Շոշափում, պալպացիա (լատ․ palpatio), հիվանդի բժշկական հետազոտման մեթոդ։ Հիշատակվել է դեռևս Հիպոկրատի աշխատանքներում։ Որպես ներքին օրգանների հետազոտման մեթոդ տարածվել է 19-րդ դարի 2-րդ կեսին՝ Ռ․ Լաենեկի, Վ․ Պ․ Օբրազցովի և ուրիշների աշխատանքներից հետո։ Մեթոդը հիմնված է ձեռքի մատների կամ ափերի շարժումների, ճնշման ժամանակ առաջացած շոշափական զգացողության վրա։ Շոշափումով որոշում են հյուսվածքների և օրգանների հատկությունները, դրանց դիրքը, չափերը, ձևը, կոնսիստենցիան, շարժունությունը, տեղագրական փոխհարաբերությունները, ինչպես նաև հետազոտվող օրգանի ցավոտությունը։ Տարբերում են մակերեսային և խորը շոշափումներ։ Մակերեսայինը կատարվում է մեկ կամ երկու ափով՝ տափակ կողմը դնելով հետազոտվող մաշկի, հոդի կամ սրտի վրա։ Անոթները շոշափվում են մատների ծայրերով։ Խորը շոշափումը կիրառվում է ստամոքսի, աղիքների, լյարդի, փայծաղի, երիկամների, ուղիղ աղիքի հետազոտման դեպքում՝ հատուկ հնարքներով։

Մանկաբույժը շոշափում է երեխայի որովայնը


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 542