Շարժման ընկալում, մարդու գիտակցության մեջ օբյեկտների և հենց դիտողի դիրքի փոփոխության արտացոլում տարածության մեջ ժամանակի ընթացքում։

Շարժման ընկալումն իրականացվում է բարդ մեխանիզմով։ Եթե առարկան շարժվում է տարածության մեջ, ապա մենք ընկալում ենք նրա շարժումը շնորհիվ այն բանի, որ առարկան դուրս է գալիս մեր տեսողական դաշտից և «պարտադրում» է մեզ շարժել գլուխը կամ աչքերը, որպեսզի նորից նրա վրա ուղղենք մեր հայացքը։ Ընդ որում, տեղի է ունենում երկու երևույթ։ Առաջինը՝ մեր մարմնի դիրքի նկատմամբ օբյեկտի դիրքի փոփոխությունը վկայում է տարածության մեջ նրա շարժման մասին։ Երկրորդ՝ գլխուղեղը ֆիքսում է աչքի շարժումը, որը հետևում է առարկային։

Օբյեկտի շարժումն ընկալվում է միայն այն դեպքում, երբ նրա պատկերը ցանցաթաղանթի վրա հարաբերականորեն անշարժ է, այսինքն՝ երբ աչքերն իրականացնում են հետևող շարժում։ Ընդ որում, աչքի շարժումը համընկնում է օբյեկտի շարժման հետ։ Գոյություն ունեն շարժման ընկալման երկու փոխկապակցված համակարգեր. «պատկեր-ցանցաթաղանթ», «աչք-գլխուղեղ»։

«Պատկեր-ցանցաթաղանթ» համակարգը ցանցաթաղանթի միմյանց հարող ընկալիչների հաջորդական գրգռումն է։ Եթե աչքը հարաբերականորեն անշարժ է, օրինակ՝ հայացքի ֆիքսման ժամանակ, ցանցաթաղանթի վրայով անցնում է պատկերների շարք, որը ծագում է շարժվող գրգռիչի ազդեցությամբ։ Շարժման այսպիսի ընկալումը ցանցաթաղանթի ընկալիչների հաջորդական ակտիվության արդյունք է, այսինքն՝ շարժման նեյրոնային մոդելը։ Մյուս կողմից, երբ մենք աչքերով հետևում ենք շարժվող առարկային, նրա պատկերը ցանցաթաղանթի վրա մնում է այս կամ այն չափով անշարժ։ Եթե դիտվող օբյեկտը շարժվում է անշարժ ֆոնի վրայով (օրինակ՝ դաշտի վրայով շարժվող գնդակ), ապա օբյեկտի պատկերը ցանցաթաղանթի վրա անշարժ է, իսկ անշարժ ֆոնի պատկերը կսահի նրա վրայով։ Սակայն առարկայի շարժման ընկալման համար պարտադիր չէ անշարժ ֆոնի ներգործությունը։

Հանգամանքը, որ շարժվող առարկային պատկերը ցանցաթաղանթի վրա անշարժ է, կարելի է բացատրել տեսողական վերլուծչի բարդ կառուցվածքի միջոցով։ Երբ աչքերը հետևում են շարժվող օբյեկտին, գլխուղեղն ուղարկում է նեյրոնային էֆերենտ ազդանշաններ, որոնց շնորհիվ աչքերն ակնակապիճում շարժվում են այնպես, ինչպես անհրաժեշտ է տվյալ պահին։ Վերջինս համարվում է շարժվող օբյեկտին պատասխան շարժում՝ աչքերի ռեֆլեկտոր շարժումների միջոցով։ Ընդ որում, գլխուղեղից ստացված ազդանշանները «գրանցվում են» ցանցաթաղանթում։ Ցանցաթաղանթից էլ շարժման մասին աֆերենտ ազդանշանները անցնում են կրկին գլխուղեղ՝ շարժման կենտրոն (առաջնակենտրոնական գալար), որտեղ էլ կատարվում է ինֆորմացիայի վերլուծություն։

Կարող է արդյո՞ք մարդն ընկալել շարժումը, եթե անշարժացնեն նրա գլուխն ու աչքերը։ Էռնեստ Մախն իր հետազոտության ընթացքում հնարավորինս անշարժացրել է փորձարկվողների աչքերը։ Սակայն նրանք, միևնույն է, ընկալում էին առարկայի շարժումը և փորձում ամեն անգամ շարժել աչքերը։ Հետևաբար, գլխուղեղում ֆիքսվում է ոչ թե աչքերի շարժումը, այլ աչքերը շարժելու փորձը, այսինքն՝ շարժման ընկալման համար կարևոր է ոչ այնքան աֆերենտ, որքան էֆերենտ ինֆորմացիան։

Սակայն, շարժման ընկալումը չի կարող բացատրվել միայն աչքի շարժմամբ, քանի որ, օրինակ՝ մենք ընկալում ենք երկու հակադիր ուղղությամբ ընթացող շարժումներ, չնայած աչքերը չեն կարող շարժվել հակադիր ուղղություններով։ Նաև շարժման տպավորություն կարող է ստեղծվել իրականում դրա բացակայության դեպքում։ Շարժան տպավորություն կարող է թողնել անշարժ առարկայի առանձին մասերի դիրքը։ Կինեսթետիկ դիրքերի թվին է պատկանում օրինակ՝ առարկայի թեքված դիրքը։ Ընդ որում, պետք է նշել, որ շարժման տպավորություն ի հայտ է գալիս այն դեպքում, երբ մենք հստակ գիտենք, որ շարժում չկա։ Շարժվող է թվում նաև այն առարկան, որը մարդու փորձի ընթացքում ենթարկվել է քանակական և որակական փոփոխությունների։

Շարժման ընկալման հիմքում ընկած է շրջապատող օբյեկտիվ իրականության իմաստավորումը՝ մարդու կենսափորձի հիման վրա։

Առարկայի ուղղության ընկալում խմբագրել

Ուղղությունը, որով մենք տեսնում ենք օբյեկտը, որոշվում է ցանցաթաղանթի վրա նրա պատկերի գրավված դիրքով և մեր մարմնի սեփական դիրքով։ Վերև- ներքև, հետ-առաջ, ձախ-աջ ուղղություններին զգայական տարբերակման համար անհրաժեշտ է մարդու մարմնի անհամաչափությունը։ Մարդուն բնորոշ է մարմնի ուղղահայաց դիրքը Երկրի հորիզոնական մակերեսի վրա։ Այդ դիրքը, որը պայմանավորված է մարդու հասարակական-աշխատանքային բնույթով, այն հիմնական միջոցն է, որի շնորհիվ մարդն ընկալում է շրջապատող առարկաների ուղղությունը։

Հավասարակշռության օրգանից ստացվող զգայությունն ապահովում է վերևից ներքև ուղղության ընկալումը։ Այսինքն՝ ուղղության ընկալման մասնակցում են ոչ միայն տեսողական, այլև շարժողական և վեստիբուլյար զգայությունները։

Բինօկուլյար տեսողության շնորհիվ առարկայի պատկերն ընկնում է ցանցաթաղանթի համապատասխան կետերի վրա, ուստի արդյունքում մենք տեսնում ենք առարկաներն իրենց ուղղվածությամբ։ Ընդ որում, ցանցաթաղանթի վրա առարկաների պատկերները շրջված են և միայն գլխուղեղի համապատասխան կենտրոնի կողմից ստացվող ինֆորմացիայի վերլուծությամբ մենք տեսնում ենք առարկաների ճիշտ ուղղությունը։

Առարկայի ուղղության ընկալումը կապված է նրա շարժման ընկալման հետ։ Եթե աչքը հետևում է շարժվող օբյեկտին, ապա նրա տեղափոխման ուղղության որոշումը հիմնված է աչքի մկանների թուլացման վրա, իսկ եթե այդ դեպքում մարդը շարժում է նաև գլուխը, ապա ուղղության գնահատումը ուղեկցվում է գլխի շարժումներն ապահովող մկանների թուլացմամբ։

Ուղղության ընկալումն իրականացվում է ոչ միայն տեսողական, այլև լսողական, հոտառական վերլուծիչների միջոցով։ Կենդանիների համար ձայնը և հոտը շատ հաճախ միակ ազդանշանն են, որոնք զգուշացնում են վտանգի ուղղության մասին։

Ձայնի ուղղության ընկալումն իրականացվում է բինաուրալ լսողության միջոցով։ Ձայները կարող են տեղակայվել ոչ միայն հորիզոնական՝ աջ-ձախ ուղղությամբ, այլև ուղղված լինել վերև և ներքև։ Հետազոտությունները ցույց են տվել, որ վերջինի համար անհրաժեշտ են փորձարկվողի գլխի շարժումները։

Աղբյուրներ խմբագրել

  • Гусев А.Н. Общая психология։ в 7 т։ учебник для студ. Высш. учеб. заведении/под. ред. Б.С. Братуся. т 2. Ощущение и восприятие/ Из. ц. «Академия», 2007-416с.
  • Шиффман Х.Р. Ощущения и восприятие. 5-е из. СПб. Питер, 2003-928с. ։ ил-(серия «Мастера психологии»).
  • Маклаков А.Г. Общая психология, Изд.Питер, 2001. с 592.
  • Рубинштейн С.Л. Основы общей психологии, СПб։ Издательство «Питер», 2000 - 712 с.։ ил. – (Серия «Мастера психологии»