Շոտլանդացիներ (անգլա-շոտլ.՝ Scots Fowk), ազգ։ Բնակվում են Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային կեսում և կից կղզիներում։ Թիվը Մեծ Բրիտանիայում՝ ավելի քան 5,2 միլիոն։ Հաճախ շոտլանդացիների թվին են դասում երկրի լեռնային շրջանների կելտալեզու բնակչության հետնորդներ գելերին։ Շոտլանդացիները բնակվում են նաև ԱՄՆ-ում (5,5 մլն), Կանադայում (4,8 մլն), Ավստրալիայում (2 մլն), Նոր Զելանդիայում (1-2 մլն)։

Խոսում են անգլերենի բարբառով, գրական լեզուն անգլերենն է։ Կրոնով մեծ մասամբ բողոքականներ են (պրեսբիտերականներ), մոտ 15%-ը՝ կաթոլիկներ։ Շոտլանդացիների էթնիկական հիմքը կազմել են պիկտերի տեղական և 5-6-րդ դարերում Իռլանդիայից տեղափոխված սկոտների կելտական ցեղերը։ 7-րդ դարում նրանք մասամբ խառնվել են Շոտլանդիա եկած անգլերի ու սաքսերի գերմանական ցեղերին, ընդունել նրանց լեզուն։ Շոտլանդական ժողովուրդը ձևավորվել է շոտլանդական պետության կազմավորման (11-րդ դար) և անգլիացի նվաճողների դեմ պայքարի պայմաններում։ Շոտլանդիայի քաղաքական միավորումը Անգլիայի հետ (18-րդ դար) և անգլիական կառավարության՝ շոտլանդացիների հանդեպ վարած համաձուլման քաղաքականությունը չհանգեցրին շոտլանդացիների ձուլմանն անգլիացիներին։ Ավանդական մշակույթի և կենցաղի հիմնական գծերով շոտլանդացիները մոտ են իռլանդացիներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 545
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոտլանդացիներ» հոդվածին։