Նասկա, հին քաղաքակրթություն, որը ծաղկում է ապրել մ. թ. ա. 100 - մ. թ. 800 թվականներին Պերուի հարավային ափի մոտ՝ Ռիո Գրանդե և Իկա գետերի հովտում[1]։ Այս մշակույթի վրա մեծ ազդեցություն է թողել դրան նախորդող մշակույթը՝ Պարակասը, որը հայտնի էր բարդ մանածագործությամբ։ Նասկա ժողովուրդը արտադրում էր խեցեղեն և կտորեղեն։ Նրանք նաև կառուցել են տպավորիչ ստորգետնյա ջրամուղ համակարգ, որ գործում է մինչ այսօր։ Նասկա մշակույթն այժմ առավել հայտնի է Նասկայի գեոգլիֆներով։

Նասկա մշակույթի կանացի քանդակ՝ պատրաստված ճարպագլուխ կետի ատամից, խեցուց և մազից

Պատմություն խմբագրել

Ժամանակաշրջան խմբագրել

Նասկա քաղաքակրթությունը զարգացել է Վաղ անցումնային ժամանակաշրջանում և ընդհանուր առմամբ բաժանված է Նախա-Նասկա (փուլ 1, մ.թ.ա. 100 թ.- մ.թ. 1 թ.), Վաղ Նասկա (փուլեր 2-4, 1-450 թթ.), Միջին Նասկա (փուլ 5, 450-550 թթ.) և Ուշ Նասկա (փուլեր 6-7, 550-750 թթ.) մշակույթների[2]։

Քաղաքակրթության անկումը խմբագրել

500 թվականից սկսած Նասկա մշակույթը սկսել է անկում ապրել և արդեն մինչև 750 թվականը լիովին վերացել է։ Ոմանք կարծում են, որ սա տեղի է ունեցել այն պատճառով, որ Էլ Նինյո ցիկլոնը առաջ է բերել ավերիչ ջրհեղեղ։ Կա նաև վկայություն այն մասին, որ Նասկա ժողովուրդը սրացրել է ջրհեղեղների վնասաբեր ազդեցությունը՝ աստիճանաբար կտրելով Prosopis pallida ծառերը եգիպտացորենի և բամբակի արդյունաբերության համար տարածք ազատելու նպատակով։ Այս ծառերը չափազանց կարևոր դեր են խաղում որպես այս լանդշաֆտի էկոլոգիական հիմնաքար. դրանք անհրաժեշտ են խափանելու համար ջրային և քամու էրոզիան։ Նասկա ժողովրդի կողմից ծառերի վերացումը լանդշաֆտը խոցելի է դարձրել կլիմայական փոփոխությունների նկատմամբ, ինչն էլ պատճառ է դարձել էրոզիայի, ինչպես նաև ոռոգման համակարգերի չորացման համար[3]։

Հասարակություն խմբագրել

Հասարակական կառուցվածք խմբագրել

Վաղ Նասկա հասարակությունը բաղկացած էր տեղական առաջնորդներից և կրոնական իշխանություններից, որոնք կենտրոնացած էին Կաուաչի կոչվող վայրում[4]։ Կաուաչիում իրականացրած բազմաթիվ պեղումների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ վայրը նախատեսված է եղել անցկացնելու համար ծեսեր և փառատոններ, որոնք վերաբերում էին գյուղատնտեսությանը, ոռոգմանը և բերքառատությանը։ Այս բոլոր ծեսերը սկսել են իրականացվել այն ժամանակ, երբ շրջակա միջավայրը կլիմայական կտրուկ փոփոխությունների պատճառով սկսել է ավերվել։ Կաուաչին Նասկա մշակույթի ուսումնասիրության համար ամենակարևոր հնագիտական վայրերից է։

 
Աման՝ ձկան պատկերով

Կաուաչիում կատարված ուսումնասիրությունները գիտնականներին լավ պատկերացում են տվել Նասկա մշակույթի մասին։ Տեղանքում գտնվել են քաղաքակրթությանը պատկանող բազմաթիվ իրեր, այդ թվում ներկված խեցեղեն, կտորեղեն և ոսկյա իրեր։ Կաուաչիում գտնված խեցեղենը հնագետներին բերել է այն եզրակացության, որ այդ վայրը չի ծառայել որպես բնակավայր, այլ նախատեսված է եղել միայն ծիսական արարողություններ անցկացնելու համար[5]։

Կրոն խմբագրել

 
Նասկա մշակույթի գերեզմանատեղ
 
Նասկա մշակույթի գերեզմանատեղ

Նասկա ժողովրդի կրոնական հավատը ուղղված էր գյուղատնտեսությանը և պտղաբերությանը հավանաբար այն պատճառով, որ շրջակա միջավայրի կլիման չորային էր, իսկ հողը՝ ոչ բարեբեր։ Նասկա մշակույթի արվեստի գործերում շատ են հանդիպում բնության աստվածների կերպարներ, ինչպիսիք են օրինակ առասպելական մարդասպան կետը, hնձվորները, առասպելական խայտաբղետ կատուն, օձաձև արարածը և մարդակերպ առասպելական արարածը, որին ամենաշատն էին երկրպագում։ Մոչե մշակույթում, որը ձևավորվել է Պերուի հյուսիս-արևմուտքում, շամանները գործածել են տարբեր բույսերից ստացված պատրածին թմրադեղեր՝ առաջացնելու համար պատրանքներ։ Ինչպես երևում է խեցեղենի վրա արված պատկերազարդումներից, այսպիսի նյութեր օգտագործվել են նաև Նասկա մշակույթում։ Կաուաչիում իրականացվել են կրոնական բնույթի տարբեր ծեսեր, որոնց ժամանակ մարդիկ աղոթել և երկրպագել են բնության աստվածներին՝ խնդրելով օգնել իրենց գյուղատնտեսության ոլորտում։

«Գլուխներ՝ որպես ռազմավար» խմբագրել

Գիտնականները մինչ օրս բանավիճում են այն հարցի շուրջ, թե արդյոք մարդկային գլուխները զուտ եղել են ռազմավար, թե գործածվել են նաև ծիսական նպատակներով։ Նասկա մշակույթի արվեստի գործերում գլխատողները պատկերված են ռազմական հագուստով և զենքերով, սակայն զինվորական համազգեստ կրում էին նաև ծիսական արարողությունների ժամանակ[6]։ Հետազոտողները նկատել են, որ գլուխները ունեն մեկ ընդհանուր հատկանիշ. նրանց ճակատների վրա արված են անցքեր, որոնց միջով անցկացված է պարան՝ հավանաբար դրանք հեշտությամբ բռնելու և տեղափոխելու համար[7]։

 
Խեցեղեն, մարդասպան կետի տեսքով

Նասկա մշակույթում շատ են հանդիպում «մասամբ» թաղված մարդկանց գերեզմաններ։ Շատ դեպքերում թաղված են լինում միայն մարդու վերջույթները կամ էլ մարմնի այլ մասեր։ Երբեմն հանդիպում են գերեզմաններ, որոնցում բացակայում է միայն մարդու գլուխը։ Այս դեպքում այն փոխարինված է լինում հատուկ խեցեղենով, որը կոչվում է «գլխի անոթ»։ Դրա վրա պատկերված է լինում մարդկային գլուխ, որի միջից աճում են բույսեր և ծառեր։

Տնտեսություն խմբագրել

Նասկա ժողովրդի ապրուստի միջոցը գյուղատնտեսությունն էր։ Խեցեղենի վրա արված պատկերագրերից երևում է, որ հասարակության սննդակարգը բազմազան է եղել։ Այն ընդգրկել է եգիպտացորեն, կարտոֆիլ, հացարմատ և ձկնեղեն։ Նասկա ժողովուրդը նաև աճեցրել է բամբակ, կոկայենի, կակտուս և դդում։ Վերջինս մշակույթում ուներ դեկորատիվ բնույթ։ Ինչ վերաբերում է կենդանիներին, Նասկա ժողովուրդը Կաուաչիում զոհաբերել է լամաների և ծովախոզուկների։ Լամաները օգտագործվել են նաև որպես բեռնակիր կենդանիներ։ Օգտագործվել է նաև նրանց բուրդը և միսը։

Ինչպես երևում է հնագիտական ուսումնասիրություններից, Միջին Նասկայի ժամանակաշրջանում Նասկա ժողովուրդը չորային կլիմայի պայմաններում կյանքը բարելավելու նպատակով ստեղծել է ջրանցույց համակարգ, որը կոչվել է պուկիոս ( puquios, կեչուա լեզվով՝ աղբյուր)[8]։ Դեռևս չի հաջողվել պարզել այս համակարգի կառուցման ճշգրիտ ժամանակը[9]: Պուկիոսները ստորգետնյա ջրանցքեր էին, որոնք կազմում էին ոռոգման մի ամբողջ համակարգ։ Դրանք օգտագործվում են մինչ օրս։

Արհեստ և տեխնոլոգիաներ խմբագրել

Խեցեղեն խմբագրել

 
Երկբերան, կամրջաձև բռնակով կուժ

Նասկա մշակույթի խեցեղենը գեղեցիկ է և բազմագույն՝ ներկված ամենաքիչը 15 տարբեր երանգներով։ Պարակաս մշակույթի ավարտից հետո արդեն Նասկա մշակույթում ռետինե ներկերին փոխարինելու եկան կավային ներկերը։ Վերջինիս օգտագործման դեպքում անհրաժեշտ էր կատարել որոշ փորձարկումներ՝ նախընտրած գույնը ստանալու համար։ Նասկա ժողովրդի խեցեղենում շատ են հանդիպում բաժակներ, երկբերան կժեր, թասեր, ծաղկամաններ և արձանիկներ։ Հնագետները պեղել են մեծ քանակությամբ խայտաբղետ խեցեղեն, որ պատկանել է ոչ միայն բարձր խավին, այլ նաև սոցիալական այլ դասերին։ Հասարակ ժողովուրդը հնարավորություն է ունեցել ձեռք բերել խեցեղենը Կաուաչիում տեղի ունեցող ուխտագնացությունների կամ էլ խնջույքների ժամանակ[10]։ Նասկա մշակույթի խեցեղենի պատրաստումը ժամանակագրորեն բաժանվում է ինը փուլերի։ Առաջին փուլի կամ Նախա-Նասկայի խեցեղենի վրա պատկերված են ռեալիստական առարկաներ, օրինակ՝ մրգեր, բույսեր, մարդիկ և կենդանիներ։ Հաջորդ երեք փուլերում ռեալիզմի կարևորությունը է՛լ ավելի է աճել։ Այս փուլերի խեցեղենում գերիշխում են մուգ կարմիր, սև և սպիտակ գույները։

5-րդ փուլի խեցեղենում նկատվում են նոր տարրեր՝ ճառագայթներ, գալարազարդեր և այլ «ծաղկող» զարդանախշեր։ Այս փուլը կոչվում է անցումային, քանի որ այն կապող օղակ է հանդիսանում ոճական փոփոխությունների միջև։ 6-րդ և 7-րդ փուլերում կրկնվում են նախկինում գործածված զարդանախշերը, սակայն այստեղ շեշտն արդեն դրվում է ռազմական նշանակություն ունեցող տարրերի վրա։ Զարդանախշերում նկատվում են վերացական տարրեր, առեղծվածային առարկաներ։ Այս փուլերի խեցեղենի ոճը նման է Մոչե մշակույթի խեցեղենի ոճին։ 8-րդ փուլում զարդանախշերում գործածվել են ոչ կապակցված, երկրաչափական պատկերներ, որոնք դժվար է վերծանել[11]։

 
Ծովախեցգետնի տեսքով անոթ

Նասկան, ինչպես նաև Հարավային Ամերիկայի նախակոլումբոսյան այլ հասարակությունները՝ ներառյալ Ինկերի քաղաքակրթությունը, չուներ գրային համակարգ՝ ի տարբերություն Մեզոամերիկայի Մայաների քաղաքակրթության։ Խեցեղենի վրա արված պատկերագրերը և նշանները ծառայում էին որպես հաղորդակցման միջոց։ Նասկա մշակույթի խեցեղենի վրա պատկերված զարդանախշերը բաժանվում են երկու խմբի՝ սուրբ և պիղծ։ Նասկա ժողովուրդը հավատում էր հզոր բնության ոգիների, որոնք, նրանց կարծիքով, կառավարում էին կյանքի տարբեր ոլորտները։ Նասկաները բնության այս ոգիներին պատկերել են առեղծվածային էակների տեսքով, որոնք մարդու և որևէ կենդանու խառնուրդ են[12]։

Մանածագործություն խմբագրել

 
Նասկա մշակույթին պատկանող թիկնոց՝ զույգ ձկների զարդանախշով

Նասկա մշակույթը հայտնի է տեխնիկապես բարդ մանածագործությամբ։ Կտորեղենը կանայք գործում էին մանած բամբակից և բրդից՝ օգտագործելով ջուլհակահաստոց։ Գործվածքները հյուսվում էին տարբեր զարդանախշերով։ Այդ նույն զարդանախշերը կարելի է տեսնել նաև խեցեղենի վրա։ Չորային կլիմայի շնորհիվ Նասկա և Պարակաս մշակույթների գործվածքները լավ են պահպանվել։

Կաուաչիում և այլ վայրերում իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են գլխաշորեր, զգեստներ, պարեգոտներ, գոտիներ և պայուսակներ։ Նասկա մշակույթին պատկանող գործվածքները հիմնականում հագուստներ են, որոնք հանգուցյալների հետ թաղված են գերեզմանատեղերում։ Հաճախ հանդիպում են հագուստի մեջ փաթաթված մարդկային ոսկորներ[6]։ Հայտնաբերված գործվածքների մեջ կան և՛ բարձր և՛ ցածր որակի, ինչպես հասարակ, այնպես էլ բարդ և ճոխ զարդանախշերով գործվածքներ[13]։ Կաուաչիում հայտնաբերված հագուստների ուսումնասիրությունից երևում է, որ Նասկա մշակույթի կանանց հասանելի են եղել ցանկացած որակի և տեսակի գործվածքներ՝ անկախ նրանց դիրքից հասարակության մեջ։

 
Շան պատկերով գեոգլիֆը տիեզերքից

Նասկայի գեոգլիֆներ խմբագրել

Նասկայի գեոգլիֆները երկրաչափական պատկերների, գծերի և կենդանիների տեսքով գեոգլիֆների խումբ են, որոնք գտնվում են Նասկայի բարձրավանդակի վրա[14]։ Այս առեղծվածային գեոգլիֆների մասին կան տարբեր տեսություններ։ Ոմանք կարծում են, որ դրանք կարող էին ստեղծել մեծ թվով մարդիկ որոշակի ժամանակամիջոցում։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ գեոգլիֆները ստեղծելիս հավանաբար օգտագործվել է երկար պարան՝ պատկերի որևէ հատվածի երկու կետերը միացնելու համար։ Այնուհետև հեռացվել են պարանի ամբողջ երկայնքով ձգվող կարմիր քարերը, ինչի շնորհիվ ստեղծվել է երանգային հակադրություն բաց գույնի գծերի և շրջապատող կարմիր քարերի միջև։ Քանի որ գեոգլիֆները ունեն բավականին պարզ կառուցվածք, անձրևները կարող էին հեշտությամբ ջնջել դրանք հողի վրայից, սակայն չորային կլիմայի շնորհիվ դրանք պահպանվել են հարյուրավոր տարիներ։

Դեռևս գիտնականները բանավիճում են այն հարցի շուրջ, թե ինչ նպատակի են ծառայել գեոգլիֆները։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ Նասկա ժողովուրդը ստեղծել է գեոգլիֆները՝ երկնային աստվածների ուշադրությունը գրավելու համար։ Մյուսներն այն կարծիքին են, որ գեոգլիֆները օրացույցի դեր են տարել և գործածվել են աստղագիտական նպատակներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Nasca by Helaine Silverman and Donald A. Proulx. Blackwell Publishers. Malden. 2002.
  2. "Ceramic Production in Ancient Nasca: Provenance Analysis of Pottery from the Early Nasca and Tiza Cultures Through INNA" by Kevin J. Vaughn, Journal of Archaeological Science (2006), Volume 33, Issue 5: 681–689
  3. "The Role of Prosopis in Ecological and Landscape Change in the Samaca Basin, Lower Ica Valley, South Coast Peru from the Early Horizon to the Late Intermediate Period " by Beresford-Jones, D., S. Arce, O.Q. Whaley and A. Chepstow-Lusty (2009). Latin American Antiquity Vol. 20 pp. 303–330
  4. "Cahuachi: New Evidence for an Early Nasca Ceremonial Role" by Lidio M. Valdez, Current Anthropology 35, no. 5 (December 1994): 675–679
  5. "Cahuachi: Non-Urban Cultural Complexity on the South Coast of Peru" by Helaine Silverman, Journal of Field Archaeology (1988), Volume 15, No. 4:403–430
  6. 6,0 6,1 "The body Context: Interpreting Early Nasca Decapitation Burials" DeLeonardis, Lisa. Latin American Antiquity. 2000. Vol. 11, No. 4, pp. 363–368.
  7. "A Cache of 48 Nasca Trophy Heads From Cerro Carapo, Peru" by David Browne, Helaine Silverman, and Ruben Garcia, Latin American Antiquity (1993), Volume 4, No. 3: 274–294
  8. "The Puquios of Nasca" Schreiber, Katharina J. and Rojas, Josue Lancho. (1995) Latin American Antiquity. Vol. 6, No. 3, pp. 229–254.
  9. "New Chronometric Dates for the Puquios of Nasca, Peru" Clarkson, Persis B. and Dorn, Ronald I. (1995) Latin American Antiquity, Vol. 6, No. 1, pp. 56–69.
  10. "Moving Beyond Iconography: Neutron Activation Analysis of Ceramics from Marcaya, Peru" Vaughn, Kevin J. and Neff, Hector. Journal of Field Archaeology. (2000) Vol. 27, No. 1, pp. 75–90.
  11. From Monumental to Proliferous in Nasca Pottery by Richard Roark (1965) Nawpa Pacha 3:2
  12. A Sourcebook of Nasca Ceramic Iconography by Donald A. Proulx (2006) University of Iowa Press
  13. "What the Women Were Wearing" by Mary Frame, Textile Museum Journal (2003/04), Volume 42-43:13–53
  14. "Between the Lines: The Mystery of the Giant Ground Drawings of Ancient Nasca, Peru" Aveni, Anthony F. University of Texas Press. Austin. 2000.