Ողբերգություն (հին հունարեն՝ τραγῳδία, tragōdía, բառացիորեն՝ «Նոխազերգություն», τράγος, tragos - «նոխազ» և ᾠδή, ōdè - «երգ» բառերից), թատերախաղի տեսակ, որի մեջ տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ, գլխավոր հերոսը կամ հերոսները կործանվում են։ Ողբերգությունը տոգորված է պաթոսով, խիստ լրջությամբ, իրականությունը պատկերվում է առավել սուր կերպով, որպես ներքին հակասությունների կծիկ։ Ողբերգության մեջ առավելապես լարված և հագեցված կերպով բացահայտվում են իրականության խորքային կոնֆլիկտները։ Հերոսը, անհատը, հանուն վեհ և բարձր գաղափարների ելնում է չար ուժերի դեմ, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար հակադրվում է ճակատագրին, արտաքին աշխարհի որևէ երևույթ(ներ)ին։ Ողբերգության մեջ այդ պայքարն ունենում է կործանարար վախճան, հերոսը անհաջողության է մատնվում, կամ հասնում է հաջողության իր, և/կամ իր մտերիմների, բարեկամների, հարազատների կյանքի գնով, կորցնում է պատրանքները, ճանաչում է իր անցյալի հետ կապված ողբերգական հանգամանքները և այլն։

Ողբերգության ներգործությանը հանդիսատեսի վրա առաջին անգամ անդրադարձել է Արիստոտելը իր «Պոետիկա» երկում։ Ըստ հույն փիլիսոփայի, ողբերգությունը, վախի և կարեկցանքի զգացմունքների առաջացման միջոցով հասցնում է հանդիսատեսին կատարսիսի՝ այսինքն «մաքրմանը»[1]։

Ողբերգությունը սկզբնավորվել է Հին Հունաստանում՝ Աթենք քաղաքում։ Դրանք սկզբնապես կատարվել են յուրաքանչյուր տարի որոշակի ժամանակի ընթացքում՝ մարտ ամսին Դիոնիսոսին նվիրված տոնախմբության ընթացքում («նոխազերգություն» անունը ծագում է հենց Դիոնիսոսի շքախմբում ընդգրկված այծամարդկանց երևույթից)։ Մեզ են հասել հին հույն նշանավոր ողբերգակներ՝ Էսքիլեսի, Սոփոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգությունները։

Հունաստանից ողբերգությունն անցել է Հին Հռոմ, որտեղ ողբերգություններ են գրել Լիվիուս Անդրոնիկուսը, Նևիուսը, Պակուվիուսը, Սենեկան (պահպանվել են միայն Սենեկայի ստեղծագործությունները, մնացած հեղինակներից մեզ են հասել միայն պատառիկներ)։

Նոր ժամանակներում ողբերգության ժանրի մեծագույն վարպետ է համարվում Վիլյամ Շեքսպիրը։

Ողբերգությունը (հունարենից ՝ τραγῳδία, tragōidia ) դրամայի տեսակ է՝ հիմնված մարդկային տառապանքների վրա, որը առաջ է բերում կատարսիս կամ հաճույք լսարանի մոտ։ Ողբերգություն տերմինը վերաբերվում է դրամայի հստակ ավանդույթի, որը պատմականորեն յուրահատուկ ու կարևոր դեր է խաղացել Արևմտյան քաղաքակրթության ինքնորոշման մեջ։ Այդ ավանդույթը եղել է բազմազան ու ընդհատվող, մինչդեռ տերմինը հիմնականում օգտագործվել է որպես հզոր ազդեցություն մշակութային ինքնության ու պատմական շարունակականության վրա - «Էլիզաբեթցիները և հույները մեկ մշակութային ձևի մեջ, Քրիստոնյաներն ու Հելլենները՝ միասնական գործողության,» - ինչպես Ռեյմոնդ Ուիլյամսն է ասում։

Ողբերգությունը իր ծագումից ի վեր՝ 2500 տարի առաջ Հին հունական թատրոնում, որտեղից միայն Էսքիլեսի, Սոփոկլեսի և Եվրիպիդեսի աշխատանքերն են պահպանվել, ինչպես նաև այլ բանասեղծների մեծ թվով ստեղծագործություններ, յուրահատուկ դրսևորումներ գտնելով Շեքսպիրի, Լոպե դե Վեգայի, Ժան Ռասինի և Ֆրիդրիխ Շիլլերի, ոչ շատ վաղ անցյալում՝ Հենրիկ Իբսենի և Ավգուստ Ստրինբերգի, ապա Սեմյուել Բեքեթի՝ մահվան, կորուստի ու տառապանքների մոդեռնիստական մտորումների, պոստմոդեռնիստ Մյուլլերի ողբերգական կանոնի վերամշակումներում, մնում է մշակութային փորձարարությունների, քննարկումների, վեճերի կարևոր կետերից մեկը[2][3]: Փիլիսոփաների երկար ցանկը, որը ներառում է Պլատոնին, Արիստոտելին, Յուհան Ավգուստ Ստրինդբերգին, Վոլտերին, Հյումին, Դիդրոյին, Հեգելին, Շոպենհաուերին, Կիերկեգորին, Նիցշեին, Զիգմունդ Ֆրոյդին, Բենջամինին[4], Կամյուին, Լականին և Դելյոզին ուսումնասիրել, քննարկել ու քննադատել են ժանրը[5][6][7]:

Արիստոտելի Պոետիկայի արդյունքում (335 մ.թ.ա) ողբերգությունն օգագործվել է ժանրային տարբերակումներ անելու համար թե՛ պոեզիայի բնագավառում (որտեղ ողբերգությունը հակադրվում է լիրիկականին և Էպիկականին), թե՛ դրամայի բնագավառում (որտեղ ողբերգությունը կատակերգությանն է հակդրվում)։ Ժամանակակից դարաշրջանում ողբերգությունը նաև սահմանվել է՝ հակադրություն ունենալով դրաման, մելոդրաման, տրագեկոմեդիան և էպիկական թատրոնը[7][8][9]: Բերտոլդ Բրեխտը և Ավգուստո Բոալը սահմանում են իրենց էպիկական թատերական նախագծերը (ոչ Արիստոտելյան դրաման և ճնշվածների թատրոնը, համապատասխանաբար)՝ ի հակադրություն ողբերգության մոդելների։ Սակայն Տաքսիուսը կարդում է էպիկական թատրոնը որպես ողբերգական գործառույթներր և դրա սգո և ենթադրության բուժման միավորում[3]։

Ծագում խմբագրել

«Ողբերգություն» բառը, պարզվում է, տարբեր ժամանակաշրջաններում գործածվել է՝ բացատրելու տարբեր երևույթներ։ Բառը ծագում է դասական հունարեն τραγῳδία բառից, որը ընթերցվում է trag(o)-aoidiā = «այծի երգ». Բառը բաղկացած է tragos = “այծ” և aeidein = «երգել» բառերի կապակցությունից։ Գիտնականները ենթադրում են, որ սա կարող է առաջած լինել այն ժամանակ, երբ այծը կա՛մ երգչախմբի պարային մրցույթի մրցանակն էր[10], կա՛մ երգչախումբը պարում էր նրա շուրջ կենդանու ծիսական զոհաբերությունից առաջ[11]։ Ստուգաբանական մեկ այլ վարկած է տվել Աթենեոս Նավկրատոսցին (2-3-րդ դարեր)՝ ասելով, որ բառի բնական ձևը եղել է trygodia-ն՝ trygos (խաղողի բերքահավաք) և ode (երգ) արմատներից, քանի որ այդ իրադարձությունները առաջին անգամ ներկայացվել են խաղողի բերքահավաքի ժամանակ[12]։

Հունական խմբագրել

Աթենքյան ողբերգություն - ողբերգության ամենահին պահպանված ձևը - պարային դրամայի մի տեսակ է, որը քաղաք-պետության թատերական մշակույթի ամենակարևոր մասն էր[13][14][15][16][17][18]։ Հայտնվելով մ.թ.ա. վեցերորդ դարի ընթացքում, այն ծաղկել է մ.թ.ա. հինգերորդ դարում (վերջում սկսելով տարածվել ամբողջ հունական աշխարհով), և շարունակաբար սիրված լինելով՝ հասել մինչև Հելլենիստական շրջանի սկիզբը[19][20][21]։ Վեցերորդ դարի ողբերգություններից ոչ մեկը չի գոյատևել, և հինգերորդ դարում բեմադրված ավելի քան հազար ողբերգություններից միայն երեսուներկուսն են կարողացել գոյատևել[22][23]։ Մենք ունենք ամբողջական պահպանված տեքստեր՝ գրված Էսքիլեսի, Սոփոկլեսի և Եվրիպիդեսի կողմից[22]։

Աթենքյան ողբերգությունները բեմադրվում էին ամեն տարվա մարտի վերջին կամ ապրիլի սկզբին՝ ամենամյա հանդիսավոր կրոնական փառատոնում՝ Դիոնիսի պատվին։ Ներկայացումները կառուցված էին երեք դրամատուրգների միջև մրցույթից, որոնք ներկայացնում էին իրենց աշխատանքները երեք հաջորդական օրերի ընթացքում։ Յուրաքանչյուր դրամատուրգ առաջարկում էր երեք ողբերգությունից բաղկացած եռերգություն և որպես վերջաբան մի երգիծական կտոր, որը կոչվում է սատիրների դրամա[24]։ Երբեմն այդ չորս խաղերը պարունակում էին միմյանց կապված պատմություններ։ Ողբերգության միայն մեկ եռերգություն գոյատևեց, որը Էսքիլեսի «Օրեստեան» է։ Հունական թատրոնը, բացօթյա էր՝ մի որևէ բլրալանջի վրա, և եռերգության ու սատիրների դրամայի բեմադրությունները ամենայն հավանականությամբ տևում էին օրվա մեծ մասի ընթացքում։ Ներկայացումներն ըստ երևույթին բաց էին բոլոր քաղաքացիների առջև՝ ներառելով կանանց, սակայն կա ապացույցի սակավություն։ Աթենքում Դիոնիսոսի թատրոնը մեծ հավանականությամբ կարողացել է տեղավորել մոտ 12000 մարդու[25]։

Խմբերգային բոլոր երգերը երգվում էին (Ավլոսի-երկփող սրինգ նվագակցությամբ) նաև երգվում էին երգչախմբի որոշ դերասանների պատասխանները։ Ամբողջական խաղը կազմված էր տարբեր չափածո հատվածներից։ Բոլոր դերասանները տղամարդ էին և կրում էին դիմակներ։ Հունական երգչախումբը պարում էր, ինչպես նաև երգում էր, սակայն ոչ ոք հստակ չգիտի, թե ինչպիսի պարեր էր բեմադրում երգչախումբը երգելիս։ Ողբերգության մեջ երգչախմբի երգեըը հաճախ բաժանվում են երեք մասի, որոնք ենք strophe («շրջադարձ, շրջանակում»), antistrophe («հակադարձ շրջադարձ, հակադարձ շրջանակում») և epode (երգից հետո»)։

Հին հունական բազմաթիվ ողբերգակներ գործածում էին էկիկլիման որպես թատերական գործիք, որը բեմի ետևում թաքնված հարթակ էր և կարող էր դուրս պտտվել՝ ցուցադրելու հանդիսատեսի տեսադաշտից դուրս կատարված որևէ իրադարձության հետևանքը։ Այդ իրադարձությունը հաճախ լինում էր դաժան սպանության, բռնության ակտը, որը չէր կարող էֆֆեկտիվ կերպով բեմադրվել, բայց այնպիսի գործողություն էր, որը պետք է ազդեցություն ունենար մյուս կերպարների վրա, որպեսզի իմաստային ու զգացմունքային արձագանք առաջացներ։ Էկիկլեմայի օգտագործման հիմնական օրինակ է Էսքիլեսի «Օրեստեայի» առաջին արարում Ագամեմնոնի սպանությունը, որից հետո թագավորի մորթված մարմինը դուրս է բերվում ցուցադրության բոլորի աչքի առաջ։ Էկիկլեմայի տարբերակները մինչ օրս օգտագործում են ողբերգության և այլ ժանրերի մեջ , քանի որ գրողները դեռևս օգտակար և հաճախ հզոր գործիք են համարում դա՝ ցուցադրելու մարդկային ծայրահեղ գործողությունների հետևանքները։ Մեկ այլ նմանատիպ գործիք էր կռունկը, մեխանիկա, որի նպատակն էր բարձրացնել աստծուն կամ աստվածուհուն բեմի վրա այն ժամանակ, երբ նրանք պետք է թռչեին։ Այս սարքի ծագումը եկել է «Դեուս Էքս մախինա» (բառացի՝ աստված մեքենայից) արտահայտությունից, այսինքն՝ չկանխատեսված արտաքին գործոնի անակնկալ միջամտություն, որը փոխում է իրադարձության վերջնական արդյունքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արիստոտել «Պոետիկա», գլուխ VI
  2. Williams, 1966, էջեր 13–84
  3. 3,0 3,1 Taxidou, 2004, էջեր 193–209
  4. Benjamin, 1998
  5. Felski, 2008, էջ 1
  6. Dukore, 1974
  7. 7,0 7,1 Carlson, 1993
  8. Pfister, 1977
  9. Elam, 1980
  10. See Horace, Epistulae, II, 3, 220: "Carmino qui tragico vilem certavit ob hircum".
  11. Brockett, Hildy, էջ 13
  12. of Naucratis, Athenaeus, The deipnosophists, Wisc
  13. Brown, 1998, էջ 441
  14. Cartledge, 1997
  15. Goldhill, 1997, էջ 54
  16. Ley, 2007, էջ 206
  17. Styan, 2000, էջ 140
  18. Taxidou, 2004, էջ 104
  19. Brockett, Hildy, էջեր 32–3
  20. Brown, 1998, էջ 444
  21. Cartledge, 1997, էջեր 3–5, 33
  22. 22,0 22,1 Brockett, Hildy, էջ 15
  23. Kovacs, 2005, էջ 379
  24. Lucas, 1954, էջ 7
  25. Ley, 2007, էջ 33–34