Նեոռենեսանս (անգլ.՝ Neo-Renaissance), 19-րդ դարում տարածում գտած նոր ոճի պայմանական անվանում։ Ոճի հիմքը կազմում է իտալական Վերածննդի ճարտարապետությունը. այստեղից էլ ծագել է անվանումը[1]։ Ի տարբերություն 16-րդ դարի հռոմեական կլասիցիզմի՝ 17-րդ դարի կլասիցիզմը և 18-րդ դարի նեոկլասիցիզմը շինությունների կոմպոզիցիայում, ինտերիերի, կահույքի ձևավորման մեջ, դեկորատիվ-կիրառական արվեստում էկլեկտիկայի միջոցով միավորում էր Հյուսիսային Վերածննդի արվեստի (Ֆլանդրիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Անգլիա) գոթական մոտիվները, ֆրանսիական Վերածննդի և գերմանական բարոկկոյի ձևերը[2]։

Շվերինյան պալատ, Գերմանիա

Արևմտյան Եվրոպայում նեոռենեսանսի ճարտարապետական ոճը տարբեր ձևեր է ստացել՝ կախված միջնադարյան ու Վերածննդի արվեստի տեղական ավանդույթներից։ Սովորաբար առանձնացնում են երկու ուղղություն, որոնք պայմանակնորեն կոչվում են իտալական և գերմանական։ Առաջինին առավել բնորոշ են համաչափությունը, ռացիոնալ համամասնությունները, որմնասյուներով օրդերները, ռուստիկան, կամարակապ և վենետիկյան պատուհանները։ Գերմանական ուղղությանը բնորոշ են ուղղահայացությունը (ի տարբերություն իտալական հորիզոնականության), աշտարակները, շինությունների անկյունաձև ելուստները, ունելիքի տեսքով բարձր տանիքները, էրկերները։ Գունային երանգավորումը բնորոշվում է կարմիր աղյուսի և սպիտակ քարի համադրմամբ, որը հաճախ սպիտակ գծեր է առաջացրել. այն կոչվել է «որձաքարի շերտ» (հոլ.՝ speklagen):

Նախահիմք և ոճի զարգացում խմբագրել

Նեոռենեսանս ուղղությունը հիմնադրվել է Ֆրանսիայում։ Այն կապում են ռոմանտիզմի գաղափարախոսության, մասնավորապես Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» (1831) գրքի հետ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել այսպես կոչված «տրուբադուրների ոճի» նկատմամբ։ Այս ոճով ձևավորված ինտերիերի ոճը սկսել են անվանել ֆրանսիական նեոռենեսանս։ Այդպիսի ինտերիերում նեոգոթական կահույքը տեղադրել են Հենրի IV-ի և Լյուդովիկոս ХIII-ի ռենեսանսային ոճի աշխատասենյակներում։ Գերմանիայում այս ոճը սկսել են անվանել հին գերմանական (գերմ.՝ Altdeutsch)[3][4]:

 
Մենտմոր ամրոց, Անգլիա

Անգլիայում Վերածննդի ազատ վերահառնումը (Free Renaissance revivals) անվանել են վիկտորյանական ոճի զարգացման վերջին փուլ (1870-1900)։ Ավստրիայում նեոբարոկկո ոճի ծանր ու կոպիտ կահույքն անվանել են «վիեննական վերածննդի» ոճի։ Արդյունաբերական տեխնոլոգիաների զարգացումը 19-րդ դարի կեսերին թույլ է տվել մեծացնել դեկորատիվ-կիրառական արվեստի ամենատարբեր ոճերի գործերի քանակը՝ օգտագործելով տարբեր նյութեր և մշակման եղանակներ։ Այդպիսի գործերը հաճախ անվանել են նեոռենեսանս ոճի։ Եթե նեոկլասիցիզմի ճարտարապետության մեջ 18-րդ դարի երկրորդ կեսի վարպետները վերցնում էին այս կամ այն ճարտարապետի նշանավոր գործ, օրինակ՝ Պալադիոն, ապա 19-րդ դարի երկրորդ կեսին ստեղծվում էր Վերածննդի ճարտարապետության ընդհանրացված կերպար, ինչը հանգեցնում էր ոճերի միախառնման։

 
Դրեզդենի պետական օպերա

Իտալական Վերածննդի ճարտարապետության վերաիմաստավորումը Գերմանիայում առաջին հերթին կապվում է Գոդֆրիդ Զեմպերի գործունեության հետ։ Գերմանական նեոռենեսանսի դասական օրինակ է Դրեզդենի պատկերասրահի շենքը՝ իտալական չիկվեչենտո ոճով։ Այն կառուցվել է Զեմպերի նախագծով 1847-1855 թվականներին։ Նրա գլխավոր ստեղծագործությունը Դրեզդենի պետական օպերայի շենքն է (1834-1838), որն աղավաղվել է նեբարոկկո ոճի ավելի ուշ շրջանի շինության կառուցումով (1871-1838), որի հեղինակը եղել է ճարտարապետի որդին։ Նեոռենեսանսի գլուխգործոցներից են (հատկապես ինտերիերի ձևավորման հարցում) Վիեննայի կենտրոնում՝ Մարիա-Թերեզայի հրապարակում գտնվող ընդդիմակաց երկու շենքերը, Արվեստի պատմության թանգարանը և Բնագիտության թանգարանը (Գոդֆրիդ Զեմպեր, 1872-1881)։

«Զեմպերի ոճը» մեծ տարածում է գտել Ավստրո-Հունգարական միապետության քաղաքներում։ Վիեննայում և Բուդապեշտում նեոռենեսանսի ոճով կառուցվել են ամբողջական թաղամասեր։ Ամենից հաճախ այն նախընտրել են թանգարանների, գրադարանների կառուցման մեջ, քանի որ այդ շինությունները խորհրդանշել են «խորասուզում» մշակույթի պատմության մեջ։

Նեոռենեսանսի տարրեր են առկա Ֆրանսիայի Գրանդ օպերայի շենքի ճարտարապետության մեջ (Շառլ Գարնիե, 1860-1875)։

Նեոռենեսանսի ճարտարապետության քաղաք կարելի է համարել Մյունխենը։ Բավարիայի պետական գրադարանի շենքը (Ֆ. ֆոն Գերտներ, 1832-1842) կրկօրինակում է Ֆլորենցիայի Պիտի պալացցոն (1458-1464)։ Թանգարանների ու ճարտարապետության այդ ինքնատիպ քաղաքում է աշխատել ճարտարապետ Լեո ֆոն Կլենցեն։ Նա նախագծել ու կառուցել է տարբեր ոճերի շենքեր՝ նեոհունական, էտրուսկյան կամ մյունխենյան հելլենիզմի։ Հին պինակոտեկի շենքը (1826-1836) Կլենցեն կառուցել է նեոռենեսանսի ոճով։ Թագավորական նստավայրը (Քյոնիգսբաու) Մաքս Յոզեֆ Պլատցի հրապարակում նույնպես վերարտադրում է Վերածննդի շրջանի իտալական պալացցոյի բնորոշ գծերը։ Առավելլ համեստ՝ առանց կամարակապ պատուհանների է ձևավորվել հերցոգ Լեյտենբերգի պալատը Օդեոնսպլացում (1817-1821)։

 
Ազգային թատրոն, Պրահա

Նեոռենեսանսի, նեոբարոկկոյի և նեոգոթիկայի տարրերն են միավորում Բրյուսելի Արդարադատության պալատը (Ժոզեֆ Պուլարտ, 1866-1888), Բեռլինի Ռայխստագի շենքը (Վ. Պալլո, 1884-1890)։ Երկաթուղային կայարանների շենքերը, որոնք կոչված էին ներկայացնելու պետությունների հեղինակությունը և միաժամանակ ճամփորդությունների ռոմանտիկան, նույնպես 19-րդ դարում կառուցվել են նեռենեսանսի ոճով։ Դրանցից են, օրինակ, Շտետինի և Սիլեզիայի կայարանները Բեռլինում, Ամստերդամի և Անտվերպենի կենտրոնական կայարանները։

Նեոռենեսանսը տարածում է գտել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս։ Մասնավորապես, այս ոճի օրինակներ են հանդիպում 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Ճապոնիայում։ Դրա օրինակ են Տոկիոյի Կենտրոնական կայարանը և Իոկագամայի նավահանգստի բացման հուշասրահը։

Բոզար խմբագրել

Նեոռենեսանսի ոճը մեծ տարածում է գտել ճարտարապետության և դեկորատիվ-կիրառական արվեստի մեջ 1870-1890 թվականներին, երբ նրա հիմնական մրցակիցը Եվրոպայում նեոբարոկկոն է եղել։ Երկրորդ կայսրության ժամանակաշրջանում ձևավորվել է այս երկու նոր ոճերի յուրօրինակ միաձուլում, որ ստացել է բոզար անվանումը։ Այս երևույթն արացոլում է ճարտարապետական մտածողության էկլեկտիկ մեթոդը, որի դեպքում ֆրանսիական Վերածննդի կիսագոթական ձևերը ազատ համադրվում են բարոկկոյի և պալադյան ճարտարապետության տարրերին։ Նեոռենեսանսի դեկորը 19-րդ դարի երկրորդ կեսին համատեղ օգտագործվել է հասարակական ու կոմերցիոն շենքերի նախագծերում ոչ միայն Եվրոպայում, այլև ԱՄՆ-ում։

Այլ դրսևորումներ խմբագրել

  • Վենետիկյան Վերածննդի վերարտադրությունը առանձին դեպքերում ստացել է նեոպալադինյան ոճի ձև։
  • Ստալինյան ժամանակաշրջանի բնակելի ու հասարակական որոշ շինություններ 1930-1950-ական թվականներին ներկայացնում են նեոռենեսանսի և ամպիրի համադրում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Власов В. Г. "Неоренессанс" // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. VI, 2007. — С. 188—193
  2. Новый энциклопедический словарь изобразительного искусства. — Т. VI, 2007. — С. 188
  3. The Elements of Style. An Encyclopedia of domestic architectural Detail. — London: Reed Books Limited, 1991. — Pp. 231—275
  4. Новый энциклопедический словарь изобразительного искусства. — Т. VI, 2007. — С. 189
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեոռենեսանս» հոդվածին։