Նազովրեական ուխտի մասին չափազանց քիչ տեղեկություններ են հայտնի։ Նազովրեական (պետք չէ շփոթել «Նազովրեցի» բառի հետ, որը Հիսուսին տրված անվանումներից էր՝ ծագած Նազարեթ քաղաքի անվան հետ) բառը թարգմանվում է որպես մաքրված, սուրբ. այդպես կոչվում էին մարդիկ (տաղամարդ թե կին), ովքեր իրենց անձը որոշակի ժամանակով նվիրում էին Աստծուն՝ ուխտելով խիստ պահեցողություն։ Նրանց մասին ցուցումներնը տրված են Թվոց գրքի 6-րդ գլխում։ Այսպես, նազովրեականները պետք է պարտադիր հրաժարվեին գինուց և այն ամենից, ինչ ստացվում է որթատունկից, ոգելից խմիչքներից, որպես ուխտի և խարիզմատիկ զորության նշան պետք է երկար պահեին և չկտրեին մազերը, չմոտենային մարդու դիակի՝ անմաքուր չհամարվելու համար և, առհասարակ, պիտի սուրբ լինեին ողջ կյանքի ընթացքում (Թվեր 6։2-8)[1]։ Վաղ շրջանում նազովրեականները համարվում էին Աստծո Հոգու կրողները, ինչն արտահայտվում էր որևէ հոգեկան կամ ֆիզիկական որակով (օրինակ Սամսոնը և Սամվել մարգարեն)։ Սակայն ժամանակի հետ նման պատկերացումը թուլացավ և նազովրեականը սկսեց դիտվել իբրև հասարակ մարդ, ով Աստծուն նվիրվելու ուխտ էր անում։ Հին Կտակարանում կան դեպքեր, երբ մանուկը դեռ չծնված, արդեն նազովրեական էր համարվում (Սամսոնը՝ Դատավորաց 13։5, 14 համարներում) կամ նազովրեական էր ճանաչվում սեփական ծնողի կողմից (Սամվելը Ա Թագ. 11-րդ գլխում)։ Համեմատաբար ավելի ուշ շրջանի և թերևս վերջին նազովրեականներից է համարվում նաև Հովհաննես Մկրտիչը, ում նույնպես վիճակված էր ողջ կյանքում ոգելից չօգտագործել (Ղուկ. 1։15) և ապրել խիստ կենցաղով (հմմտ. Մատթ. 3։4, Մարկ. 1։6)։

Աղբյուրներ խմբագրել

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Библейский словарь Брокгауза.
  3. Флавий Иосиф. Иудейские Древности, В 2-х томах. Москва, 1996.
  4. Христианство, Энциклопедический словарь, Том 1, Москва, 1993г.

Արտաքին հղումներ խմբագրել