Շոգեմեքենա, մխոցավոր ջերմային շարժիչ։

Շոգեքարշ

Նախատեսված է ջրային գոլորշու ջերմային պոտենցիալ (ճնշման) էներգիան մխոցի շարժման մեխանիկական էներգիայի փոխակերպելու համար։ Այդ ուղղությամբ առաջին փորձերը կատարել են անգլիացի մեխանիկ Թոմաս Սևերին (1698) և անգլլիացի գյուտարար Թոմաս Նյուքոմենը (1705Իվան Պոլզունովը ստեղծեց (1763—1765 թթ.) առաջին շոգեօդափչման մեքենան։ Սակայն ժամանակակից շոգեմեքենայի նախատիպը Ջեյմս Ուատտի ունիվերսալ մեքենան էր (1774-1784), որի օգտակար գործողության գործակիցն անհամեմատ բարձր էր նախորդներից։ Շոգեմեքենայի աշխատանքային պրոցեսը պայմանավորված է նրա գլանի խոռոչներում գոլորշու առաձգականության պարբերական փոփոխմամբ, որի ծավալը մխոցի ետադարձ-համընթաց շարժման պրոցեսում փոփոխվում է։ Գոլորշին, մտնելով շոգեմեքենայի գլան, ընդարձակվում է և տեղափոխում մխոցը։ Շուռտվիկային մեխանիզմի օգնությամբ մխոցի ետադարձ-համընթաց շարժումը փոխակերպվում է լիսեռի պտտական շարժման։ Շոգու ներթողումն ու արտաթողումն իրականացվում է շոգեբաշխման համակարգով։ Շոգեմեքենայի գլանը շրջապատվում է շոգեթաղանթով։ Մինչև XIX դ․ վերջը շոգեմեքենան միակ ջերմային շարժիչն էր։ Շոգեմեքենայի թերություններն են ցածր օգտակար գործողության գործակիցը (1—20%), փոքր հզորությունը, մեծ չափերը։

20-րդ դարի սկզբին իր դիրքերն աստիճանաբար զիջեց ջերմային շարժիչներին (շոգետուրբին, ներքին այրման շարժիչ, գազային տուրբին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 537
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոգեմեքենա» հոդվածին։