Շահումյան (քաղաք, Մառնեուլի շրջան)

բնակավայր Մարնեուլի շրջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուլավեր (այլ կիրառումներ)

Շահումյան (վրաց.՝ შაუმიანი, մինչև 1923 թվականը՝ Շուլավեր (վրաց.՝ შულავერი), հայաբնակ փոքր քաղաք Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանում։ Գտնվում է համանուն երկաթուղային կայարանից 10 կմ հեռավորության վրա[1][2]։

Քաղաք
Շահումյան
შაუმიანი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՔվեմո Քարթլի
ՇրջանՄառնեուլի
Այլ անվանումներՇուլավեր (մինչև 1923)
Տվյալ կարգավիճակում1932թ. թվականից
Բնակչություն3107 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+4
Շահումյան (քաղաք, Մառնեուլի շրջան) (Վրաստան)##
Շահումյան (քաղաք, Մառնեուլի շրջան) (Վրաստան)

Շուլավերը պատմականորեն եղել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ծոբոփոր գավառում և համարվել վերջինիս կարևոր բնակավայրերից մեկը։ Բազում դարերի ընթացքում անընդմեջ այստեղ բնակվել են հայեր։ Ներկայում էլ հայերը կազմում են բնակավայրի բնակչության գերակշիռ մասը[1]։

Պատմություն խմբագրել

Առաջին հիշատակություններ խմբագրել

Շահումյանի (նախկին Շուլավեր) գյուղի անվան նախնական ձևին և առաջին հիշատակումը հանդիպում ենք բնակավայրից ուղիղ գծով 20 կմ հարավ-արևելքում գտնվող հայկական առաքելական Խորակերտի վանքի 13-րդ դարին վերաբերող արձանագրության մեջ, որտեղ նշված է վանքապատկան Շղուեր (Շղվեր) գյուղի մասին[3]։

Սանահինի վանքի կալվածքներին վերաբերող 13-րդ դարի կեսերով թվագրվող «Քոթուկ» անունը կրող վավերագրում նշված է, որ Շուլավերն այդ ժամանակ պատկանում էր վանքին[3][4][5][6]։

Շուլավերի մասին գրավոր հիշատակություն է պահպանվել նաև 1678 թվականով թվագրվող նվիրատվության մեջ, որտեղ գյուղը ներկայացվում է հենց Շուլավեր անվանումով։ Վավերագրության մեջ նշված է, որ ոմն Ջիվանշիի որդիներ գյուղում գտնվող մեծ այգի են նվիրել Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցուն[3][7][8]։

Բնակավայրի հայաթափումը 1740-ական թվականների վերջերին խմբագրել

Գուգարքի (Սոմխեթի) բազմաթիվ գյուղերի հետ միասին Շուլավերը բնիկներից դատարկվել է 18-րդ դարի 1-ին կեսում։ 1730 թվականին լեզգիները ավերել են Գուգարքը, շատերին կոտորել, գերևարել մարդկանց, գողացել ընտանի կենդանիներ[7][9][10]։

1747-1748 թվականներին Շուլավերը ենթարկվել է առավել ավերիչ հարվածի, որի հետևանքով հայաբնակ բնակավայրը ամբողջությամբ հայաթափվել էր[7][10][11]։

Հայտնի է, որ Շուլավերը լքած այն բնակիչները, ովքեր մեկնել էին դեպի Տփղիս և Մուխրան, այլևս չվերադարձան հայրենի գյուղ[7]։

Բնակավայրի բնակեցումը 1750-ական թվականների վերջերին խմբագրել

 
Շահումյան քաղաքը 1870-1875 թվականներին

Համաձայն ժամանակի վավերագրական նյութերի՝ սկսած 1750-ական թվականների վերջերից Շուլավերը վերաբնակեցվել է գարդմանահայերով։ Տարբեր աղբյուրներ վկայում են, որ Շուլավերը վերաբնակեցման գործընթացը տևել է 1750-ական թվականների վերջերից մինչև 1770-ական թվականների սկզբները[12][13][14]՝ չնայած առկա են տեղեկություններ, որ վերաբնակեցումը շարունակվել է նաև մինչև 1790 թվականը, երբ Քարթլի-Կախեթի թագավոր Հերակլը Շամշադինից բազմաթիվ հայերի տեղահան արեց և տեղափոխեց Շուլավեր[12][15][16][17]։

Ե. Լալայանը նշել է, որ հայերը Շուլավերում կրկին բնակություն են հաստատել 1750-1760-ական թվականներին՝ գաղթելով Գարդմանքի 8 տարբեր գյուղերից[12][13]։

Ըստ հայալեզու «Նոր դար» թերթի 1889 թվականի հրապարակման՝ Շուլավերի վերաբնակեցումը տեղի էր ունեցել 120 տարի առաջ, այսինքն՝ 1769 թվականին[12][14]։

1772 թվականին ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցուն հղված մի գրության մեջ ասվում է, որ Շուլավերն արդեն բնակեցված էր նորաբնակներով, որոնցից շատերը երկաթագործ էին[12][18]։

Համաձայն հայալեզու «Մշակ» թերթի 1873 թվականի հրապարակման՝ Շուլավերի բնակիչները 100 տարի առաջ պարսկական բարբարոսությունների պատճառով գաղթել են Շամշադինի գյուղերից, այդ իսկ պատճառով բնակավայրի թաղամասերի անվանումները կրում են վերաբնակիչների նախկին բնակավայրերի անվանումները[12][19]։

Բացի գարդմանահայերից, այդ թվում՝ նաև Գյուլիստանի հայերից՝ Շուլավերում վերաբնակվել են նաև Գեղարքունիքից և մինչև 1801 ու 1826 թվականները Պարսկական տիրապետության տակ գտնված Հայաստանի այլ գավառների բնակիչներ։ Հայտնի է նաև, որ հետագայում գարդմանահայ վերաբնակիչների մի մասը ցանկացել է վերադառնալ իր նախկին բնակավայրերը, սակայն հանդիպել է իշխանությունների արգելքին[17][20]։

Թուրքական ներխուժումը 1918 թվականին խմբագրել

1918 թվականի մայիսին Օսմանյան կայսրության բանակը ներխուժում է Լոռի - Բորչալույի տարածաշրջան։ Քանի որ Շուլավերի բնակչության գերակշիռ մասը հայեր էին, ուստի գյուղի ավերման և կոտորածությունների վտանգ էր առաջացել։ Թուրքական բանակի հարձակմանը դիմակայելու նպատակով Շուլավերի կոմիսար Սանասար Ղալեչյանը կազմակերպում է հետախուզական խումբ, որը պետք է թուրքերի բաշխվածության, թվաքանակի, սպառազինության, ծրագրերի մասին տեղեկատվություն հավաքեր։ Ստեղծված խումբը կազմված էր չորս անձից՝ Արամ Հովհաննեսի Միրաքյան, Ռուբեն Գևորգի Ալավերդյան, Արտաշես Բեգոյի Չիրքինյան, Շամիր Հովհաննեսի Քյուրանյան։ Լավ զինված խումբը մեկնում է դեպի Լոռի, սակայն հայտնաբերվում և ոչնչացվում է թուրքերի կողմից։ Առանձնակի դաժանությամբ է սպանվում Շ. Քյուրանյանը[21]։

Այս դեպքից հետո կոմիսար Սանասար Ղալեչյանը գաղտնի կերպով զինում է բնակավայրի երիտասարդությանն ու Բնիձոր կոչվող անտառում՝ գյուղից 3-5 կմ հեռավորության վրա կազմակերպում զորավարժություններ։ Շուլավերի ամբողջ երկայնքով ստեղծվում են պաշտպանական հենակետեր, որոնք միմյանց հետ ունեին հեռախոսակապ։ Հեռախոսային կապի միջոցները տեղադրված էին Ծակքարում, Մատաղթափում, Սուլուլքարում, Ղուլի գյադուկում, Բուխարիկքարում, միլիցիայի շենքում, բնակավայրի փոստային բաժանմունքում, վարչապետարանում և գյուղխորհրդում[21][22]։

Թուրքական բանակի շարժի մասին տեղեկություններ ստանալու նպատակով կրկին ստեղծվում է հետախուզական խումբ՝ կազմված երեք անձից (Սուրեն Գաբրիելյան /խմբի ղեկավար/, Սամսոն Սիմոնյան, երրորդ անդամի անունն անհայտ է)։ Երկրորդ հետախուզական խումբը հանձնարարությունը հաջողությամբ կատարում է և ձեռքբերում տեղեկություններ այն մասին, որ թուրքերի մեծաքանակ զորքերը գտնվում են Աղքյորփի գյուղի անտառներում[21]։

Հաշվի առնելով թուրքական ուժերի թվային անհմեմատելի գերակշռությունը՝ Շուլավերում հրավիրվում է ժողով, որի ժամանակ որոշվում է, որ դիմեն դիվանագիտական հնարքների։ Գյուղի կոմիսար Ս.Ղալեչյանի գլխավորությամբ շուլավերցիների պատվիրակությունը աղ ու հացով մեկնում է թուրքական բանակին ընդառաջ։ Բանակցությունների արդյունքում շուլավերցիների պատվիրակությունը թուքրական բանակի մեկ սպայի և նրան ուղեկցող 30 զինվորի հետ վերադառնում են Շուլավեր[21][22]։

Հայտնի է, որ երբ Զորավար Անդրանիկը տեղեկացել է թուրքական բանակի ներխուժման մասին, մտադրվել է իր զորքով օգնության գալ։ Սակայն Շուլավերի ղեկավարության կողմից գաղտնի կերպով ուղարկված պատվիրակությանը հաջողվել է համոզել Անդրանիկին, որպեսզի դեռևս չշարժվի դեպի Բորչալու, քանի որ իրենք կարողանում են վերահսկել իրավիճակը[22]։

Այս քայլերի հետևանքով շուլավերցիներին հաջողվում է թուրքերին հետ պահել գյուղում ավերածություններ և կոտորածներ իրականացնելուց[22]։

Բորչալույում գտնվող մուսավթականները, որոնք տեղեկացել էին Շուլավերում թուրքական բանակի ներկայության մասին, փորձում են ներխուժել հայկական բնակավայր և թալանել այն։ Նրանց զինված խմբերը, հասնելով Շուլավերի պաշտպանության առաջին գիծ, հանձնվելու պահանջ են ներկայացնում։ Սակայն շուլավերցիների դիվանագիտական պատասխանից և մինչև վերջ մարտնչելու պատրաստակամությունը տեսնելուց հետո մուսավաթականները առանց հարձակման փորձ կատարելու հեռանում են[22]։

1916 թվականից սկսած և հատկապես 1918 թվականին Փամբակից, Շիրակից և այլ վայրերից Շուլավեր էին եկել շուրջ 3000 բռնագաղթված հայեր։ Թուրքերը պահանջում էին շուլավերցիներից, որպեսզի նրանք հանձնեն գաղթականներին, սակայն բանակցությունների և փրկագին վճարելու միջոցով հաջողվում է ազատել նրանց[22]։

Շուլավերից թուրքական բանակի հեռանալուց հետո հայերի և շրջանի թուրքերի միջև լարվածությունն ավելի է սրվում, սակայն լուրջ ընդհարումներ չեն լինում։ Այնուամենայնիվ 1918 թվականի ամռանը Շուլավերում լուր է տարածվում, որ թուրքերը սպառնում են պայթեցնել բնակավայրից 10 կմ հեռավորության վրա գտնվող կայարանում կանգնած 200 հայ երեխա տեղափոխող գնացք։ Հայտնի է, որ կայարան հասած շուլավերցիների զինված խմբին հաջողվում է գնացքից դուրս բերել և գյուղ տեղփոխել երեխաներին[23]։

Գերմանավրացական ուժերի մուտքը Շուլավեր խմբագրել

Լոռի-Փամբակի շրջանից 1918 թվականի հոկտեմբերի վերջին թուրքական ուժերի հեռանալուց հետո վրաց մենշևիկների աջակցությամբ այն զբաղեցնում են գերմանական զորքերը։ 1918 թվականի հունիսի 13-ին գերմանավրացական ուժերը մուտք գործեցին Շուլավեր, որտեղ մնացին շուրջ 5 ամիս։ Բնակավայր մուտք գործելուց հետո վրացական զորամիավորումները որդեգրեցին հակահայ քաղաքականություն, որն ուղեկցվում էր բնակավայրի հայերի նկատմամբ հաշվեհարդարի դրսևորումներով (ծեծ, թալան, սպանություններ)[23]։

Շուլավերցիների նկատմամբ հաշվեհարդարներն ու ճնշումները ընդգրկում են նաև հարկային դաշտը։ 1918 թվականի ամռանը Բորչալու գավառի պարենի գծով կոմիսար ազգությամբ վրացի Գրիգորի Լորդքիփանիձեն Շուլավերի բնակչության համար սահմանում է 40․000 փութ ցորենի հարկ՝ նշելով որ ժողովուրդը այդպիսի քանակության ցորեն ի վիճակի չէ հանձնել։ Գ․Լորդքիփանիձեն կարգադրում է նաև ձերբակալել Ս․Ղալեչյանին ու մի շարք այլ հայտնի շուլավերցիների՝ ասելով, որ «շուլավերցիները չեն ճանաչում մենշևիկյան կառավարությունը, մենք նրանց կպարտադրենք ճանաչել և պետությանը հանձնել այն ամենը ինչ նրանցից պահանջվում է, հակառակ դեպքում գյուղից թող հեռանան»։ Ստեղծված իրավիճակի պայմաններում Շուլավերի բնակչությունը ստիպողաբար սկսում է ցորենի մաս առ մաս հանձնումը[24]։

Նոր սահմանված հարկային պահանջը դեռևս չմարված վրացի գեներալ Ցուլուկիձեն գվարդիայի 300 զինվորներով, 6 միավոր հրանոթով և 6 գնդացիրով ժամանում է Շուլավեր և շրջափակման մեջ վերցնում այն։ Գեներալ Ցուլուկիձեի հրամանով գնդացիրները տեղադրվում են Շուլավերի կենտրոնում, իսկ հրանոթները՝ բնակավայրի հարակից բարձունքներում։ Այնուհետև վրացի զորամիավորումները զենք, զինամթերք հայտնաբերելու նպատակով սկսեցին բնակիչների տների խուզարկությունները, որի արդյունքում հայտնաբերվեց ընդամենը մի քանի հրացան, որոնց տերերը դաժան ծեծի ենթարկվեցին և ձերբակալվեցին։ Խուզարկությունները ուղեկցվում էին խանութների ու տների թալանով և մի քանի շինությունների ավերումով։ Հայտնի է, որ Շուլավերում կային մեծ քանակությամբ զենք, զինամթերք, սակայն դրանք Ս․Ղալեչյանի կարգադրությամբ թաքցվել էին տարբեր վայրերում[24]։

Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը տվյալ ժամանակաշրջանի մասին խոսելիս ասել էր, որ «երբեմն ամբողջ գյուղեր, ինչպես օրինակ Շուլավերը, խուզարկության և կողոպուտի էին ենթարկվում։ Վրացիները պահում էին իրենց այնպես, որ կարծես թշնամի երկրում լինեին։ Ենիչերական կարգեր էին սահմանվել Լոռիում, ուր վրացին ամեն ինչ էր, հայը՝ ճնշված ռայա»[24][25]։

Հայ-վրացական պատերազմ խմբագրել

 
Հայ-վրացական պատերազմում հայկական զորաբանակի հրամանատար Դրաստամատ Կանայան։

Օգտագործելով այն հանգամանքը, որ Թուրքիան պարտություն էր կրել և հարկադրաբար հեռացել Ախալքալաքի շրջանից՝ վրացական զորամասերը 1918 թվականի դեկտեմբերի 5-ին գրավում են այն։ Այստեղ վրացական իշխանությունները զենքի միջոցով ճնշումների են ենթարկում տեղի հայ բնակչությանը[24][26]։

Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև Լոռու շրջանի մի մասում, որի գյուղերը վրացական զորամիավորումների զրահագնացքներից հաճախակի հրետակոծվում և ավերվում էին[26][27]։

1918 թվականի դեկտեմբերի 8-ին վրացական բանակի ստորաբաժանումները փորձել էին գրավել նաև Օձուն գյուղը, որին նախորդել էր երկու օր տևած հրետակոծությունը[26][27]։

Ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմաթիվ բողոքներ և դիմումներ է ուղարկում Վրաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը դադարեցնի Բորչալուի և հարակից շրջանների հայաբնակ գյուղերում ավերածություններն ու թալանը։ Սակայն բոլոր այդպիսի դիմումներն անտեսվում էին։ Դեկտեմբերի 12-ին Հայաստանի վարչապետ Հովհաննես Քաջազնունին Վրաստանի կառավարությանը վերջնագիր է ներկայացնում, որտեղ ասվում էր

  Վրաստանի կողմից բռնությամբ զավթված Բորչալուի գավառում վրացական զորքի գործողություններն այդ շրջանում ստեղծել են այնպիսի իրավիճակ, որն այլևս հնարավոր չէ հանդուրժել։ Միայն այդ շրջանից վրացական զորքի դուրս բերումը կարող է կանխել հետագա արյունահեղությունը և հաստատել ամուր բարեկամական հարաբերություններ Հայաստանի և Վրաստանի միջև։ Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը պատիվ ունի Վրաստանի կառավարությանն առաջարկելու անհապաղ դուրս բերել վրացական զորքերը Բորչալու գավառի հայկական մասից։ Հրաժարվելու կամ հապաղելու դեպքում Հայաստանի կառավարությունն իր քաղաքացիների ապահովությունը վրացական զորքերի բռնություններից պաշտպանելու նպատակով հարկադրված կլինի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ[26][28]։  

Վերջնագրի հաջորդ օրը Հայաստանի կառավարությունը զինված ուժերի զորավար Դրաստամատ Կանայանին հանձնարարում է Լոռի-Փամբակի շրջանն ազատագրել վրացական բանակի ստորաբաժանումներից[29]։ Արդեն դեկտեմբերի 13-ին հայկական բանակի զորամիավորումները Լոռի-Փամբակից ու Բորչալուի հարավային հատվածից հեռացրեցին վրացական ուժերը։ Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած կատաղի մարտերից հետո Կուռ Թարխանյանի հարյուրյակը մտավ Շուլավեր։ Հաջորդ օրը Թիֆլիսից ժամանած վրացական նոր ուժերը փորձ ձեռնարկեցին ետ գրավել Շուլավերը։ Վրացական բանակի նոր ստորաբաժանումների կազմում մեծ թիվ էին կազմում Բորչալուի շրջանի թուրքերը։ Նրանց հաջողվեց որոշակի հաջողություններ արձանագրել։ Շուլավերի հայերին օգնության նպատակով դեկտեմբերի 24-ին օգնական ուժեր ուղարկվեցին հայկական բնակավայր։ Քանի որ վրացական բանակի դիրքերը գտնվում էին Թիֆլիսի մոտ, և պարենի ու ռազմամթերքի մատակարարման գործընթաց ը հեշտ էր, դեկտեմբերի 25-ին վրացիներին հաջողվեց Շուլավերի հայկական դիրքերի նկատմամբ ճնշումն ավելի մեծացնել։ Վրացական բանակը կիրառում էր գերմանացիների տրամադրած ռազմական ինքնաթիռները, որոնցից ռումբեր էին նետվում Շուլավերի վրա[29][30]։

Դեկտեմբերի 27-ին 3500 զինվորից, 12 թնդանոթից, մեծաքանակ գնդացիրներից և ռազմական ինքնաթիռներից կազմված վրացական ստորաբաժանումները հրամանատար Մազնիևի հրամանատարությամբ կարողանում են գրավել Շուլավերը[29][30]։

Վրացական պետական բռնաճնշումներ խմբագրել

1918 թվականի դեկտեմբերի 31-ին Հայաստանի և Վրաստանի Հանրապետությունների միջև ընթացող պատերազմը պաշտոնապես ավարտվեց[31], որից հետո վրացական զինված ուժերը սկսեցին խիստ ճնշումների և հալածանքների ենթարկել իրենց վերահսկողության ներքո գտնվող հայկական բնակավայրերը, այդ թվում նաև՝ Շուլավերը։ Բռնաճնշումները տևեցին 1918 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 1919 թվականի հունվարի 25-ը[31][32][33]։ Վրացական զորքը հայազգի բնակչությունից բռնագրավեց մի քանի տասնյակ հազար ընտանի բոլոր տեսակի կենդանիները, շարժական գյուքը, գյուղատնտեսական գործիքները, տների կահույքը, սայլերը, բրդե և մետաքսե գործվածքները, մեծ քանակությամբ հացահատիկ, գինի, բամբակ, կենդանիների համար ամբարված խոտ, ծխախոտի պաշարներ և այլն։ Գրանցվել են նաև պտղատու այգիների ոչնչացման, տների հրդեհման, գյուղատնտեսական նշանակության շինությունների ավերման, կրթական հաստատությունների գույքի ոչնչացման դեպքեր[31][34]։ Համաձայն ականատեսների վկայությունների՝ վրացական զորքի կողմից բնակչության ունեցվածքը թալանելու գործընթացն ուղեկցվում էր առանձնակի դաժանություններով։ Մասնավորապես, եղել են դաժան սպանությունների, բռնաբարությունների, ծեծի բազմաթիվ դեպքեր[31][34]։

Շուլավերի թալանին և ավերածություններին զուգահեռ վրացական կառավարությունը գյուղաքաղաքի ունեզրկված և սովի մատնված բնակչության համար սահմանում է հսկայական հարկեր։ Շուլավերցիները ստիպված էին վրացական պետությանը վճարել 5.000 փութ (81.500 կգ) ցորեն, 5000 փութ (81.500 կգ) գարի, 10.000 փութ (163.000 կգ) խոտ, ինչպես նաև 1.000.000 ռուբլի[35][36]։

Վրացական պետական բռնաճնշումների հետևանքով Բորչալուի շրջանի վարչական կենտրոնը համարվող Շուլավերը հայտնվեց ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում[35]։

Խորհրդային ժամանակաշրջան խմբագրել

Բնակավայրի անվանափոխություն խմբագրել

Հինավուրց Շուլավեր գյուղը խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1923 թվականին կենտրոնական իշխանությունների կողմից վերանվանվել է հայտնի բոլշևիկ, Բաքվի 26 կոմիսարների ղեկավար Ստեփան Շահումյանի պատվին[37]։

Ստալինյան բռնաճնշումներ խմբագրել

1930-ական թվականներից սկսված Ստալինյան բռնաճնշումները ընդգրկեցին նաև Շահումյան քաղաքը։ Համատարած կոլեկտիվացման հետևանքով բնակավայրի սոցիալ-տնտեսական իրադրությունը սրվել էր, որն էլ դարձավ նոր բռնությունների պատճառ։ Ի պատասխան նոր ճնշումների՝ քաղաքի բնակչությունը 1930 թվականի մարտի 4-ին կազմակերպեց փոքր տեղային ապստամբություն։ Բնակչությանը ճնշելու նպատակով մի շարք շահումյանցիներ, այդ թվում՝ Արշակ Հակոբյանը, Մեխակ Ղուկասյանը, Պապո Սաղաթելյանը, Բեգո Գրիգորյանը, Մեխակ Տեր-Պողոսյանը, արտաքսվեցին[35]։

1936-1937 թվականներին բռնաճնշումների նոր փուլ սկսվեց։ Հայտնի է, որ 1937 թվականին ժողովրդի թշնամի լինելու մեղադրանքով աքսորվեց Առաջին համաշխարհային պատերազմի և քաղաքացիական կռիվների մասնակից, խորհրդային կարգերի հաստատման աջակից Երեմ Մանուչարյանը, Շահումյանի գործկոմի նախագահ Հմայակ Ուրումյանը, Շահումյանի, հետագայում Մառնեուլի շրջանի միլիցիայի պետ Երվանդ Մարությանը, դպրոցի տնօրեն Հովհաննես Սոլախյանը, դպրոցի ուսմասվար Մուշեղ Թումանյանը, Կոնո Ուրումյանը, Հմայակ Միրաքյանը, Արմենակ Ղուլյանը, Մեխակ Զարգարյանը, Մեխակ Ավետիսյանը, Մովսես Քարհանյանը, Մովսես Միրզոյանը, Սողոմոն Միրաքյանը, Բեգի Մանվելյանը, Համլետ Թումանյանը, Արմեն Հարությունյանը[35]։

Աքսորվում կամ բանտարկվում էին նաև այն պաշտոնատար անձինք, ովքեր բարիադրացիական հարաբերություններ ունեին Շահումյանի ղեկավարության, մտավորականության հետ[38]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմին Շահումյանի բնակչության մասնակցությունը սկսվեց 1941 թվականից՝ ԽՍՀՄ-ի վրա Ֆաշիստական Գերմանիայի հարձակումով։ Շահումյանի քաղաքից շուրջ 2000 երկտասարդներ համալրեցին ազգային դիվիզիաներն ու մեկնեց ռազմաճակատ։ Նրանցից շատերն արժանացան բարձրագույն կոչումների և պարգևների։ Բազմաթիվ շահումյանցիներ պատերազմին մասնակցեցին թիկունքում՝ համալրելով բժշկական և այլ ստորաբաժանումներ[38]։

Պատմական հուշարձաններ խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցի խմբագրել

Շուլավերում է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին պատկանող Սուրբ Աստվածածին եկեղեցին[39]։

1750-ական թվականների վերջերից սկսած Շուլավերում գարդմանահայերի վերաբնակեցումից որոշ ժամանակ անց վերջինները սկսեցին նոր եկեղեցու կառուցման գործընթացը։ Նախատեսված էր նոր եկեղեցին կառուցել միջնադարում կառուցված գրեթե ավերված Սուրբ Աստվածածին եկեղեցու տեղում[2][39][40]։ Արդեն 1844 թվականին Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի և Իմերեթիայի թեմի առաջնորդ Սարգիս Ջալալյանցի գլխավորությամբ կատարվեց եկեղեցու հիմնօրհնեքը։ Ստույգ հայտնի չէ, թե երբ է ավարտվելեկեղեցու շինարարությունը, բայց դեռևս 1850 թվականին այն շարունակվում էր[41][42]։ 1861 թվականին եկեղեցու հոգևորական Պողոս ավագ քահանա Սահակյանցի՝ հոգևոր իշխանությանն ուղղված նամակից պարզ է դառնում, որ եկեղեցին վաղուց արդեն կառուցված էր[41][43][44][45]։

Սուրբ Աստվածածին եկեղեցին որպես կրոնական կառույց գործել է մինչև 1920-ական թվականները։ Խորհրդային իշխանությունների կողմից փակվելուց հետո այն օգտագործվել է որպես պահեստ՝ այդ կարգավիճակում մնալով գրեթե մինչև ԽՍՀՄ փլուզումը։ 1989-1990 թվականներին շուլավերցիները նախաձեռնեցին եկեղեցին վերանորոգելու գործը[41][46]։ 1998 թվականի հունիսի 10-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանը սարկավագ Վահան Ասլամազյանին նշանակեց Սուրբ Աստվածածին եկեղեցում ծառայող[41][46]։

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի խմբագրել

Սուրբ Կիրակի վանք խմբագրել

Հայ առաքելական Սուրբ Կիրակի եկեղեցական համալիրը գտնվում է Շահումյան քաղաքի արևելքում գտնվող բլրի վրա։ Համաձայն Հայկական հուշարձանները ուսումնասիրող կազմակերպության կատարած ուսումնասիրությունների՝ հուշարձանախումբը թվագրվում է 12-13-րդ դարերով։ Կազմված է իրար միացված երկու եկեղեցիներից, շրջապարսպից, տապանատնից, ընդարձակ գերեզմանոցից և այլ շինություններից[47]։

Բնիձորի փոքր վանք խմբագրել

Բնիձորի Փոքր վանքը հայկական առաքելական վանական համալիր է, որը ներկայում ավերված է։ Ավերակները գտնվում են Սպիտակաշեն գյուղատեղիի և Բնիձորի Մեծ վանքի միջև գտնվող անտառածածկ վայրում։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է 16-17-րդ դարերում։ Եկեղեցին կառուցված է եղել մեծ չափերի կիսամշակ քարերից և կրաշաղախով։ Ունեցել է 8.50x4.85 մ արտաքին չափեր։ Եկեղեցու շուրջ տարածված է գերեզմանոց։

Աշխարհագրություն խմբագրել

Շահումյան բնակավայրը տեղակայված է Շուլավեր գետի աջ կողմում՝ Ծովի մակարդակից 470-ից 550 մ բարձրության վրա։ Բնակավայրն արևմուտքից շրջապատված է անտառածածկ տարածքով, արևելյան և հյուսիսային կողմից՝ լերկ բլուրներով։ Հարավային կողմով՝ բնակավայրի և Շուլավեր գետի միջև, տարածվում են խաղողի այգիներ։ Շահումյանն ունի շուրջ 2.5 կմ երկարություն և 1 կմ լայնություն[37]։

Շուլավեր գետը սկիզբ է առնում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում գտնվող Լալվար լեռան հյուսիսային լանջերից և հանդիսանում է Խրամ գետի աջ օժանդակը[37][48]։ Մայր գետին է միանում Վրաստանի տարածքում։ Գետն ունի 38 կմ երկարություն, որից 16 կմ-ը հոսում է Հայաստանի տարածքով[48]։

Վարչական բաժանում խմբագրել

1750-ական թվականների վերջերից Շուլավերը բաժանված է եղել առանձին թաղամասերի, որոնց անունները տրվել են 1750-ական թվականների վերջերից բնակավայրում վերաբնակված գարդմանահայերի կողմից։ Յուրաքանչյուր թաղ կրել է այն գյուղի անունը, որտեղից տեղափոխվել են վերաբնակները։ Հայտնի է, որ այդ ժամանակ Մեծ Շուլավերը բաժանված է եղել Զագամի և Ղարամուրադի։ Զագամն իր հերթին կազմված է եղել Քմնդար, Զագամ, Կորխ, Մրեջուր և այլ թաղերից։ Ղարամուրադը բաժանված է եղել Լղարակ, Աղբուլաղ, Մմրթլու, Ղարամուրատ և այլ թաղերից[49][50]։

Բնակչությունը խմբագրել

Շուլավերի տարածքում նյութական մշակույթի պահպանված բազմաթիվ հուշարձանները վկայում են, որ հնում բնակավայրը եղել է զուտ հայաբնակ[49]։

18-րդ դարի 40-ական թվականներին տեղաբնիկ հայերի բռնագաղթից հետո՝ 10-15 տարի անց, Շուլավերում բնակության նպատակով հաստատվել են գարդմանահայեր[49][50]։

Շուլավերցիներ Սարիբեկ Հակոբի Տեր-Հակոբյանի, Գրիգոր Ասատուրի Նալբանդյանի, 100-ամյա Պետրոս Ղազարյանի և Հովհաննես Ղազարյանի կողմից 1978 թվականին ստեղծված վավերագրի համաձայն՝ 1757 թվականին Շամշադինի շրջանից Շուլավեր տեղափոխված հիմնադիր տոհմերն են եղել[51]՝

ա) Ղարամուրադ (Մեծ Ղարամուրատ, Փոքր Ղարամուրատ) գյուղաքաղաքից գաղթած տոհմեր

  1. Տեր Վրթանանք - Վարդանյաններ
  2. Ղրդաշանք - Ղարդաշյաններ
  3. Ծանունք - Ծանյաններ
  4. Զաքունք - Զաքարյաններ, Արզումանյաններ
  5. Պետրոսանք - Մխիթարյաններ
  6. Բըլսանանք - Բալասանյաններ
  7. Քմալանք - Քամալյաններ
  8. Գյոռխնանք - Մուշտունք - Աղաբալյաններ

բ) Աղբուլաղ գյուղից գաղթած տոհմեր

  1. Տեր Ակոփանք - Տեր-Հակոբյաններ
  2. Ծեթիպուլիկանք - Մաճկալյաններ
  3. Բլդիկանք - Աբելյաններ
  4. Շուտուտանք - Մկրտչյաններ
  5. Բայունք - Տեր-Սիմոնյաններ
  6. Վսկանանք - Ոսկանյաններ
  7. Բաջունք - Ալեքսնյաններ

գ) Մամուռտուվից (Մմրթլու) գյուղից գաղթած տոհմեր

  1. Բդախանք /Բաղդունք, Կուզիկանք/ - Բուդաղյաններ
  2. Ջունունանք - Չոբանյաններ
  3. Նադիրանք /Կոնունք, Պավլիչանք, Քոսականք, Աղաբաբանք/ - Նադիրյաններ
  4. Իրիցանք /Ծիվծիվանք/ - Հակոբյաններ
  5. Ըկռավանք /Ճուկռումանք/ - Ղուշչյաններ
  6. Մարութանք - Մարությաններ
  7. Կիլառանք - Օհանյաններ
  8. Փոլունք - Չոբանյաններ
  9. Բլասանք - Բալասանյաններ, նաև Հակոբյաններ
  10. Ղզարանք - Ղազարյաններ
  11. Շվարանք - Շահսուվարյաններ
  12. Բշանք /Բղիրանք/ - Միրզոյաններ
  13. Մրոանք - Պետրոսյաններ
  14. Դալաքանք - Դալլաքյաններ
  15. Մանդունք - Բալասանյաններ
  16. Պրունանք - Պարոնյաններ
  17. Բղմանանք - Բաղմանյաններ
  18. Կզրանք - Ներսիսյաններ
  19. Չխկալանք - Սիմոնյաններ
  20. Պըլըժանք - Պետրոսյաններ
  21. Կտուզանք - Ղազարյաններ
  22. Խնամունք - Սարգսյաններ
  23. Բոզունք - Վարդանյաններ
  24. Քեչիդաղանք /Պողունք, Ըչոնանք, Քաչալ-բաբոանք, # Շաթիլանք, Մաշտունք/ - Չոբանյաններ
  25. Տանձունք - Պետրոսյաններ
  26. Սըղըթելանք - Սաղաթելյաններ
  27. Քյուրդունք - Ղուշչյաններ
  28. Դիլանանք - Դիլանյաններ
  29. Ղարդունք - Հովսեփյաններ
  30. Ծըրքտանանք - Մկրտչյաններ
  31. Ըխշանք /Իշխանք/ - Սարգսյաններ
  32. Ընդամանք - Ադամյաններ
  33. Ժուլիկ-Գևոյանք - Ալահվերդյաններ
  34. Թուլունք - Դուլյաններ
  35. Հանոյանք - Պետրոսյաններ
  36. Քյասունք - Գասպարյաններ
  37. Ջմալանք - Սինասարյաններ
  38. Շուշունք - Տեր-Հակոբյաններ
  39. Ադունք /Մադոանք/ - Մաթևոսյաններ
  40. Հթամանք /Փշոտանք/ - Ադամյաններ
  41. Սադոանք - Մանվելյաններ
  42. Քչալանք - Պետրոսյաններ
  43. Քոչարանք - Քոչարյաններ
  44. Զքրանք - Զաքարյաններ
  45. Կոլոլանք - Աղաբեգյաններ
  46. Ջորունք - Բախշյաններ
  47. Ղոխունք - Գալստյաններ
  48. Չուխուլանք - Վարդանյաններ
  49. Զոկունք - Միրզոյաններ

դ) Մելիքզադա գյուղից գաղթած տոհմեր

  1. Քրանանք - Քյուրանյաններ
  2. Սարիբեգանք - Սարիբեգյաններ
  3. Նըլբադանք - Նալբանդյաններ
  4. Գրջանքն /Ըսլանանք/ - Հակոբջանյաններ
  5. Ըվանանք - Ավանյաններ
  6. Ղվալանք - Սուսանյաններ
  7. Նիկողոսանք - Նիկողոսյաններ
  8. Գյուլիմոսանք /Դբաղանք/ - Հովակիմյաններ
  9. Մջանանք /Քթոցանք/ - Մեջանյաններ
  10. Նրինանք - Նարինյաններ /Նարինանց քաջքը/
  11. Բգոզանք - Ավետիսյաններ
  12. Դուրունք - Դուրյաններ
  13. Քյուրդունք - Մկրտումյաններ
  14. Պապունք - Պետրոսյաններ
  15. Քըմըտարանք /Ցորնանք/ - Հակոբյաններ
  16. Շիփունք - Ղուկասյաններ
  17. Կաղիրիցանք/Թոզոտանք- Երիցյաններ
  18. Յեղսանանք - Պետրոսյաններ
  19. Ղախունք /Չալ-Դանիելանք/ - Ադամյաններ և
  20. Հարությունյաններ
  21. Բալի-Ըտիկանք /Մեռոանք/ -Մուսայելյաններ
  22. Կոծունք - Վարդանյաններ
  23. Ճքնվերանք - Ոսկանյաններ
  24. Քլաշանք - Քալաշյաններ
  25. Ղազրիցանք - Ղազարյաններ
  26. Չիլինգարանք - Չիլինգարյաններ
  27. Պզրմադանք - Ամիրբեկյաններ
  28. Ըզանք /Ըզզանք, Ազնիվանք, Յուզբաշունք/ - Քալանթարյաններ
  29. Շլաչունք - Առաքելյան (հանգած են, չկան)
  30. Քասի տղերանք, Շլախանք - Պողոսյաններ
  31. Թռանանք - Թռանյաններ

ե) Շմեղ (Շամլուխ գյուղ) գյուղից գաղթած տոհմեր

  1. Մարդունք - Մարդանյաններ
  2. Վնիսանք - Հովհաննիսյաններ
  3. Սուրունանանք - Սիրունյաններ
  4. Ղրիբանք - Ղարիբյաններ
  5. Սահականք - Սահակյաններ
  6. Վսկանանք - Ոսկանյաններ
  7. Ծռնվերանք /Չաչի-Պետոանք/ - Թեյմուրազյաններ
  8. Քամալանք - Քամալյաններ
  9. Ուրումանք - Ուրումյաններ
  10. Փռանգյանք - Գրիգորյաններ
  11. Բալունք - Բալյաններ
  12. Թանունք կամ Տոճի Իշխանանք - Վարդանյաններ
  13. Թոզոտանք /Մրսխանանք, Փափուկանք/ - Միրզախանյաններ
  14. Սրիփանք - Պետրոսյաններ
  15. Մրիլանք /Գուրգենանք/ - Աբյաններ
  16. Չատուանք - Չատինյաններ
  17. Եղիկանք - Եղիկյաններ
  18. Ապիջալանք /Պպանք/ - Ավետիսյաններ
  19. Փիրուզանք - Սուլթանյաններ

զ) Քյամանդար գյուղից գաղթած տոհմեր

  1. Մթոսանք - Մաթևոսյաններ
  2. Ասրունք - Ասրյաններ
  3. Թանունք - Թանյաններ, Վարդանյաններ
  4. Ճղոտանք - Սաղաթելյաններ
  5. Կլվեռանք /Ընդոնանք/ - Անտոնյաններ
  6. Խրազանք /Կալալանք, Տիզանանք, Օզանք, Ղռանանք, Խաթայանք, Վիսունք, Չոլդունք, Չոփկանք, Ծուղուրանք/ - Չոբանյաններ
  7. Ջոնջոլանք /Ըվալանք/ - Ավալյաններ
  8. Խռատանք - Խառատյաններ
  9. Ավկի-Բդալանք - Ղալլեչյաններ
  10. Ամի-Մոսանք /Քոլի-Գևոանք/ - Մխիթարյաններ
  11. Չալոանք /Ծկթեմանք/ - Մխիթարյաններ
  12. Վետունք - Մանուչարյաններ
  13. Զարգար-Իսայանք - Եսայաններ
  14. Սայոանք /Կիկի-Հթամանք, Ակկապողանք/ - Մխիթարյաններ
  15. Կոնջորանք - Կոնջոռյաններ
  16. Չալունք - Չալյաններ
  17. Խնզարանք - Խանզարյաններ
  18. Մուքելանք - Մարգարյաններ
  19. Զարգարանք - Զարգարյաններ
  20. Տեր-Ղազարանք - Ղազարյաններ
  21. Վալունք /Ըղբալանք, Բլլվանք/ - Մելիք-Ադամյաններ
  22. Ծըտուրանք - Ծատուրյաններ
  23. Նզարանք - Նազարյաններ
  24. Մրքարանք - Ներքինշուլավերցիներ (Մ. և Բ. Մարգարյաններ)

է) Մրեջուր (Օրջոնիկիձե, Գետաբեկի շրջան) գյուղից գաղթած տոհմեր

  1. Աթունք /Ռհանանք, Պալյոզանք, Ամիրանք, Ղոնղորանք, Բապտունք/ - Ծատուրյաններ
  2. Ղզազանք - Ղզազյաններ
  3. Մաչունք - Մաչյաններ
  4. Նաիբանք /Մադունք, Քյոսանք/ - Մարտիրոսյաններ
  5. Ճոլունք /Տեր-Մոսանք/ - Հակոբյաններ
  6. Շահունք - Շահինյաններ
  7. Հանես-քյոխվանք /Իվանանք, Չոփուռանք/ - Միրզոյաններ
  8. Մըրութանք - Մարությանն
  9. Ղրխանանք - Ղարախանյաններ
  10. Դըրչինանք /Գրիշկանք, Սամակրոանք, Զռոհանք, Թաիանք, Ծիբոանք/ - Ռեստևանյաններ
  11. Ղրամանք - Ղարամյաններ
  12. Ըղանք - Աղայաններ
  13. Կվերքանք /Զմոանք, Ղումաշանք/ - Գևորգյաններ և Մովսիսյաններ
  14. Ղվալանք /Ժուլիկանք/ - Ղավալյաններ
  15. Մճկալանք /Պոպոկանք/ - Մաճկալյաններ
  16. Բադունք - Բադյաններ
  17. Ջնդարանք - Տեր-Գաբրիելյաններ
  18. Սուքասանք - Սուքիասյաններ
  19. Քթանանք - Մխիթարյաններ
  20. Շլեպչունք - Շլեպչյաններ
  21. Ղուլունք - Ղուլյաններ
  22. Տրտերանք - Տեր-Գրիգորյաններ
  23. Մրզանք - Հովակիմյաններ
  24. Շալխունք - Շալխյաններ
  25. Քառունք - Ղալեչյաններ
  26. Դուդունք - Խուդադյաններ
  27. Մելքիկանք - Մելքիկյաններ
  28. Շըհբազանք - Ալահվերդյաններ
  29. Իսոանք /Տվարանք/ - Մնացականյաններ
  30. Ավոանք - Պետրոսյաններ
  31. Չփարանք - Աղաբալյաններ
  32. Վիտիսանք - Ավետիսյաններ
  33. Հարամթոանք - Հարությունյաններ
  34. Լիլիկանք - Սարգսյաններ
  35. Այդինանք - Այդինյաններ
  36. Մըրաքանք - Միրաքյաններ

թ) Կորխ գյուղից գաղթած տոհմեր

  1. Պապունք - Պապյաններ
  2. Յըրբեգանք -Երիբեգյաններ
  3. Շըհըզանք - Շահազիզյաններ (հանգած են, չկան)
  4. Ղվալանք - Թեյմուրազյաններ
  5. Զքրանք - Զաքարյաններ (հանգած են, չկան)
  6. Նոթոտանք - Աբրահամյաններ
  7. Պառավանք - Պառավյաններ
  8. Մլականք /Նզարանք/ - Նազարյաններ
  9. Խլլվանք /Քոնգյուլումանք/ - Հովհաննիսյաններ
  10. Եղոտանք - Ղալեչյաններ
  11. Տխտականք - Ղազարյաններ
  12. Քյալչունք - Ղազարյաններ
  13. Ըթանք /Անլվանք/ - Սարգսյաններ
  14. Դրդամանք /Թիշոանք/ - Պետրոսյաններ
  15. Տերտերանք - Տեր-Իսահակյաններ
  16. Ըլափանք - Սարգսյաններ
  17. Ասկունք - Հարությունյաններ (գրող Մ.Արազին այս տոհմից է)
  18. Ժմհարանք - Ղալեչյաններ
  19. Եղունք - Եղիազարյաններ
  20. Մելիքանք - Մելիք-Սարգսյաններ
  21. Երալունք - Երալյաններ
  22. Պամոշնիկանք /Սափարանք/ - Ուլիբեկյաններ

ժ) Արցախից գյուղից գաղթած տոհմեր

  1. Քրհանանք - Քարհանյաններ
  2. Չիրքինանք - Չիրքինյաններ
  3. Աղասունք - Ղազարյաններ
  4. Օհանանք /Բայունք/ - Տեր-Սիմոնյաններ
  5. Մալայանք - Հարությունյաններ
  6. Պրուտանք - Աբրահամյաններ
  7. Զանգինանք - Զանգինյաններ
  8. Ըլբստրականք - Հովհաննիսյաններ
  9. Ասլանանք - Սարգսյաններ
  10. Աբունք - Տեր-Պողոսյաններ (Գանձակից)

Այլազգիների մուտքը Շուլավեր խմբագրել

1850-1860-ական թվականներից զուտ հայաբնակ Շուլավերում սկսել են բնակություն հաստատել փոքրաթիվ այլազգիներ, այդ թվում՝ հրեաներ[52][53]։

Շուլավերում վաճառական հրեաների բնակություն հաստատելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ բնակավայրում զարգացել էր առևտուրը։ Արդեն 1881 թվականին նրանք կառուցել էին աղոթատուն (սինագոգ)[50][54][55]։

1883 թվականի մամուլի հրապարակումներից պարզվում է, որ Շուլավերում արդեն բնակություն էին հաստատել նաև թուրքեր[54][55]։

Ավելի ուշ հրապարակումներում Շուլավերում բնակվող այլազգիների թվում հիշատակվում են նաև ռուսներ[55]։ Շուլավերի ուղղափառ համայնքը 1899 թվականի փետրվարի 14-ին իշխան Սումբատովի նվիրաբերած 150 սաժեն հողակտորի վրա եկեղեցու թույլտվություն էին ստացել, սակայն տեղանքի անհարմար լինելու պատճառով դիմել էին եղբայրներ Քալանթարյաններին վերջիններին պատկանող հողակտորի գնման համար[56]։ 1910 թվականի նոյեմբերի 7-ին Շուլավերում օծվեց նորակառույց ուղղափառ եկեղեցի։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կովկասի փոխարքան, նահանգապետը, վրաց կրոնավորներ և այլ բարձրաստիճան հյուրեր[57]։

Բնակչության թվաքանակն ըստ տարիների խմբագրել

Շուլավերի բնակչության թվաքանակի մասին փաստացի տվյալներ հայտնի են սկսած 1840 թվականից։ Ստորև ներկայացված է բնակչության թվաքանակն ըստ տարիների՝ առանձնացնելով սեռերը.

Տարեթիվ Տուն Արական Իգական Ընդհանուր
1803[58] 164 394 378 772
1841[59] 1198 1079 2277
1842[60] 1232 1118 2429
1843[61] 895 932 1827
1844[62] 1160 1137 2297
1845[63] 1250 1194 2444
1847[64] 1240 1032 2272
1849[65] 1076 1182 2258
1853[66] 1403 1231 2634
1854[67] 1401 1247 2648
1857[68] 1394 1234 2628
1861[69] 321
1866[70] 364
1873[71] 490
1874[72] 3101
1876[73] 2877
1877[74] 1612 1389 3001
1880[75] 1717 1400 3117
1881[76] 1756 1425 3181
1882[77] 1698 1403 3101
1883[78] 1769 1469 3238
   
Տարեթիվ Տուն Արական Իգական Ընդհանուր
1884[79] 550
1885[80] 1824 1495 3319
1887[81] 2011 1633 3644
1889[82] 2137 1762 3899
1890[83] 1852 1566 3418
1891[84] 1888 1587 3475
1892[85] 1898 1600 3498
1893[86] 2004 1667 3671
1897[87] 2350 1741 4091
1899[88] 2610 2040 4650
1900[89] 2850 2420 5270
1901[90][91][92] 607 2930 2690 5620
1902[93] 3010 2760 5770
1905[94] 3340 3040 6380
1907[95] 4478
1908[96] 800 1640 1490 3130
1910[97] 3600 3200 6800
1912[89][98] 3600 3200 6800
1914[99] 7683
1997[100] 1832 5842

Տնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսություն խմբագրել

Կրթություն խմբագրել

Մշակույթ խմբագրել

Շահումյանը քաղաքը, լինելով հինավուրց բնակավայր, նշանավորվել է պատմական յուրահատուկ հարուստ մշակույթով[39]։

Երաժշտություն խմբագրել

Աշուղական արվեստ խմբագրել

Շուլավերում նախկինում տարածված է եղել աշուղական արվեստը։ Այն հայտնի է եղել իր աշուղներով, որոնցից են աշուղ Աբրահամ Աբրահամյանը (աշուղ Հազիր), Գրիգոր Սաֆարյանը (աշուղ Ինջայի), Զարգար Հովհաննեսը, Զավդին, Յաղուբը և այլք[101]։

Կրոն խմբագրել

17-րդ դարում, երբ Շուլավերը տեղաբնիկ հայերով բնակեցված բարգավաճ գյուղ էր և 18-րդ դարի վերջերին, երբ բնակավայրը բնակեցված էր վերաբնակիչ հայերով, այն եղել է Մայր Աթոռ Էջմիածնին եկամտահարկ մուծող եկեղեցու տեսակետից կարևոր բնակավայր։ Հայտնի է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ գյուղը նոր էր վերաբնակեցվել և բնակիչները ունեին նյութական լուրջ դժվարություններ, գյուղի կրոնական առաջնորդներ գլխավորությամբ վանք էին ուղարկել բազմաթիվ գործիքներ, որոնք պատրաստված էին հիմնականում երկաթից։ Մասնավորապես Շուլավերի առաջնորդ Վանական վարդապետի, Մխիթար Քլանթարի և Մելիք Սարգսի կողմից Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսին ուղարկված նամակում գրված է, որ գյուղը Մայր Աթոռ է ուղարկել 19 բահ, 21 քլունգ և 10 լիտր երկաթ[17][102][103]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ.:
  2. 2,0 2,1 Ջալալեանց Սարգիս արքեպիսկոպոս, Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, հատոր Բ, Տփղիս, 1858 թ., էջ 79։
  3. 3,0 3,1 3,2 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 10։
  4. Սանահինի «Քոթուկ», Մատենադարան, ձեռագիր թիվ 3031, էջ 62-68։
  5. Սանահինի «Քոթուկ», Մատենադարան, ձեռագիր թիվ 8150։
  6. Կ. Ղաֆադարյան, Սանահինի վանքը և նրա արձանագրությունները, Երևան, 1957թ. էջ 56։
  7. 7,0 7,1 7,2 7,3 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 11։
  8. «Ջամբռո» համաժողովեցեալ և շարադրեցեալ ի Սիմէօնէ կաթողիկոսէ Երևանցւոյ, Վաղարշապատ, 1873թ., էջ 208։
  9. Մելիքսեթ-Բեկ Լ.Մ. Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հատոր Գ, Երևան, 1955թ., էջ 26։
  10. 10,0 10,1 Մելիքսեթ-Բեկ Լ.Մ. Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հատոր Գ, Երևան, 1955թ., էջ 157։
  11. Մելիքսեթ-Բեկ Լ.Մ. Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հատոր Գ, Երևան, 1955թ., էջ 125։
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 12։
  13. 13,0 13,1 Ե.Լալայան, «Ազգագրական Հանդէս», VII_VIII, Թիֆլիս, 1901թ., էջ 331։
  14. 14,0 14,1 «Նոր դար», 1889թ., թիվ 152, էջ 2:
  15. Մելիքսեթ-Բեկ Լ.Մ. Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հատոր Գ, Երևան, 1955թ., էջ 191։
  16. Մելիքսեթ-Բեկ Լ.Մ. Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հատոր Գ, Երևան, 1955թ., էջ 202։
  17. 17,0 17,1 17,2 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 13։
  18. «Դիւան Հայոց Պատմութեան», գիրք Ը., Սիմէօն կաթողիկոսի յիշատակարան. 1767-1776 թթ., Թիֆլիս, 18.. էջ 96։
  19. «Մշակ», 1873 թ., թիվ 2, էջ 2:
  20. Акты собранные кавказскою Археографическою коммиссиею том 1, Тифлис, 1866, стр. 417.(ռուս.)
  21. 21,0 21,1 21,2 21,3 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 65։
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 66։
  23. 23,0 23,1 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 67։
  24. 24,0 24,1 24,2 24,3 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 68։
  25. Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», Երևան, 1993թ․, էջ 223-224։
  26. 26,0 26,1 26,2 26,3 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 69։
  27. 27,0 27,1 Համլետ Գևորգյան, Դրո, Երևան, 1991թ․, էջ 122։
  28. Համլետ Գևորգյան, Դրո, Երևան, 1991թ․, էջ 123։
  29. 29,0 29,1 29,2 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 70։
  30. 30,0 30,1 Սիմոն Վրացյան «Հայաստանի Հանրապետություն», Երևան, 1993 թ., էջ 232-238։
  31. 31,0 31,1 31,2 31,3 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 71։
  32. ՀՀՊՊԿԱ, ֆ. 221, ց. 1, գ. 164, թ. 39:
  33. ՀՀՊՊԿԱ, ֆ. 221, ց. 1, գ. 164, թ. 74:
  34. 34,0 34,1 ՀՀՊՊԿԱ, ֆ. 221, ց. 1, գ. 156, թ. 39:
  35. 35,0 35,1 35,2 35,3 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 72։
  36. ՀՀՊՊԿԱ, ֆ. 221, ց. 1, գ. 156, թ. 40:
  37. 37,0 37,1 37,2 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 9։
  38. 38,0 38,1 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 73։
  39. 39,0 39,1 39,2 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 34։
  40. Ջալալեանց Սարգիս արքեպիսկոպոս, Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, հատոր Բ, Տփղիս, 1858 թ., էջ 80։
  41. 41,0 41,1 41,2 41,3 «Սանդուխտ Ասլանյան, [[Սամվել Կարապետյան (հուշարձանագետ)|Սամվել Կարապետյան]], «Շուլավեր», [[Երևան]] 2002թ., էջ 35։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  42. ՀՀՊՊԿԱ, Ֆ. 56, ց. 1, գ 1055, թ. 1:
  43. ՀՀՊՊԿԱ, Ֆ. 56, ց. 1, գ 2288, թ. 15:
  44. ՀՀՊՊԿԱ, Ֆ. 56, ց. 1, գ 4286, թ. 3:
  45. ՀՀՊՊԿԱ, Ֆ. 56, ց. 1, գ 4286, թ. 4:
  46. 46,0 46,1 «Վրաստան», 1998թ., թիվ 81-82, 10 հոկտեմբերի, էջ 8։
  47. Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 42-47։
  48. 48,0 48,1 «Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու բառարան // Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ // Երևան 2007 թ.:» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  49. 49,0 49,1 49,2 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 24։
  50. 50,0 50,1 50,2 «Մեղու Հայաստանի», 1873, թիվ 9, էջ 2։
  51. Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 25-30։
  52. «Սանդուխտ Ասլանյան, [[Սամվել Կարապետյան (հուշարձանագետ)|Սամվել Կարապետյան]], «Շուլավեր», [[Երևան]] 2002թ., էջ 31։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  53. «Նոր-դար», 1885, թիվ 199, էջ 2:
  54. 54,0 54,1 «Արձագանք», 1884, թիվ 42, էջ 612:
  55. 55,0 55,1 55,2 «Ազգագրական հանդէս», VII-VIII, Թիֆլիս, 1901թ., էջ 332:
  56. «Кавказ», 1899, N 49, стр. 3.(ռուս.)
  57. «Закавкаазье», 1910, N 254, стр. 2.(ռուս.)
  58. АКАК, том 2, Тифлис, 1868, стр. 84.(ռուս.)
  59. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802, թ. 177-178:
  60. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3807, թ. 26-27:
  61. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3805, թ. 18-19:
  62. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3809, թ. 111-112:
  63. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 43-44:
  64. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 9-10:
  65. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 65-66:
  66. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2743, թ. 88-89:
  67. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3825, թ. 82:
  68. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 15-16:
  69. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3835, թ. 20-21:
  70. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 83:
  71. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3860, թ. 4-9:
  72. «Кавказский Календарь на 1885 г.» Тифлис, 1885, стр. 119.(ռուս.)
  73. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 44-45:
  74. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 68-69:
  75. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 25-26:
  76. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 91-92:
  77. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 140-141:
  78. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 93-94:
  79. [«Արձագանք», 1884, թիվ 42, էջ 62:]
  80. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 24:
  81. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 61:
  82. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 241:
  83. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 131:
  84. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 130:
  85. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 102:
  86. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 50:
  87. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 128-129:
  88. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3901, թ. 26:
  89. 89,0 89,1 ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 19:
  90. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 28:
  91. ՀՀՊՊԿԱ, ֆ. 56, ց. 14, գ. 205, թ. 121-122:
  92. «Ազգագրական Հանդէս», VII_VIII, Թիֆլիս, 1901, էջ 332:
  93. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 84-85:
  94. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3919, թ. 248-249:
  95. ՀՀՊՊԿԱ, ֆ. 56, ց. 1, գ. 204, թ. 3:
  96. ՀՀՊՊԿԱ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 49:
  97. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 179:
  98. ՀՀՊՊԿԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3920, թ. 10:
  99. «Кавказский Календарь на 1915 г.», Тифлис, 1914, стр. 2012.(ռուս.)
  100. Մառնեուլի շրջանի Շահումյան քաղաքի գործկոմի 1997 թվականի վիճակագրական տվյալներ։
  101. Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 173-175։
  102. «Սանդուխտ Ասլանյան, [[Սամվել Կարապետյան (հուշարձանագետ)|Սամվել Կարապետյան]], «Շուլավեր», [[Երևան]] 2002թ., էջ 14։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  103. «Դիւան Հայոց Պատմութեան», գիրք Ա-Բ, Թիֆլիս, 1893 թ., էջ 55։