Յոն Քաջ (Յոան) (Ioan Viteaz), Յոան Հայ (հակառակորդները կոչել են նաև Անգութ, Ահարկու, հունվարի 1, 1521 կամ 1520-ականներ - հունիսի 14, 1574[1], Roșcani, Băneasa, Covurlui County, Գալաց, Ռումինիա), զորավար, քաղաքական գործիչ, Մոլդովայի հոսպոդար 1572 թվականից։ Շտեֆան Մեծի և լեհահայ Սերեբկովիչի գերդաստանի շառավիղ։ 1551 թվականին փորձել է տիրանալ Մոլդավական իշխանության գահին։ 1560-ական թվականների կեսին թուրքական կառավարությունը նրան աքսորել է Հռոդոս, բայց հետագայում, դժգոհ լինելով Մոլդովայի իշխանի լեհական կողմնորոշումից, Յոն Քաջին է հանձնել իշխանական գահը։ Յոն Քաջը դաժանորեն ճնշել է նախկին իշխանի գլխավորությամբ իր դեմ պայքարող բոյարների խռովությունները, ստրատեգիական նպատակով մայրաքաղաքը Սուչավայից տեղափոխել Յաշ, Մոլդովային միացրել Խոտինի բերդը, ստեղծել իշխանական խորհուրդ, բռնագրավել վանքապատկան կալվածները, իր պատկերով կտրել պղնձյա դրամ, մանր հողատեր գյուղացիներից հավաքագրել ուժեղ բանակ։ ժողովուրդը Յոն Քաջին տվել է «Մոլդովայի հայր» պատվանունը։ Երկիրն ամրապնդող այդ քաղաքական, տնտեսական և ռազմական միջոցառումներից հետո, Յոն Քաջը մերժել է Սելիմ II սուլթանի պահանջը՝ կրկնապատկելու վճարվող հարկերը, և փորձել է եվրոպական տերությունների դաշնակցություն ստեղծել օսմանյան Թուրքիայի դեմ։

Յոն Քաջ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1521 կամ 1520-ականներ
Մահացել էհունիսի 14, 1574[1]
Մահվան վայրRoșcani, Băneasa, Covurlui County, Գալաց, Ռումինիա
Քաղաքացիություն Մոլդովական իշխանություն
Մասնագիտությունզորավար
Ծնողներհայր՝ Stephen IV of Moldavia?
Զբաղեցրած պաշտոններruler of Moldavia?
ԵրեխաներȘtefan Surdul?
 Ioan Vodă cel Cumplit Վիքիպահեստում

Դնեպրի կազակներից ստանալով ռազմական օգնություն՝ Յոն Քաջը 1574 թվականի ապրիլին Ժիլիշտե գյուղի մոտ ջախջախել է սուլթանի հրամանով Մոլդովա ներխուժած Նիկոպոլի սանջակի փաշայի, Վալաքիայի և Տրանսիլվանիայի իշխանների միացյալ ուժերը, մտել է Վալաքիա և գրավել Բուխարեստը, ապա Լրպուշնայի, Տիգինայի (Բենդերի) և Աքքերմանի մոտ պարտության մատնել օգնության եկած թուրքական զորքերին։ Սակայն Սելիմ II-ը նրա դեմ է հանել Ռումելիի բեկլարբեկ Ահմեդ փաշային և Ղրիմի խանի եղբայր Ադիլ Գիրեյին, որոնց 200 հազարանոց բանակի դեմ, 1574 թվականի հունիսին Կահալ լճի մոտ կայացած արյունահեղ ճակատամարտից հետո, Յոն Քաջը ստիպված նահանջել է Ռոշկան։ Հավատալով թշնամու կեղծ երդմանը՝ Յոն Քաջը ներկայացել է օսմանյան զորաբանակի հրամանատարի վրանը և դաշունահարվել։ Յոն Քաջի կյանքին ու գործունեությանն է նվիրված Բ․ Պ․ Հաշդեուի «Յոան իշխան Ահարկու» (1865, ռում․) մենագրությունը։ Յոն Քաջի կերպարը մարմնավորվել է գեղանկարչության (Գ․ Լաբին), քանդակագործության (Մ․ Բուտուրոյու, Զ․ Մեդրեա), երաժշտության (Դ․ Դումիտրեսկու), գրականության (Է․ Կամելար, Մ․ Ժոլդկա) մեջ։

Գրականություն խմբագրել

  • Կամենից, Տարեգիրք հայոց Լեհաստանի եւ Ռումէնիոյ..., հրատարակիչ՝ Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1896։
  • Գրիգորյան Վ., Յաշ քաղաքում հայկական դատարանի մասին վկայող մի ուշագրավ վավերագիր, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտության», 1961, համար 9։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 128