Նիկոլայ Եգորովիչ Մակովսկի (ռուս.՝ Николай Егорович Маковский, ապրիլի 28 (մայիսի 10), 1841, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 6 (18), 1886, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիրներից մեկը։ Հայտնի նկարիչներ Կոնստանտին Մակովսկու և Վլադիմիր Մակովսկու եղբայրն է[1]։

Նիկոլայ Մակովսկի
Николай Маковский
Ծնվել էապրիլի 28 (մայիսի 10), 1841
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 6 (18), 1886 (45 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրկենցաղանկար, քաղաքային բնանկար
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
ՀայրEgor Makovsky?
 Nikolay Makovsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Կոլոմենսկոյեի Դյակովո գյուղի եկեղեցին (1872) - Տրետյակովյան պատկերասրահ
 
Նիկոլայ Մակովսկի, հոր՝ Եգոր Մակովսկու ջրանկարը[2] (մոտ 1850)

Նիկոլայ Մակովսկին ծնվել է 1841 թվականի ապրիլի 28-ին (մայիսի 10-ին) Մոսկվայում՝ Եգոր Մակովսկու ընտանիքում։ Վերջինս մասնագիտությամբ հաշվապահ էր, զբաղվում էր նկարչությամբ, եղել է հավաքորդ և հասարակական գործիչ, մասնակցել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի հիմնադրմանը։ Նիկոլայ Մակովսկին նկարիչներ Ալեքսանդրա և Կոնստանտին Մակովսկիների կրտսեր և Վլադիմիր Մակովսկու ավագ եղբայրն է[3]։

Նիկոլայ Մակովսկին նախնական կրթությունն ստացել է Մոսկվայի ճարտարապետության արքունական ուսումնարանում, 1859-1866 թվականներին սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ճարտարապետության բաժնում, որն ավարտելիս ստացել է ոչ դասային (ազատ) նկարչի կոչում, ով իրավունք ունի կառուցել շենքեր։ 1865 թվականին 150 հավատացյալների համար նախատեսված գյուղական քարե եկեղեցու նախագծի համար պարգևատրվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի փոքր արծաթե մեդալով։

1866 թվականին ակադեմիան ավարտելուց հետո որպես ճարտարապետի օգնական աշխատանքի է ընդունվել Կայսերական պալատի նախարարությունում, սակայն շուտով թողել է շարտարապետությունն ու սկսել զբաղվել նկարչությամբ[4]։ 1870 թվականին մի խումբ այլ նկարիչների հետ ստորագրել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կանոնադրությունը՝ դրանով իսկ դառնալով ընկերության համահիմնադիրներից մեկը։ 1872 թվականին հեռացվել է ընկերությունից ցուցահանդեսներին չմասնակցելու պատճառով, 1875 թվականին կրկին սկսել է մասնակցել ցուցահանդեսներին, սակայն ընկերության անդամ է դարձել միայն 1879 թվականին[5]։

1872 թվականին «Մոսկվայի նահանգի Դյակովո գյուղի եկեղեցին» (ռուս.՝ «Вид церкви в селе Дьякове Московской губернии») նկարի համար Գեղարվեստի կայսերական ակադեմիայի կողմից ճանաչվել է III աստիճանի դասային նկարիչ, իսկ մեկ տարի անց «Տեսարան Մոսկվայում» (ռուս.՝ «Вид Москвы») նկարի համար արդեն ստացել է II աստիճանի դասային նկարչի կոչում[6]։ 1873-1874 թվականներին եղբոր՝ Կոնստանտին Մակովսկու հետ մեկնել է Եգիպտոս, շատ է ճանապարհորդել Ռուսաստանում ու Ուկրաինայում, մի քանի ամիս անցկացրել է Փարիզում՝ ռուսական գաղութի նկարիչների շրջանում, որտեղ գեղանկարչությամբ է զբաղվել Ալեքսեյ Բոգոլյուբովի ղեկավարությամբ։

Նիկոլայ Մակովսկու նկարներից շատերը ցուցադրվել են պերեդվիժնիկների ցուցահանդեսներում։ Դրանցից առավել հայտնի են հետևյալները՝ «Փողոց Կահիրեում», «Նիժնի Նովգորոդ» (գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա), «Տոնավաճառ Մալոռոսիայում»[6]։

Նիկոլայ Մակովսկին մահացել է 1886 թվականի հոկտեմբերի 6-ին (հոկտեմբերի 18-ին) Սանկտ Պետերբուրգում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Коптева Анастасия. «Династия Маковских: передавая таланты по наследству» (ռուսերեն). Краснодарская краевая универсальная научная библиотека им. А. С. Пушкина. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին.
  2. «Выставка «Художники Маковские» (2008-2009)» (ռուսերեն). Государственный Русский музей. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին.
  3. Пресс-служба ГРМ Выставка «Семья Маковских»(ռուս.) // Электронное издание «Культурное Наследие». — 2008. — В. 8 декабря. — ISSN 1684-9574.
  4. Маркина, Татьяна. Выставка трёх поколений(ռուս.) // Журнал «Коммерсантъ-Weekend». — М: Издательский дом «Комерсантъ», 2008. — № 48 (94) от 12 декабря.
  5. «Маковский Николай Егорович. Биография». Произведения искусства из собрания Рыбинского государственного историко-архитектурного и художественного музея-заповедника (ռուսերեն). ФГУ «Государственный научно-исследовательский институт информационных технологий и телекоммуникаций». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին.
  6. 6,0 6,1 Сомов А. И. Маковский // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах = Энциклопедическій словарь / под редакцией К. К. Арсеньева и Ф. Ф. Петрушевского. — СПб.: Ф.А. Брокгауз (Лейпциг), И.А. Ефрон (Санкт-Петербург), 1896. — Т. XVIII (35) «Лопари – Малолетние преступники». — С. 429. — 480 с.(չաշխատող հղում)

Աղբյուրներ խմբագրել

  • Сомов А. И. Маковский // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах = Энциклопедическій словарь / под редакцией К. К. Арсеньева и Ф. Ф. Петрушевского. — СПб.: Ф.А. Брокгауз (Лейпциг), И.А. Ефрон (Санкт-Петербург), 1896. — Т. XVIII (35) «Лопари – Малолетние преступники». — С. 429. — 480 с.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Մակովսկի» հոդվածին։