Ուխտագնացության երգեր, հայկական Ժողովրդական երաժշտության մեջ ընդհանուր առումով՝ ժողովրդական նույնանուն ծեսի տարբեր պահերը արծարծող քնարական երգերի ամբողջությունը, որ կազմում է ծիսական ժանրի մի բաժինը։ Երգվում են սովորական քնարական բնույթի եղանակներով։

Մասնավոր առումով՝ զանազան ուխտատեղերի նկարագրության և գովքի երգերի ամբողջությունը, կազմում է վիպական ժանրի մի բաժինը։ Այդ բաժնում գլխավոր տեղը գրավում են «մուրազատու» «Մշո սուլթան» Ս․ Կարապետ վանքին նվիրված երգերը (կոչվում են նաև «Ս․ Կարապետի երգեր»), որոնցում արտացոլվել է ազատ և բարեկեցիկ կյանքի համար աշխատավոր ժողովրդի դարավոր երազանքը։ Սրանց մեղեդիական մարմնավորումը երկտեսակ է․ հանդարտ-պատմողական բնույթի կարճաշունչ եղանակով, որը տարբերակվելով շարունակ կրկնվում է (պարզ մեղեդիացված արտասանություն), կամ տուն-տուն կառուցված, վիպական բնույթի անհատականացված եղանակով, սկզբի պատմողական-նկարագրական մասում՝ ասերգային ոճի գերակշռությամբ, կրկնակային մասում՝ լայնաշունչ երգային։

Առաջին տեսակը շարունակում է հայկական հնագույն փոքրածավալ վիպերգերի (օրինակ, «Կարոս խաչ») մեղեդիական ոճը, երկրորդը ներկայացնում է «Աասնա ծռեր» վեպի եղանակավոր երգատեսակների զարգացումը (նման հայտնի «Մոկաց Միրզա» երգ-բալլադին)։

Ուխտագնացության երգերի, մասնավորապես Ս․ Կարապետի երգերի, բանաստեղծական տեքստերը բազմիցս հրատարակվել են (Ա․ Սեդրակյանի «Քնար մշեցվոց և վանեցվոց», 1874, էջ 6 - 9)։ Եղանակները հայտնաբերել է Կոմիտասը։ Կան նաև հատուկ ուխտագնացության պարեր, ինչպես Կոմիտասի գրառած ու մշակած հանդիսավոր «Մշո Շորորը»։

Ուխտագնացության երգերը հայ գեղջկական և հին-գուսանական երգաստեղծության լավագույն նմուշներից են։ Դրանց լավատեսական բովանդակությունը ոգեշնչող աղբյուր է դարձել Բարսեղ Կանաչյանի՝ ժողովրդական խոսքերով գրված «Նանոր» խմբերգային երաժշտա-դրամատիկական ընդարձակ պատկերի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։