Նեֆրոն, երիկամի կառուցվածքային և ֆունկցիոնալ միավոր։ Մասնակցում է մեզի առաջացմանը՝ ջրի, հանքային աղերի և օրգանական նյութերի ընտրողական թափանցելիության կարգավորման միջոցով։ Պատասխանատու է նաև մի շարք կենսաբանական ակտիվ նյութերի սինթեզի համար։ Նեֆրոնի աշխատանքի շնորհիվ կարգավորվում է ջրի, հանքային նյութերի, արգասիքների քանակն օրգանիզմում, արյան ճնշումը, արյան թթվահիմնային ռեակցիան։

Նեֆրոնի կառուցվածքը 1. կծիկ, 2. տանող զարկերակիկ, 3. պատիճ, 4. առաջին կարգի ոլորուն խողովակիկ, 5. հավաքող խողովակի կեղևային մաս, 6. երկրորդ կարգի ոլորուն խողովակիկ, 7. Հենլեի կանթ, 8. Բելինիի ծորան, 9. հարխողովակային մազանոթներ, 10. երակ, 11. զարկերակ, 12. բերող զարկերակիկ, 13. կծիկամերձ համակարգ
Կեղևային և միջուկամերձ նեֆրոնների կառուցվածքը
Երիկամային մարմնիկ. կարմիրով նշված է մալպիգյան կծիկը, որը շրջապատված է պատիճի երկշերով

Կառուցվածք խմբագրել

Մարդու յուրաքանչյուր երիկամում նեֆրոնների քանակը 800,00-ից 1,5 միլիոն է[1]։ Նեֆրոնը կազմված է երիկամային մարմնիկից և խողովակիկներից։

Երիկամային մարմնիկը կազմված է Շումլյանսկ-Բոումենի պատիճից և մալպիգյան կծիկից։ Պատիճն իրենից ներկայացնում է երկշերտ կույր գոյացություն, որի մեջ մտնում է բերող զարկերակիկը և բաժանվում մոտ 50 մազանոթների (մալպիգյան կծիկ)։ Վերջիններս կրկին միանում են իրար և ստեղծում արտատար զարկերակիկը։ Շումլյանսկ-Բոումենի պատիճից սկիզբ է առնում առաջին կարգի ոլորուն (մերձադիր) խողովակը, որը մտնելով երիկամի միջուկային գոտի, առաջացնում է Հենլեի կանթը։ Վերջինս ունի վարընթաց և վերընթաց հատվածներ։ Վարընթաց հատվածը երիկամի միջուկային շերտում թեքվում է 180 աստիճանի տակ և վերև բարձրանալով առաջացնում Հենլեի վերընթաց հատվածը։ Վերջինս մտնելով երկմանի կեղևային գոտի, սկիզբ է տալիս երկրորդ կարգի ոլորուն (հեռադիր) խողովակիկին, որն էլ այլ նման խողովակիկների հետ բացվում է հավաքող խողովակի մեջ։

Հենլեի վերընթաց խողովակը բաղկացած է ստորին՝ բարակ և վերին՝ հաստ հատվածներից։ Հավաքող խողովակները նեֆրոնի կազմի մեջ չեն մտնւոմ, սակայն այստեղ կատարվում են բազմաթիվ կարևոր ֆիզիոլոգիական գործընթացներ՝ կապված մեզի առաջացման հետ[2]։ Պատիճից դուրս եկող տանող զարկերակի, պատիճի ր հեռադիր ոլորուն խողովայի մի հատվածի միջև առաջանում է յուրահատուկ նյարդաներզատական օրգան՝ կծիկամերձ (յուքստագլոմերուլային) համակարգ։

Երիկամային մարմնիկի մալպիգյան կծիկի մազանոթների և պատիճի միջև տարածությունները լցված են յուրահատուկ մեզանգիալ բջիջներով։

Գործառույթ խմբագրել

Յուրաքանչյուր նեֆրոն կազմված է կծիկային ապարտից, որը կատարում է արյան ֆիլտրացում, մոտակա ոլորուն խողովակից, Հենլեի կանթից, հեռակա ոլորուն խողովակից, հավաքող խողովակից, որոնք միասին պատասխանատու են ջրի և էլէկտրոլիտների հետներծծման համար, որոնք ֆիլտրվել էին կծիկային ապարատում։ Նորմայում ֆիլտրացիայի արագությունն է 120մլ/րոպե, իսկ մեկ օրվա ընթացքում ֆիլտրվում է 170 լիտր պլազմա, որից 99%-ը հետ է ներծծվում։ Ֆիլտրվելուց հետո մեզը հավաքող խողովակներով լցվում է երիկամի ավազան, իսկ հետագայում դեպի միզածորաններ[3]։

Ընդհանուր առմամբ երիկամները կարգավորում են թթվա-հիմնային հաշվեկշիռը, կալցիումի և ֆոսֆատի մակարդակը, վիտամին D նյութափոխանակությունը, էրիթրոցիտների արտադրությունը։ Երիկամները կարգավորում են արյան ճնշումը ռենին-անգիոտենզին-ալդոստերոնային համակարգի միջոցով[3]։

Տեսակներ խմբագրել

Տարբերում են երեք տեսակի նեֆրոններ.

  1. Մակերեսային՝ կազմում են նեֆրոնների 20-30 %-ը, երիկամային մարմնիկները գտնվում են երիկամների կեղևային գոտու մակերեսային շերտում, ունեն կարճ Հենլեի կանթ, որը շատ քիչ է թափանցում միջուկային գոտի։
  2. Կեղևային (ներկեղևային)՝ կազմում են նեֆրոնների 60-70 %-ը, երիկամային մարմնիկները տետղակայված են կեղևային շերտում, Հենլեի կանթը քիչ է թափանցում միջուկային գոտի։
  3. Միջուկամերձ՝ կազմում են նեֆրոնների 10-15 %-ը, մարմինկները տեղակայված են կեղևային շերտի ամենախորը գոտում, մոտ են գտնվում միջուկային գոտուն։ Սրանք մասնակցում են մեզի նոսրացմանն ու խտացմանը։ Ունեն երկար Հենլեի կանթ, որը թափանցում է ամբողջ միջուկային գոտու միջով։ Միջուկամերձ նեֆրոնների մոտ արտատար զարկերակիկը կրկնակի մազանոթային ցանց չի ստեղծում։

Կարգավորում խմբագրել

Նեֆրոնների աշխատանքը կարգավորվում է հումորալ տարբեր գործոններով՝ ալդոստերոնով, հակամիզամուղային հորմոնով, նատրիումամուղ հորմոնով (նատրիումուրետիկ հորմոն), պարաթհորմոնով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Guyton, Arthur C.; Hall, John E. (2006). Textbook of Medical Physiology. Philadelphia: Elsevier Saunders. p. 310. ISBN 0-7216-0240-1.
  2. Hook, Jerry B. & Goldstein, Robin S. (1993). Toxicology of the Kidney . Raven Press. p. 8. ISBN 0-88167-885-6.
  3. 3,0 3,1 Brian R.Walker, Nicki R.Colledge, Stuart H.Ralston, Ian D,Penman (2014). Davidson's Principles and Practice of Medicine. Elsevier. էջ 464. ISBN 978-0-7020-5047-3.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(անգլ.)
  4. Maton, Anthea; Jean Hopkins; Charles William McLaughlin; Susan Johnson; Maryanna Quon Warner; David LaHart; Jill D. Wright (1993). Human Biology and Health. Englewood Cliffs, New Jersey, USA: Prentice Hall. ISBN 0-13-981176-1

Արտաքին հղումներ խմբագրել