«Նոր ուժ» (իսպ.՝ Fuerza Nueva), իսպանական աջ ծայրահեղական քաղաքական կուսակցություն։ Ստեղծվել է ֆրանկսիտական գաղափարախոս Պինյար Բլասի կողմից, «որպեսզի պաշտպանի այն, ինչ ավանդել է կաուդիլյոն»։ Կուսակցությունը հիմնված է ֆրանկիստական գաղափարական համակարգի՝ «Fuerza Nueva» հրատարակչության և համանուն պարբերականի վրա։ Պայքարել է ֆրանկիստական վարչակարգի վերակառուցման համար, կանգնած է եղել նեոֆաշիստական դիրքերում։ Կուսակցության ակտիվիստները մասնակցել են ոստիկանական բռնության դրսևորումներին։ Լուծարվել է 1982 թվականի ընտրություններում պարտություն կրելուց հետո։

Նոր ուժ
իսպ.՝ Fuerza Nueva
Изображение логотипа
ՏեսակԻսպանիայի քաղաքական կուսակցություն
ԵրկիրԻսպանիա
ԱռաջնորդԲլաս Պինյար
ԿարգախոսDios, Patria y Justicia (Աստված, Հայրենիք և արդարություն)
ՀիմնադիրԲլաս Պինյար
Հիմնադրված1966/1977
Լուծարված1982
ԳաղափարախոսությունՖրանկիզմ, նեոֆաշիզմ
Քաղաքական հայացքծայրահեղ աջեր
ՇտաբԻսպանական թղթային ընկերության շենք (Մադրիդ)
Իսպանիայի խորհրդարան1 պատգամավոր (1979-1982)
ՀաջորդNational Front?

Իսպանական «Բունկերի» կուսակցություն խմբագրել

Գաղափարներ և խնդիրներ խմբագրել

«Fuerza Nueva» հրատարակչությունը ստեղծվել է 1966 թվականի մայիսի 2-ին Պինյար Բլասի նախաձեռնությամբ[1]։ Այդ կառույցը մեծ դեր է կատարել ֆրանկիզմի գաղափարախոսության և քարոզչության գործում։ «Fuerza Nueva»-ի նյութերը գրվում էին ֆալանգիզմի ամենածայրահեղ ոգով՝ առավել դաժան, քան 1966-1975 թվականների իսպանական կառավարությանը։

1975 թվականի նոյեմբերի 20-ին Կաուդիլիո Ֆրանկոյի մահից հետո Պինյար Բլասը անդամագրվեց «Búnker» խմբավորմանը, որը ձգտում էր պահպանել նախկին վարչակարգըի սկզբունքները։ 1976 թվականի երկրորդ կեսից, երբ ակնհայտ դարձավ երկրում նախատեսվող փոփոխությունների հեռանկարը, ուղղափառ ֆրանկիստները սկսեցին ձևավորել աջ ծայրահեղական ընդդիմություն։ Ձեռնպահ մնալով Խուան Կառլոս I-ին թագավորի հանդեպ քննադատությունից, ով տեսականորեն հանդիսանում էր Ֆրանկոյից հետո իրավահաջորդը, նրանք իրականացրեցին կատաղի քաղաքական գրոհ ընդդեմ Սուարեսի ազատական-բարեփոխիչ կառավարության, Կոմունիստական կուսակցության, ձախ քաղաքական ուժերի (հատկապես անարխիստների) և անջատողական շարժումների (հատկապես բասկյան ԷՏԱ-ի)։ Նրանք օգտագործում էին պայքարի տարբեր մեթոդներ՝ զանգվածային լրատվական միջոցներում տարբեր հրապարակումներից մինչև ահաբեկչական գործողությունների իրականացում։

Ծայրահեղական աջերի հարձակումներ խմբագրել

«Նոր ուժը» հանդիսանում էր ֆրանկիստական ընդդիմության հարվածային կառույցներից մեկը։ Կազմակերպության գաղափարախոսությունն իրենից ներկայացնում էր ազգային սինդիկալիզմի և կաթոլիկ ավանդապահության առանձնահատուկ իսպանական խառնուրդ։ Աստիճանաբար այն վերաձևափոխվեց եվրոպական «նեոֆաշիստական ինտերնացիոնալի»[2]։ Իսպանական աջ ծայրահեղականներն առավել սերտ հարաբերություններ հաստատեցին իտալական նեոֆաշիստական ահաբեկիչների հետ (Պելուջի Կոնկուտելի)[3]։ Բլաս Պինյարը մասնակցել է 1970-ականների նեոֆաշիստական առաջնորդ Ստեֆանո Դելե Չիայիի (Մոնտեջուրա լեռան ընդհարումների մասնակից) միջազգային նախագծերին[4]։

Բլաս Պինյարը քաղաքական բռնությունների բացահայտ կոչ էր անում։ «Նոր ուժի» անդամների, այդ թվում նաև Պինյարի հետ կապված անձանց մասնակցությունն այդպիսի գործողություններին նկատվել է բազմիցս[5]։ Այդպիսի հարձակումներից առավել հայտնի է 1977 թվականի հունվարի 24-ին Ատոչի փողոցում ձախակողմյան հայացքներ ունեցող հինգ իրավաբանների սպանությունը[6]։ «Նոր ուժի» ակտիվիստները համագործակցում էին «Քրիստոս Թագավորի պարտիզաններ» («Guerrilleros de Cristo Rey») աջ ծայրահեղական ռազմական կազմակերպության հետ[7], որը ձախ ակողմյան ուժերի և շրջանային անջատողականների դեմ իրականացրել է մի շարք հարձակումներ։ Ձախ քաղաքական հայացքներ ունեցող ակտիվիստների նկատմամբ հարձակումները, որոնք երբեմն մահվան էին հանգեցնում, շարունակվել են մինչև 1982 թվականը[8]։ Կազմակերպության որոշ անդամներ քաղաքական ահաբեկչության համար ենթարկվել են քրեական պատասխանատվության։

Օրինական քաղաքական գործունեություն խմբագրել

Ընտրական փորձեր խմբագրել

Չնայած իր հակաժողովրդավարական, հակախորհրդարանական գաղափարախոսության՝ «Նոր ուժը» մասնակցել է 1977 թվականի հունիսին Իսպանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրույթուններին։ Կազմակերպոթւոյւնը հանդես է եկել «Հուլիսի 18-ի ազգային դաշինքի» կազմում, որին անդամագրվել էին նեոֆալանգիստների և ավանդապահների հետ։ Իսպանիայում հասարակական տրամադրությունները մերժում էին աջ ծայրահեղականներին, այդ իսկ պատճառով «Նոր ուժն» ընտրություններում հավաքեց ընդամենը 0,37 % (ինչն ավելի շատ էր, քան ֆրանկիստական հայացքներ ունեցող ուժերինը)։

Իսպանիայի 1979 թվականի խորհրդարանական ընտրություններում «Նոր ուժը» հանդես եկավ առավել ընդարձակ դաշինքով։ Այս անգամ կուսակցությունը հավաքեց 2,11 %, և Բլաս Պինյարը դարձավ պատգամավոր։ Այդ ցուցանիշը մինչ օրս հանիդսանում է աջ ծայրահեղականների լավագույն ցուցանիշն ընտրություններում[9]։

1979 - 1980 թվականները համարվում է «Նոր ուժի» հրապարակային գործունեության գագաթնակետը։ Գործունեության հիմնական ձևաչաթը Մադրիդում ցույցեր կազմակերպելն էր, որոնց անմիջական մասնակցություն էր ունենում կազմակերպության խարիզմատիկ առաջնորդ Բլաս Պինյարը։ Արդեն ավանդական էին դարձել Օրիենտե հրապարակում ելույթներն ու բազմամարդ հավաքները[10] յուրաքանչյուր տարվա հուլիսի 18-ին («խաչակրաց արշավանքի» սկսման օրը՝ 1936 - 1939 թվականների քաղաքացիական պատերազմ) և նոյեմբերի 20-ին (Իսպանական ֆալանգայի հիմնադիր Ջոզե Անտոնիո Պրիմօ դե Ռիվերայի մահվան օրը /1936 թվական/ և Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվան օրը /1975 թվական/): Սակայն այդ ակտիվությունը լուրջ հաջողություններ չէր ապահովում նույնիսկ տեղական ընտրություններում[11]։

Մրցակցությունն և ներքին տարաձայնություններ խմբագրել

«Նոր ուժի» հարաբերություններն ֆրանկիստական այլ կազմակերպությունների , հատկապես նեոֆալանգիստների հետ խնդրահարույց ու բարդ էին։ Խնդիրներ էին ծագել նույնիսկ խորհրդանիշների հետ կապված (նետով վահանի պատկերանիշ «Cara al sol» օրհներգ, կապույտ գույնի համազգեստ և կարմիր բերետ), որոնք յուրաքանչյուր կազմակերպություն համարում էր իրենը։ Նեոֆրանկիստների ընդհանուր ընտրազանգվածը չափազանց քիչ էր, բայց այդ քիչ քանակությունն էլ էր բաժանվում մրցակիցների միջև։

Կուսակցության ներսում աստիճանաբար առաջացավ գաղափարական տարբերություն։ 1980-ական թվականների սկզբին կուսակցությանն անդամագրվում էին ոչ միայն ազգայնական-սինդիկալիստներ, նեոֆաշիստներ և կաթոլիկ ֆունդամենտալիստներ, այլ նաև տեխնոկրատական հյացքների, Օպուս Դեյի գաղափարների կրողներ և նույնիսկ նեոազատականներ։ Նրանք բոլորը հասկանում էին Ֆրանցիսկո Ֆրանկոյի թողած ժառանգությունը, «նոր ազգայնականությունը», ինչը երբեմն հանգեցնում էր միմյանց հետ վեճերի։

«Նոր ուժը» կտրականապես մերժում էր հետֆրանկիստական համակարգը, սակայն ընդունում էր խաղի սահմանված կանոնները։ Ահաբեկչական պայքարի կողմնակիցների և առավել չափավոր ուժերի (որոնք նախընտրում էին օրինական պայքարը) միջև լուրջ տարաձայնություններ էին առաջացել։ Պինյարի հեղինակությունը կուսակցությունը պահում էր պառակտումից, բայց ակնհայտ էր, որ առաջնորդն էլ պատրաստ չէր վերջնականապես կողմնորոշվելուն։

Լուծարում և գործունեության շարունակություն խմբագրել

Պարտություն և ինքնալուծարում խմբագրել

«Նոր ուժը» ոչ մի մասնակցություն չի ունեցել աջ ծայրահեղականների կողմից 1981 թվականի փետրվարի 23-ին իրականացրած ռազմական հեղաշրջման փորձին, որը հայտնի է որպես «23-F» խռովություն անվամբ։ Ֆրանկիստական գաղափարախոս Բլաս Պինյարը մյուս պատգամավորների նման ստիպված էր պառկել գետնին Կոնգրեսի պալատը գրաված ֆրանկիստական ժանդարմ Անտոնիո Տեխերոյի հրամանով[12]։

Երկրում հասարակական կարծիքի՝ դեպի ձախակողմյան հայացքներ տեղաշարժը հանգեցրեց 1982 թվականի հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Նոր ուժի» ջախջախիչ պարտության։ Ընտրություններից գրեթե անմիջապես հետո հաղթած սոցիալիստների կողմից սկսվեցին աջ ծայրահեղականների նկատմամբ դաժան ճնշումներ։ Արգելվեց Օրիենտե հրապարակում յուրաքանչյուր տարի անցկացվող ավանդական հանրահավաքը[13], իրականացվեցին տասնյակ ձերբակալություններ։ Այդ գործողություններից հետո Բլաս Պինյարի որոշմամբ իր ղեկավարած կուսակցությունը լուծարվեց։

Ավանդույթների ժառանգություն խմբագրել

«Նոր ուժի» բազմաթիվ անդամներ շարունակեցին մասնակցություն ցուցաբերել քաղաքականության ոլորտում։ Կուսակցության լուծարումից հետո Բլաս Պինյարը շարունակեց ամենամյա հավաքները հուլիսի 18-ին և նոյեմբերի 20-ին (նոյեմբերյան հավաքը Օրիենտեյի հրապարակում շաչունակվում է մինչև մեր օրեր[14]): 1980-ական թվականներին ստեղծվեց «Ազգային ճակատը», որը որդեգրել էր առավել չափավոր դիրքորոշում (ֆրանսիական Ազգային ճակատի օրինակով)։ 2003 թվականին իրավաբան Ռաֆայել Լոպես Դիեգեսը, ով հանդիսանում է Պինյարի ընտանիքի անդամ, ստեղծեց «Իսպանական այլընտրանք» կուսակցությունը, որն ուներ պահպանողական-կաթոլիկ ուղղվածություն։ «Fuerza Nueva» հրատարակչությունը շարունակում է իր գործունեությունը՝ հիմնականում պահպանելով նախկին գաղափարական-քաղաքական կողմնորոշումը։

Իսպանական «Նոր ուժ» կուսակցությունը ընդհանուր առմամբ մարմնավորում էր 1970-ական թվականների երկրորդ կեսի և 1980-ական թվականների համաեվրոպական նեոֆաշիստական միտումը։ «Նոր ուժ» արտահայտությունը դարձավ եվրոպական աջ ծայրահեղական կազմակերպության տիպային անվանում։ Համանուն կազմակերպություններ են ստեղծվել ոչ միայն Իսպանիայում, այլ նաև Իտալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և նույնիսկ ժամանակակից Ռուսաստանում։

Ծանոթագրություններ խմբագրել