Չափական ոտանավոր (մետրական), հնագույն տաղաչափական համակարգ, որի հիմքում ընկած էր տողերի արտասանության ժամանակամիջոցի հավասարությունը։ Տարածված է եղել հին հունարենում, լատիներենում, արաբերենում, պարսկերենում, հնդկերենում։ Չափական (մետրական) ոտանավորը հիմնվում էր այն բանի վրա, որ այդ լեզուներում կային արտասանությամբ երկար և կարճ վանկեր։ Ոտանավորն արտաբերվում էր երգի ձևով, և մեծ տեղ էր հատկացվում երաժշտական տակտին։ Երկար և կարճ վանկերի դասավորության միջոցով բանաստեղծը հասնում էր տողերի արտաբերման հավասար տևողության, ինչն էլ չափական ոտանավորի ռիթմի առաջացման հիմնական պայմանն էր։

Տողի երկարության չափման նվազագույն միավորը կարճ վանկի տևողությունն էր, որ հունարեն կոչվում է մորա (հայերեն՝ ամանակ)։ Երկար վանկն իր տևողությամբ հավասար է երկու ամանակի։ Չափական ոտանավորին հատուկ էր նաև բանաստեղծական ոտքի հասկացությունը. դա մեկ երկար և մեկ կամ ավելի կարճ վանկերի տարբեր համադրություններն էին։ Բանաստեղծական ոտքի հասկացությունը չափական համակարգից անցավ ժամանակակից տաղաչափությանը, որտեղ ոտքը շեշտված և անշեշտ վանկերի համադրությունն է։

Հայագիտության մեջ կարծիք կա, որ հեթանոսական շրջանի ժողովրդական երգերը նույնպես ստեղծվել են չափական ոտանավորի սկզբունքով, այսինքն՝ երկար և կարճ վանկերի համադրությամբ։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել