Նախագահական ընտրություններ Վենեսուելայում (2012)

2012 թվականի նախագահական ընտրություններ Վենեսուելայում, տեղի են ունեցել հոկտեմբերի 7-ին։ Ընտրություններին մասնակցում էր 6 թեկնածու, սակայն հաղթանակի ամենահավանական հավակնորդները երկուսն էին՝ գործող նախագահ Ուգո Չավեսը և Միրանդա նահանգի նահանգապետ Էնրիկե Կապրիլես Ռադոնսկին։ Չավեսին սատարում էր «Հայրենասիրական մեծ բևեռ» ձախ կուսակցությունների բլոկը, իսկ Կապրիլեսին՝ «Դեմոկրատական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր կոալիցիան։ Մյուս 4 թեկնածուները (Մարիա Բոլիվար, Օռլանդո Չիրինոս, Ռեյնա Սեկերա և Լուիս Ռեյես)[1], նախընտրական հարցումների համաձայն, շատ ցածր վարկանիշ ունեին։ Ընտրություններում հաղթանակ տարավ Ուգո Չավեսը, սակայն քաղաքական գործչի մահվան պատճառով 2013 թվականին նոր ընտրություններ տեղի ունեցան։

Նախագահական ընտրություններ Վենեսուելայում (2012)
Վենեսուելա
հոկտեմբերի 7, 2012

Տեսակ նախագահական ընտրություններ

Պաշտոն Վենեսուելայի նախագահ

Թեկնածուներ Ուգո Չավես

Հաղթող Ուգո Չավես

Նախորդ 2006 թվականի Նախագահական ընտրություններ Վենեսուելայում

Հաջորդ Նախագահական ընտրություններ Վենեսուելայում (2013)

Ընտրական գործընթաց խմբագրել

1998 թվականից ընտրական գործընթացը Վենեսուելայում ավտոմատացված է[2] և գտնվում է անկուսակցական Ազգային ընտրական խորհրդի ենթակայության տակ։ Ընտրատեղամասերը հագեցված են բարձր տեխնոլոգիա ունեցող, հպէկրան մեքենաներով։

Թեկնածուներ խմբագրել

Ուգո Չավես խմբագրել

2009 թվականին Վենեսուելայի սահմանադրական փոփոխությունների հաստատումից հետո, որով հանվեց ընտրման ժամկետների քանակի սահմանափակումը, գործող նախագահ Ուգո Չավեսը հնարավորություն ստացավ իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար 4-րդ անգամ։ Ընտրվելու իր մտադրության մասին Չավեսն առաջին անգամ բացեիբաց հայտարարեց 2010 թվականի նոյեմբերին Կարակասում տեղի ունեցած ցույցին։ 2011 թվականի հուլիսին նա հաստատեց առաջադրվելու իր մտադրությունը՝ չնայած քաղցկեղի դեմ պայքարին։ Այս անգամ Չավեսն առաջադրվում էր Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցությունից, որն ստեղծել էր 2006 թվականին վերընտրվելուց հետո Վենեսուելայի՝ սոցիալիզմին հարող համախոհներին միավորելու նպատակով։ Նրա թեկնածությունն առաջադրեցին նաև ձախակողմյան 10 այլ քաղաքական կուսակցություններ[1]։

Էնրիկե Կապրիլես Ռադոնսկի խմբագրել

2012 թվականի փետրվարի 12-ին կայացած բաց նախնական ընտրությունների արդյունքում Դեմոկրատական միասնության կլոր սեղան կուսակցությունից առաջադրվեց Միրանդա նահանգի նահանգապետ, «Հանուն արդարության» ձախլիբերալական կուսակցության առաջնորդ Էնրիկե Կապրիլես Ռադոնսկին[3]։ Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցեց 3 059 024 մարդ, որոնցից Կապրիլեսին ձայն տվեց 1 900 528-ը (64,2 %), որը երկու անգամ շատ էր Պաբլո Պերես Ալվարեսին տրված ձայներից (30,3 %)[4]։ Մարիա Մաչադոյին քվեարկեց բաց նախնական ընտրություններին մասնակցողների 3,7 %-ը, Դիեգո Առիային՝ 1,3 %-ը, քաղաքական գործիչ և արհմիութենական նախկին առաջնորդ Պաբլո Մեդինային՝ 0,5 %[4]։ Սկզբնական շրջանում հակաչավիստական ընդդիմության միասնական թեկնածու դառնալ ցանկացողների թիվն ավելի շատ էր։ Լեոպոլդո Լոպեսն ստիպված էր հրաժարվել առաջադրվելու արգելքը հաղթահարելու պայքարից․ նրան առաջադրվել արգելել էին Վենեսուելայի իշխանությունները կաշառակերության մեղադրանքների պատճառով, որոնք նա ինքը ժխտում էր և վերջիվերջո սատարեց Էնրիկե Կապրիլես Ռադոնսկուն[5]։ Եվս երեք թեկնածու՝ Սեսար Պերես Վիվասը (Տաչիրա նահանգի նահանգապետ), Անտոնիո Լեդեսման (Կարակասի քաղաքային շրջանի քաղաքապետ) և Էդուարդո Ֆերնանդեսը (ԿՈՊԵՅ-ի նախկին գլխավոր քարտուղար) դուրս եկան ընտրապայքարից՝ հայտարարելով, որ նրանք կսատարեն հաղթանակի լավագույն շանսեր ունեցող թեկնածուին[6]։ Դառնալով ըննդիմության միասնական թեկնածուն՝ Կապրիլեսը ստացավ 22 քաղաքական կազմակերպությունների աջակցությունը՝ ձախակենտրոնամետից մինչև աջեր[1]։ Ցանկանալով լիովին կենտրոնանալ իր ընտրարշավի վրա՝ 2012 թվականի հունիսին նա հրաժարվեց նահանգապետի պաշտոնից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել