Յուրի Կոնդրատյուկ (ուկրաիներեն՝ Кондратюк Юрій Васильович, իսկական անունը՝ Ալեքսանդր Շարգեյ հունիսի 9 (21), 1897, Պոլտավա, Ռուսական կայսրություն - ենթդ․ փետրվարի 23, 1942(1942-02-23)[1], Կալուգա, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գիտնական, տիեզերագնացության հիմնադիրներից մեկը։ 20-րդ դարի սկզբին հաշվարկել է Լուսին թռչելու օպտիմալ ուղեգիծը։ Այդ հաշվարկները կիրառել է ՆԱՍԱ-ն իր «Ապոլոն» ծրագրում։ 1919 թվականին Կոնդրատյուկի առաջարկած ուղեգիծն անվանվել է նրա անունով՝ «Կոնդրատյուկի ուղեգիծ»։

Յուրի Կոնդրատյուկ
ուկրաիներեն՝ Кондратюк Юрій Васильович
Ծնվել էհունիսի 9 (21), 1897
Պոլտավա, Ռուսական կայսրություն
Մահացել էենթդ․ փետրվարի 23, 1942(1942-02-23)[1] (44 տարեկան)
Կալուգա, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Դավանանքկաթոլիկություն
ՄասնագիտությունQ10497074?, ճարտարագետ և ֆիզիկոս
Գործունեության ոլորտՏիեզերագնացություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Տիրապետում է լեզուներինուկրաիներեն
 Yurii Kondratyuk Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Շարգեյը ծնվել է Պոլտավայի նահանգի Պոլտավա քաղաքում հրեա Իգնատի Շարգեյի ու Լյուդմիլա Շարգեյի (ծննդյան ազգանունը՝ Շլիպենբախ) ընտանիքում[2][3]։ Լյուդմիալյի նախապապը՝ Անտոն Շլիպենբախը, 1812 թվականի պատերազմի մասնակից է եղել[4]։

Լյուդմիլա Շլիպենբախը մինչ ամուսնությունն ապրել է Կիևում, որտեղ կանականց գիմնազիայում դասավանդել է ֆրանսերեն և աշխարհագրություն։ Հենց այստեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ, որն այն ժամանակ Կիևի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի ուսանող էր։ 1897 թվականի հունվարի 12-ին երբ Իգնատին մկրտվել է, գրանցվել է և ամուսնությունը։ Իգնատի Շարգեյը (1873-1910) եղել է Բերդիչևից[5]։

Ալեքսանդր Շարգեյը ծնվել ու իր վաղ մանկությունն անցկացրել է տատի (եղել է մանկաբարձ) տանը[2]։ Երբ դարձել է մեկ տարեկան, հայրը մեկնել է Գերմանիա՝ շարունակելու ուսումը Դարմշտադտի բարձրագույն տեխնիկական դպրոցում։ 1906 թվականին նա, չնայած ամուսնացած լինելուն, հարաբերություններ է սկսել Ելենա Գիբերմանի հետ, որը հայտնի բժիշկ, գինեկոլոգ, բժշկական գրականության թարգմանիչ Պոլինա Լուրիե-Գիբերմանի դուստրն էր[2]։ 1907 թվականին Ալեքսանդր Շարգեյը ընդունվել է Վասիլևի կղզու գիմնազիա, 1910 թվականին ծնվել է հայրական կողից քույրը։ Նույն թվականին հայրը հանկարծամահ է եղել, և Ալեքսանդրը կրկին վերադարձել է տատիկի մոտ՝ Պոլտավա։

1910-1916 թվականներին սովորել է Պոլտավայի արական երկրորդ գիմնազիայում, որն ավարտել է արծաթե մեդալով։

1916 թվականին ընդունվել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի՝ Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարան) մեխանիկայի ֆակուլտետը և նույն թվականի նոյեմբերին զորակոչվել բանակ։ Մինչև 1918 թվականի զորացրումը կռվել է թուրքական ճակատում, եղել է պրապորշչիկ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո որպես ցարական բանակի սպա մոբիլիզացվել է Սպիտակ բանակ, սակայն դասալքությամբ թողել է այն։

Այն բանից հետո, երբ Կիևը գրավվել է Կարմիր բանակի կողմից, փորձել է ոտքով մեկնել արտասահման, սակայն սահմանին բռնվել է ու վերադարձվել է։ Իր սպայական անցյալի համար վախենալով բռնաճնշումներից՝ խորթ մոր՝ Ելենա Գիբերմանի (երկրորդ ամուսնությամբ՝ Կարեևա) օգնությամբ ստացել է փաստաթղեր Յուրի Կոնդրատյուկ անուն-ազգանունով, որով էլ ապրել է մինչև իր կյանքի վերջ[6][7]։

1921-1930 թվականներ խմբագրել

1921-1927 թվականներին Շարգեյ-Կոնդրատյուկն աշխատել է Հարավային Ուկրաինայում, Կուբանում ու Հյուսիսային Կովկասում՝ կատարելով վագոնները ամրակցողի գործից մինչև մեխանիկի աշխատանք։ 1927 թվականին, վախենալով արտակարգ կոմիտեի բռնաճնշումներից, մեկնել է Սիբիր, որտեղ ավելի հեշտ էր թաքնվել ուրիշի անվան ներքո։ Նա աշխատանքի է անցել Նովոսիբիսկի հացամթերքի գործարանում, մասնակցել է էլևատորների կառուցման ու կատարելագործման աշխատանքներին։ Հենց այս ժամանակ էլ նա կառուցել է Մաստոդոնտ էլևատորը 13.000 տոննա հացահատիկի պահպանման համար՝ չօգտագործելով ոչ մի մեխ. նման պայմաններում այդպիսի կառույցն անհավանական էր թվում։ Այս ժամանակաշրջանում բազմիցս եղել է Բիյսկում, որտեղ դասախոսություններ է կարդացել հացահատիկի պահպանության մեխանիզացիայի մասին[8]։

Ձերբակալություն խմբագրել

1930 թվականի հուլիսի 30-ին Կոնդրատյուկը «Հացամթերքի» մի քանի այլ աշխատակիցների հետ ձերբակալվել է վնասարարության մեղադրանքով։ Մեղադրանքի մի կետն էլ այն է եղել, որ նա «Մաստոդոնտը» կառուցել է առանց գծագրերի ու առանց մեխերի։ Տեղի ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ կառույցը չի դիմանա հացահատիկի մեծ քանակությանը և կփլուզվի՝ պատճառ դառնալով 10.000 տոննա «ժողովրդական» հացահատիկի կորստի։ 1931 թվականի մայիսի 10-ին նրան դատապարտել են երեք տարվա աքսորի։ Իրականում «Մաստոդոնտը» ծառայել է մոտ 60 տարի և այրվել է 1990-ական թվականների կեսերին։ Սակայն ճամբարի փոխարեն Յուրի Կոնդրատյուկը հայտնվել է Նովոսիբիրսկի մասնագիտացված № 14 բյուրոյում, որը նախատեսված է եղել ձերբակալված ինժեներների համար, և մասնակցել ածխի հանքերի ձեռնարկությունների նախագծմանը։ Այստեղ նա աշխատել է մինչև 1932 թվականի օգոստոսը՝ հասցնելով նախագծել ածխահանքերի համար նախատեսված երկու սարքավորում, որոնց համար ստացել է արտոնագիր ու հեղինակային իրավունք։ Նա հրապարակել է մի շարք հոդվածներ հատուկ մասնագիտությունների գծով՝ հանքահորերի հորատման արագացում ու հեշտացում, բետոնի պահպանում, երկաթբետոնե բարձրակ։

Հողմային էլեկտրակայանի ստեղծում խմբագրել

Դեռևս № 14 բյուրոյում աշխատելու ժամանակ Կոնդրատյուկը ծանոթացել է Ղրիմի հողմային էլեկտրակայանի նախագման էսքիզների մրցույթին, որ հայտարարել էր ծանր արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատը։ Կայանի նախագիծը կատարվել է Պ. Գորչակովի հետ, իսկ ավելի ուշ նրանց է միացել ինժեներ Նիկոլայ Նիկիտինը, որը հետագայում նախագծել է Մոսկվայի Օստանկինո հեռուստաաշտարակը։

Հողմային էլեկտրակայանի նախագծի էսքիզն ավարտին է հասցվել 1932 թվականին, և շուտով ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստացել մեկնելու Մոսկվա։ Ժողովրդական կոմիսարիատի հետևողական խնդրանքով 1933 թվականին Կոնդրատյուկին ժամանակից շուտ բաց են թողել։ Մրցույթում նրանց նախագիծը լավագույնն է ճանաչվել։ 1933-1934 թվականներին Շարգեյն աշխատել է Խարկովի (այդ ժամանակ Ուկրաինայի մայրքաղաքն էր) արդյունաբերական էներգիայի ինստիտուտի մասնաճյուղում։ Վերջնականապես տեխնիկական նախագիծը մշակվել է 1934 թվականի փետրվարին։ 1937 թվականին Ղրիմի Այ Պետրի լեռան վրա կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքներ են կատարվել[9]։ Սակայն 1938 թվականին որոշում է ընդունվել նախագիծը դադարեցնելու համար, ինչի կապակցությամբ Կոնդրատյուկը հետագա երկու տարիներին զբաղվել է փոքր հողմակայանների նախագծմամբ։

Այս շրջանում նա համագործակցության շահավետ ու անհողդողդ առաջարկներ է ստացել Սերգեյ Կորոլյովից, սակայն մերժել է՝ պատճառաբանելով հողմակայանի կառուցման իր ստանձնած պարտավորությունները։

Մեկ ուրիշ վարկածով մերժման պատճառը եղել է այն, որ ռազմական ծրագրերի շուրջ աշխատանքը պահանջում էր ժողովրդական կոմիսարիատի խիստ հսկողությունը, և կենսագրության ստուգման ժամանակ, հնարավոր է, կբացահայտվեր փաստաթղերի կեղծման հանգամանքը և իր սպիտակգվարդիական անցյալը՝ դրա բոլոր ծանր հետևանքներով։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

 
Յուրի Կոնդրատյուկի հուշարձանը հավանական թաղման վայրում

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո Կոնդրատյուկը որպես կամավոր ծառայության է մեկնել աշխարհազոր։ Ծառայել է Մոսկովյան 21-րդ դիվիզիայի հրաձգային երկրորդ գնդում։ Վյազեմի շրջափակումից դուրս գալուց հետո 1941 թվականի հոկտեմբերին ծառայել է հրաձգային 194-րդ դիվիզիայում, այնուհետև եղել է Արևմտյան ռազմաճակատի 46-րդ բանակի 60-րդ հրաձգային գնդի կապի բաժանմունքի ղեկավար։

Համաձայն «Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված և անհետ կորած մարդկանց հիշատակ» գրքի 7-րդ հատորի՝ Յուրի Կոնդրատյուկը ծառայել է հրաձգային 110-րդ դիվիզիայում և մահացել 1942 թվականի փետրվարի 25-ին։ Թաղված է Օրյոլի մարզի Բոլխովսկի շրջանի Կրիվցովո գյուղում[10]։

Արդարացում խմբագրել

1970 թվականի մարտի 26-ին ՌԽՍՀ գերագույն դատարանը իր № ОС-70-8 որոշմամբ արդարացրել է Յուրի Կոնդրատյուկին հանցակազմի բացակայության պատճառով։ Նրա բարի համբավի վերականգնման գործում մեծ ջանքեր է ներդրել նրա նախկին աշխատակից, հետագայում ռազմակից, ինժեներ-կոնստրուկտոր Բորիս Ռոմանենկոն, որը թոշակի անցնելուց հետո իրեն նվիրել է «տիեզերական լրագրությանը»[11]։

Աշխատություններ խմբագրել

«Նրանց, ովքեր կկարդան կառուցելու համար» (1919) խմբագրել

Այս աշխատությունում, անկախ Ցիոլկովսկուց, Կոնդրատյուկը հրթիռի շարժման հիմնական հավասարումն է դուրս բերել, ներկայացրել սխեմա և նկարագրել քառաստիճան հրթիռի աշխատանքը թթվածնա-ջրածնային վառելիքով։ 1938 թվականին, երբ Կոնդրատյուկը հրապարակել է աշխատանքը, նա այն թվագրել է 1918-1919, չնայած փոփոխություններ է կատարել տարբեր ժամանակներում[12]։ 1964 թվականին այն ներառվել է «Հրթիռային տեխնիկայի պիոներներ» գրքում, որն իր հերթին անգլերենով վերահրատարակել է ՆԱՍԱ[13]։ Կոնդրատյուկն առաջարկել է.

  • օդի դիմադրողականությունը կիրառել բացթողնման ժամանակ հրթիռի արգելակման համար վառելիքը խնայելու նպատակով
  • այլ մոլորակներ թռիչքների ժամանակ տիեզերանավը դուրս բերել արհեստական արբանյակի ուղեծիր, իսկ այնտեղ մարդ նստեցնելու համար կիրառել ոչ մեծ թռիչքա-վայրէջքային նավ (առաջարկը կիրառել է ՆԱՍԱ«Ապոլոն» ծրագրում)
  • հանդիպակաց եկող երկնային մարմինների ձգողական դաշտն օգտագործել արգելակման կամ արագության հավաքման համար Արևային համակարգի թռիչքներում։

Այս աշխատությունում դիտարկվել է նաև արևային էներգիայի կիրառումը տիզերական սարքերի համակարգերի համար, ինչպես նաև մերձերկրային ուղեծրում մեծ հայելիների տեղադրումը Երկրի մակերևույթը լուսավորելու համար։

«Միջմոլորակային տարածությունների նվաճում» (1929) խմբագրել

Այս գրքում հեղինակը շարադրել է տիեզերական տարածության նվաճման առաջին փուլերի հերթագայությունը։ Առավել մանրամասն դիտարկել է այն հարցերը, որոնք նախկինում արծարծել էր «Նրանց, ովքեր կկարդան կառուցելու համար» աշխատությունում։ Մասնավորապես, գրքում առաջարկված է կիրառել հրթիռների լիցքավորումը մերձերկրային տարածքներում (ներկայումս այս առաջարկն իրագործվել է «Պրոգրես» բեռնատար տիեզերանավերի աշխատանքում)։ Բացի այդ, աշխատանքում հետազոտվել են տիեզերական սարքերի ջերմային պաշտպանության հարցերը մթնոլորտում նրանց շարժման ժամանակ։

Հիշատակ խմբագրել

 
Մարմարե հուշատախտակ Սանկտ Պետերբուրգում
  • Պոլտավայում կանգնեցվել է Յուրի Կոնդրատյուկին նվիրված հուշարձան։
  • 1992 թվականին Նովոսիբիրսկի աերոտիեզերական լիցեյին տրվել է Յուրի Կոնդրատյուկի անունը։
  • Կոնդրատյուկի պատվին անվանակոչվել է Նովոսիբիրսկի հրապարակներից մեկը։ Քաղաքում այն տանը, որտեղ գիտնականն ապրել ու աշխատել է 1927-1930 թվականներին, կա նրան նվիրված գիտական-հուշագրական կենտրոն[14]։
  • Ուկրաինայում սահմանվել է Կոնդրատյուկի անվան շքանշան։
  • Կիևի փողոցներից մեկը կրում է գիտնականի անունը, տներից մեկի պատին կա նրան նվիրված հուշատախտակ։
  • 1997 թվականից Պոլտավայի տեխնիկական համալսարանը կրում է Կոնդրատյուկի անունը։
  • 1970 թվականին Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարաններից մեկը անվանակոչվել է Յուրի Կոնդրատյուկի անունով։
  • Մոսկվայում նրա անունով փողոց է անվանակոչվել։
  • Դնեպր քաղաքում 2016 թվականին նախկին Կոմունարների փողոցն անվանակոչվել է Յուրի Կոնդրատյուկի անունով։
  • Ուկրաինայում թողարկվել է հուշադրամ և փոստային երկու նամականիշ[15]։
  • Ռուբցովսկ քաղաքում կա գիտնականի անունով փողոց, որում գտնվում է հացահատիկի մշակման ու պահպանման հին ձեռնարկություն։
  • Օբի Կամեն քաղաքում կա նրա անունով փողոց, իսկ ափին՝ Կոնդրատյուկին նվիրված հուշարձան։ «Մաստոդոնտի» մնացորդները երևում են մինչ օրս։
  • Պոլտավայի մարզի Հորիշնիե Պլավնի քաղաքի տեխնիկումի մոտ դրված է Կոնդրատյուկի արձանը։
  • Կրասնոդարի մարզում գործում է Յուրի Կոնդրատյուկի հուշաթանգարան։
  • 2012 թվականի հունիսի 21-ին Google-ի լոգոն նրան է նվիրված եղել[16]։
  • 2014 թվականի հոկտեմբերի 18-ին Ալամոգորդո քաղաքում (Նյու Մեքսիկո նահանգ, ԱՄՆ) Կոնդրատյուկը ներկայացվել է Միջազգային տիեզերական փառքի պատկերասրահում[17]։
  • Օրլովի մարզի Բոլխովսկի շրջանում Կրիվցովո գյուղի մոտակայքում հուշանշան է կանգնեցվել Կոնդրատյուկի պատվին, որը պատերազմի ժամանակ այս տարածքում է մահացել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Енциклопедія історії України (укр.)Київ: Наукова думка, 2003. — ISBN 966-00-0632-2
  2. 2,0 2,1 2,2 Малиновский В. К. Некоторые штрихи к биографии А.И. Шаргея (Ю.В. Кондратюка).
  3. Герасютин, 2017, էջ 61: «Она происходила из древнего прибалтийского рода: её прямым предком был военачальник, участник Северной войны и Полтавской битвы, генерал шведской армии, перешедший на русскую военную службу, генерал-поручик В. А. фон Шлиппенбах»
  4. Малиновский В. К. Бароны Шлиппенбах — офицеры императора Александра I // Сборник трудов потомков участников Отечественной войны 1812 года, вып. 2, М.: Янус-К, 2008, с. 56-86).
  5. Александр Шаргей: Годы жизни
  6. Статья Արխիվացված 2007-02-26 Wayback Machine на сайте Новосибирского Аэрокосмического Лицея (չաշխատող հղում)
  7. «Линия жизни Александра Шаргея». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  8. Герасютин, 2017, էջ 68
  9. Герасютин, 2017, էջ 72
  10. ОБД Мемориал
  11. Планета Романенко // Вольная Кубань, 12.04.2011.
  12. NASA TT F-9285, 1965, էջ 49
  13. NASA TT F-9285, 1965, էջ 15—56
  14. Музей им. Ю. В. Кондратюка Արխիվացված 2020-04-28 Wayback Machine. Официальный сайт Музея Новосибирска m-nsk.ru
  15. Монета Юрий Кондратюк
  16. логотип Кондратюк в Google
  17. «Новосибирский ученый Юрий Кондратюк вошел в Галерею международной космической славы». Музей города Новосибирска. 19.11.2014.

Գրականություն խմբագրել

[անգլ.] = Пионеры ракетной техники : [пер. с  рус.] / Editor-in-chief: Melʹkumov T. M. — Washington, D. C., USA : National Aeronautics and Space Administration, 1965. — (NASA technical translation ; vol. F-9285).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Կոնդրատյուկ» հոդվածին։