Ոստիկանություն, պետական ծառայությունների, հասարակական կարգի պահպանման մարմինների և հանցավորության դեմ պայքարի հատուկ համակարգ, որն իրավասու է իրականացնելու գործողությունների մի ողջ համախումբ, որոնք սակայն իրենց բնույթով տարբեր երկրներում տարբերվում են միմյանցից։ Ոստիկանության առավել բնորոշ հատկանիշներից են նախազգուշացումը, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխումն ու նախականխումը, հայտնաբերումն ու բացահայտումը։ Ոստիկանության առջև կարող է նաև խնդիր դրվել տարբեր օբյեկտների պահպանությունն իրականացնելու, հասարակական վայրերում անմիջական կարգն ապահովելու, ճանապարհային երթևեկությունը կարգավորելու, վթարային իրավիճակների մասին նախազգուշացնելու և տարբեր բնագավառներում ու ոլորտներում հսկողություն կամ վերահսկողություն իրականացնելու գործառույթներ։

Վահաններով, մահակներով և սաղավարտներով զինված ոստիկանական պատնեշը Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Թավշյա հեղափոխության ընթացքում։

Որոշ երկրներում ոստիկանության կազմի մեջ մտնում են նաև հրշեջ պահախումբը և փրկարարական գործողություններ իրականացնող մարմինները։ Այդ խնդիրների լուծման նպատակով ոստիկանությունը և նրա պաշտոնատար անձինք օժտված են այնպիսի լիազորություններով, ինչպիսին է օրինակ` հարկադրանքի և ուժային մեթոդների կիրառումը, որը չի բացառում նաև համոզելու մեթոդներով աշխատանքներ տանելու և իրավական նորմերի ազդեցության ապահովման այլ եղանակներ կիրառելու հանգամանքը։

Կառուցվածքային ձևեր խմբագրել

Ոստիկանական համակարգերը տարբեր երկրներում կարող են լինել կենտրոնացված (Ավստրիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Ռուսաստան և այլն) կամ ապակենտրոնացված (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և այլն)։ Ոստիկանական ծառայությունները կարող են միավորված լինել մեկ գերատեսչության մեջ (Ֆինլանդիա) կամ բաժանված լինել տարբեր գերատեսչությունների կազմի մեջ (Իտալիա` «հինգ ոստիկանությունների երկիր», որտեղ ոստիկանական գործառույթներ են իրականացնում նաև կարաբիներները, Ֆրանսիա` ազգային ոստիկանություն և ժանդարմերիա)։ Որոշ սոցիալիստական երկրներում, այդ թվում նաև Խորհրդային Միությունում, հիմնական ոստիկանական գործառույթները իրականացնում էր միլիցիան։

Ըստ գործունեության ոլորտների, տարբեր երկրներում գոյություն ունեն կառավարման, անվտանգության, քրեական, վարչական, գրասենյակային, քաղաքացիական, գաղտնի, կրոնական, հարկային, զինվորական կամ ռազմական և այլ ոստիկանություններ։ ԱՄՆ-ում դաշնային ոստիկանության մեջ մտնում են Հետաքննությունների դաշնային բյուրոն և մի շարք այլ ոստիկանական գերատեսչություններ` տարբեր նախարարությունների կազմում։ Մի շարք երկրներում ոստիկանությունը մտնում է Ներքին գործերի նախարարության կազմի մեջ։ Ֆրանսիայում ոստիկանական հիմնարկները ենթարկվում են ազգային ոստիկանության գլխավոր տնօրինությանը, որն իր հերթին մտնում է Ներքին գործերի նախարարության կազմի մեջ։

Գոյություն ունեն նաև մասնավոր ոստիկանություններ, որոնք պաշտպանում են արդյունաբերական, տրանսպորտային, բանկային և այլ խոշոր օբյեկտներ և զբաղվում մասնավոր հետախուզությամբ։ Գոյություն ունեն այնպիսի երկրներ, որտեղ ոստիկանությունը գտնվում է արդարադատության կամ անվտանգության նախարարությունների ենթակայության տակ։ Շատ երկրներում ոստիկանությունը քաղաքացիական համակարգ է, սակայն որոշ երկրներում (Ֆրանսիա, Թուրքիա, Չիլի և այլն), բացի սեփական ոստիկանությունից, գոյություն ունի նաև ժանդարմերիա, որն ի սկզբանե կազմում է զինված ուժերի մաս (ինչպես կարաբիներները Իտալիայում)։ Բազմաթիվ երկրներում ոստիկանությունն ունի վառ արտահայտված ռազմական բնույթ և ոստիկանները կրում են զինվորական կոչումներ։ Որոշ երկրներում, ցամաքային զորքերում գործող ոստիկանությունները հսկում են երթևեկությունը խճուղային ճանապարհներին, հետապնդում զինվորական դասալիքներին, կանխում և քննում հանցագործությունները, տարհանում ռազմագերիներին և այլն։ Կան երկրներ, որտեղ հատուկ ծառայությունները բոլորովին առանձնացված են ոստիկանությունից և կան երկրներ (Մալայզիա, Իռլանդիա և այլն), որտեղ պետական անվտանգության մարմինները մտնում են ոստիկանության կազմի մեջ։

Գոյություն ունի նաև Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ), որի խնդիրն է միավորել ազգային իրավապահ մարմիններին` մասնակից երկրներում հանցավորության դեմ պայքարի գործում։

Պատմությունը խմբագրել

Ոստիկանության` աշխարհում ընդունված Police անվանումն առաջացել է հին հունարեն πόλις (պոլիս` քաղաք) բառից, այնուհետև լատինացված հունարենի` πολιτεία (քաղաքացիություն իմաստով) ձևով անցել լատիներեն politia ձևին, իսկ հետո միջին ֆրանսերենի police ձևին` կրելով «հասարակական կարգ» իմաստը։ Առաջին անգամ այդ տերմինը օրենքի պահապանների նկատմամբ գործածել է գերմանացի իրավաբան և գրող Մելխիոր ֆոն Օսսան (1506-1557թթ.)[1]։ Մինչև 18-րդ դարի վերջը, այն գործածվում էր առավել լայն իմաստով` հիմնականում ներառելով միապետների և պետության պարտականությունները հասարակական կարգի պահպանման, արդարադատության, օրինականության, անվտանգության և ենթակաների բարեկեցիկ կյանքն ապահովելու գործում։

Ոստիկանությունը առավել կատարելագործվել է միջնադարում, հատկապես բացարձակ միապետության շրջանում, հանդես գալով որպես պետության հսկողության և հարկադրանքի հատուկ մարմինների համակարգ, ինչպես նաև ներքին նշանակության պատժիչ զորք, որն ուղղակի և բացահայտ ճնշման ճանապարհով պաշտպանում էր գոյություն ունեցող հասարակական կարգը։ 19-րդ դարի սկզբին «ոստիկանություն» հասկացությունը սկսեց կրել առավել նեղ իմաստ և վերաբերում էր պետության պարտականություններին` հասարակական կարգը ապահովելուն և օրենքների պահպանմանը (հատկապես քրեական օրենսդրության)։

Ժամանակակից ոստիկանության դասական նմուշ է համարվում Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունը, որը հիմնադրվել է 1829 թվականին՝ պետական գործիչ Ռոբերտ Պիլի կողմից։ Նրա սկզբունքներից մեկն այն էր, որ պետք է մշտապես պահպանել կապը բնակչության հետ` կյանքի կոչելով պատմական ավանդույթները, որոնց համաձայն ոստիկանությունը դա հասարակությունն է, իսկ հասարակությունը` ոստիկանությունը։ Ոստիկանությունը կազմված է բնակչության ներկայացուցիչներից, ովքեր վարձատրվում են, որպեսզի իրենց ուշադրությունը ամբողջովին նվիրաբերեն պարտականություններին, որոնք դրված են յուրաքանչյուր քաղաքացու վրա` հասարակության բարեկեցության և կենսունակության հետաքրքրություններից ելնելով։ Այդ օրինակին հետևել են շատ երկրներ։ Գաղութներում ոստիկանությունը կազմավորվում էր գաղութարար իշխանությունների կողմից և հաճախ ծառայում էր նրանց շահերին` ի վնաս տեղի բնակիչների[2]։ Մինչ Պիլի կողմից ոստիկանության բարեփոխումները, տարածված էր մասնավոր ոստիկանությունը (այսպես կոչված «գողեր որսացողները»), որի հիմնական նպատակը ձեռնարկատիրական շահույթ ստանալն էր[3]։

Ոստիկանությունը Հայաստանում խմբագրել

Հայերեն ոստիկան բառն ունի պահլավական ծագում, որն ուներ «հավատարիմ» իմաստը և որպես պաշտոն, միջնադարում շնորհվել է միապետին հավատարիմ մարդկանց, գավառներում վերակացուի կամ կուսակալի գործառույթներ իրականացնելու համար։

Հայաստանում ոստիկանությունը որպես պետական կառույց, իր գործունեությունն սկսել է Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից ի վեր, որտեղ Ներքին գործերի առաջին նախարարը Արամ Մանուկյանն էր (1918-1919թթ.):

Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատումից հետո, 1920 թվականի դեկտեմբերի 12-ին, հանրապետության հեղկոմի որոշմամբ ստեղծված Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կազմում սկսել է իր գործունեությունը ծավալել միլիցիան։ Այդ որոշման հիման վրա, հանրապետության Ներքին գործերի ժողկոմի հրամանով տեղական կառավարման նախկին համակարգը վերացվել է և ստեղծվել է բանվորագյուղացիական միլիցիա։ 1920 թվականի դեկտեմբերի 15-ին (Հայկական ԽՍՀ-ի միլիցիայի հիմնադրման օրն է) ստեղծվել են միլիցիայի առաջին ջոկատները։ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը 1930 թվականին վերացվել է, իսկ 1934 թվականին վերականգնվել։ 1946 թվականից վերակազմվել է ՀԽՍՀ Ներքին գործերի նախարարությունը, որը 1962-1968 թվականներին կոչվել է Հասարակական կարգի պահպանության նախարարություն։ Հայկական ԽՍՀ-ի Ներքին գործերի առաջին նախարարը Իսահակ Դովլաթյանն էր (1920-1921թթ.):

Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի հրամանագրով ձևավորվել են Ներքին գործերի նախարարության զորքերը։ 2001 թվականի ապրիլի 16-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, իսկ ապրիլի 16-ը հայտարարվել է ոստիկանության օր։ 2002 թվականի հունիսի 30-ին ընդունվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն Ներքին գործերի նախարարությունը 2003 թվականի հունվարի 1-ից վերակազմավորվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության։ Առաջին անգամ ՀՀ ոստիկանապետի պաշտոնն ստանձնել է Հայկ Հարությունյանը (2003-2008թթ.), ով 1999 թվականից ՀՀ Ներքին գործերի նախարարն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кревельд, М. ван. Расцвет и упадок государства / Мартин ван Кревельд; пер. с англ. под ред. Ю. Кузнецова и А. Макеева. — М.: ИРИСЭН, 2006. — С. 206.
  2. «Принципы деятельности полиции. Методическое пособие по правам человека» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  3. Стивен Дэвис. «Частная полиция в XVIII–XIX столетиях». InLiberty.ru.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 640