Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաքի (այլ կիրառումներ)

Շաքիի շրջան (լեզգիներեն՝ Шаки район, ադրբ.՝ Şəki rayonu), շրջան է Ադրբեջանական Հանրապետության հյուսիսային մասում։ Վարչկենտրոնը Շաքի քաղաքն է։

Շաքիի շրջան
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԿարգավիճակԱդրբեջանի շրջան
Մտնում էԱդրբեջան
ՎարչկենտրոնՇաքի
ԲԾՄ317 մետր
Բնակչություն176 000 մարդ
Տարածք2432,75 կմ²
Հիմնադրված էօգոստոսի 8, 1930 թ.
ISO 3166-2 կոդAZ-SAK
Հեռախոսային կոդ177
Փոստային ինդեքսներAZ 5500
Ավտոմոբիլային կոդ55
sheki-ih.gov.az/az(ադրբ.)

Աշխարհագրություն խմբագրել

Շաքիի շրջանը կազմավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին։ Իր ներկայիս զբաղեցրած տարածքով համապատասխանում է պատմական Բուն Աղվանքի Շաքե գավառին։ Շրջանը սահմանակից է Ադրբեջանական Հանրապետության Կախի, Եվլախի, Աղդաշի, Կուտկաշենի, Վարդաշենի և Դաղստանի Ռուտուլի և Ախտիի շրջաններին։ Զբաղեցնում է 2.4 հազազ կմ² մակերես[1]։

Շրջանում կա մեկ քաղաք՝ Շաքի շրջկենտրոնը, երկու քաղաքատիպ ավան՝ Թուրան (նախկինում՝ Օրջոնիկիձե) ու Չալաբիխան և 64 գյուղ։

Պատմություն խմբագրել

Մինչև 1918 թվականը շրջանի ներկայիս տարածքում զուտ հայաբնակ էին 17 գյուղեր. Գետաշեն (Չայ– քյանդ), Գյոյբուլաղ կամ Գյոգբուլաղ, Ղայաբաշի, Ղոզլու, Սալիբեկ, Մեժլիս, Ջյուջամիշ, Աղփիլաքյան, Ջաֆարավատ, Չարղաթ, Գյոբեկլու, Ալյար, Մալղշեն, Այդինբուլաղ, Դաշբուլաղ, Սաբաթլու, Օրաբան։ Մեծ թվով հայեր բնակվում էին նաև Շաքի քաղաքում։ 1918 թվականի ամռանը օսմանցիների ու մուսավաթականների համատեղ կազմակերպած հայերի զանգվածային ջարդերից հետո (տես՝ Հայերի ջարդերը Շաքիում) վերը նշված բոլոր 17 գյուղերն էլ հայաթափ են եղել։ Միայն մի քանի գյուղերից մազապուրծ փրկված հայերը (գլխավորապես Սաբաթլու գյուղից) անցնելով Ալազան գետը երկար ու կործանարար դեգերումներից հետո (անտուն, սով, հիվանդություններ) ի վերջո միայն 1922 թվականին հիմնադրում են նոր գյուղ (այժմ՝ Վրաստանի Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետի Սաբաթլո գյուղ)։ Շրջանի տարածքում մինչև 1988 թվականը չնչին թվով հայեր բնակվում էին միայն Շաքի քաղաքում (մայրենի դպրոց չունեին), իսկ վերոհիշյալ բոլոր գյուղերը կամ անբնակ էին և կամ՝ ադրբեջանաբնակ[2]։

Շաքիի շրջանի տարածքում մեծ թիվ են կազմում նաև 18-րդ դարի կեսերից կրոնափոխ եղած (մահմեդականացված) հայերով բնակեցված (այժմ իրենց համարում են ադրբեջանցիներ) գյուղերը։ Դրանցից են՝ Քիշ, Զայզիտ, Պարտեզ, Քունգյուտ (Բաշ և Ղշլաղ), Թուրք-Օրաբան և այլն։

Շրջանի տարածքում հայ մշակույթի հուշարձանները սփռված են ամենուր, ինչպես 1918 թվականից հայաթափ եղած գյուղերում ու դրանց շրջակայքում, այնպես էլ դավանափոխ բնակչություն ունեցող հին հայկական գյուղերում։ Առանձնապես արժեքավոր են՝ Քիշ գյուղի Սուրբ Աստվածածին, Շաքիի Սուրբ Հռիփսիմե, Քունգյուտի Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Պարտեզ գյուղի Սուրբ Գևորգ և Սուրբ Գեղարդ վանքերը, Շաքի քաղաքի բնակելի ու հասարակական շենքերը, երեք եկեղեցիները, բազմաթիվ հին գերեզմանոցները, խաչքարեր ու տապանաքարերը։ Պահպանվել են նաև վիմագիր արձանագրություններ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Սամվել Կարապետյան, «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը», Երևան, ««Գիտություն»», [[1997]] — 132 էջ։
  2. Հայախոս հայերի միակ գյուղը Կախեթում. Սաբաթլու, «ՀՀ», 1995, N 205, 17 օգոստոսի, էջ 2
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաքիի շրջան» հոդվածին։