Ութերորդ դասարանցու համախտանիշ

Ութերորդ դասարանցու համախտանիշ (ճապ.՝ 中二病 տյու:նիբյո:, միջնակարգ դպրոցում ուսումնական երկրորդ տարվա համախտանիշ), ճապոնական խոսակցական հասկացություն, որը սովորաբար օգտագործվում է նկարագրելու համար վաղ դեռահասության փուլում գտնվող այն երեխաներին, որոնք վեհության ցնորքներ ունեն և գերագնահատում են իրենց և աշխարհում իրենց ունեցած նշանակությունը (օրինակ՝ համոզված են, որ ունեն թաքնված հատուկ կարողություններ կամ գիտելիքներ, որոնք կարող են վտանգի տակ դնել աշխարհի առօրյա կարգուկանոնը և այլն)։ Հասկացությունը հայտնի է դարձել այնպիսի անիմեներում, ռանոբէներում և մանգեներում, ինչպիսիք են Love, Chunibyo & Other Delusions, Aura: Koga Maryuin’s Last War և այլն[1][2][3][4]։ Այն ժարգոնային հասկացություն է դարձել ճապոնական օտակու մշակույթում։

Պատմություն խմբագրել

Հասկացությունն առաջ է քաշել ճապոնացի կատակերգու և ռադիոհաղորդավար Հիկարու Իդզյուինը 1999 թվականին՝ «UP'S Ultra Performer'S radio» (կարճ՝ «UP’S») ռադիոհաղորդման ժամանակ, որի ընթացքում նա միջնակարգ դպրոցում սովորողների մանկական, ինֆանտիլ ձգտումները բացատրում էր նրանով, որ նրանք, իբր թե, հիվանդ են իր հայտնաբերած համախտանիշով[5][6]։ 2009 թվականին նա հանդես է եկել հայտարարությամբ, որում ժխտում էր «ութերորդ դասարանցու համախտանիշ» հասկացության լրջությունը, քանի որ այն, չնայած հումորային և ինքնաբերաբար ստացված մեկնաբանություն լինելուն, հոգեբանության մեջ դարձել էր լրջորեն ուսումնասիրվող երևույթ[6]։

«Ութերորդ դասարանցու համախտանիշը» սովորաբար ասոցացվում է երիտասարդ մարդկանց հետ, որոնք ծրագրերի, գրքերի, գիտաֆանտաստիկայի, ֆենտեզի ժանրի, վիդեոխաղերի և տեղեկատվության այլ տեսաձայնային աղբյուրների ազդեցության տակ իրենց կապում են ստացված փորձի հետ և իրենց համարում յուրահատուկ մարդ, որը գերբնական կարողությունների կամ գիտելիքների է տիրապետում։

2008 թվականին ռանոբէի հեղինակ Հյոյա Սաէգամին գիրք է գրել՝ այն անվանելով «Ութերորդ դասարանցու համախտանիշ․ օգտագործման ուղեցույց» (ճապ.՝ 中二病取扱説明書 Տյու:նիբյո: տորիացուկայ սէցումէյ սյո։), որում առանձնացնում է «ութերորդ դասարանցու համախտանիշի» երեք տեսակ[5][7].

  • DQN[jp] (ճապ.՝ DQN系, Դոկյուն կէյ)՝ այն դեռահասներն են, որոնք հակասոցիալական վարք են դրսևորում՝ ձևացնելով, որ պատկանում են հանցագործ աշխարհին, չնայած հազվադեպ են կապված լինում մարգինալ միջավայրի հետ, և նրանց պատկերացումներն ու գիտելիքները այդ միջավայրի մասին հիմնականում ձևավորվում են հեռուստատեսային ծրագրերում ցուցադրվող կարծրատիպերից։
  • Ենթամշակույթ/SubCul (ճապ.՝ サブカル系, սաբու կառու կէյ)՝ հիփսթերներին արտացոլող դեռահասներ։ Նրանք ձգտում են յուրահատուկ լինել՝ չընդունելով ամենահայտնի և տարածված նորաձևությունը՝ արտահայտելով սեփականը։ Այս տեսակի հիմնական գաղափարն է «հոսանքին հակառակ շարժվել» և հարաբերություններ պահպանել նույնանման հետաքրքրություններ ունեցողների հետ։
  • Սնոտիություն (ճապ.՝ 邪気眼系 ձյակիգան կէյ)՝ այս տեսակը ամենից հաճախ է արտացոլվում «ութերորդ դասարանցու համախտանիշ» հասկացության հետ։ Այս տեսակին են պատկանում ֆանտաստիկայի, ֆենտեզիի, գերբնական երևույթների և մարդկանց, հմայախոսությունների տեսությունների սիրահար-դեռահասները, որոնք հավատում են, որ իրենք թաքնված ուժեր և կարողություններ ունեն, որոնք իրենց դարձնում են գերմարդկային, իմաստուն, մոգական արարածներ։ Այդ իսկ պատճառով նրանք մականուններ են ստեղծում երկընտրանքային անձանց համար, որոնց հետ իրենց նույնականացված են զգում և որոնց կերպարի վրա հիմնվելով հաճախ ստեղծում են իրենց արտաքին տեսքի և պահվածքի էսթետիկան։

Ժառանգություն խմբագրել

Գրական քննադատ Բոսի Տինոն հայտարարել է, որ կցանկանար «Դոն Կիխոտ» վեպին տալ «Ութերորդ դասարանցու համախտանիշը 50 տարեկանում» ենթավերնագիրը։ Նա դա բացատրել է վեպում տեսանելի արատավոր շրջանով, որը բնութագրվում է նրանով, որ «գլխավոր հերոսը աշխարհը տեսնում է վարդագույն ակնոցի միջով, և նրա շրջապատը ստիպված է խաղալ այդ դերը կամ հրաժարվել նրանից, որպեսզի չժխտի նրա մոլորությունները, ինչը գլխավոր հերոսին ստիպում է էլ ավելի տրվել այդ մոլորություններին»[8]։

Ութերորդ դասարանցու համախտանիշը՝ որպես մոտեցում գիտությանը խմբագրել

«Ութերորդ դասարանցու համախտանիշը» ներկայումս ճապոնացի ուսանողների շրջանում կիրառվում է որպես գերմաներեն սովորելու մոտեցում։ Տոկիոյի ճապոնա-գերմանական հասարակությունը 2015 թվականից միջոցառումների շարք է անցկացրել «գերմաներեն ենք սովորում ութերորդ դասարանցու համախտանիշով» (ճապ.՝ 中二病で学ぶドイツ語 տյու:նիբյո: դէ մանաբու դոիցուգո) խորագրի ներքո, ինչը գրավել է Ճապոնիայի զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը[9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Clements, Jonathan; McCarthy, Helen (2015 թ․ փետրվարի 9). «The Anime Encyclopedia, 3rd Revised Edition: A Century of Japanese Animation». Stone Bridge Press. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին – via Google Books.
  2. «Love, Chunibyo & Other Delusions Complete Collection Anime DVD Review». fandompost.com. 2014 թ․ հուլիսի 17. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  3. «So, I Just Watched Hyouka...». crunchyroll.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  4. «Knights of Sidonia, Love, Chunibyo & Other Delusions and Love Live! Released Monday». animenewsnetwork.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  5. 5,0 5,1 «Chuunibyou: Funny or Something Darker?». honeysanime.com. 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  6. 6,0 6,1 «Ask John: What Makes a Character a Chuunibyou? – AnimeNation Anime News Blog». www.animenation.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  7. «中二病も才能のうち!? 500人に訊いた! マンガ家志望の"中二あるある"ランキング - ダ・ヴィンチニュース». ddnavi.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  8. 千野帽子 読まず嫌い. — Tokyo: Kadokawa Shoten, 2009. — С. 30—31. — ISBN 978-4-04-885027-8
  9. Ken Hasegawa (2015-11-23). «「中二病で学ぶドイツ語セミナー」が話題 あっという間に満員御礼…». withnews.jp. Վերցված է 2019-07-22-ին.
  10. «エヴァ、進撃、銀英伝・・・やっぱり「ドイツ語は中二病」だった!?». matome.naver.jp. 2015-11-25. Վերցված է 2019-07-22-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.