Նաում Իսաևիչ Գրեբնև (ռուս.՝ Наум Исаевич Гребнев, իսկական ազգանունը՝ Ռամբախ (ռուս.՝ Рамбах), նոյեմբերի 20, 1921(1921-11-20), Հարբին, Հեյլունցզյան, Չինաստանի Հանրապետություն - հունվարի 2, 1988(1988-01-02), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծ, Կովկասի ու Արևելքի ժողովրդական պոեզիայի ու դասական բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանիչ (թարգմանություններ է կատարել հայերենից, վրացերենից, ղազախերենից, ղրղզերենից, մոնղոլերենից և այլ լեզուներից)։

Նաում Գրեբնև
Ծնվել էնոյեմբերի 20, 1921(1921-11-20)
ԾննդավայրՀարբին, Հեյլունցզյան, Չինաստանի Հանրապետություն
Վախճանվել էհունվարի 2, 1988(1988-01-02) (66 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերբանաստեղծություն
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
 Naum Grebnev Վիքիպահեստում

Նաում Գրեբնևի թարգմանությամբ կամ նրա մասնակցությամբ լույս է տեսել ավելի քան 150 գիրք։

Կենսագրություն խմբագրել

 
Նաում Գրեբնև, 1943 թվական

Նաում Գրեբնևը ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 20-ին Հարբինում, հրեական ընտանիքում։ Հայրը՝ Իսայ Նախիմովիչ Ռամբախը (1886-1931), եղել է ռուսալեզու խորհրդային թերթի խմբագիր («Вперед», «Трибуна») Հարբինում 1919-1924 թվականներին։ 1926 թվականի հուլիսից Մոսկվայում աշխատել է Խորհրդային առևտրային նավատորմում, ապա Քիմիական արդյունաբերության համամիութենական միությունում (ԽՍՀՄ ԺՏԳԽ «Всехимпром» Քիմիական արդյունաբերության համամիութենական միություն), մահացել է 1931 թվականի սեպտեմբերին Մոսկվայում[1]։

Մայրը՝ Լեա Իոսիֆովնա Ռամբախը (օրիորդական ազգանունը՝ Գալբերգ, 1899-1991), առօրյա կյանքում կոչվել է Ելիզավետա Իոսֆովնա, եղել է օտար լեզուների ուսուցիչ և թարգմանիչ, այդ թվում աշխատել է նաև Գրողների միության արտասահմանյան կոմիսիայում, տարհանվելուց հետո անգլերեն է դասավանդել Տաշքենդում։ Նրա մասնակցությամբ սկսվել է (սկզբում հեռակա) Գրեբնևի ծանոթությունը Աննա Ախմատովայի հետ։ Թողել է ձեռագիր հուշեր «Հարբինում» խորագրով, որտեղ պատմում է նաև հարբինցիների ձերբակալությունների մասին, այդ թվում նաև բանաստեղծ Յուրի Աբդաշևի մոր ձերբակալության և այն մասին, թե ինչպես է ինքը գտել նրան շատ տարիներ հետո, ինչպես նաև «Թարգմանչուհու նոթերը» (ռուս.՝ «Записки переводчицы»), որտեղ շատ է գրում Ելենա Ստասովայի մասին։

Հայրենական մեծ պատերազմին Նաում Գրեբնևը մասնակցել է ամենասկզբից, որովհետև այդ ժամանակ նա ծառայել է սահմանի վրա՝ Բրեստի մոտ։ Նա նահանջել է Կարմիր բանակի հետ, ընկել Խարկովի (Իզյում-Բարվենկովսկի) շրջափակման մեջ, որտեղ գերմանացիները գերի են վերցրել 130 հազար կարմիրբանակայինների, եղել է փոքրաթիվ փրկվածների մեջ, անցել Հյուսիսային Դոնեց, կռվել Ստալինգրադի մոտ, երեք անգամ վիրավորվել, և վերջին վիրավորվելուց հետո՝ 1944 թվականի հունվարի 12-ին զորացրվել։ Պատերազմի մասին իր հուշերը նա վերնագրել է «Պատերազմը եղել է ամենալուրջ իրադարձությունն իմ կյանքում» (ռուս.՝ «Война была самым серьёзным событием моей биографии»Ռասուլ Համզաթով «Կռունկներ» (ռուս.՝ «Журавли») բանաստեղծության թարգանության ժամանակ նա հիմնվել է նաև իր ռազմական փորձի վրա։

Պատերազմից հետո Նում Գրեբնևը Համզաթովի հետ սովորել է Գրականության ինստիտուտում, և այդ ժամանակ էլ սկիզբ է առել նրանց ընկերությունն ու համագործակցությունը։ 1949 թվականին ավարտել է Գրականության ինստիտուտը։ Գրեբնևը թարգմանել է նաև Ռասուլ Համզաթովի հոր՝ Համզաթ Ցադասաի բանաստեղծությունները։

1951 թվականին Նաում Գրեբնևը քննադատության է ենթարկվել գրական կեղծանուն օգտագործելու համար Միխայիլ Բուբեննովի կողմից «Պետք են արդյոք հիմա գրական կեղծանունները» (ռուս.՝ «Нужны ли сейчас литературные псевдонимы?») հոդվածում[2]։

Նաում Գրեբնևը մահացել է 1988 թվականի հունվարի 2-ին Մոսկվայում։ Թաղվել է Պերեդելկինոյի գերեզմանատանը[3]։

Գործունեություն խմբագրել

Նաում Գրեբնևը թարգմանել է ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններից, ինչպիսիք են Համզաթ Ցադասան, Ռասուլ Համզաթովը, Կայսըն Կուլիևը, Ալիմ Կեշոկովը, Տանզիլյա Զումակուլովան, Իրակլի Աբաշիձեն, Շոթա Նիշնիանիձեն, Իվան Տարբան, Կոնստանտին Լոմիան, Ադամ Շոգենցուկովը։

Թարգմանել է Արևելքի պոեզիայի դասականներին, ինչպիսիք են ուզբեկ դասական բանաստեղծներ Ֆուքաթը, Թուրդին, Մախմուրը, Ուվայսին, Ագախին, կարակալպյան դասական բանաստեղծ Բերդախը, թուրքմեն դասական բանաստեղծներ Զելիլին, Մահթումկուլին, Մյաթաջին։

1968 թվականին լույս է տեսել Նաում Գրեբնևի թարգմանած «Ճշմարտություններ։ Պարսկական ու տաջիկ ժողովուրդների, նրանց բանաստեղծների ու իմաստունների ասույթներ» (ռուս.՝ «Истины. Изречения персидского и таджикского народов, их поэтов и мудрецов»), որը նկարազարդել է նրա կինը՝ նկարիչ-գրաֆիկ Նոեմի Գրեբնևան։ Վերջինս նկարազարդել է Նաում Գրեբնևի թարգմանությամբ լույս տեսած մի շարք գրքեր։ Նրա ամենահաջող աշխատանքներից մեկը «Ճշմարտություններ։ Պարսկական ու տաջիկ ժողովուրդների, նրանց բանաստեղծների ու իմաստունների ասույթներ» գրքի նկարազարդումն է, որի շապիկին սպիտակ ֆոնի վրա պատկերված է ուղղահայաց սև բանալի։ Գրքում ընդգրկվել են Ալիշահ Ռագիբ Սամարղանդիի, Աբու Շուքուր Բալխիի, Անվարիի, Անսարիի, Անուշիրվանի, Ասադի Թուսիի, Աթթարի, Աուհադադդին Աուհադիի, Բեդիլի, Բեյհաքիի, Գազալիի, Ջամիի, Ամիր Խոսրով Դեհլևիի Զեբուննիսոյի, Քիսաիի, Քամոլ Հուջանդիի, Մանուչեհրիի, Մուիզզիի, Մասուդի Մարվազիի, Ալիշեր Նավոիի, Օմար Խայամի, Ռուդաքիի, Ռումիի, Սաադիի, Սաիբ Թաբրիզի, Սայիդոյի, Սանաիի, Ուբեյդ Զաքանիի, Ունսուրիի, Ֆարրուխիի, Ֆիրդուսիի, Հաֆիզի, Խաքանի Շիրվանիի, Համդալլահ Ղազվինիի, Հիլոլիի, Հուսեյն Վաիզ Քաշիֆիի, Խուսրավիի, Շահիդ Բալհիի, Շաքիր Բուհարիի ասույթները։

Նաում Գրեբնևի թարգմանությամբ Ռասուլ Համզաթովի «Կռունկներ» բանաստեղծությունը մեծ ժողովրդականության է արժանացել Մարկ Բեռնեսի երգ շնորհիվ, որ առաջին անգամ հնչել է 1969 թվականին։

Գրեբնևը Սամուիլ Մարշակին և Բորիս Պաստեռնակին համարել է ռուսական պոեզիայի այն վարպետները, որոնց թարգմանությունները բոլորն էլ լավն են։

Նաում Գրեբնևը թարգմանել է նաև հայ հեղինակների ստեղծագործություններ, ինչպիսիք են Գրիգոր Նարեկացին, Հովհաննես Թումանյանը, Համո Սահյանը, Նահապետ Քուչակը, Պաղտասար Դպիրը և այլք։

Ընտանիք խմբագրել

  • Քույրը՝ Լիլիանա Իսաևնա Ռամբախ (1918-1999), ամուսնացած է եղել կոնստրուկտոր Մուրադ Կապլանովի հետ[4],
    • Զարմիկ՝ Ռաշիդ Կապլանով (1949-2007), պատմաբան և ազգագրագետ, հուդայիկայի ոլորտի մասնագետ,
  • Կինը՝ Նոեմի Գրեբնևա (1923-2016), նկարիչ, գրաֆիկ։

Պարգևներ, կոչումներ խմբագրել

  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (6 ապրիլի, 1985)[5]
  • «Պատվո նշանW շքանշան (19 հոկտեմբերի, 1981)
  • «Մարտական ծառայությունների» մեդալ (10 հոկտեմբերի, 1943)[6]
  • այլ մեդալներ
  • Դաղստանի ԻԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970)
  • Կաբարդինո-Բալկարյան ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966)
  • Դաղստանի ԻԽՍՀ պետական մրցանակ (1972)

Մատենագիտություն խմբագրել

Թարգմանություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայտնի է, որ Նաում Գրեբնևի հայրն ապրել և աշխատել է Հարբինում դեռ 1924 թվականին։ — Мелихов Г. В. Белый Харбин. Середина 20-х. — М: Русский путь, 2003. — 440 с., ил.(չաշխատող հղում) — ISBN 5-85887-165-8 — стр. 376.
  2. Константин Симонов. Дискуссия о псевдонимах (из кн.: Глазами человека моего поколения)
  3. Гребнев (Рамбах) Наум Исаевич (1921-1988)
  4. Рашид Капланов «Труды. Интервью. Воспоминания»
  5. «Гребнев Наум Исаевич, Орден Отечественной войны I степени :: Документ о награде :: Память народа». pamyat-naroda.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  6. «Ромбах Наум Исаевич, Медаль «За боевые заслуги» :: Документ о награде :: Память народа». pamyat-naroda.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաում Գրեբնև» հոդվածին։