Չեզոքացման ռեակցիա, չեզոքացում, թթվի հատկություններ ունեցող նյութերի և հիմքի հատկություններ ունեցող նյութերի միջև ընթացող քիմիական ռեակցիա, որի հետևանքով այդ նյութերը կորցնում են թթուներին ու հիմքերին բնորոշ հատկությունները։ Առավել բնորոշ է ուժեղ թթուների և ուժեղ հիմքերի ջրային լուծույթներում հիդրոնիում և հիդրօքսիդ իոնների միջև ընթացող ռեակցիան, որի հետևանքով առաջանում են ջրի մոլեկուլներ՝ Н2Օ++0Н-=2Н2Օ։ Համարժեք քանակներով ուժեղ թթվի և ուժեղ հիմքի Չեզոքացման ռեակցիայի հետևանքով լուծույթում այդ իոնների կոնցենտրացիաները դառնում են մաքուր ջրում նրանց հավասարակշռային կոնցենտրացիաներին հավասար (20 °C-ում մոտ 10-7 գիոն/ւ, рН≈7)։ Թույլ թթուների և ուժեղ հիմքերի (նաև ուժեղ թթուների և թույլ հիմքերի) միջև ընթացող չեզոքացման ռեակցիան զգալիորեն դարձելի է՝ տեղի չի ունենում հիմքի (թթվի) լրիվ չեզոքացում, լուծույթի ջրածնական ցուցիչը (pH) մոտենում է, բայց չի հավասարվում 7-ի։ Ոչ ջրային պրոտոլիտային (պրոտոններ՝ Н+ ընդունելու կամ տալու ընդունակ լուծիչներ) լուծույթներում թթվի և հիմքի չեզոքացումն ավարտվում է, երբ սոլվատացված ջրածին իոնների կոնցենտրացիան հավասարվում է մաքուր լուծիչում այդ իոնների կոնցենտրացիային։ Չեզոքացման ռեակցիան ոչ պրոտոլիտային լուծույթներում հանգեցնում է կատիոնների կամ անիոնների մաքուր լուծիչին բնորոշ կոնցենտրացիային։ Չեզոքացման ռեակցիաները կիրառվում են քիմիական արդյունաբերության մեջ և քիմիական աշխատանոցներում, նաև արտադրական և կենցաղային թափոնները վերամշակելիս։ Չեզոքացման ռեակցիաները ընկած են քիմիական վերլուծության չեզոքացման եղանակների հիմքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 687