Նադեժդա Միխայլովնա Սապոժնիկովա (ռուս.՝ Наде́жда Миха́йловна Сапо́жникова, մարտի 26, 1877(1877-03-26), Կազան, Ռուսական կայսրություն - հոկտեմբեր 1942 կամ նոյեմբեր 1942, Նիկոլինա Գորա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարչուհի և մեկենաս։ Ծնվել է առևտրականի ընտանիքում, կրթությունը ստացել է Կազանում, գեղանկարչությամբ սկսել է զբաղվել 27 տարեկան հասակում։ Իր ուսուցչի Նիկոլայ Ֆեշինի հետ ուղևորվել է Փարիզ, որտեղ 1910-1912 թվականներին սովորել է Վիտիի և Վան Դոնգենի արվեստանոցներում։ Վերադառնալուց հետո Կազանում բացել է իր սեփական արվեստանոցը՝ նյութական օգնություն ցուցաբերելով Ֆեշինին։ Նրա մոտ էին գտնվում նկարչի 11 ստեղծագործություններ, այդ թվում իր 5 դիմանկարները։ Մինչև 1925 թվականը Կազանում դասավանդել է գեղանկարչություն և նկարչություն, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա։ 1930-ական թվականներին վերջնականապես դադարեցրել է գեղարվեստական գործունեությամբ զբաղվելը։ Պահպանվել են Սապոժնիկովայի շատ քիչ գեղանկարչական ստեղծագործություններ, դրանց մի մասը ցուցադրվում են «Խազինե» գեղարվեստի պատկերասրահում։

Նադեժդա Սապոժնիկովա
Ծնվել էմարտի 26, 1877(1877-03-26)
ԾննդավայրԿազան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբեր 1942 (65 տարեկան) կամ նոյեմբեր 1942 (65 տարեկան)
Մահվան վայրՆիկոլինա Գորա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԿազանի գեղարվեստի դպրոց
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
 Nadezhda Sapozhnikova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նադեժդա Միխայլովնա Սապոժնիկովան ծնվել է Կազանում, 1877 թվականի մարտի 26-ին, եղել է առևտրական Միխայիլ Ֆյոդրովիչ և Սերաֆիմ Իվանովնա Սապոժնիկովների ընտանիքի յոթերորդ երեխան։ Հայրն ուներ մանուֆակտուրային խանութ։ Թեև ընտանիքում կար 11 երեխա, մայրն ինքն էր զբաղվում նրանց դաստիարակությամբ՝ առանց տնային դաստիարակչուհու։ 1888 թվականին Նադեժդային ուղարկում են Մարինյան կանանց գիմնազիա, որտեղ նա դրսևորում է բացահայտ ընդունակություններ նկարչության հանդեպ։ 1895 թվականին ավարտելով դասընթացը՝ Նադեժդա Միխայլովնան ստանում է տնային ուսուցչուհու որակավորում և դասավանդում կիրակնօրյա դպրոցում[1]: Բացի այդ, նա ավարտել է Ռուդոլֆ Գումմերտի երաժշտական դպրոցը։ Նրա գեղագիտական ձգտումները արտահայտվում են փայտի վրա փորագրությամբ և ճենապակու նկարազարդումներով, զարդանկարի ուսուցիչը խորհուրդ է տալիս Նադեժդա Միխայլովնային պրոֆեսիոնալ ձևով զբաղվել արվեստով։ Մինչ այդ, Սապոժնիկովան ստացել է բժշկական կրթություն և դարձել գթության քույր, բայց լինելով շատ զգայուն, այդ գործով չի զբաղվել։ 1904 թվականին, երբ նա արդեն 27 տարեկան էր, ընդունվում է Կազանի գեղարվեստի դպրոց։ Նա զգալի հաջողություններ է ցուցաբերում, սակայն նրա տաղանդը լիովին դրսևորվում է 1908 թվականին՝ Նիկոլայ Ֆեշինի Կազան գալուց հետո[1]։

 
Սապոժնիկովան նկարչություն է դասավանդում իր արվեստանոցում

Նադեժդա Սապոժնիկովան սովորել է Ֆեշինի մոտ, բայց քանի որ 4 տարով մեծ էր նրանից, նա ուներ բոլորովին այլ մակարդակի կուլտուրա և կրթվածություն, ինչը հնարավորություն տվեց միմյանց հետ շփվել հավասար պայմաններով[2]։ Սապոժնիկովայի հետ երկար տարիների բարեկամության ընթացքում Ֆեշինը նկարել է նրա հինգ դիմանկար, որոնցից առաջինը 1908 թվականին։ Դրանք տարբեր անվանումներ ունեին՝ «Ն. Մ. Ս.-ի դիմանկարը գլխաշորով», հաճախ, հատկապես միջազգային ցուցահանդեսներում ցուցադրվում էր «М-lle Սապոժնիկովայի դիմանկարը»։ Ֆեշինը նրա հետ իր առաջին ցուցադրությանը մասնակցել է Ամերիկայում, Փիթսբուրգում «Carnegie Institute» կազմակերպած միջազգային ցուցահանդեսում[1]։

1910 թվականին Նադեժդա Միխայլովնան ավարտել է Կազանի գեղարվեստի դպրոցը և Ֆեշինի հետ միասին կրթաթոշակով ուղևորության մեկնել Բեռլին, Մյունխեն, Վերոնա, Վենետիկ, Միլան, Պադովա, Ֆլորենցիա, Հռոմ, Նեապոլ, Վիեննա։ Ճամփորդությունը ավարտվում է Փարիզում։ Ֆեշինը շուտով որոշում է, որ ինքը Եվրոպայում սովորելու ոչինչ չունի և վերադառնում է Կազան, մինչդեռ Սապոժնիկովան մնում է Փարիզում մինչև 1912 թվականը՝ հիմնականում աշխատելով Վան Դոնգենի բաց արվեստանոցում[2]։ Խոսակցություններ են գնում Ֆեշինի հետ նրա սերտ հարաբերությունների մասին, սակայն նա այդպես էլ չամուսնացավ, ընտանիք և երեխաներ չունեցավ[3]։

Վերադառնալով Կազան՝ Սապոժնիկովան հիմնել է իր սեփական արվեստանոցը, որի համար եղբայրը՝ Կոնստանտին Միխայլովիչը, իր ընկերությունից հատկացրեց հատուկ շինություն Պետրոպավլովյան նրբանցքում (այժմ՝ Ռախմատուլինի փողոց)։ Սապոժնիկովայի արվեստանոցը արագորեն դարձավ Կազանի գեղարվեստական կենտրոնը. այստեղ էին հավաքվում նկարիչներ, ուսուցիչներ և աշակերտներ։ Հուշագրություններում հաճախ հիշատակվում է, որ բոլոր այցելուներին հյուրասիրում էին պելմենների և սուրճ։ 1914-1916 թվականներին, ըստ Չեբոտարյովի չհրապարակված «Հետքեր» ձեռագիր աշխատության, նա կազմակերպում էր մերկ բնորդների նկարելու սեանսներ, որտեղ աշխատում էին միայն կին նկարիչները (այդ թվում՝ Վերա Վիլկովիսկայան), իսկ «տղաներին» թույլ չէին տալիս, տղամարդ նկարիչների համար համանման սեանսները անցկացվում էին այլ ժամանակ[4]։ Նադեժդա Միխայլովնան եղել է նաև մեկենաս, օգնել է Ֆեշինին, պատվիրելով իր հարազատների դիմանկարները, ինչպես նաև վճարում էր Կազանի գեղարվեստի դպրոցում սովորող անապահով ընտանիքների երեխաների ուսման վարձը[5]։ Նրա արվեստանոցում դաշնամուր կար, որը սովորաբար նվագում էր իր բարեկամ Սամարսկին, գործիքը ի հայտ էր եկել Ֆեշինի խնդրանքով և այն չափազանց երաժշտական էր[6]։

Սապոժնիկովայի արվեստանոցում Ֆեշինը պատրաստել էր փորագրված նեո-ռուսական ոճով քանդակազարդ կահույք (առարկաների մեծ մասը չեն պահպանվել)։ Նկարիչը գրեթե ամեն օր այստեղ էր լինում, այստեղ էին նկարվել նրա աշխատանքների զգալի մասը, այդ թվում Սապոժնիկովայի բարեկամ «Վարի Ադորատսկու դիմանկարը»։ Որպես նկարիչ՝ Նադեժդա Միխայլովնան հիմնականում մասնագիտացել է դիմանկարների բնագավառում։ Նա Ֆեշինի հետ մասնակցել է Կազանում կազմակերպվող ցուցահանդեսներին։ 1913 թվականին Սապոժնիկովան օժանդակել է Կազանի նահանգային տնայնագործական արդյունաբերության թանգարանի ստեղծմանը, ինչի համար նրա արվեստանոց էին ուղարկվել Աիտովայի թաթարական պրոգիմնազիայի երկու աշակերտուհիներ[7]։

 
«Անհայտ անձի դիմանկար», Սապոժնիկովա, «Խազինե» ազգային գեղարվեստական պատկերասրահ

1917 թվականի հեղափոխությունից հետո Սապոժնիկովան Կազանում բացել է կիրառական արվեստի աղջիկների անվճար դպրոց[8], 1919-1924 թվականներին Կազանի համալսարանի բանֆակում գեղանկարչություն է դասավանդել։ Նույն ժամանակահատվածում աշխատել է ԱՐԽՈՒՄԱՍ-ում և ընդունել է Ֆեշինի արվեստանոցը նրա ԱՄՆ մեկնելուց հետո։ 1925 թվականին հեռացել է Կազանից՝ տեղափոխվելով Մոսկվա, Ադորատսկու մոտ։ Նրա վերջին տարիները հակասական են նկարագրված. ըստ որոշ տվյալների՝ 1930-ական թվականներին նա շարունակել է նկարչություն դասավանդել Մոսկվայում։ Հիվանդությունից հետո տեղափոխվել է Նիկոլինա Գորա։ Ըստ նրա բարեկամուհի Վ. Ադորատսկու հուշերի՝ 1942 թվականի ուշ աշնանը, երբ հարևաններից մեկի այծը կորել էր, Սապոժնիկովան գնացել էր փնտրելու և սաստիկ մրսել էր, և նրան չհաջողվեց հիվանդությունից հետո վերականգնվել[1]։

Արվեստի բնութագիր։ Ցուցահանդեսներ խմբագրել

Սապոժնիկովան մասնակցել է Կազանում 1909, 1914, 1915 և 1916 թվականներին կազմակերպված պարբերական ցուցահանդեսներին, ինչպես նաև գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության 1-ին և 2-րդ պետական ցուցահանդեսներին (Կազան, 1920 և 1921 թվականներ)[8]։ Գեղարվեստի դպրոցի 1909 թվականի պարբերական ցուցահանդեսի վերաբերյալ Կոնստանտին Չեբոտարյովի ակնարկում նշվում է, որ Նադեժդա Միխայլովնայի դիմանկարային աշխատանքներում դրսևորվել են «զուտ սապոժնիկովյան սրացումներ և բնութագրական հավատարմություն», և որ նա «ավելի շատ դիմանկարիչ է, քան ինքը Ֆեշինը»։

Կոնստանտին Չեբոտարյովի կարծիքով Սապոժնիկովայի Վան Դոնգի մոտ սովորելու հետևանքներից էր դիմանկարներում «հարթ» ֆոնի կիրառումը[6]։ Ընդհանուր առմամբ դժվար է դատել Սապոժնիկովայի գեղանկարների մասին, պահպանվել են նրա շատ քիչ աշխատանքներ և հավանաբար ոչ նա և ոչ էլ նրա շրջապատը նրան լուրջ գեղանկարիչ չէին համարում։ Գ. Տուլուզակովայի բնորոշմամբ Սապոժնիկովայի արվեստը «չի հավակնում առանձնահատուկ նշանակության, բայց շատ կարևոր է Կազանի 1910-1920-ական թվականների գեղարվեստական կյանքի բնութագրման համար»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ладушина, 2014, էջ 9
  2. 2,0 2,1 2,2 Тулузакова, 2007, էջ 68
  3. Тахтамышева Н. А. «Надежда Михайловна Сапожникова. Казань». Фотопрогулки: генеалогия, история, краеведение, фото. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  4. Тулузакова, 2007, էջ 68—70
  5. Тулузакова, 2007, էջ 70
  6. 6,0 6,1 Фешин, 1975, էջ 83
  7. Фешин, 1975, էջ 129
  8. 8,0 8,1 Галеев, 2005, էջ 140

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել