Շառլ Բոդլեր

ֆրանսիացի գրող

Շառլ Բոդլեր (Շառլ-Պիեռ Բոդլեր, ֆր.՝ Charles Baudelaire, ապրիլի 9, 1821(1821-04-09)[1][2][3][…], Փարիզ[4] - օգոստոսի 31, 1867(1867-08-31)[1][2][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան։

Շառլ Բոդլեր
ֆր.՝ Charles Baudelaire
Ծննդյան անունֆր.՝ Charles-Pierre Baudelaire
Ծնվել էապրիլի 9, 1821(1821-04-09)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[4]
Վախճանվել էօգոստոսի 31, 1867(1867-08-31)[1][2][3][…] (46 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, արվեստի քննադատ, ակնարկագիր, թարգմանիչ, գրող, գրական քննադատ, թարգմանիչ, քննադատ և լրագրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
ԿրթությունԼյուդովիկոս Մեծի լիցեյ և Սենտ-Լուիսի լիցեյ
Ժանրերէլեգիա և անկումային արվեստ
Գրական ուղղություններսիմվոլիզմ
Ուշագրավ աշխատանքներՉարի ծաղիկները, Les Paradis artificiels?, Le Peintre de la vie moderne?, Reflections on Some of My Contemporaries?, La Fanfarlo? և Le Spleen de Paris?
Պարգևներ
Համատեղ ապրողԺաննա Դյուվալ
Изображение автографа
Շառլ Բոդլեր Վիքիդարանում
 Charles Baudelaire Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Փարիզում։ Հայրը՝ Ժոզեֆ Ֆրանսուա Բոդլերը, Նապոլեոն Բոնապարտի օրոք հասել էր պետական բարձր դիրքերի։ Բուրբոնների վերադարձից հետո պաշտոնաթող է եղել և մահացել 1827 թվականին։ Մեկ տարի անց նրա կինը ամուսնանում է մայոր Օպիկի հետ, որը հետագայում դառնում է գեներալ և ստանձնում Փարիզի զինվորական պարետի պաշտոնը։ Մանուկ Շառլը մոր երկրորդ ամուսնությունն ընդունում է որպես դավաճանություն հոր հիշատակի և իր հանդեպ։ Այս զգացումը նրան հետապնդում է մինչև կյանքի վերջը։

1833 թվականին Բոդլերը ընդունվում է նախ Լիոնի արքայական, ապա Փարիզի Լյուդովիկոս Մեծի քոլեջը։ Այստեղ նա գրում է իր առաջին բանաստեղծությունները։

1839 թվականին բանաստեղծն անհայտ պատճառներով վտարվում է քոլեջից և տրվում բոհեմական կյանքին։ Մայրը և հայրացուն նրան այդ մոլությունից ետ պահելու համար ուղարկում են ծովային ճանապարհորդության։ Սակայն Բոդլերը Ռեյունյոն և Մավրիկոս կղզիներում կարճատև ճամփորդությունից հետո վերադառնում է Փարիզ։ 1842 թվականին Բոդլերը արդեն չափահաս էր և ստանալով հոր ժառանգությունը՝ սկսում է ինքնուրույն կյանք վարել։ Մերձենում է երիտասարդ գրողների «Նորմանդյան դպրոց» խմբակցությանը, որը հետևում էր երկրորդ սերնդի «ամենամոլի» ռոմանտիկներին՝ Պետրյուս Բորելին, Ալոզիուս Բերտրանին, Ժերար դը Ներվալին։ «Նորմանդականները» ապրում էին ցոփ ու շվայտ կյանքով, նրանց բոլորին իր խենթություններով Բոդլերը գերազանցում էր։ Այդ շրջանում սկսում է նրա երկարատև կապը մուլատուհի Ժաննա Դյուվալի հետ։ Երկու տարվա ընթացքում Բոդլերը վատնում է հորից ստացած ժառանգության կեսը, և ընտանիքի պահանջով նրա վրա հաստատվում է ցմահ խնամակալություն։ Խնամակալությամբ նա ամսական ստանում էր մի համեստ գումար, որը չէր համապատասխանուն Բոդլերի ծախսերին, և շուտով նա խրվում է պարտքերի մեջ, որից չի ազատվում մինչև կյանքի վերջը։

1845 թվականին լույս է տեսնում Բոդլերի առաջին արվեստաբանական ուսումնասիրությունը՝ «Սալոն 1845» գրքույկը։ Այստեղ քննելով իր նախասիրած գեղանկարիչներին, հատկապես Էժեն Դելակրուայի արվեստը, հանգում է կրքոտ ու անկեղծ ռոմանտիզմի ջատագովությանը։

Բոդլերը մասնակցում է 1848 թվականի հեղափոխական իրադարձություններին։ Հանրապետության հաստատումից հետո Շանֆլերիի հետ հրատարակում է «Հասարակական փրկություն» թերթը, որը լույս է տեսնում ընդամենը երկու համար։

Արդեն 1840-ականներին Բոդլերը պատրաստում է իր բանաստեղծությունների նշանավոր ժողովածուն՝ «Չարի ծաղիկները» խորագրով, որը լույս է տեսնում 1857 թվականի հունիսին։ Հեղինակին մեղադրում են հասարակական անբարոյականության մեջ, դատապարտում են են մի շարք բանաստեղծություններ և տուգանում թե' բանաստեղծին, թե' հրատարակիչներին։ Սակայն Բոդլերի պաշտպանությամբ հանդես եկան ժամանակի առաջավոր մտածողները։ «Ես ասում եմ կեցցե', ամբողջ ուժով ասում եմ կեցցե' ձեր հզոր տաղանդին»,-այսպես է նրան ողջունել Վիկտոր Հյուգոն։

«Չարի ծաղիկները» բազմաթիվ նոր բանաստեղծությունների համալրումով լույս է տեսնում 1861 թվականին, բայց դա էլ չի փրկում պարտքերից ու հալածանքներից։

1864 թվականին թողնում է Փարիզը և հաստատվում է Բրյուսելում՝ հույս ունենալով կարգավորել գործերը։ Թարգմանում է Էդգար Պոյի ստեղծագործությունները և հրատարակում իր բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու («Բեկորներ», 1866)։ Նա շրջագայել է Բելգիայի քաղաքներում՝ ցանկանալով գիրք գրել այդ երկրի մասին։ Սակայն այստեղ նա ծանր հիվանդանում է և վերադառնում Փարիզ, որտեղ կաթվածահար, մարմնական ու հոգեկան տառապանքների մեջ կնքում է մահկանացուն[6]։,

«Չարի ծաղիկները» խմբագրել

«Չարի ծաղիկները» Բոդլերի բարձրագույն գեղարվեստական նվաճումն է։ Ժողովածուի վրա բանաստեղծն աշխատել է գրեթե ամբողջ կյանքում։ Նախապես ծրագրած է եղել գիրքը խորագրել «Լեսբոսուհիներ», ապա՝ «Լիմբոսներ»։ Արդեն 1855 թվականին «Revue des Deux Mondes» ամսագրում «Չարի ծաղիկները» վերնագրով լույս է տեսնում Բոդլերի 18 բանաստեղծություններ։ Նույն խորագրով գիրքը լույս է տեսնում 1857 թվականին։ Այս հրատարակության մեջ ընդգրկված էր 100 բանաստեղծություններ, որոնցից վեցի վրա արգելք է դրվում։

Երկրորդ հրատարակությունն իրագործվում է 1861 թվականին։ 126 բանաստեղծություն ընդգրկող այս ժողովածուից վեց դատապարտված գործերը դուրս են մնում։ Դրանք դուրս են մնում նաև երրորդ հրատարակությունից, որը կատարվում է բանաստեղծի մահից հետո և ընդգրկում է արդեն 151 բանաստեղծություն։

Բոդլերը բազմիցս նշել է, որ «Չարի ծաղիկները» ոչ թե առանձին բանաստեղծությունների հավաքածու է, այլ ներկայացնում է մի ամբողջ գաղափարագեղարվեստական կառուցվածք, ուր ամեն բանաստեղծություն ունի իր տեղը։

«Չարի ծաղիկները» ձոնված է բանաստեղծ, արձակագիր և քննադատ Թեոֆիլ Գոթիեին, որը եղել է «արվեստը արվեստի համար» տեսության կրքոտ պաշտպան։ Բոդլերը թվում է այս ընծայականով իր համակրանքն է հայտնել այդ տեսությանը։ Դիմելով Գոթիեին՝ Բոդլերն անտարակույս ավելի շատ նկատի է ունեցել նրա մարտաշունչ ռոմանտիկ անցյալը։

Ժողովածուն սկսվում է ընթերցողին ուղղված նախերգանքով, որից պարզորոշ երևում է, որ հեղինակը ձգտել է հետևել Դանթեի «Դժոխքին»։ «Չարի ծաղիկների» առաջին հրատարակությունը, որն ընդգրկում էր այս նախերգը և 100 բանաստեղծություն, որոշ իմաստով կրկնում է «Աստվածային կատակերգության» կառուցվածքը, որը բաղկացած է նախերգանքից և 99 երգերից[7]։

«Սպլին և իդեալ» խմբագրել

«Չարի ծաղիկների» առաջին բաժինը՝ «Սպլին և իդեալ», ամենաընդարձակն է և կոմպոզիցիոն առումով ամենաբարդը։ Այն սկզբնավորող շուրջ երկու տասնյակ բանաստեղծությունները ներկայացնում են, այսպես ասած, գեղագիտական շարքը։

Բանաստեղծի ճակատագրի վերաբերյալ բոդլերյան տեսությունը բխում է այն ավանդական-ռոմանտիկական պատկերացումից, թե արվեստագետն ի վերուստ ներշնչված ընտրյալ անհատ է։ Սակայն Բոդլերն իր հայացքն ավելի շատ բևեռում է բանաստեղծի երկրային տվայտանքներին՝ դիտելով նրան ոչ այնքան մեկուսացման, որքան մարդկանց հետ բազմաբարդ հարաբերությունների մեջ, թեկուզ և այդ հարաբերությունները խարսխված են փոխադարձ անըմբռնողության և անգամ թշնամանքի վրա։ Այս գաղափարն են արծարծում բաժնի առաջին երկու քերթվածները («Օրհնություն», «Ալբատրոսը»)։

«Օրհնություն» բանաստեղծության մեջ դրսևորվել է Բոդլերին բնորոշ և 19-րդ դարի ռոմանտիկական մտածողությունից սերվող այն գաղափարը, թե Վիշտը մարդկային հոգու ազնվության բարձրագույն վկայությունն է.

Գիտեմ նաև, որ Վիշտը ազնվությունն է միակ,
Որին հողն ու դժոխքը չեն անարգի երբևէ...

Բոդլերը արվեստի քննադատ խմբագրել

 
Բոդլերի ինքնանկարը

Բոդլերը շարունակաբար գրել է կերպարվեստի, գրականությանն ու երաժշտությանը վերաբերող հոդվածներ, ցուցահանդեսների տեսություններ, գրախոսականներ։ Նկարչության հանդեպ դեռևս հորից ժառանգած սերը նրան պատանի հասակից մղել է դեպի կերպարվեստի ցուցահանդեսները, նկարիչների արվեստանոցները, հավաքույթները։ Նա մտերմացել է Կուրբեի, Դոմիեի, Էժեն Դելակրուայի և բազում այլ անվանի նկարիչների հետ։ Ի դեպ, բանաստեղծն ինքն էլ զուրկ չի եղել նկարչական շնորհքից, և ինչպես նրա մասին ասել է Դոմիեն, նա մեծ նկարիչ կդառնար, եթե չգերադասեր դառնալ մեծ բանաստեղծ։

Բոդլերի արձագանքները հայ իրականության մեջ խմբագրել

Բոդլերի ստեղծագործությունները վաղուց ի վեր մեծ արձագանք է գտել հայ իրականության մեջ։ 19-րդ դարի վերջերին արդեն «Տարազ», «Մասիս», «Աղբյուր» և այլ թերթերում ու հանդեսներում տպագրվում են Բոդլերի թե' չափածո, թե' արձակ գեղարվեստական գործերից ՝ արևելահայերեն և արևմտահայերեն թարգմանությամբ։

Բոդլերի առաջին հայ թարգմանիչներից է Գ. Բաբուրյանը, որը Թիֆլիսի «Տարազ» շաբաթաթերթում 1897 թվականին տպագրել է փոքրիկ արձակ պոեմներից երկուսը։

Բոդլերը հայերեն խմբագրել

1975 թվականին Երևանում լույս է տեսել Բոդլերի «Արձակ պոեմներ» գիրքը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Charles Baudelaire (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Charles BaudelaireOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бодлер Шарль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  6. Հենրիկ Բախչինյան (2004). Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 141-144.
  7. Հենրիկ Բախչինյան (2004). Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 145-147.
  8. Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 298։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 501