«Ոսկի աքլորիկը» (ռուս.՝ Золотой петушок), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի վերջին օպերան՝ ավարտված 1908 թվականին, Ալեքսանդր Պուշկինի 1834 թվականին գրված համանուն հեքիաթի հիման վրա (լիբրետոն՝ Վլադիմիր Բելսկու)։ Ունի 3 գործողություն, կարճ նախաբան և առավել կարճ վերջաբան։ Առաջնախաղը կայացել է 1909 թվականին Մոսկվայում՝ կոմպոզիտորի մահից հետո։ Ռուսաստանի սահմաններից դուրս այն հաճախ է բեմադրվել ֆրանսերենով՝ որպես Le coq d'or։

Ոսկի աքլորիկը
ռուս.՝ Золотой петушок
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրՀեքիաթ
ԿոմպոզիտորՆիկոլայ Ռիմսկի-Կորսակով
Լիբրետտոյի
հեղինակ
Վլադիմիր Բելսկի
Սյուժեի աղբյուրԱլեքսանդր Պուշկին. «Ոսկի աքլորիկը»
Գործողությունների քանակ3 արար, 1 նախերգանք և 1 Վերջաբան
Տևողություն2 ժամ
ԿերպարներԱմելֆա, Աստղագուշակ, Պոլկան զորավար, Ոսկի աքլորիկ, Դոդոն թագավոր, Աֆրոն արքայազն, Գվիդոն արքայազն և Շամախիի թագուհի
Ստեղծման տարեթիվ1908
Առաջնախաղի տարեթիվսեպտեմբերի 24 (հոկտեմբերի 7), 1909
Առաջնախաղի վայրՄոսկվա
Հրատարակման տարեթիվ1909
 The Golden Cockerel (opera) Վիքիպահեստում

Գործող անձինք խմբագրել

  • Դոդոն թագավոր (բաս)
  • Գվիդոն արքայազն՝ Դոդոնի ավագ որդին (տենոր)
  • Աֆրոն արքայազն՝ Դոդոնի կրտսեր որդին (բարիտոն)
  • Պոլկան զորավար (բաս)
  • Ամելֆա մառանապետուհի (կոնտրալտո)
  • Աստղագուշակ (տենոր-ալտինո)
  • Շամախիի թագուհի (սոպրանո)
  • Ոսկի աքլորիկ (սոպրանո)

Համառոտ բովանդակություն խմբագրել

Առաջին գործողություն խմբագրել

Արդեն ծեր է Դոդոն թագավորը, նրան այլևս դժվար է երկիրը ղեկավարել։ Մինչդեռ թշնամի դրկիցը քնած չէ ու ցանկացած պահի կարող է հարձակման անցնել։ Եվ Դոդոնը բոյարներից ու իր որդիներից խորհուրդ է ակնկալում, թե՝ ինչպե՞ս վարվի, որ երկիրը չկործանվի։

Գվիդոն արքայազնը՝ թագավորի ավագ որդին, խորհուրդ է տալիս՝ բանակը սահմանից հեռացնել ու մայրաքաղաքի շուրջը դիրքավորել։ Այդ դեպքում, մինչև գահանիստ քաղաքին թշնամու մոտենալը, թագավորը դեռ կհասցնի կուշտ քնել։ Բոլորն աղմկալից հիացմունք են արտահայտում «փայլուն» առաջարկին։ Միայն տարեց Պոլկան զորավարն իր կասկածն է հայտնում, թե՝ որքա՜ն սոսկալի կլինի, եթե թշնամու բանակը «պարիսպների տակ, թագավորի աչքի առջև» ճամբար դնի ու «թնդանոթներից մի թեթև համազարկ տա պալատին»։ Բայց այդ «մանրուքին» թագավորն ու պալատականները ուշադրություն չեն դարձնում։

Այնինչ Աֆրոն արքայազնը՝ թագավորի կրտսեր որդին, խորհուրդ է տալիս՝ բանակն ընդհանրապես ցրել, իսկ թշնամու հարձակումը կանխել՝ դրանից մեկ ամիս առաջ ոսոխի դեմ նախազգուշական արշավ ձեռնարկելով։ Ներկաները է՛լ ավելի են հիանում, բայց համառ Պոլկանը կրկին առարկում է՝ արդարացի կասկածելով, թե նենգ դրկիցը նախապես, այն էլ՝ մեկ ամիս առաջ, արդյո՞ք կզգուշացնի իր հարձակման մասին։

Շփոթված բոյարներն այլ առաջարկություններ այլևս չունեն, ուստիև որոշում են... գուշակություն անել։ Բուռն, անզիջում վեճ է սկսվում, թե գուշակության համար հատկապես ի՞նչ օգտագործել՝ բակլայի ունդե՞ր, կվասի թանձրո՞ւք, թե՞...

Բարեբախտաբար, այդ պահին ներս է մտնում պալատական աստղագուշակը։ Նա թագավորին է նվիրում կախարդական Ոսկի աքլորիկ, որը և ամեն մի վտանգի մասին միշտ կնախազգուշացնի Դոդոնին։ Վերջինս իմաստուն գիտնականին շնորհակալություն է հայտնում ու խոստանում՝ նրա առաջին իսկ ցանկությունն անվերապահ կատարել։

Ողջ արքունիքը խաղաղ քուն է մտնում, բայց տիրող անդորրը հանկարծ խախտվում է Ոսկի աքլորիկի զիլ «Ծուղրուղո՜ւ» կանչով։ Արքայազուններն ու զորավարը գլխավորում են զորքն ու արշավի ելնում։

Երկրորդ գործողություն խմբագրել

Թագավորը կրկին ննջում է, բայց շուտով Ոսկի աքլորիկւ նորից տագնապ է բարձրացնում։ Եվ Դոդոնը, այլ ելք չունենալով, ստիպված արդեն ի՛նքն է նոր զորքը գլխավորում։

Գիշեր է։ Լեռնային նեղ կիրճն է իջնում Դոդոնի բանակն ու այնտեղ զարհուրանքով տեսնում Գվիդոն ու Աֆրոն արքայազունների անկենդան մարմինները. նրանք միմյանց սրախողխող էին արել։ Իսկ երբ լուսանում է, զարմացած Դոդոնը կիրճում նկատում է մի գույնզգույն վրան։ Շուտով այնտեղից աննման մի գեղեցկուհի է դուրս գալիս ու ձոներգում ծագող Արեգակը։ Պարզվում է, որ դա Շամախիի թագուհին է, ով մտադրվել է նվաճել Դոդոնի գահանիստ քաղաքը։ Թագավորն առաջարկում է գեղեցկուհուն՝ իր կինը դառնալ։ Տարեց թագավորին նրբորեն, բայց չարությամբ ծաղրելով՝ Շամախիի թագուհին այնուամենայնիվ տալիս է իր համաձայնությունը։

Երրորդ գործողություն խմբագրել

 
Դոդոնը հանդիպում է Շամախիի թագուհուն

...Ոսկե կառքով գահանիստ քաղաքն են ժամանում Դոդոն թագավորն ու նրա չքնաղ հարսնացուն։ Ժողովուրդը ցնծագին ողջունում է նրանց։ Հանկարծ կառքի առջև հայտնվում է աստղագուշակն ու թագավորին խնդրում՝ իրեն ընծայել Շամախիի թագուհուն։ Դոդոնը փորձում է խելքի բերել հանդուգն ծերունուն՝ փոխարենը նրան թեկուզ թագավորության կեսը խոստանալով։ Սակայն աստղագուշակն անդրդվելի է. չէ՞ որ թագավորը խոստացել է իր առաջին իսկ ցանկությունն անվերապահ կատարել, ուստիև պարտավոր է սեփական խոսքին տեր կանգնել։ Սաստիկ վրդովված Դոդոն թագավորը գավազանով ուժգին հարվածում է աստղագուշակի ճակատին։ Վերջինս անկենդան վայր է ընկնում։ Այդ պահին վեր է թռչում Ոսկի աքլորիկն ու կտցահարում թագավորի գագաթը։ Նա նույնպես ընկնում է ու շունչը փչում։ Արևը ծածկվում է թուխպ ամպերի հետևում, թնդում է որոտը, և շուրջն ամեն ինչ պատվում է խավարով։ Իսկ երբ խավարը վերջապես ցրվում է, բեմում այլևս ոչ ոք չկա։

Վերջաբան խմբագրել

Եվ հանկարծ բեմում կրկին հայտնվում է աստղագուշակն ու հանդիսատեսներին բացատրում, որ ներկայացման հանգուցալուծումը թեպետև ծանր է ու ողբերգական, բայց այնուամենայնիվ չարժե հուզվել և վշտանալ, քանզի հերոսներից միայն ինքն ու Շամախիի թագուհին են կենդանի անհատներ։ Մինչդեռ մնացյալ բոլորը «սոսկ ցնորք են, խևություն, դալուկ տեսիլ և ունայնություն»։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկի աքլորիկը» հոդվածին։