Նոր Իսպանիայի փոխարքայություն


Նոր Իսպանիայի փոխարքայություն (իսպ.՝ Virreinato de Nueva España), իսպանական գաղութ Հյուսիսային Ամերիկայում, որը գոյություն է ունեցել 1535 - 1821 թվականներին։ Փոխարքայության կազմում ընդգրկված են եղել ժամանակակից Մեքսիկայի, ԱՄՆ-ի հարավ-արևմտյան նահանգների (ինչպես նաև Ֆլարոդան), Գվատեմալան, Բելիզը, Նիկարագուան, Սալվադորը, Կոստա Ռիկան, Կուբան։ Բացի այդ, Նոր Իսպանիայի փոխարքայության վերահսկողության ներքո են եղել Ֆիլիպիններն ու Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում գտնվող մի շարք կղզիներ։ Փոխարքայության մայրաքաղաքը եղել է Մեխիկո քաղաքը։ 1821 թվականին Մեքսիկայի անկախության համար պատերազմում պարտություն կրելուց հետո Իսպանիան կորցրեց հյուսիսամերիկյան բոլոր տարածքները, որոնց վրա ձևավորվեցին նոր անկախ պետություններ։ Կուբան և Ֆիլիպինները սկսեցին կառավարվել ուղիղ կերպով Իսպանիայի կողմից ընդհուպ մինչև 1898 թվականը, երբ Միացյալ Նահանգների հետ պատերազմի հետևանքով այդ տարածքները նույնպես կորսվեցին։

Նոր Իսպանիայի փոխարքայություն

իսպ.՝ Virreinato de Nueva España
 Ացտեկների կայսրություն
 Տարասկյան պետություն
 Մայաների քաղաքակրթություն
 Հնդկացիներ
 Ֆրանսիական Լուիզիանա
1535 - 1821 Մեքսիկայի առաջին կայսրություն 
Կուբայի գեներալ-կապիտանություն 
Իսպանական Օստ Ինդիա 

Նշանաբան՝
Plus Ultra

Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մեխիկո
Լեզու Իսպաներեն
Կրոն Կաթոլիկություն, հնդկացիական ավանդական հավատամք
Արժույթ Պեսո
Իշխանություն
Պետական կարգ Բացարձակ միապետություն
Պետության գլուխ Թագավոր
Կառավարիչ Կառլ V և Խուանա I (1535-1556)
Ֆերդինանդ VII (1813-1821)
Անտոնիո դե Մենդոսա (1535-1550)

Նախաբան խմբագրել

Գաղութը ձևավորվել է նախկին հնդկացիական պետությունների՝ Ացտեկների կայսրության և մայաների պետության տարածքի վրա, որոնք Էռնան Կորտեսի արշավանքների արդյունքում միացվեցին Իսպանիայի թագավոր Կառլոս V-ի տիրույթներին։ Պատահական չէ, որ հենց Կորտեսը 1522 թվականին դարձավ Նոր Իսպանիայի կառավարիչ։

Պատմության այդ ժամանակաշրջանում Իսպանիան որպես միասնական պետություն նոր էր սկսում ձևավորվել։ Այսպիսով, իր նոր տարածքներն անվանելով «Նոր Իսպանիա», մի կողմից Կորտեսը օգնում էր Կառլոս V-ին ամրապնդել միասնական իսպանական պետության գաղափարը, իսկ մյուս կողմից կանխում էր իր տիրույթների բաժանումը՝ դրանք կենտրոնացնելով միասնական իշխանության ներքո[1]։ 1528 թվականին Կորտեսի իշխանությունը սահմանափակվեց, իսկ 1535 թվականին Նոր Իսպանիան դարձավ փոխարքայություն։

Պատմություն խմբագրել

1565 թվականին Ակապուլկոյի և իսպանական Ֆիլիպինների միջև կանոնավոր նավագնացություն (Մանիլյան գալերիա) հիմք դրվեց։ 1527 թվականին Մեքսիկայում գործունեություն սկսեցին իրականացնել ճիզվիտները, ովքեր 1591 թվականին հիմնեցին Գվադալախարայի համալսարանը։

1606 թվականին Մեքսիկայում սկսվեց սպիտակ ստրուկների ապստամբություն։ 1609 թվականին կրկին սկսվեց ապստամբություն այս անգամ արդեն Գասպար Յանգիի առաջնորդությամբ։ 1692 թվականին Նոր Իսպանիան մեծապես տուժեց երաշտից։ 1693 թվականին կազմակերպվեց քարտեզագրական արշավանք, որի շրջանակներում ուսումնասիրվեց Միսիսիպիի գետաբերանը։

1762 թվականին Յոթամյա պատերազմի ժամանակ բրիտանական նավատորմը հարձակվեց Հավանայի վրա։ 1762 թվականին Ֆրանսիան Ֆոնտենբլոյի պայմանագրով Իսպանիային զիջեց Լուիզիանայի հողերը, որոնք 1764 թվականին ընդգրկվեցին Նոր Իսպանիայի կազմի մեջ։ 1763 թվականին Կուբան վերադարձվեց Իսպանիային։ 1769 թվականին Գասպար դե Պարտոլայի արշավախումբը հասավ Սան Ֆրանցիսկոյի ծովախորշ։ 1781 թվականին Իսպանիան սատարեց հյուսիսամերիկյան գաղութների անկախության համար պատերազմին և գրավեց Ֆլորիդան։

1800 թվականին Լուիզիանան Սան Ֆրանցիսկոյի պայմանագրով վերադարձվեց Ֆրանսիային։

Քաղաքական և վարչական կառուցվածքը խմբագրել

Նոր Իսպանիայում բարձրագույն քաղաքացիական և ռազմական իշխանությունը գտնվում էր նշանակովի փոխարքայի ձեռքում, ով անմիջականորեն ենթարկվում էր միապետին ու Մադրիդում գտնվող Հնդկաստանի հետ կապված գործերի Գերագույն խորհրդին։ Փոխարքայի ենթակայությամբ գործում էր խորհրդատվական մարմին՝ աուդենցիա։ Մեխիկոյի աուդենցիայի իրավասությունները ընդգրկում էին փոխարքայության հարավը, իսկ Գվադալախարայի աուդենցիայի իրավասությունները ընդգրկում էին փոխարքայության հյուսիսը[2]։

1786 թվականին Նոր Իսպանիայի նահանգների մի մասի վրա ձևավորվեցին 12 ինտենդանտություններ, որոնցից յուրաքանչյուրի ղեկավարն էր ինտենդանտը, ով իրականացնում էր վարչական, դատական և ռազմական գործառույթներ, հարկահավաքություն և համայնքային կենտրոնների գործունեություն։ Հյուսիսային յոթ նահանգներ միավորվեցին երկու ռազմական շրջաններում՝ արևմտյան և արևելյան։ Վերջինները կառավարվում էին հրամանատարների կողմից և ենթարկվում փոխարքային։ Երեք նահանգներ պահպանեցին իրենց նախկին կարգավիճակը։ Քաղաքային և գյուղական շրջանները գտնվում էին կոլեգիդորներն ու ավագ ալկալդները, որոնց ենթարկվում էին հնդկացիական գյուղական բնակավայրերի ընտրվովի ավագները[2]։

Գոյություն ունեին նաև տեղական քաղաքային խորհուրդներ՝ կաբիլդոները] կամ այունտամենտոները, որոնց անդամները պաշտոնապես ընտրվում էին կալվածատերերի կողմից, բայց ժամանակի ընթացքում այդ պաշտոնները դարձան ցմահ և ժառանգովի, իսկ երբեմն էլ գնվում էին։ Մունիցիպալիտետների գործունեությունը գտնվում էր գաղութային ադմինիստրացիայի վերահսկողության ներքո[2]։

Բնակչություն խմբագրել

 
Նոր Իսպանիան բնակեցրած խառնածինների ներկայացուցիչների պատկեր

Նոր Իսպանիայի բնակչությունը ըստ Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի տվյալներով 1803 թվականին կազմել է 5,8 միլիոն մարդ[3]։ Սակայն ժամանակակից ուսումնասիրողները կարծում են, որ բնակչության թվաքանակը չի հասել այդ թվին նույնիսկ 1810 թվականին, երբ այն եղել է 5-ից 5,5 միլիոն մարդ[4]։

Նոր Իսպանիայի բնակչության մեծ մասը 19-րդ դարի սկզբին կազմել են բնիկները, որի մոտավորապես 40 %-ը եղել են հնդկացիներ[3]։ Իսպանացիների կողմից Ամերիկայի գաղութացման առաջին հարյուրամյակը բնորոոշվել է տեղաբնակների թվաքանակի կտրուկ նվազմամբ, ինչը ստիպել է գաղութարարներին, որոնց հարկավոր էր աշխատուժ և հարկ վճարողներ, տեղաբնիկ ժողովուրդներին ուղիղ կերպով ոչնչացնելու և թալանելու քաղաքականությունից անցում կատարել կազմակերպված շահագործման, ինչը ստացավ ֆեոդալականացված ձև։ Այդ փոփոխությունների հետևանքով 17-րդ դարի երկրորդ կեսին նկատվեց բնիկ բնակչության դանդաղ աճ, և 19-րդ դարի սկզբին նրանց թվաքանակը հասել էր արդեն 2,3 - 2,4 միլիոն մարդ։ Իսպանական օրենսդրությունը ընդունում էր, որ հնդկացիական համայնքները կարող են տնօրինել հողատարածքներ՝ արգելելով դրանք օտարել առանց իշխանությունների թույլտվությամբ։ Սակայն հազվադեպ չէր իսպանացիների կողմից հնդկացիների հողերի բռնագրավումն ու հետագայում իրավականորեն գրանցումը։ Հնդկացիները նաև համարվում էին անձնապես ազատ։ Համաձայն աշխատանքի օրենսդրության նրանք ենթակա էին վարձատրության, իսկ աշխատանքը չպետք է լիներ շատ դժվարին։ Սակայն գործնականում այդ օրենքները միշտ չէին, որ պահպանվում էին[5]։

17-րդ դարի սկզբից հնդկացիների նկատմամբ սահմանվել էր պարտադիր աշխատանքային պարտականություն (ռեպարտիմենտո, կամ կուատեկիլ) ի դեմս հանքերում, արտադրական ձեռնարկություններում, ցանքատարածություններում և շինարարության ոլորտում։ Այդ նպատակներով իշխանությունները հատկացրել էին որոշակի թվաքանակի 15-ից 60 տարեկան տղամարդկանց։ Հնդկացիներից գանձվում էր գլխահարկ՝ տրիբուտո։ 18-ից 19-րդ դարերի ժամանակաշրջանում իշխանությունները տարին մեկ անգամ 18-ից 50 տարեկան բոլոր ամուսնացած տղամարդկանցից, բացառությամբ ժառանգական ավագ կասիկների, գյուղական համայնքների ավագների ու այլ պաշտոնատար անձանց, հավաքում էին երկու պեսո։ Ամուրի տղամարդիկ և միայնակ կանայք ենթակա էին երկու անգամ քիչ հարկման։ Իրենց հողերից քշված հնդկացիները ստիպված էին վարձու աշխատանք կատարել ֆերմաներում կամ հողի օգտագործման դիմաց վճարել բերքի կեսը հանձնելով։ Երկու դեպքում էլ հնդկացիները ժամանակի ընթացքում դառնում էին ժառանգական ստրուկներ՝ պեոններ[6]։

Ցանքատարածություններում և արտադրական ձեռնարկություններում, ինչպես նաև տնային ծառայի աշխատանքներում աշխատում էին սևամորթները, որոնք մեծ մասամբ հանդիսանում էին ստրուկներ 16-րդ դարում բերված Նոր Իսպանիա Աֆրիկայից։ Սակայն բարձր մահացածության մակարդակի ու թվաքանակի աստիճանաբար կրճատման, իսկ հետագայում նաև սևամորթների ներկրման դադարեցման պատճառով և հնդկացիների թվաքանակի աճի հետևանքով նրանց թվաքանակը 19-րդ դարի սկզբին չէր գերազանցում տաս հազարը[7]։

Գաղութային հասարակության արտոնյալ խաղվը կազմում էին պետրոպոլիայի բնիկները, որոնց տեղաբնիկ ժողովուրդները անվանում էին գաչուպիններ (իսպ.՝ gachupin): Այդ անվանումը ունեցել է արհամարհական երանգավորում։ 19-րդ դարի սկզբին նրանց թվաքանակը կազմում էր մոտավորապես 15000։ Այդ դասակարգը հիմնականում կազմված էր պալատական ազնվականությունից և խոշոր ձեռնարկատերերից, ովքեր զբաղեցնում էին վարչական, ռազմական և եկեղեցական բարձրագույն գրեթե բոլոր պաշտոնները[7]։

Գաղութի կյանքում կարևոր դեր էր կատարում կրեոլական բնակչությունը՝ իսպանացիների սպիտակ սերունդները, ովքեր ծնվել էին գաղութում։ Կրեոլների թվաքանակը կազմում էր մոտավորապես 1,1 միլիոն մարդ։ Չնայած անվանապես կրեոլներին տրված էր նույն այն իրավունքներն, ինչ ունեին մետրոպոլիայի իսպանացիները՝ իրականում նրանք ենթարկվում էին խիստ տարանջատման և միայն բացառիկ դեպքերում էին նշանակվում բարձր պաշտոններում։ Ամբողջ գաղութային ժամանակաշրջանում 61 փոխարքայից միայն 3-ն էին կրեոլներ, 171 եպիսկոպոսներից՝ միայն 41-ը։ Բնակչության այդ շերտից էր դուրս գալիս կալվածատերերը։ Նրանք լրացնում էին գաղութային մտավորականության շարքերը, զբաղեցնում էին վարչական ապարատի, եկեղեցու և բանակի պաշտոններ[7]։

 
Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճար, Մեխիկո, Մեքսիկա

Մետիսական բնակչությունը զրկված էր քաղաքացիական իրավունքներից։ Մետիսներն ու մուլատները իրավունք չունեին դառնալ պաշտոնատար անձինք կամ սպաներ, իրավունք չունեին մասնակցել ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Նրանք զբաղվում էին արհեստներով, տարբեր տեսակի առևտրով, ծառայում էին որպես ղեկավարներ ու հրահանգիչներ, կազմում էին փոքր հողագերծների մեծ մասը՝ ռանչերո[8]։

Եկեղեցու դերը խմբագրել

Նոր Իսպանիայի հիմնական ինստիտուտներից մեկը հանդիսանում էր Հռոմի կաթոլիկ եկեղեցին։ Վերջինի վերահսկողության ներքո էր գտնվում ամբողջ հոգևոր կյանքը։ Եկեղեցին կառավարում էր ուսումնական հաստատությունները, ինկվիզիցիայի միջոցով իրականացնում էր գրաքննություն։ 18-րդ դարի վերջին եկեղեցուն էր պատկանում գաղութի ամբողջ անշարժ գույքի կեսը։ Սակայն եկեղեցական միջոցների հիմնական մասն օգտագործվել է հիպոտեկային և վարկային գործարքներում՝ դրամական վարկեր և հողագործների սեփականության գրավով փոխառություններ, առևտրային ձեռնարկությունների, արտադրության, գյուղատնտեսության ֆինանսավորում[9]։

Հոգևորականությունը ուներ մի շարք արտոնություններ. չէր հարկվում և անձին կամ սեփականությանը առնչվող բոլոր դատական գործընթացներում օգտվում էր հատուկ օրենսդրությունից։ Առավել մեծ ազդեցություն ունեին առավելապես կլիրկները, որոնք եկել էին մետրոպոլիայից։ Ստորին հոգևորականությունը, որը կազմված էր կրեոլներից ու մետիսներից, ստիպված էր ապրել աղքատիկ ողորմության և հավատացյալների հանգանակությունների շնորհիվ։ Այդպիսով, ծխական քահանայի տարեկան եկամուտը փոքր-ինչ գերազանցում էր հանքագործի տարեկան եկամտից[9]։

Իսպանական կաթոլիկությունը հեշտորեն խառնվում էր տեղաբնիկների հեթանոսության հետ։ Միսիոներները բոլոր հին հեքիաթներն ու սովորությունները հարմարեցրել էին քրիստոնեական ուսմունքի հետ։ Հավատափոխ հնդկացիներն ազատվում էին հարկերից։ Բայց Չիապասի և հարավային Յուկատանի անտառային շրջաններում բնակվում էին ցեղեր, որոնց չէր հասել քրիստոնեությունը։ Միսիոներների հեռանալուց հետո հնդկացիները արագորեն վերադառնում էին իրենց հավատալիքներին[10]։

Տնտեսություն խմբագրել

 
Տեպոցոտլանի գաղութային շուկայի մոդել

Նոր Իսպանիայի փոխարքայության տնտեսական կյանքը ենթարկվում էր մետրոպոլիայի շահերին, որի համար այն առաջին հերթին թանկարժեք մետաղների աղբյուր էր, այդ իսկ պատճառով դրանց արդյունահանումը դարձավ տնտեսության կարևորագույն ճյուղը[8]։ Հանքերը հանդիսանում էին թագավորի սեփականությունը, սակայն գործնականում մարդ, ով հանք էր բացել, մշտական տնօրինման համար ստանում էր այն և պարտավոր էր թագին տալ օգուտի միայն մեկ հինգերորդ մասը։ 16-րդ դարում հանքերի արյդունահանումը կազմել էր 2 միլիոն պեսո, իսկ 18-րդ դարում այդ ցուցանիշն աճել էր մինչև 13 միլիոն պեսո[11]։

Հանքերում ռեպարտիմենտոյի կարգավիճակով աշխատող և գլխավորապես օժանդակ գործառույթներ իրականացնող հնդկացիներից բացի ներգրավված էին նաև այլ էթնիկ խմբերի հանքագործ ներկայացուցիչներ։ Գյուղացիական հողի օտարման գործընթացով և քաղաքային բնակչության աղքատացումով աշխատուժի առաջարկն աճեց, և հանքաարդյունաբերական արտադրության ոլորտում պեոնաժը ճնշվեց առավել էժան աշխատուժով։ Օրինակ, Գուանախուատոյի հանքերում, որոնք 18-րդ դարի վերջում տալիս էին Ամերիկայի ոսկու և արծաթի ամբողջ արդյունահանման վեցերորդ մասը, 1792 թվականին այնտեղ աշխատող 4659 հանքագործների մեծ մասը՝ 4536-ը կազմում էին կրեոլները, մետիսներն ու մուլատները[12]։

Փոխարքայության վերամշակվող արդյունաբերությունը զարգանում էր դանդաղ։ Առաջին արտադրողները ի հայտ եկան 16-րդ դարում, բայց հիմնականում տնօրինում էին փոքր արհեստանոցներ։ Դրանց աշխատողները միավորվում էին արտադրամասերում, որոնց կաանոնադրությունը կարգավորում էր այնպիսի հարցեր, ինչպիսիք են արտադրության ծավալը, որակը, չափը և արտադրանքի գույնը[13]։ Քանի որ բացի գունավոր մետաղներից թույլատրվում էր արտահանել միայն որդաներկ ու ինդիգո, արդյունաբերությունը չէր զարգանում այնքան, որքան պաշահնջում էր ներքին շուկան[14]։

Որպեսզի գաղութային արտադրանքի մրցակցությունից խուսափեն, իսպանական իշխանությունները Նոր Իսպանիայում արգելեցին աճեցնել խաղող, զեյթուն, կանեփ, կտավատ։ Թույլատրվում էր աճեցնել միայն այնպիսի մշակաբույսեր, որոնք չէին աճում Իսպանիայում։ Այդ սահմանափակումները խանգարում էին գյուղատնտեսական արտադրության զարգացմանը[15]։ 1-րդ դարից հետո գյուղատնտեսությունը գործնականում դադարեց զարգանալ։ Արտադրության ուղղությամբ աշխատում էին միայն «ռանչերոս» փոքր ֆերմերները։ Հնդկացիները հնարավորություն չունեին գնել գյուղատնտեսական որակյալ գործիքներ, մշակաբույսեր և ընտանի կենդանիներ։ Գյուղատնտեսության տիպային ձև դարձավ հասիենդան։ Այն բավարարում էր հողատիրոջ ու նրա ընտանիքի հիմնական պահանջմունքները, իսկ պիոնները ձեռք էին բերում իրենց համար անհրաժեշտ տնտեսական կրպակներ՝ այդպիսով ավելացնելով իրենց պարտքը[14]։

Հաղորդակցության միջոցները մնում էին նախնադարյան մակարդակի. ճանապարհները էին կառուցվում ընդհուպ մինև 18-րդ դարը։ Ապրանքները փոխադրվում էին ջորիներով[14]։ Գաղութային ժամանակաշրջանի գերակշիռ մասում Նոր Իսպանիայի տնտեսական կապերը հիմնականում սահմանափակվում էին մետրոպոլիայի հետ առևտրային հարաբերություններով, որոնք իրականացվում էին Վերակրուսի և իսպանական Սևիլյա նավահանգստով, իսկ 1717 թվականին Կադիսի իջոցով։ Օտար երկրների և իսպանական այլ գաղութների (բացի Ֆիլիպինների) հետ ուղիղ առևտուրն արգելվում էր։ Բոլոր ապրանքները հարկվում էին բարձր մաքսատուրքերով։ Բացի այդ, դրանց վաճառքից և վերավաճառքից հարկվում էր հատուկ տուրք՝ ալկաբալա, որի չափը 17-ից 18-րդ դարերի ժամանակահատվածի մեծ մասի ու 19-րդ դարի առաջին տասնամյակի ժամանակ կազմել է արժեքի 6 %-ը։ Դեպի մետրոպոլիա և հակառակ ուղղությամբ ապրանքները փոխադրվում էին հատուկ նավախմբերով ընդհուպ մինչը 18-րդ դարի վերջին քառորդը, իսկ Ֆիլիպինների հետ՝ Ակապուլկո նավահագնստովայսպես կոչված Մանիլյան գալերաներով[16][17]։ Բարձր հարկերի և մեծածախ մոնոպոլիստների ազդեցության պատճառով գներերեք-չորս անգամ ավելի բարձր էին, քան Եվրոպայում[18]։

Երկրի տնտեսական զարգացումը դանդաղեցնող բազմաթիվ արգելքներն ու սահմանափակումները ամեն դեպքում չկարողացան կանգնացնել արտադրական ու արհեստագործական արտադրությունը, առևտուրը, գյուղատնտեսության աճը, որը նկատվում էր Նոր Իսպանիայում 18-րդից 19-րդ դարերում[19]։

1765-ից 1778 թվականներին իրականացվեցին մի շարք ազատական փոփոխություններ։ Գաղութներին իրավունք տրվեց առևտուր կատարել իսպանական բոլոր նավահանգիստների հետ, Ամերիկայի իսպանական գաղութներին թույլատրվեց իրար հետ առևտուրը, նավախմբերի համակարգը չեղյալ հայտարարվեց, չեղարկվեցին որոշ հարկեր և նվազեցվեցին այլ հարկերի դրույքաչափերը։ Այդ միջոցառումները նպաստեցին առևտրի ակտիվացմանը[20][21]։ Սակայն գաղութային կարիքների ծավալն ապահովելու մետրոպոլիայի չկարողանալը հանգեցրեց մաքսանենգության աճի, որտեղ առաջին տեղը զբաղեցնում էին անգլիացիները։ Այդպիսի դրությունը պահպանվել է մինչև անգլո-իսպանական պատերազմը։ Առևտրի ազատականացումը խթանեց արտադրությանը և գյուղատնտեսությանը[22]։

Մշակույթ խմբագրել

1536 թվականին Տլատելոլկոյում գտնվող ֆրանցիսկյան վանական համալիրում ստեղծվեց Սատա Կրուսի առաջին քոլեջը, որը սկսեց 60 հնդկացիների ուսուցումը։ 1553 թվականի հունիսի Մեխիկոյում բացվեց համալսարան, որն ուներ չորս ամբիոն՝ աստվածաբանություն, իրավաբանություն, արվեստ և բժշկություն։ Արվեստի ամբիոնում սովորեցնում էին լատիներեն, հռետորաբանություն, տրամաբանություն, թվաբանություն ու եկրաչափություն, աստղագիտություն, երաժշտություն[23]։ 18-րդ դարում սկզբնական դպրոցները հաշվվում էր ընդամենը 10-ը[24]։ 1538 թվականին Մեխիկոյում հայտնվում է Նոր աշխարհում առաջին տպարանը։ 16-րդ դարի ընթացքում գաղութում հրատարակվել է 114 գիրք։ Այդ ժամանակ հայտնվում են մի շարք վավերագիրներ՝ Տորիբիո դե Բենավենտեն Բեռնարդինիո դե Սաագունը, այդ թվում՝ հնդկական՝ Ֆեռնանդո դե Ալվա Իշտլիլշոչիտելը[25]։

Մշակաբույսերի ուսումնասիրության գործում հսկայական աշխատանք կատարեց Ֆրանսիսկո Էռնանդեսի «Նոր Իսպանիայի բույսերի պատմություն» աշխատությունը (1570 - 1577)[26], որը գրվել է Ֆիլիպ II-ի պատվերով։ Գրքի մեջ ներառված են առավել քան 3000 բույսեր ու 500 կենդանիներ, որոնք գոյություն են ունեցել ժամանակակից Մեքսիկայի տարածքում։ Միևնույն ժամանակ, բայց բույսերի մասին առավել հակիրճ աշխատանք է կատարել Բեռնարդինիո դե Սաագունը՝ գրելով իր ֆունդամենտալ աշխատությունը՝ «Նոր Իսպանիայի ընդհանուր գործեր» (1576)։ Նշված երկու գրքերը հիմնված էին իրենց շրջապատող միջավայրի մասին ացտեկներ վկայությունների վրա և հետևաբար առկա են այնպիսի տեղեություններ, որոնքչեն ենթարվել եվրոպական ազդեցության[27]։ Հետագայում Սագուանի ձեռագիրը մոռացության ենթարկվեց, բայց Էռնանդեսի գիրքը բազմիցս վերարտադրել են այլ գիտնականներ ինչպիսիք են Խոսե դե Ակոստան, Նարդո Անտոնիո Ռեկին, Ֆաբիո Կոլոնան, Հայմե Օնորատո Պոմարը, Գրեգորիո Լոպեսը, Ֆեդերիկո Չեզին, Խուան Բարիոսը, Յոհան դե Լայետը, Յոհան Էուսեբիո Ներեմբերգը, Վիլյամ Պիզոն, Ռոբերտ Լավելը, Ջոն Ռայը, Ջեյմս Նյուտոնը և ուրիշներ[28][29]։

Պոեզիան հիմնականում կազմված էր քրիստոնեական մտորումներից և ստեղծագործություններից, որոնք գովերգում են միապետներին, գերակշռում էր Կառլոս դե Սիգուեա ի Գոնգորայի հնարած ոճը։ Այդ համատեքստում աչքի էր բանաստեղծուհի Խուան Ինես դե լա Կրուսը, ում սիրային քնարերգություններն առանձնանում էին նրբանկատությամբ և զգացմունքային խորությամբ[30]։ Լայն տարածում գտավ թատրոնը, որը հնդկացիներին քրիստոնեություն քարոզելու համար ն օգտագործվում էր միսիոներների կողմից։ Մասնավորապես բեմադրվում էին աստվածաշնչյան տեսարաններ պարունակող ներայացումներ[31]։

Նոր Իսպանիայի մեծագույն ստեղծագործությունը դարձավ մեքսիկական բարոկկո ոճի ճարտարապետությունը։ Իսպանական և հնդկացիական ավանդույթների ներդաշնակմամբ ծնվեց չուրիգերեսկո ոճը։ Այդ ոճին բնորոշ է գեղեցկության և ճող զարդաքանդակների հանդեպ սեր[32]։

Կառավարիչներ խմբագրել

Փոխարքաներ

Նոր Իսպանիայի փոխարքաների ցանկ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дюверже, 2005, էջ 132
  2. 2,0 2,1 2,2 Альперович, 1979, էջ 5
  3. 3,0 3,1 Humboldt, 1811, էջ 356
  4. Steckel, 2000, էջ 264
  5. Альперович, 1979, էջ 6
  6. Альперович, 1979, էջ 6—7
  7. 7,0 7,1 7,2 Альперович, 1979, էջ 8
  8. 8,0 8,1 Альперович, 1979, էջ 9
  9. 9,0 9,1 Альперович, 1979, էջ 12
  10. Паркс, 1949, էջ 11—12
  11. Паркс, 1949, էջ 107—108
  12. Альперович, 1979, էջ 17
  13. Альперович, 1979, էջ 9—10
  14. 14,0 14,1 14,2 Паркс, 1949, էջ 106
  15. Альперович, 1979, էջ 10
  16. Альперович, 1979, էջ 10—11
  17. Паркс, 1949, էջ 108
  18. Паркс, 1949, էջ 108—109
  19. Альперович, 1979, էջ 14
  20. Альперович, 1979, էջ 15
  21. Паркс, 1949, էջ 131
  22. Альперович, 1979, էջ 16
  23. Ларин, 2007, էջ 276
  24. Паркс, 1949, էջ 114
  25. Ларин, 2007, էջ 277—282
  26. «Historia de las Plantas de la Nueva España de Francisco Hernández». Universidad Nacional Autónoma de México. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  27. «Всеобщая история вещей Новой Испании, написанная братом Бернардино де Саагуном: Флорентийский кодекс». Всемирная цифровая библиотека. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  28. López Piñero J. M., Pardo Tomás J. La influencia de Francisco Hernández (1512-1587) en la constitución de la botánica y la materia médica modernas. — Universitat de València, 1996. — ISBN 9788437026909
  29. The Mexican Treasury: The Writings of Dr. Francisco Hernández / Ed. S. Varey. — Stanford University Press, 2000. — ISBN 9780804739634
  30. Паркс, 1949, էջ 115
  31. Ларин, 2007, էջ 283
  32. Паркс, 1949, էջ 116


Գրականություն խմբագրել

  • Альперович М. С. Рождение Мексиканского государства. — М.: Наука, 1979. — 168 с. — (Страны и народы).
  • Дюверже К. Кортес / Пер. М. В. Глаголева. — (Серия «Жизнь замечательных людей»). Вып. 1125 (925). — М.: Молодая гвардия, 2005. — 304 с.
  • Ларин Е. А. Всеобщая история: латиноамериканская цивилизация: Учеб. пособие. — М.: Высшая школа, 2007. — 494 с. — ISBN 9785060056846
  • Паркс Г. История Мексики / Пер. Ш. А. Богиной. — М.: Издательство иностранной литературы, 1949. — 364 с.
  • Humboldt A. Political essay on the kingdom of New Spain / Trans. by John Black. — London: Printed for Longman, Hurst, Rees, Orme, and Brown; and H. Colburn: W. Blackwood, and Brown and Crombie, Edinburgh, 1811. — Vol. II. — 531 p.
  • A Population History of North America / Ed. Steckel R., Haines M. — Cambridge University Press, 2000. — 736 p. — ISBN 0521496667
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Իսպանիայի փոխարքայություն» հոդվածին։