Ուրարտագիտություն, արևելագիտության ուրույն գիտաճյուղ, որն ուսումնասիրում է Ուրարտու պետության պատմությունը, մշակույթը և արքունի դպրանոցում օգտագործվող սեպաձև արձանագրությունների Հուրիերեն լեզուն։ Ձևավորվել է XIX դարում, գերազանցապես եվրոպացի արևելագետների ջանքերով։ Ֆրանսիայի Ասիական ընկերությունը 1827 թվականին երիտասարդ արևելագետ Ֆ․ Ե․ Շուլցին գործուղեց Արևմտյան Հայաստան՝ հետազոտելու Վասպուրական նահանգի Տոսպավան կամ Վան քաղաքում և շրջակայքում Ասորեստանի թագուհի Շամիրամին վերագրվող այն կառույցները, որոնց մասին մանրամասն տեղեկություններ էին պահպանվել Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկում։ Դաշտային որոնումների ընթացքում (1827–29 թվականներ) Շուլցը հայտնաբերեց և ընդօրինակեց 42 սեպաձև արձանագրություն, նկարագրեց մի քանի հնագիտական հուշարձաններ։

1829 թվականին քուրդ ելուզակների ձեռքով Շուլցի սպանությունից հետո օսմանյան կառավարությունը տարիներ շարունակ արգելեց եվրոպացի գիտնականների մուտքն Արևմտյան Հայաստան։ Հայաստանում սփռված սեպագրերի հանդեպ հետաքրքրությունը վերստին աշխուժացավ Փարիզում Շուլցի հավաքած նյութերի հրապարակումից (1840), ապա՝ աքքադերենի վերծանումից հետո։ Հետագա մի քանի տասնամյակներում բազմաթիվ նոր արձանագրություններ հայտնաբերվեցին Հայաստանի զանազան գավառներում։ Առանձնապես արդյունավետ եղան Էջմիածնի միաբան Մ․ Սմբատյանցի որոնումներն Արևելյան Հայաստանում․ 1860–70-ական թվականներին նա հայտնաբերեց և հրատարակեց (գլխավորապես՝ «Համբավաբեր Ռուսիո» և «Արարատ» պարբերականներում) տասնյակ նոր արձանագրություններ, որոնցից օգտվեցին եվրոպացի գիտնականները։ Անծանոթ լեզվով այդ սեպագրերը 1848 թվականին փորձեց վերծանել իռլանդացի արևելագետ Է․ Հինքսը։ Թեև նա նկատեց, որ որոշ գաղափարագրեր (իդեոգրամմաներ) նույնանում են աքքադերենի գաղափարագրերին, սակայն չհասավ արդյունքի։ Ապարդյուն անցան նաև Ֆ․ Լընորմանի և Ա․ Դ․ Մորդմանի վերծանման փորձերը (1870-ական թվականներ), որովհետև նրանցից առաջինն այդ սեպագրերի լեզուն դիտում էր վրացերենը, իսկ երկրորդը՝ հայերենը։ 1880 թվականին ֆրանսիացի աշշուրագետ Մ․ Գյույարը, կռահելով, որ արձանագրությունների եզրափակիչ տողերը նույնօրինակ կրկնվող անեծքի բանաձև են, ասորեստանյան զուգահեռ բնագրերի համադրությամբ վերծանեց մի քանի բառեր ու քերականական դարձվածքներ։ Հաջողությամբ օգտագործելով վաղամեռիկ Գյույարի վերծանման բանալին՝ անգլիացի աշշուրագետ Ա․ Հ․ Սեյսը ընթերցեց բազմաթիվ բառեր ու դարձվածքներ, իսկ 1882 թվականին նա Բրիտանական Ասիական ընկերության ամսագրում հրատարակեց այն ժամանակ հայտնի արձանագրությունները՝ տալով դրանց հնարավոր թարգմանություններն ու քերականության ընդհանուր ուրվագիրը։ Մի շարք արձանագրությունների հրատարակման և մեկնաբանման հարցերում Սեյսին աջակցել է հայագետ Ք․ Պատկանյանը։ Ա․ Սեյսի շնորհիվ ուրարտական սեպաձև արձանագրությունները վերծանվեցին այնքանով, որքանով դա հնարավոր էր աշշուրագետի իմացությամբ ու հայեցակետով։

1893 թվականին ռուս արևելագետ Մ․ Վ․ Նիկոլսկին Արևելյան Հայաստանում ուսումնասիրեց մի շարք սեպաձև արձանագրություններ ու հուշարձաններ (հնագետ Վ․ Ա․ Իվանովսկու հետ), իր «Անդրկովկասի սեպաձև արձանագրությունները» աշխատությունում (1896, ռուս․) ամփոփեց այդ տարածքում հայտնաբերված արձանագրությունները, տվեց դրանց թարգմանությունները, մի շարք բառերի ու քերականական ձևերի նշանակությունը։ 1898–99 թվականներին գերմանացի գիտնականներ Կ․ Ֆ․ Լեհման-Տաուպտը և Վ․ Բելքը Հայաստանում հետազոտեցին բազմաթիվ հուշարձաններ, ճշգրտեցին սեպաձև արձանագրությունների կասկածելի ընդօրինակությունները, պեղումներ կատարեցին Վանում և մերձակա Թոփրախ–կալեում։ 1911–12 թվականներին Թոփրախ–կալեում պեղումներ կատարեց և հարուստ նյութեր հայտնաբերեց Հ․ Օրբելին։ 1916 թվականին, երբ ռուսական զորքերն առժամանակ ազատագրեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը, Վանում և Թոփրախ–կալեում պեղումները շարունակեց Ռուսական հնագիտական ընկերության արշավախումբը՝ Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելու գլխավորությամբ (վերջինս Վանի ժայռախորշում պեղեց Սարդուրի Բ թագավորի տարեգրությունը)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լեհման–Հաուպտն ուսումնասիրեց Վ․ Բելքի հետ իր հավաքած հարուստ նյութերը, նախապատրաստեց հայտնաբերված արձանագրությունների լիակատար ժողովածուն, բայց հետագայում (1928 թվականին և 1935 թվականին) կարողացավ հրատարակել միայն երկու պրակ, որոնցում ամփոփված են 110 արձանագրություն։

Ուրարտագիտության զարգացման գործում (հատկապես արձանագրությունների հավաքման և հրապարակման) կարևոր ավանդ ունեն Մխիթարյան միաբաններ Ն․ Սարգիսյանը, Հ․ Սանտալճյանը և ուրիշներ։ 1900 թվականին Հ․ Սանտալճյանը հրատարակեց (ֆրանսերեն) ուրարտական հայտնի արձանագրությունների ժողովածուն, իսկ 1901 թվականին քաղվածաբար հրատարակեց Նաիրի և Ուրարտու երկրներին վերաբերող ասորեստանյան արձանագրությունների հայերեն թարգմանությունը։ Այնուհետև ուրարտական սեպաձև արձանագրությունների լեզվի ուսումնասիրումն զգալիորեն առաջ մղվեց շնորհիվ Ն․ Մառի, Ի․ Ի․ Մեշչանինովի, Ի․ Ֆրիդրիխի, Ա․ Գյոտցեի, Գր․ Ղափանցյանի մի շարք աշխատությունների, որոնցում մեկնաբանվեցին բազմաթիվ բառեր ու քերականական ձևեր։ Կարևոր արդյունք ստացվեց ուրարտական սեպագիր լեզուն խեթերենի ու հայերենի (Գրիգոր Ղափանցյան), մասնավորապես՝ խուռիերենի (Շպայզեր, Ֆրիդրիխ) հետ համեմատություններից։ Դեռևս Հ․ Սանտալճյանը սեպագիր բառերի վերլուծությունից եզրակացրեց, որ մի շարք բառարմատներ ունեն հնդեվրոպական բնույթ և մատնանշեց դրանց հայկական զուգահեռները։ Սեպագիր մի շարք բառարմատների, հատկապես տեղանունների, անձնանունների, ցեղանունների ու դիցանունների հնդեվրոպական բնույթը շեշտել են նաև Լեհման–Հաուպտը, Պ․ Կրեչմերը, Ռ․ Այսլերը, Գր․ Ղափանցյանը և ուրիշներ։ Իսկ Գևորգ Ջահուկյանն ուրարտական արձանագրությունների լեզվում ի հայտ բերեց այնպիսի զգալի քանակի ու որակի հնդեվրոպական «տարրեր», որ այդ բոլորը սովորական փոխառությամբ կամ սուբստրատային ազդեցությամբ մեկնաբանելը դարձավ անհնարին։ Արձանագրությունների բառապաշարի ու քերականական կառուցվածքի մեջ մատնանշելով բազմաթիվ «հնդեվրոպաբանություններ»՝ նա հանգեց այն եզրակացության, որ այդ լեզուն ցեղակցական սերտ կապերի մեջ է եղել հնդեվրոպական լեզուների, հատկապես՝ հայերենի հետ («Ուրարտերենը և հնդեվրոպական լեզուները», 1963, ռուսերեն)։ Մինչդեռ հակառակ դիրքերից ելնող ուսումնասիրողները (Ի․ Մ․ Դյակոնով և ուրիշներ) իրավացիորեն ընդունելով, որ ուրարտական սեպագրերի լեզուն խուռիերենի հետ կազմում է մի ուրույն լեզվաբանական խումբ, սակայն անտեսում են նրա հնդեվրոպական «տարրերը»՝ լավագույն դեպքում դրանք համարելով շրջակա հնդեվրոպական ցեղերի ու ժողովուրդների սոսկ ազդեցության արդյունք։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հնագիտական կանոնավոր պեղումներ ծավալվեցին ուրարտական մի շարք հնավայրերում՝ Կարմիր բլուրում, Արին բերդում և այլուր։ Կարմիր բլուրի պեղումների արդյունքները Բ․ Բ․ Պիոտրովսկին ամփոփեց իր «Ուրարտուի պատմությունն ու մշակույթը» (1944), ինչպես նաև «Կարմիր–բլուր» եռամասն (1950–1955) աշխատություններում։ 1951 թվականին Ի․ Մ․ Դյակոնովը հրատարակեց Ուրարտուի մասին աշշուրա–բաբելական սկզբնաղբյուրների ռուսերեն թարգմանությունները։ 1953-1954 թվականներին և 1971 թվականին Գ․ Ա․ Մելիքիշվիլին հրատարակեց ուրարտական արձանագրությունների համահավաք բնագրերը, դրանց ռուսերեն թարգմանություններն ու մեկնաբանությունները, քերականությունը։ Այդ հրատարակության շնորհիվ ուրարտական սեպաձև արձանագրությունները դարձան մատչելի ու լիարժեք պատմական աղբյուր։ 1955 թվականին ավստրիացի գիտնական Ֆ․ Քյոնիգը նույնպես հրատարակեց համանման ժողովածու, սակայն այն նյութի ամբողջականությամբ և թարգմանության (գերմ․) որակով զգալիորեն զիջում է Գ․ Ա․ Մելիքիշվիլու աշխատությանը։ Վերջինս գրեց նաև «Նաիրի–Ուրարտու» ծավալուն աշխատությունը (1954, ռուսերեն), որի մեջ գրավոր աղբյուրների լիակատար քննությամբ մանրամասնորեն շարադրեց Ուրարտուի պատմությունը։ Ուրարտուի պատմության, մշակույթի, տեղագրության ու կրոնի հարցերով Հայաստանում, Գրիգոր Ղափանցյանից բացի, զբաղվեցին նաև Ն․ Վ․ Հարությունյանը, Մ․ Ա․ Իսրայելյանը, Հ․ Մարտիրոսյանը, Հ․ Կարագյոզյանը և ուրիշներ։ Ուրարտական հնագիտական նյութերի հավաքածուների խոշոր կենտրոններ են Սանկտ Պետերբուրգ Էրմիտաժը, Հայաստանի պատմության թանգարանը, Էրեբունի թանգարանը, Վրաստանի պատմության թանգարանը, Բրիտանական և Բեռլինի թանգարանները։ Կարմիր բլուրից և Արին բերդից պեղված առանձին առարկաներ պահպանվում են Մոսկվայի պետական պատմության թանգարանում և Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում։

Գրականություն խմբագրել

  • Ղափանցյան Գ․ Ա․, Ուրարտուի պատմությունը, Ե․, 1940։
  • Патканов Х․ П., О клинообразных надписях ванской системы, открытых в пределах России, СПБ, 1893.
  • Никольский M. B., Клинообразные надписи Закавказья, «Материалы по археологии Кавказа», в․ 5, М․, 1896.
  • Мещанинов И․ И․, Халдоведение․․Баку, 1927.
  • Мещанинов И․ И․, Язык ванских клинописных надписей, ч․ 1–2, Л․, 1932–35.
  • Мещанинов И․ И․, Грамматический строй урартского языка, ч․ 1, Именные части речи, М․–Л․, 1958, ч- 2; Структура глагола, М․–Л․, 1962.
  • Мещанинов И․ И․, Аннотированный словарь урартского (биайнского) языка, Д․, 1978.
  • Лемман-Гаупт К․ Ф․, Вступительная лекция по истории и культуре халдов, «Труды Тбилисского гос․ университета», 1938, т․ VI.
  • Меликишвили Г․ А․, Урартские клинообразные надписи, М․, 1960.
  • Меликишвили Г․ А․, Урартские клинообразные надписи, II (Открытия и публикации 1954–70 гг․), «Вестник древней истории», 1971, № 3,4.
  • Меликишвили Г․ А․, Урартский язык, М․, 1964.
  • Дьяконов И․ М․, Урартские письма и документы, М․–Л․, 1963.
  • Дьяконов И․ М․, Языки древней Передней Азии, М․, 1967.
  • Арутюнян Н․ В․, Новые урартские надписи Кармир-блура, Е․, 1966.
  • Фридрих И․, Дешифровка забытых письменностей и языков, пер․ с нем․, М-, 1961.
  • Фридрих И․, История письма, пер․ с нем․, М․, 1979.
  • Фридрих И․, Beitrage zu Grammatik und Lexikon des Chaldischen, «Caucasica», VII–VIII, 1931.
  • Коnig F․ W․, Handbuch der chaldischen inschriften, Graz, 1955․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։