Ոսկրածուծ, մարդու և ողնաշարավոր կենդանիների ոսկրային խոռոչները լցնող հյուսվածք։ Տարբերում են կարմիր և դեղին ոսկրածուծեր։ Կարմիր ոսկրածուծն ամբողջ կյանքի ընթացքում պահպանվում է տափակ ոսկրերում, ողերում և խողովակավոր ոսկրերի էպիֆիզներում։ Այն հասուն կաթնասունների և մարդու հիմնական արյունաստեղծ օրգանն է, որտեղ զարգանում են արյան ձևավոր տարրերը՝ էրիթրոցիտները, հատիկավոր լեյկոցիտները, թրոմբոցիտները, ինչպես նաև ոսկրածուծային լիմֆոցիտները։ Մարդու ոսկրածուծը ձևավորվում է սաղմնային կյանքի 7-8-րդ շաբաթում, սկսում գործել ներարգանդային կյանքի 4-րդ ամսում։ 3-4 տարեկանից սկսած կարմիր ոսկրածուծն աստիճանաբար վեր է ածվում դեղին ոսկրածուծի, որտեղ գերակշռում են ճարպային բջիջները։ Կարմիր ոսկրածուծի հիմքը կազմում է ցանցանման հյուսվածքը, որի առաջացրած բջջային ցանցի վրա տեղավորվում են արյունաստեղծ բջիջները։ Ոսկրածուծի կազմության մեջ կան արյունաստեղծ ցողունային բջիջներ (ամբողջ բջիջների 0,1%), որոնց բազմակի բաժանման ու զարգացման շնորհիվ այն պահպանում է իր արյունաստեղծ ֆունկցիան և ապահովում օրգանիզմում էրիթրոցիտների ու լեյկոցիտների անընդհատ նվազման (ֆիզիոլոգիական հեմոլիզ) փոխհատուցումը։ Հասունացած բջիջները ոսկրածուծից անցնում են արյան հունի մեջ։ Բացի հասուն բջիջներից ոսկրածուծից դուրս են գալիս նաև որոշ քանակությամբ ցողունային բջիջներ, որոնք ընդունակ են տեղափոխվելու արյունաստեղծ այլ օրգաններ։ Չափահաս մարդու օրգանիզմում ոսկրածուծը կազմում է մարմնի քաշի 4,5-4,7%֊ը։ Արյունահոսությունների ժամանակ ոսկրածուծում արյունաստեղծման պրոցեսը կարող է խիստ արագանալ և վերականգնել կորցրած բջիջների քանակը ոսկրածուծը և մասնավորապես նրա ցողունային բջիջները շատ զգայուն են որոշ ներգործությունների (օրինակ՝ իոնացնող ճառագայթների) նկատմամբ։ Ուստի ոսկրածուծի վիճակը նման ազդեցությունների պայմաններում օրգանիզմի դիմադրողականությունը որոշող կարևոր գործոններից է։

Ոսկրածուծի հանույթ

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 635