Նետաբույս եռատերև

բույսերի տեսակ
Նետաբույս եռատերև
Նետաբույս եռատերև
Նետաբույս եռատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովվափողածաղկավորներ (Alismatales)
Ընտանիք Հովվափողազգիներ (Alismataceae)
Ցեղ Sagittaria
Տեսակ Նետաբույս եռատերև (S. trifolia)
Միջազգային անվանում
Sagittaria trifolia
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Նետաբույս եռատերև (լատին․՝  Sagittaria trifolia L.), հովվափողազգիների (Alismataceae) ընտանիքի բազմամյա, երկշաքիլ, կոճղարմատավոր մոլախոտ, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ջրային բույս է, աճում է հիմնականում ճահիճներում ու բրնձի դաշտերում, նաև խոնավ, գերխոնավ և ճահճացման ենթակա հողերում։ Բույսը շատ խոնավասեր է։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա, գեղազարդային, դեղատու, առանց լողացող և ստորջրյա տերևների ջրային կամ ճահճային բույս է, որն ունի ստորգետնյա պալարանման կոճղարմատ։ Վերջրյա տերևները նետանման են, նեղ բլթակներով։ Ծաղկաբույլը պարզ կամ թույլ ճյուղավորված է, պսակաթերթերը՝ սպիտակ, փոշանոթները՝ դեղին։ Պտղիկները հակաձվաձև են, լայնթևավոր, կտրատված եզրերով և կարճ, սուր, թեք կտուցով[1]։ Կոճղարմատ բավականին հաստ ու կարճ է։ Աճում է մինչև ամառվա վերջ և սննդանյութեր կուտակում։ Այնուհետև մինչև ձմեռումը առաջացնում է սողացող երկար ստորգետնյա ընձյուղներ։ Բույսն իր ծայրին կրում է պալարանման գոյացումներ՝ բողբոջներ, որոնցից թե՛ ստորգետնյա և թե՛ վերգետնյա օրգաններն են առաջանում։ Ցողունները անտերև են՝ մինչև 100 սմ բարձրությամբ։ Ցողունահանգույցներն իրենց վրա կրում են տերևաթեփուկներ, որոնցից դուրս են գալիս ծաղկափթթությունները։ Ունի նետաձև, կոթունավոր տերևներ։ Ծաղկակիր ցողունի վերին մասում տեղավորված են արական, իսկ ներքին մասում՝ իգական ծաղիկները, որոնք հիմնականում սպիտակ են։ Պտուղը լայն-եռանկյունաձև, թևավոր սերմիկ է[2]։

Կազմակերպելով և′ վերգետնյա, և′ ստորգետնյա բավականին հզոր զանգված՝ այն ոչ միայն ուժեղ ճնշում է մշակովի բույսերին, այլև թեկուզ բավարար խոնավության դեպքում խիստ չորացնում է հողը[2]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկիկան շրջանում (Օրան-Լորի, Կլին)։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևմտյան, Արևելյան և Հարավային Կովկասը, Թալիշը, Սև ծովի առափնյա մասը, Աստրախանը, Սիբիրը, Միջին և Կենտրոնական Ասիան, Իրանը, Հիմալայները, Հնդկաստանը, Հնդկաչինը, Ճապոնիան և Չինաստանը[1], տարածված է արևադարձային, խոնավ գոտիներում՝ Հարավային Ուկրանիայում, Հեռավոր Արևելքում, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Անդրբայկալում[2]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա, ճահիճներում, ծանծաղ լճերի և ջրավազանների ափերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին։ Աշնանը տերևածոցերից դուրս եկող ընձյուղների ծայրերին առաջացող պալարանման գոյացությունները ուտելի են և մշակված վիճակում օգտագործվում են սննդի մեջ[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Համարյա անհետացած է Լոռու սարահարթի լճերում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ CITES-ի, Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, Ռ․Ս․ Կարապետյան Լույս հրատարակչություն, Երևան-1980