Շքածառ
Araucaria araucana Lanin
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Մերկասերմեր
Ընտանիք Շքածառազգիների
Ցեղ Շքածառ
Լատիներեն անվանում
Araucaria
Արեալ
պատկեր

  Տարածվածություն

Շքածառ (Araucaria), արաուկարիա, շքածառազգիների (Araucariacease) ընտանիքի ասեղնատերև բույսերի ցեղ։ Խոշոր, 30-60 և նույնիսկ 90 մ բարձրությամբ ծառեր են։ Առաջացնում են երկու տիպի կոներ՝ կլորավուն (իգական, տրամագիծը՝ 20 սմ) և երկարավուն (արական, երկարությունը՝ 15-20 սմ)։ Հայտնի է շքածառի 20 տեսակ՝ տարածված Ավստրալիայում, Նոր Գվինեայում, Նոր Կալեդոնիայում, Նորֆոլկ կղզում և Ամերիկայում, վայրի տեսակը հանդիպում է նաև Բրազիլիայում և Չիլիում։ Սերմերը մեծ մասամբ ուտելի են։ Շքածառն ունի շատ տեսակներ, որոնցից որոշները օգտագործվում են քաղաքների և պուրակների կանաչապատման մեջ, աճեցվում սենյակներում ու ջերմոցներում։ Բնափայտը կիրառվում է ատաղձագործության մեջ։

Սովորական (նորֆոլկյան) շքածառի (A. excelsa R. Br.) ճյուղերը ուղղահայաց բնի վրա հարկ-հարկ դասավորված են օղակաձև փնջերով։ Ասեղնատերևները վառ կանաչ են, մանր, հիմքում՝ քիչ հաստ, ծայրերը՝ սուր։ Չափազանց բարձր դեկորատիվ բույս է։ Ավելի գեղեցիկ տեսք ունեն գորշ կապտավուն տերևավոր A. excelesa var. glauca և ստվարատերև կոմպակտ A. excelesa var. compacta շքածառերը, որոնք հասնում են 0,7-1,0 մ բարձրության։

Մեզ մոտ բնակարանային պայմաններում մշակության համար հարմար են նաև բրազիլիական (A. brasiliana A. Rich.) և ավստրալիական (A. bidwilli Hook.) շքածառերը, որոնց ասեղնատերևները կաշակերպ են, նշտարա-օվալաձև, իսկ ճյուղերը, հատկապես առաջին տեսակի մոտ, դեպի ցած են հակված։

Կարող է հանդիպել Սև ծովի ափերին։ Բաթումում բրազիլիական շքածառը պտղաբերում և տալիս է ցանքի համար միանգամայն պիտանի, հասուն սերմեր։

Շքածառը բազմացվում է սերմերով, գագաթնակտրոններով և օդային անդալիսով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Նարինջյան, Ծաղկաբուծություն, Երևան, «Հայաստան», 1954 — 355, էջեր 355 — 456 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շքածառ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շքածառ» հոդվածին։