են մարդկայնության և ազատության երազանքները։ Գրականության մեջ լայն արտացոլում են ստացել անարխիզմի տրամադրությունները։ Խռովարարության ոգով է հատկանշված Ս․ Կ․ Նեյմանի (1875-1947) վաղ շրջանի, Կ․ Տոմանի (1877-1946), Ֆ․ Շրամեկի (1877-1952), Ֆ․ Գելների (1881-1914) պոեզիան։ Չեխիայի ականավոր երգիծաբան Ցա․ Հաշեկը (1883-1923) իր պատմվածքներում, պամֆլետներում, ֆելիետոններում արտահայտել է ժողովրդի ստորին խավերի ատելությունը Հաբսբուրգների միապետության նկատմամբ, սոցիալական բարձր դասերի, բուրժուական բյուրոկրատական սիստեմի, միլիտարիզմի նկատմամբ։ Այդ ժամանակ են գործել Ի․ Օլբախտը (1882-1952), Մ․ Մայերովան (1882-1967

Զարգացման նոր շրջան խմբագրել

Չեխոսլովակյան հանրապետության կազմավորումը (1918 թ.) և բանվորական շարժման վերելքը սկզբնավորեցին գրականության զարգացման նոր շրջանը։ Չեխիայի առաջադիմական գրականության ձևավորման վրա մեծ ազդեցություն գործեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 692  

Տես նաև խմբագրել