Շառլ Ֆերդինանդ Ռամյու

շվեյցարացի արձակագիր

Շառլ-Ֆերդինանդ Ռամյու (ֆր.՝ Charles Ferdinand Ramuz, սեպտեմբերի 24, 1878(1878-09-24)[1][2][3][…], Լոզան, Շվեյցարիա - մայիսի 23, 1947(1947-05-23)[4][1][2][…], Լոզան, Շվեյցարիա), շվեյցարացի արձակագիր, բանաստեղծ. գրել է ֆրանսերեն։

Շառլ Ֆերդինանդ Ռամյու
ֆր.՝ Charles Ferdinand Ramuz
Ծնվել էսեպտեմբերի 24, 1878(1878-09-24)[1][2][3][…]
ԾննդավայրԼոզան, Շվեյցարիա
Վախճանվել էմայիսի 23, 1947(1947-05-23)[4][1][2][…] (68 տարեկան)
Վախճանի վայրԼոզան, Շվեյցարիա
ԳերեզմանPully cemetery[5]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և լիբրետիստ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունԼոզանի համալսարան
Ուշագրավ աշխատանքներQ16525537? և Q16676708?
ԱնդամակցությունԶոֆինգիա
Պարգևներ
ԱմուսինCécile Cellier?
Կայքfondation-ramuz.ch
 Charles Ferdinand Ramuz Վիքիպահեստում

Ծնվել է առևտրականի ընտանիքում։ Լոզանի համալսարանի բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո դասավանդել է Օբոնի (Վո) քոլեջում, այնուհետև, որպես տնային ուսուցիչ, աշխատել է Վայմարում (Գերմանիա)։ Սակայն դասավանդման գործը նրան չէր կարող բավարարել, քանի որ 12 տարեկանից երազել էր գրող դառնալ։

1903 թվականին Ռամյուն մեկնել է Փարիզ՝ Մորիս դը Գերենի վերաբերյալ թեզ գրելու նպատակով։ Ռամյուն իր առաջին ստեղծագործությունները՝ «Փոքրիկ գյուղը» բանաստեղծությունների ժողովածուն, հրատարակել է 1903 թվականին։

Իր առաջին ստեղծագործություններում, որ գրված են փարիզյան ժամանակաշրջանում՝ «Ալին» (1905), «Հետապնդվող Ժան-Լյուկը» (1909), «Սամյուել Բելերի կյանքը» (1913), «էմե Պաշ՝ վոդեցի նկարիչը» (1911), Ռամյուն զարգացնում է իր մեծ թեմաները՝ մարդու միայնությունը բնության մեջ, երկրի բանաստեղծականությունը։

1914 թվականին Ռամյուն վերադառնում է Շվեյցարիա, ուր վարում է մեկուսի կյանք։ Նրա վերադարձը համընկնում է իր գրելաոճի մեջ կատարվող առաջընթացին, նա հրաժարվում է գծային ժամանակագրական պատումից, բազմապատկում իր տեսակետները՝ ավանդական գլխավոր հերոսին փոխարինելով մի ողջ հասարակությամբ՝ արտահայտված անդեմ դերանուններով։ Նրա այնպիսի ստեղծագործությունները, ինչպիսիք են «Չար ոգու թագավորությունը» (1917), «Հիվանդությունների ապաքինումը» (1917), «Նշանները մեր մեջ» (1919), «Մահվան ներկայությունը» (1922), «Ռասաների տարանջատումը» (1922), պատկանում են առաջին խմբին, իսկ «Գեղջկական ողջույն» (1919), «Երկնքի երկիրը» (1921), «Բանաստեղծի անցումը» (1923)՝ պատկանում են երկրորդ խմբին։

1914 թվականին Ռամյուն Էդմոն Գիյարի և Պոլ Բյուդրիի հետ համատեղ հիմնել է «Վոդական տետրակներ» գրական հանդեսը, որը հաջորդել է 1910 թվականին անհետացած «Լատինական առագաստ»-ին։ Հանդեսի առաջին համարի մեջ տպագրվել է Ռամյուի «Գոյության պատճառը» (1914) ստեղծագործությունը, որն արտահայտում է բնությանը, երկրին կամ մի լեզվի նմանվելու կամ նրանց հետ նույնանալու ցանկությունը։

Ռամյուի արտահայտչաոճն սկսում է ավելի ու ավելի անձնական դառնալ։ Գրաքննադատները, հատկապես Ֆրանսիայում, շատ վատ են ընդունում Ռամյուի ոճական համարձակությունը, լեզվի և պատումի կոմպոզիցիոն ազատությունը։ Սակայն հենց 1920-ական թվականների վերջերից սկսած ֆրանսիական գրականության շատ ականավոր դեմքեր՝ Պոլանը, Անդրե Ժիդը, Կլոդելը, Ժան Կոկտոն, Լուի Արագոնը, արդեն ընդունում են գրողի տաղանդը։

Ռամյուի ստեղծագործության այս շրջանն իր գագաթնակետին է հասնում 1920-ական թվականներին, երբ գրում է այնպիսի վեպեր, ինչպիսիք են «Աշխարհի սերը» (1925) կամ «Մեծ վախը սարերում» (1926):

1920-ական թվականների վերջին և 30-ականների սկզբին Ռամյուն հասնում է ստեղծագործական լիակատար հասունության. «Գեղեցկությունը երկրի վրա» (1927), «Ադամն ու Եվան» (1932), «Դերբորանսը» (1934), «Սավոյացի տղան» (1936):

Ռամուզի և նրա դստեր՝ Մարիաննա Օլիվիերի-Ռամուզի (1913–2012) գերեզմանը Պուլիի գերեզմանատանը։

«Մարդու հասակը» (1937), «Հարցեր» (1935), «Մեծության կարիք» (1937) Էսսեներում Ռամյուն վերադառնում է իր վեպերի դիցաբանական թեմաներին՝ բնությանը, ազատությանը, փողին, աշխատանքին և քաջ գիտակցելով այն վտանգները, որ արդեն այն ժամանակ սպառնում էին Արևմուտքին՝ հարցադրումներ է անում առաջնահերթ ճշմարտությունների մասին, որոնք պետք է պաշտպանել ու պահպանել։

Իր կյանքի վերջին շրջանում, որ նշանավորվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությամբ, Ռամյուն մեծ տեղ էր տալիս հետադարձ հայացքներին ու հուշերին «Մի վոդեցու հուշագրությունները» (1938), «Աշխարհի հայտնագործումը» (1939), «Ռենե Օբերժոնուա» (1943), որոնց զուգահեռ գրում է նաև նովելներ՝ «Թղթերի պատերազմը» (1942), «Նովելներ» (1944), «Ծառաները» (1946) և այլն, որտեղ նրա արվեստը հասնում է իր կատարելության բարձրակետին։

Շառլ-Ֆերդինանդ Ռամյուն մահացել է 1947-ի մայիսի 23-ին, Լոզանից ոչ հեռու՝ Պյուիում[6]։

Շառլ Ֆերդինանդ Ռամյուն հայերեն խմբագրել

  • Մեծության կարիքը; Մուս; Պայտարի ձին։ Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 12-32։ Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  4. 4,0 4,1 4,2 Рамю Шарль Фердинанд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://notrehistoire.ch/entries/P1bBk0Vg83E
  6. Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 10-11։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ֆերդինանդ Ռամյու» հոդվածին։