Ուրֆայի հերոսամարտ, Ուրֆայի հայերի ինքնապաշտպանական մարտերը 1915 թվականի սեպտեմբեր 29ից հոկտեմբերի 23ը։

Պատմություն խմբագրել

Պաշտպանության սկիզբը խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ուրֆայում բնակվում էր շուրջ 35 հազար հայ։ 1915 թվականի ամռան կեսին քաղաք են ժամանել «Թեշքիլաթ-ը մահսուսեի» անդամներ, երիտթուրքեր Ահմեդ և Խալիլ բեյերը՝ կազմակերպելու Ուրֆայի հայության աքսորը։ Ձերբակալելով քաղաքի երևելիներին՝ բնակիչներից պահանջել են 48 ժամում հանձնել իրենց մոտ եղած զենքը։ Օգոստոսի 19-ին իշխանությունների սադրանքով մուսուլմանական ամբոխը դաժանորեն կոտորել է հայերին (զոհվել է 300-400 մարդ)։ Այս իրադարձությունները վկայում են, որ պատրաստվում էր դաժան հաշվեհարդար հայերի նկատմամբ։ Ուրֆահայերը վճռել են դիմել ինքնապաշտհանության, այն ղեկավարելու համար ստեղծվել է զինվորական խորհուրդ, կազմում՝ Մկրտիչ Յոթնեղբայրյան, Հարություն Ռասթկելենյան, Հարություն Իմիրզյան, Լևոն Էղբերլերյան, Արմենակ Աթարյան և Խորեն Քյուփելյան։ Կազմակերպվել է նաև պարենամթերքի հայթայթման և բաշխման ծառայություն, զենքի և զինամթերքի պատրաստման և վերանորոգման արհեստանոց, բուժօգնություն։ Ինքնապաշտպանների թիվը, ըստ մեկ աղբյուրի, կազմել է 800, իսկ ըստ մեկ այլ աղբյուրի՝ 2000 մարդ, հիմնականում՝ պատանիներ և աղջիկներ։

Բուն հերոսամարտը խմբագրել

Հայերի թաղամասը, որն ուներ բարձր դիրք, ծածկվել է բարիկադներով և ամրություններով, բաժանվել 6 պաշտպանական շրջանների՝ 32 դիրքերով, փակվել են թաղամաս տանող 12 փողոցների մուտքերը։ Հոկտեմբերի 1-ին հակառակորդն անցել է հարձակման։ Կատաղի կռվից հետո թշնամին, տալով 300 սպանված, նահանջել է։ Հաջորդ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը։ Զգալով, որ հնարավոր չէ դիմագրավել հակառակորդի գերազանց ուժերին, զինվորական խորհուրդը վճռել է կեղծ նահանջ կատարել, թույլ տալ հարձակվողներին մտնել թաղամաս, ապա հարձակվել թիկունքից և ոչնչացնել նրանց։ Մուսուլմանական խաժամուժը, տեսնելով, որ հայերը լքել են դիրքերը, ներխուժել է թաղամաս և սկսել թալանը։ Օգտվելով հակառակորդի անհոգությունից՝ հայ ինքնապաշտպանները հարձակման են անցել և ոչնչացրել մոտ 1200 թուրքի։ Հոկտեմբերի 6-ին Հալեպից Ուրֆա է բերվել մոտ 11 հազար զինվոր՝ թնդանոթներով և գնդացիրներով, թուրք, շտաբի պետը գերմանական սպա էր։ Սկզբում բոլոր գրոհները ինքնապաշտպանները հերոսաբար հետ են մղել, սակայն հակառակորդը, շնորհիվ հրետանու, աստիճանաբար իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը։ Հերոսամարտի վերջում հայկական թաղամասի 2300 տնից միայն 50 էր կանգուն մնացել։ Թուրքական հրամանատարությունն անընդհատ ուժեղացրել է ճնշումը հայկական դիրքերի վրա, պաշարման օղակը սեղմվել է աստիճանաբար։ Հրետանին քարուքանդ էր արել հայկական բոլոր ամրությունները, և զինվորական խորհուրդը հրամայել է ամրանալ ամերիկյան բարեգործական հաստատություններում, մայր եկեղեցում և դիմագրավելու հարմար շինություններում։ Ի վերջո թուրքերին հաջողվել է հոկտեմբերի 23-ին ճնշել ընդդիմության հիմնական կետերը, սակայն ինքնապաշտպանները անձնվիրաբար կռվել են մինչև նոյեմբերի կեսը, բազմաթիվ հայեր, այդ թվում՝ Մ. Յոթնեղբայրյանը, թշնամու ձեռքը չընկնելու համար ինքնասպանություն են գործել։ Մոտ 15 հազար կին և երեխա աքսորվել են։ Միայն Հալեպում սովից և վարակիչ հիվանդություններից օրական մահացել են 150-200 տարագիր հայեր։

Զոհեր խմբագրել

Ինքնապաշտպանական մարտերի ընթացքում թուրքերի կորուստները, ըստ գերմանական աղբյուրի, կազմել են 50 սպանված և 120-130 վիրավոր, ըստ Ջ. Բրայսի՝ 7 սպա և 400 զինվոր սպանված, ըստ թուրքական աղբյուրի՝ 20 սպանված և 50 վիրավոր, անգլ. հրամանատարությանը ներկայացված տվյալներով՝ 3000 սպանված, իսկ հերոսամարտի մասնակից Օ. Թիթոյանի տվյալով՝ 2000 սպանված։

Գնահատական խմբագրել

Ուրֆայի հերոսական պաշտպաններին բարձր են գնահատել ժամանակակիցները։ Ֆրիտյոֆ Նանսենը գրել է. որ Ուրֆայի հայերը զոհվեցին բազում անգամ թվով գերազանց թշնամու դեմ կատաղի պայքարից հետո, իսկ Անրի Բարբին գրել է.«... Ուրֆայում հայերը մի իսկական կռվի մեջ մտան թուրք ջարդարարների դեմ և տեղի տվեցին միայն կառավարության կողմից ուղարկված զորքերի բազմաքանակությանը»։

Ուրֆայի հայերի արիությունը ընդունեց նաև թշնամին՝

  Ինչ կլիներ մեր վիճակը, եթե այս ծանր օրերին, մի քանի Ուրֆաներ մեր դեմ այսպես ծառանային։
- Ֆահրի փաշա
 

Ուրֆայի 24-օրյա հերոսական ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարի պատմության փառավոր էջերից է։

Գրականություն խմբագրել

  • Սահակյան Ա, Դյուցազնական Ուրֆան և իր հայորդիները, Բեյրութ, 1954։
  • Որբերյան Զ., Ուրֆայի վերջին օրերը 1915-ին (դյուցազներգություն), Բեյրութ, 1961։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։