«Յոա» (նորվ.՝ Gjøa), մարդկության պատմության առաջին նավն է, որն անցավ Հյուսիսարևմտյան ծովային ուղով՝ Ատլանտյան օվկիանոսից նավարկելով դեպի Խաղաղ օվկիանոս՝ Ամերիկա աշխարհամասի հյուսիսային վերջավորությունը։ «Յոան» նորվեգացի բևեռախույզ Ռուալ Ամունդսենի գիտարշավային նավերից մեկն է եղել 1903 թվականից մինչև 1906 թվականները[1]։

Նավը Օսլոյի ծովային թանգարանի բաց ցուցադրությունում

Պատմություն խմբագրել

Արհեստագործական փայտյա զբոսանավը կառուցվել է 1872 թվականին նավեր կառուցող վարպետ Կուրտ Յոհանեսոն Սկաալեի կողմից (Kurt Johannesson Skaale) Ռոզենդալենեում։

Նավն իր անունը ստացել է առաջին տիրոջ կնոջ անվան մի մասնակից։ Այն սարքավորված է որպես երկառագաստավոր միակայմ նավ։ «Յոան»-ի երկարությունը կազմում է 21 մետր (70 ֆուտ)։ Ջրատարությունը կազմում է 48 տոննա։ Առաջին քսանութ տարիներին նավը ծառայել է ծովատառեխ որս կատարելու նպատակով։ Ամունդսենը հաճախակի էր կատակում, թե ինքն ու իր նավը նույն տարիքն ունեն։

1900 թվականին «Յոան» գնեց Ռուալ Ամունդսենը. նա նպատակադրվել էր երեք տարում ուսումնասիրել Արկտիկայի հյուսիսային լայնությունները։ Նավն իր չափերով զգալիորեն զիջում էր Ամունդսենի նախորդ գիտարշավների նավերին։ Սակայն Ամունդսենը ենթադրում էր, որ փոքր անձնակազմով ավելի հեշտ կլինի, կկարողանա անհրաժեշտ ռեսուսներ ստանալ որսորդությամբ ու ձկնորսությամբ։ Ըստ ծովագնացի, այս նավը ավելի լավ կհասներ խնդրո առարկա վայրեր Հյուսիսարևմտյան ծովային ուղով, քան առավել մեծ նավերը։ Քանի որ դեռև պատկերացումներ չկային Կանադական Արկտիկական կղզեխմբի նեղուցների խորության վերաբերյալ, նավը պետք է ունենար փոքր թաղվածք և հարթ հատակ։ «Յոան» համապատասխանում էր վերոնշյալ բոլոր պահանջներին։

 
Նավը բաց ծովում 1903 թվականին:

1901 թվականին Ռուալ ամունդսենը իր նոր նավով փորձնական արշավ կազմակերպեց դեպի Բարենցի ծով։ Այս ուղևորությունը տևեց ավելի քան 5 ամիս։ Նավի նավապետը դարձավ Հանս Քրիստիան Յոհանեսենը՝ «Յոայի» նախկին սեփականատերը։ Նավը բարեհաջող դիմակայեց բոլոր փորձություններին, հատկապես սառույցներին։ Մեկ տարի անց, 1902 թվականի ձմռանը «Յոա» նավի վրա տեղադրեցին կերոսինային շարժիչ 13 ձիաուժ հզորությամբ։ Շարժիչի հետ տեղադրվեցին նաև խարսխային փաթանիվ և առագաստային կարապիկ՝ վերհան հարմարանք։ Սա աշխարհում առաջիններից մեկն էր, երբ մեքենայացվեց վերոնշյալ հարմարանքները։ Շարժիչը հարմար չէր նավի շարժման համար, սակայն օգտավետ էր մանևրումներ իրականացնելու համար։

Անձնակազմ խմբագրել

«Յոա» նավի արշավախմբի անձնակազմի ներկայացուցիչներն էին՝

  1. Ռուալ Ամունդսեն՝ գիտարշավի ղեկավար, սառցաբան, երկրային մագնիսականության մասնագետ, ազգագրագետ։
  2. Գոդֆրիդ Հանսեն՝ազգությամբ դանիացի ղեկապետ, աստղագետ, երկրաբան և գիտարշավի լուսանկարիչը։ Դանիայի զինված ուժերի ավագ լեյտենանտ։ Մասնակցել է դեպի Իսլանդիա և ֆարերյան կղզիներ արշավախմբերին։
  3. Անտոն Լունդ ՝ նավագույքապետ և հարպունահար։
  4. Պեդեր Ռիստվեդտ ՝ Ավագ մեքենավար և օդերևութաբան։
  5. Հելմեր Հանսեն ՝ երկրորդ ղեկապետ։
  6. Գուստավ Յուլ Վիկ ՝ երկրորդ մեքենավար, մագնիսական դաշտերի հետազոտման ասիստենտ։ Իր մահկանացուն կնքեց չպարզված հիվանդությունից 1906 թվականի մարտի 30-ին։
  7. Ադոլֆ Հենրիկ Լինդսթրյոմ ՝ նավի խոհարար՝ կոկ և պահեստապետ։ Օտտե Սվերդրուպի գիտարշավի մասնակից 1898-1902 թվականներին[2]։

Ամունդսենը անցավ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածը, Բաֆֆինի ծովը, Լանկաստեր, Բարրոու, Փիլ, Ֆրանկլին, Ջեյմս Ռոսս նեղուցները և սեպտեմբերի սկզբին կանգ առավ ձմեռելու նատակով Քինգ Վիլյամի՝ ներկայիս Յոա Հեյվեն գյուղում։ 1904 թվականի ամռանը հրվանդանը չազատվեց սառցի կապանքներից և Ռուալ Ամունդսենը մնաց երկրորդ տարին ձմեռելու այստեղ։ Ձմեռումն անցավ խիստ դժվար պայմաններում։ Անձնակազմի երկու անդամներ՝ Ամունդսենն ու Գ. Հանսենը մնացին նավի վրա, իսկ մնացածը ափամերձ տնակում, որը կառուցել էին արդյունաբերական արկղներից և պատված էր ավազի շերտով։ Ձմռանը կացարանի ներքին հատվածներում ջերմաստիճանը չէր բարձրանում +5 °C-ից։ Կերոսինային գազալամպերը շարքից դուրս եկան կամ էլ չաշխատեցին և Ամունդսենն ու իր անձնակազմը բևեռային գիշերներն անցկացրին խավարի մեջ։

Անձնակազմի հիմնական զբաղմունքը գեոմագնիսականության ուսումնասիրումն էր։ Ինչպես նաև այդ վայրերում ապրող էսկիմոսների ազգագրական հետազոտությունները։ Դեպի հարավային բևեռ ուղևորության նախապատրաստակա աշխատանքների համար այս նյութերն անգնահատելի էին։

1905 թվականի օգոստոսի 13-ին նավն սկսում է շարժվել և պրակտիկորեն ավարտում է Հյուսիսարևմտյան ծովային ուղով նավարկությունը, բայց այնուամենայնիվ նավը կրկին սառչում է սառույցների մեջ։ Ամունդսենը շնասահնակների օգնությամբ հասնում է Ալյասկայի Իգլի-սիթի քաղաք։ Հետագայում նա վերհիշում է.

«Վերադառնալուս ժամանակ բոլորը տարիքս գուշակում էին 59-ից 75-ի միջակայքում, չնայած այն հանգամանքին, որ ես ընդամենը 33 տարեկան էի»:
 
«Յոա» նավի անձնակազմը Նոմ նավահանգստում։ Առաջին շարքում ձախից աջ կանգնած են՝ Ամունդսենը, Ռիստվեդտը, Լինդսթրյոմը, Հանսենը։ Վերևի շարքում Գոդֆրիդ Հանսենն ու Անտոն Լունդը:

Նավ վերադառնալուց հետո Ռուալ Ամունդսենը իմացավ անձնակազմի ամենափոքր անդամի՝ Վիկի հիվանդության մասին։ Շուտով վերջինս կնքում է իր մահկանացուն։ Անձնակազմի անդամների շարքում չկային բժիշկներ, ուստի հիվանդության պատճառները մնացին անհայտ։ Բարրոու հրվանդանի մոտ «Յոա» նավը հազիվ փրկվեց նավաբեկությունից, քանի որ ուժեղ փոթորիկ էր սանձազերծվել։ Ի դեպ փոթորկի ժամանակ կոտրվեց միակ նավակայմը։ Այն փոխարինվեց միայն Ալյասկայում՝ Նոմայում։ Տեղացի ատաղձագործներից մեկը անվճար փոխարինեց կայմը։ Իսկ կոտրված հին կայմը մասերի բաժանեց և որպես հուշանվեր վաճառեց յուրաքանչյուրը 10 ամերիկյան դոլարով։

«Յոա» նավով գիտարշավը իր ավարտին հասավ 1906 թվականի հոկտեմբերի 19-ին։ Դրանից հետո այն նավարկեց դեպի Սան Ֆրանցիսկո՝ երկրաշարժից քիչ առաջ։ Ամունդսենը նպատակադրվել էր անցնել Հոռն հրվանդանը և անցնել հայրենիք՝ Նորվեգիա։ Սակայն Կալիֆորնիայի նորվեգական համայնքը համոզեց, որպեսզի վաճառի նավը։ Նեղվելով ֆինանսական դրությունից, Ամունդսենը համաձայնում է և վաճառքի է հանում այն։ Նավը տեղադրվում է բաց երկնքի տակ Գոլդեն Գեյթ զբոսայգում։ Բայց ժամանակի ընթացքում, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նավը քիչ-քիչ փուլ է գալիս։ 1939 թվականին նավը ենթարկում են կապիտալ վերանորոգման։ Սակայն սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմն ու այդ գործը մնում է կիսատ։

1972 թվականին «Յոա» նավը վերադարձվում է Նորվեգիային։ Հետո դառնում է Օսլոյի ծովային թանգարանի ցուցանմուշներից մեկը։ 2005 թվականին օգտագործվել է Ամունդսենի գիտարշավի մասին վավերագրական ֆիլմի նկարահանման ժամանակ։ 2012 թվականին «Յոա» նավի վրա կառուցվում է պաշտպանիչ վրան։ Մինչ այդ նավը տեղադրված էր բաց երկնքի ներքո։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոա (նավ)» հոդվածին։