Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նունե (այլ կիրառումներ)

Նունե (հայտնի է նաև որպես սուրբ Նունե կույս, վրացական աղբյուրներում՝ սուրբ Նինո (წმინდა ნინო), մոտ 296 – մոտ 340, Վիրք), III դարի վերջի – IV դարի 1-ին կեսի ճգնավոր, տոնելի սրբուհի, Հայաստանում և Վրաստանում քրիստոնեություն քարոզիչ։ Ըստ ավանդության, նրա քարոզչությամբ և Հիսուս Քրիստոսի անունով կատարած հրաշագործությունների շնորհիվ քրիստոնեություն է ընդունել վրաց թագավոր Միհրանը, արքունիքը և ապա՝ ամբողջ ժողովուրդը։ Ըստ հայկական աղբյուրների, Նունեն եղել է ս. Հռիփսիմյանց կույսերից մեկը, նրանց հետ Հռոմից հասել է Հայաստան։ Վարագ լեռան մոտ առանձնացել է ընդհանուր խմբից և մեկնել Վիրք, ճգնողական կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի մոտակայքում։ Այստեղ քրիստոնեություն է քարոզել և «Սուրբ Հոգու զորությամբ» կատարել բժշկումներ։ Ըստ ավանդության, կույսը բուժել է Վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։

Նունե
Ծնունդ296
ԾննդավայրԿապադովկիա, Կենտրոնական Անատոլիա, Թուրքիա
Վախճանհունվարի 27, 335(0335-01-27)
Վախճան վայրԲադբիի վանք
Եկեղեցիուղղափառություն
Սրբացված կարգսքանչելագործ և equal-to-apostles?
Հիշատակության օրՀունվարի 14[1], Դեկտեմբերի 15[1], կաթոլիկություն, ուղղափառություն և Հունվարի 27
Աշխատանքմիսիոներուհի
Պաշտոնառաքյալ

Դրանից քիչ անց, Միհրանը, մի անգամ որսորդության գնալիս, հանկարծակի շրջափակվել է մութ մառախուղով։ Որոշել է աղոթք հղել Նունեի քարոզած Աստծուն, ինչից հետո խավարը փարատվել է։ Վերադառնալով պալատ՝ թագավորը հրաման է արձակում՝ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Բարձրյալ Աստծո Որդու, իսկ Նունեին՝ որպես առաքելուհու։ Թագավորի գործակցությամբ Նունեն քանդել է տվել Կուր (Քուռ) գետի ափին՝ բլրի վրա կանգնեցված Արամազդի (Արմազի) արձանը և փոխարենը կանգնեցրել Քրիստոսի խաչի նշանը[2]։

Նունեի խորհրդով Վրաց թագավորը պատգամավորներ է ուղարկել Կոստանդիանոս կայսրին (ըստ վրաց վկայաբանության) կամ Գրիգոր Ա Լուսավորչին (ըստ հայկական վկայաբանության), որպեսզի հոգևորականներ առաքվեն Վիրք։ Կուր գետում տեղի է ունեցել ժողովրդի մկրտություն, ապա Մցխեթում կառուցվել է Սուրբ Խաչ եկեղեցին։ Սուրբ Նունեն նաև շրջել է Վիրքի մյուս գավառներում՝ քարոզելով քրիստոնեական հավատը։

Վախճանվել է խաղաղությամբ՝ բնական մահով։ Գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն ուխտավայր է դարձել։

Ըստ վրացական աղբյուրների՝ սուրբ Նունեն դեպի Վիրք իր ուղևորության սկզբում եղել է Ջավախքում, Փարվանա լճի մոտ։ Այստեղ նա մնացել է 2 օր, կերակուր խնդրել ձկնորսներից, հովիվների հետ խոսել հայերեն։ Վրաստանում սուրբ Նունեի հիշատակի տոնը տոնվում է հունվարի 14-ին։ Հայ եկեղեցին ներկայումս այն նշում է Տոն Կաթողիկեին (Տոն Ս. Էջմիածնի) հաջորդող երեքշաբթի օրը՝ Սուրբ Մանե կույսի հիշատակի հետ միասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://nominis.cef.fr/contenus/saint/260/Sainte-Nino.html
  2. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, II, ՁԶ Երանելի Նունեի մասին, թե ինչպես պատճառ դարձավ վրացիների փրկության, Երևան, 1990, էջ 150։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նունե» հոդվածին։