Յան Ամոս Կոմենսկի (չեխ․՝ Jan Amos Komenský, մարտի 28, 1592(1592-03-28)[1][2][3][…], Ուհերսկի Բրոդ[7][8][9] - նոյեմբերի 15, 1670(1670-11-15)[2][3][4][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[1][5][6]), չեխ մանկավարժ-հումանիստ, հասարակական գործիչ։ Կոմենսկին 17-րդ դարի նշանավոր դեմոկրատ մանկավարժներից է, գիտական մանկավարժության հիմնադիրը, ուսուցման դաս-դասարանային համակարգի ստեղծողը։

Յան Ամոս Կոմենսկի
չեխ․՝ Jan Amos Komenský
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1592(1592-03-28)[1][2][3][…]
ԾննդավայրՆիվնիցե, Չեխիա
Մահացել էնոյեմբերի 15, 1670(1670-11-15)[2][3][4][…] (78 տարեկան)
Մահվան վայրԱմստերդամ, Նիդերլանդներ[1][5][6]
ԳերեզմանՆարդեն
Քաղաքացիություն Հաբսբուրգի միապետություն
Ազգությունչեխ
ԿրոնUnity of the Brethren?
ԿրթությունՀերբորնի համալսարան, Հայդելբերգի համալսարան
ԵրկերՎիճելի հարցեր՝ հավաքված փիլիսոփայության պարտեզում,
Աշխարհի լաբիրինթոսը և սրտի դրախտը,
Չեխերեն լեզվի գանձարան,
Վշտահարը,
Հարստահարվող աղքատների նամակը երկնքին,
Մայրական դպրոց,
Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ,
Մեծ դիդակտիկա,
Պանսոֆիա,
Լույսի ուղին,
Զգայական աշխարհ նկարներով,
Ժողովրդի երջանկություն,
Համընդհանուր խորհուրդ մարդկային գործերի կարգավորման
Մասնագիտությունմանկավարժ, փիլիսոփա, աստվածաբան, հոգևորական և գրող
ԱմուսինՄադլենա Վիզովսկայա, Դորոտա Ցիրիլովա
Զբաղեցրած պաշտոններԴասղեկ և եպիսկոպոս
ԵրեխաներAlžběta Komenská? և Daniel Komenský?
Ստորագրություն
Изображение автографа
 Comenius Վիքիպահեստում

Կոմենսկու ստեղծագործության գլուխգործոցը «Մեծ դիդակտիկա» աշխատությունն է։ Դրանում քննարկվում են ուսուցման սկզբունքներին, մեթոդներին, կազմակերպման ձևերին վերաբերող հարցեր։ Այն, ըստ էության, գիտական մանկավարժության առաջին շարադրանքն է, որտեղ կարելի է հանդիպել մանկավարժության մի շարք հարցերի գիտական և սպառիչ վերլուծության։

Կոմենսկու տեսության մեջ կենտրոնական է գիտականորեն հիմնավորված կրթական համակարգ ստեղծելու հարցը։ Կոմենսկին, քննադատելով իր ժամանակի դասային կրթական համակարգը, նրան հակադրում է մի նոր, խորապես դեմոկրատական համակարգ, որը դպրոցական բոլոր աստիճանները մատչելի է դարձնում բոլոր խավերի ներկայացուցիչների համար։ Կոմենսկու առաջադրած դպրոցական համակարգի կարևոր օղակը մայրենի լեզվի դպրոցն է։ Եվրոպական մանկավարժության պատմության մեջ առաջին անգամ գիտականորեն հիմնավորվում է, որ լատիներենից բացի մայրենին նույնպես կարող է լինել գիտական կրթության լեզու, իսկ մայրենի լեզվի դպրոցը գիտական կրթության պարտադիր աստիճան։ Կոմենսկին առաջադրել է նաև պարտադիր վեցամյա տարրական կրթության գաղափարը։

Իր ժամանակի համար նոր ու պրոգրեսիվ էին կրթության բովանդակության վերաբերյալ արտահայտած գաղափարները։ Քննադատելով սխոլաստիկական կրթությունը՝ նա պահանջում էր ուսումնասիրության առարկա դարձնել ամենից առաջ բուն իրերը, բնությունը, բնական գիտությունները։ Կոմենսկին առաջ է քաշել պանսոֆիական կրթության գաղափարը։ Նրա կարծիքով՝ կրթության բովանդակությունն իր բնույթով պետք է պանսոֆիական լինի, որը նշանակում էր՝ բոլորին ամեն ինչ սովորեցնել։

Բացառիկ մեծ են Կոմենսկու ծառայությունները ուսումնական աշխատաքների կազմակերպման ձևերի բնագավառում։ Մերժելով անհատական պարապմունքի արդեն հնացած ձևը՝ Կոմենսկին առաջադրում ու գիտականորեն հիմնավորում է դաս-դասարանային համակարգը, որը ներկայում էլ համարվում է ուսուցման կազմակերպման հիմնական ձևը։

Մանկավարժության զարգացման գործում Կոմենսկին նույն դերն է կատարել, ինչ կատարել են Դեկարտն ու Բեկոնը փիլիսոփայության, ինչ Կոպեռնիկոսը՝ աստղագիտության զարգացման գործում։
Յան Ամոս Կոմենսկու թանգարանը Պրահայում (Չեխիա)

Ժամանակաշրջանը խմբագրել

 
Via Lucis', 1668

Յան Ամոս Կոմենսկին ապրել և ստեղծագործել է 17-րդ դարում։ Դա եվրոպական երկրներում բուրժուական հարաբերությունների զարգացման ժամանակաշրջան էր։ Արագ կերպով զարգանում էին քաղաքները, գնալով ուժեղանում էր զարգացող դասակարգի՝ բուրժուազիայի դժգոհությունը հասարակության քաղաքական կյանքում գրաված իր տեղի համար։ Սնանկանում էր գյուղը։ Բուրժուական հարաբերությունների դեռ վաղ արշալույսին այդ հարաբերությունների զոհը դարձած պլեբեյական մասսաների հաշվին մեծանում էր բուրժուազիայի բանակը։ Ամենուրեք գյուղացիական ապստամբություններ էին խմորվում, ազատագրական պատերազմներ էին բռնկվում։ Գնալով խարխլվում էին Եվրոպայում ֆեոդալիզմի պատվարը հանդիսացող կաթոլիկ եկեղեցու հիմքերը։ Եվրոպական տարբեր երկրներում երևան էին գալիս կրոնական նորանոր ուղղություններ, որոնք կաթոլիկ եկեղեցուց անջատվելու և անկախություն ձեռք բերելու անվան տակ, փաստորեն, ազգային-ազատագրական շարժումների գլուխ էին անցել։ Ֆրանսիայում դրանք կալվինիստներն էին, Գերմանիայում՝ լյութերականները, իսկ Չեխիայում՝ հուսականները։

15-րդ դարի սկզբներին Չեխիայի Թաբոր քաղաքում սկիզբ առավ թաբորականների շարժումը։ Նրանք զինված ապստամբության միջոցով իրենց իշախանության տակ վերցրին Թաբոր քաղաքը, բայց երկար դիմադրել չկարողացան։ Թաբորականների շարժումը վերջնականապես ճնշվեց 15-րդ դարի կեսերին, որոնց ժառանգորդը դարձավ չեխական եղբայրությունը։ Այս կազմակերպության հիմնադրման ժամանակը համարվում է 1459 թվականը։ Կրոնական այս աղանդի գործունյա անդամներից մեկը ու նաև վերջին հայրապետն է եղել Յան Ամոս Կոմենսկին։

Կաթոլիկական եկեղեցին չէր կարող հանգիստ կերպով դիտել, թե ինչպես են ձևավորվում տարբեր աղանդներ, ինչպես են դրանք փորում մայր տաճարի հիմքները, հազարամյա շենքը մի օր փլելու համար։ Եվ նա կանգ չէր առնում միջոցների ընտրության հարցում ոչ միայն նոր ձևավորվող աղանդներն արմատախիլ անելու, այլև առհասարակ բուրժուական հարաբերությունների, նորագույն գիտությունների զարգացումը կասեցնելու համար[10]։

Կաթոլիկական եկեղեցու և արդեն արմատներ ձգած նոր աղանդների միջև, ֆեոդալական հարաբերությունների և նոր ձևավորվող բուրժուական հարաբերություններիի միջև գնալով հակասությունները սրվում էին։ 1618 թվականին սկսվեց Երեսնամյա պատերազմը, որն ամայացրեց Եվրոպան՝ ոչնչացնելով Գերմանիայի բնակչության կեսից ավելին, Չեխիայի երեք միլիոն բնակչությունից մնաց 800 000[11]։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Յան Ամոս Կոմենսկու մանկության շրջանին վերաբերող կենսագրական տեղեկությունները հակասական են։ Հայտնի է, որ ծնվել է 1592 թվականի մարտի 28-ին։ Որոշ կենսագիրներ գտնում են, որ ծնվել է հունգարական Բրոդ քաղաքում[12]։ Մի ուրիշ վարկածի համաձայն՝ Կոմենսկու ծննդավայրը Նիվնիցե փոքրիկ քաղաքն է, որը գտնվում է Բրոդ քաղաքի հարևանությամբ[13]։

 
Ծերունու դիմանկար. հեղինակ Ռեմբրանդ վան Ռեյն

Կոմենսկու ընտանիքը պատկանում էր «Չեխական եղբայրության» համայնքին։ Նախնական կրթության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան։ Հնարավոր է, որ Կոմենսկին հաճախել է «Չեխական եղբայրության» համայնքին պատկանող Բրոդ քաղաքի տարրական դպրոց։

1604 թվականին մահանում են ծնողները և երկու քույրերը։ Ընտանեկան այս աղետից հետո իր և կրտսեր քրոջ խնամքով զբաղվում է հորաքույրը, ով ապրում էր Ստրաժնիցա քաղաքում։

Այստեղ էլ Կոմենսկին հաճախում է եղբայրության դպրոցը։ Բայց ո՛չ ուսումնառությունը և ո՛չ էլ խաղաղ կյանքը Ստրաժնիցայում երկար չեն տևում։ 1605 թվականին Մորավիայի ազնվականության և հունգարական իշխանությունների միջև հարաբերությունների սրման հետևանքով Ստրաժնիցա են ներխուժում հունգարացի հրոսակախմբերը և հրկիզում ամբողջ քաղաքը։ Կոմենսկին փախչում է Բրոդ։

1608 թվականին Կոմենսկին ընդունվում է եղբայրությանը պատկանող լատինական միջնակարգ դպրոցը (գիմնազիա)։ Դեռ դպրոցական տարիներին նա նկատում է դասավանդման սխոլաստիկ ու ձանձրալի բնույթը, ինչի կապակցությամբ հետագայում «Մեծ դիդակտիկա» աշխատության մեջ գրում է.

  Բազմաթիվ հազարների մեջ ես էլ այն դժբախտներից եմ, ով անփառունակ կերպով կորցրել է իր կյանքի սքանչելի ժամանակը, այն պատճառով, որ դրանք վատնվել են սխոլաստիկ ցնդաբանության համար։ Ա՜խ, քանի անգամ դրանից հետո, երբ ինձ վիճակվել է տեսնել ավելի լավ բան, դժբախտ ժամանակի հուշերս իմ կրծքից հառաչներ են կորզել, աչքերից՝ արցունքներ, սրտից՝ թախիծ։ Քանի անգամ այդ թախիծը ստիպել է ինձ բացականչել. «Օ՜, եթե Յուպիտերն ինձ վերադարձներ անցած տարիներս»[14]։  

Համալսարանական ուսումնառության տարիներ խմբագրել

Հերբորնի համալսարան խմբագրել

 
Հերբորնի համալսարանի շենքը (1588-1817), Գերմանիա

1611 թվականի մարտի 30-ին, գիմնազիան ավարտելուց հետո Կոմենսկին ընդունվում է Հերբորնի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը։ Հերբորնի համալասրանը ուներ միջնադարի համալսարանների ավանդական կառուցվածքը՝ արվեստների, իրավաբանական, բժշկական և աստվածաբանության ֆակուլտետներով։ Համալսարանում իշխում էր կալվինիզմը[15]. գիտություններն այստեղ մասամբ դադարել էին կրոնի «աղախինը» լինելուց և ստացել էին գիտական բովանդակություն։ Պրոֆեսորներն աշխատում էին, ոչ թե հավատալ ու հավատացնել, այլ հասկանալ ու հասկացնել։ Կրոնական դոգմաները, փաստորեն, դադարում էին այդպիսին լինելուց և դառնում քննարկման առարկա։ Համալսարանը հռչակված էր իր պրոֆեսորներով, որոնց և աշակերտելու բախտ ունեցավ Կոմենսկին։ Հերբորնի համալսարանում ուսանելու տարիներին Կոմենսկին ծանոթանում է հին հունական և հռոմեական մտածողների՝ Պլատոնի, Արիստոտելի, Սենեկայի, Ցիցերոնի, ապա նաև վերածննդի և իր ժամանակի մտածողների ստեղծագործություններին։ Այս տարիներին գրում է «Վիճելի հարցեր՝ հավաքված փիլիսոփայության պարտեզում», «Արդյոք ամեն մի իմացություն սկիզբ է առնում զգայությունից» աշխատությունները[Ն 1]։

1613 թվականի սկզբներին, ավարտելով Հերբորնի համալսարանը, Կոմնեսկին ճանապարհորդություն է կատարում Եվրոպայում, հանդիպում ժամանակի նշանավոր մարդկանց հետ, ծանոթանում ժողովուրդների կենցաղին ու սովորույթներին։

Հայդելբերգի համալսարան խմբագրել

 
Հայդելբերգի համալսարանը, Գերմանիա

1613 թվականին Կոմենսկին ընդունվում է Հայդելբերգի համալսարան, որը հռչակված էր իր գրադարանով։ Կոմենսկին այստեղ հափշտակությամբ լսում է պրոֆեսոր Պարեսի դասախոսությունները, օգտվում գրադարանի գանձերից։ Կոմենսկու հետաքրքրություններն այստեղ բազմազան էին. նա հետաքրքրվում էր աստվածաբանական, իրավական, փիլիսոփայական գիտություններով, լեզուներով, բնական գիտություններով։ Հայդելբերգի հարուստ գրադարանով չէին սահմանափակվում Կոմենսկու հետաքրքրությունները։ Նա ընթերցում էր նաև արգելված գրքեր։ Հայտնի է, որ նա 1614 թվականի ամռան սկզբներին, Հայդելբերգում գտնվելու իր վերջին օրերին, վերադարձի համար նախատեսված ճանապարհածախսով գնում է Կոպեռնիկոսի «Երկնային մարմինների շրջապտույտի մասին» արգելված աշխատությունը և ոտքով ճանապարհ ընկնում դեպի հայրենիք[16]։

Հայդելբերգի համալսարանը Կոմենսկին թողնում է հիվանդության պատճառով։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

1614 թվականին Կոմենսկին վերադառնում է Մորավիա և նշանակվում Պրշերով քաղաքի եղբայրության դպրոցի ղեկավար։ 1616 թվականին նա ձեռնադրվում է հոգևորական, իսկ երկու տարի անց` 1618 թվականին, տեղափոխվում Ֆուլնեկ՝ Մորավիայի գեղատեսիլ քաղաքներից մեկը, որտեղ վարում է եկեղեցական տաճարի կառավարչի և միաժամանակ եղբայրության դպրոցի ռեկտորի պաշտոնը։ Կոմենսկին այստեղ շարունակում է իր մանկավարժական գործունեությունը, կատարելագործում իր դասավանդման մեթոդները՝ էլ ավելի ուսուցումը հեռացնելով սխոլաստիկայից և դարձնելով առարկայական։

1618 թվականին Կոմենսկին ամուսնանում է ազնվական ծագում ունեցող Մադլենա Վիզովսկայայի հետ։

Երեսնամյա պատերազմի տարիներ (1618-1648) խմբագրել

1618 թվականը Կոմենսկու, ինչպես նաև իր հայրենիքի համար, պատմության մեջ մտավ ինչպես ամենաահավոր ժամանակաշրջանի սկիզբն ազդարարող մի թվական։ Սկսվեց երեսնամյա պատերազմը։ Հաբսբուրգների բանակը շարժվեց դեպի Պրահա։ Չեխիայի ազնվականությունը, ժողովրդին ոտքի հանելու փոխարեն, իր ողջ հույսը դրել էր վարձու բանակի վրա։ Այդ վարձու բանակն էլ 1620 թվականի նոյեմբերին Պրահայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտություն կրելով՝ փախուստի է դիմում՝ քաղաքի դարպասները բաց թողնելով հակառակորդի բանակների դիմաց։ Չեխիան ընկնում է Ավստրո-Հունգարական կայսրության լծի տակ։ Սկսվում են բողոքականների, այդ թվում նաև բոհեմական եղբայրության անդամների հետապնդումներն ու հալածանքները։ Կոմենսկին ստիպված փախուստի է դիմում։ Ավերվում է նրա բնակարանը, ոչնչանում են շատ ձեռագրեր, կատարվում է նաև ամենաահավորը՝ նա կորցնում է կնոջն ու երեխաներին՝ մնալով միայնակ։ Կոմենսկին ապաստան է գտնում Բրանդիզ քաղաքում։ Այստեղ նա գրում է «Վշտահարը» ստեղծագործությունը[17]։ Այս ստեղծագործության գլխավոր հերոսը ինքը՝ հեղինակն է, ով իր հոգում կրում է ոչ միայն իր անձնական, այլև իր միլիոնավոր հայրենակիցների վիշտը։

  Չի երևում, թե երբ պիտի վերջանա այս ամենը։ Մեր առջև միայն տեսնում ենք մի ահավոր անդունդ, ուր գահավիժում ենք բոլորս...Եվ ոչ մի տեղից օգնության հույս չկա[18]։  

Հոռետեսական և անկումային տրամադրություններով հագեցած է նաև նրա մյուս՝ «Աշխարհի լաբիրինթոսը և սրտի դրախտը» ստեղծագործությունը։ Սա մի երգիծական արձակ է, որում ամփոփված է 17-րդ դարի Չեխայի և առհասարակ ամբողջ Եվրոպայի հասարակության համայնապատկերը[19]։

1624 թվականին Կոմենսկին երկրորդ անգամ է ընտանիք կազմում, ամուսնանալով Դորոտա Ցիրիլովայի հետ, ով և դառնում է նրա դժվարին ճանապարհի հավատարիմ ընկերը։

Գործունեությունը Լեշնոյում խմբագրել
 
Վացլավ Բրոժիկ. Յան Կոմենսկին և Կարլ Ժերոտինսկին (1873)

1628 թվականին համայնքի մնացած անդամների հետ Կոմենսկին ապաստան է գտնում Լեշնո քաղաքում։ Այստեղ նա վերսկսում է իր պրակտիկ մանկավարժական գործունեությունը։ Նա Լեշնոյի գիմնազիայում ստանձնում է ուսուցչի պաշտոն՝ դասավանդելով լատիներեն, մաթեմատիկա, ֆիզիկա։

Այստեղ Կոմենսկին ավարտին է հասցնում իր «Մայրական դպրոց» աշխատությունը։ Այս աշխատության մեջ Կոմենսկին աճող սերնդի դաստիարակության հարցը բարձրացնում է համազգային հիմնախնդրի մակարդակի[20]։

1631 թվականին Կոմենսկին գրում է իր «Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ» աշխատությունը, որը ինքնատիպ մի երևույթ էր ուսումնական գրականության մեջ։

1632 թվականին Կոմենսկին ավարտում է «Մեծ դիդակտիկա» աշխատության չեխական տարբերակը, որտեղ նա նպատակ էր հետապնդում մշակել կրթական համակարգի կազմակերպման գիտական հիմքերը իր հայրենիքի՝ Չեխիայի համար։ Հետագա տարիներին, 1632 թվականից մինչև 1638 թվականն ընկած ժամանակահատվածում, ստեղծեց «Մեծ դիդակտիկայի» լատինական տարբերակը[21]։

1635 թվականին արդեն համաշխարհային ճանաչում ունեցող մանկավարժը ընտրվում է Լեշնոյի գիմնազիայի ռեկտոր։ 1630-ական թվականների ընթացքում, վերոհիշյալ աշխատանքներին զուգահեռ Կոմենսկին աշխատում էր նաև «Պանսոֆիա» աշխատության ստեղծման վրա, որը սակայն անավարտ է մնացել։

1641 թվականին Սամուել Հարթլիբի հրավերով Կոմենսկին մեկնում է Լոնդոն։ Այստեղ նա պետք է մշակեր և ավարտին հասցներ իր «Պանսոֆիա» աշխատությունը։ Սակայն նրա առաքելությունը Լոնդոնում անավարտ է մնում, սկսվող քաղաքացիական կռիվների պատճառով։

Գործունեությունը Շվեդիայում խմբագրել

1642 թվականին Կոմենսկին մեկնում է Շվեդիա։ 5 տարվա ընթացքում նա մեծ գործ է կատարում շվեդական դպրոցների բարեկարգման ուղղությամբ, նրանց տալով պանսոֆիական ուղղվածություն, հրատարակում դասագրքեր։ 1647 թվականին Կոմենսկին ավարտին է հասցնում այդ շրջանում գրած իր հիմնական աշխատությունը՝ «Լեզուների դասավանդման նորագույն մեթոդ» խորագրով[22]։ Այս աշխատությունը նշանակալի երևույթ էր մեթոդական գրականության բնագավառում։

1648 թվականին ավարտվում է երեսնամյա պատերազմը։ Վետֆալյան դաշինքի կնքումը Եվրոպային ժամանակավոր խաղաղություն է բերում։ Սակայն երկուհարյուրամյա պատմություն և ավանդույթներ ունեցող Եղբայրության եկեղեցին գնալով քայքայվում էր, ինչի հետ Կոմենսկին ոչ մի կերպ չէր ուզում հաշտվել։

Գործունեությունը Հունգարիայում խմբագրել

1650 թվականին Կոմենսկին մեկնում է Հունգարիա՝ որպես դպրոցական գործերի մշտական խորհրդատու։ Նա այստեղ մնում է մինչև 1654 թվականը։ Այս ընթացքում Կոմենսկին հիմնովին վերակառուցում է Սարոս-Պոտսկի դպրոցը, վերափոխում է ուսուցման ընթացքում կիրառվող դասագրքերը, լատիներեն տեքստերին կցելով նաև հունգարերեն թարգմանությունները, ուսուցումը դարձնում ավելի առարկայական ու կենդանի։ Այստեղ Կոմենսկին ստեղծում է նաև իր լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Զննական աշխարհ՝ նկարներով» դասագիրքը։ Այն նախատեսված էր տարրական դպրոցի և նախադպրոցական հասակի երեխաների համար։

Գործունեությունը Հոլանդիայում խմբագրել

 
Ալֆոնս Մուխա. Կոմենսկու վերջին օրերը Նարդենում (1918)

1656 թվականին Կոմենսկին մեկնում է Հոլանդիա։ Այստեղ 1657 թվականին լույս է տեսնում նրա «Դիդակտիկական ստեղծագործությունների ժողովածուն»։ Այս հրատարակության առաջին մասում հրապարակ է գալիս «Մեծ դիդակտիկա» աշխատությունը, որը կոչված էր դառնալու Կոմենսկու անմահության հիմնական պատճառը։

Կոմենսկու վերջին ստեղծագործությունը «Համընդհանուր խորհուրդ մարդկանց գործերի կարգավորման» ծավալուն աշխատությունն է։ Այն ներառում է օրգանապես կապված յոթ առանձին աշխատություններ.

  • «Համընդհանուր արթնություն»,
  • «Համընդհանուր լուսավորում»,
  • «Համընդհանուր իմաստնություն»,
  • «Համընդհանուր դաստիարակություն»,
  • «Համընդհանուր լեզու»,
  • «Համընդհանուր կարգավորում»,
  • «Համընդհանուր նպատակադրում»։

«Համընդհանուր խորհուրդ» աշխատության նպատակն է ցույց տալ մարդկանց, թե ինչպես պետք է կազմակերպել հասարակական կյանքը, հասարակական, միջազգային հարաբեությունները մարդու ազատությունն ապահովվելու համար[23]։

Կոմենսկին մահացել է 1670 թվականի նոյեմբերի 15-ին, Ամստերդամում[24]։

Աշխարհայացքը խմբագրել

Կոմենսկու աշխարհայացքի մի շարք գծեր ձևավորվել են Վերածննդի դարաշրջանի մշակույթի ազդեցության տակ։ Նրանից Կոմենսկին ժառանգել է հումանիզմը, լավատեսությունը։ Ի հակադրություն միջնադարյան մռայլ ասկետիզմի, մարդու մեղսավոր բնության վերաբերյալ եկեղեցական ուսմունքի, Կոմենսկին սովորեցնում էր, որ մարդը «ամենակատարյալ, ամենագեղեցիկ ստեղծագործությունն է», «ամենահրաշալի միկրոտիեզերքը»։

Ի տարբերություն Վերածննդի դարաշրջանի հումանիստ-մանկավարժների Կոմենսկին դաստիարակության համակարգ է ստեղծել ոչ թե ընտրյալների, հասարակության վերնախավի, այլ ամբողջ ժողովրդի համար։ Կոմենսկին առաջադրել է համընդհանուր ուսուցման գաղափարը։ Նա պահանջում էր, որպեսզի հարուստների և աղքատների, նշանավոր և հասարակ մարդկանց, քաղաքի և գյուղական վայրերի բնակիչների բոլոր երեխաները՝ տղաներն ու աղջիկները սովորեն մայրենի լեզվի դպրոցում։

Կոմենսկու դիդակտիկայի հիմնական գաղափարներն ունեն սենսուալիստական բնույթ՝ ռեալ աշխարհի ճանաչողություն՝ զգայական ընկալումների հիման վրա։ Կոմենսկին պնդում էր, որ «չկա ոչինչ բանականության մեջ, որ նախապես եղած չլինի զգայարաններում»։ Սա համապատասխանում է Ֆրենսիս Բեկոնի սենսուալիստական փիլիսոփայությանը։

Կոմենսկու աշխարհայացքում միահյուսվում են մի կողմից տարերային մատերիալիզմի, ռեալիզմի տարրերը, կյանքի փորձի վրա հենվելու ձգտումը, մյուս կողմից կրոնականությունը։ Նրա կարծիքով աշխարհը «աստծո ստեղծածն է», ճանաչողությունը «աստծո որոնումն է ամեն ինչում»։ Երկրային կյանքը Կոմենսկին համարում էր միայն նախապատրաստումը հավերժական, անդրշիրիմյան կյանքին և դաստիարակության նպատակը տեսնում էր մարդուն այդ հանդերձյալ կյանքին նախապատրաստելու մեջ[25]։

Մանկավարժական հայացքները խմբագրել

Դաստիարակության գործընթացի էությունն ու նպատակը խմբագրել

Դաստիարակության նպատակը Կոմենսկին սահմանում է կրոնական բարոյագիտության պահանջներից ելնելով, որոնց համաձայն մարդու վերջնական նպատակը աշխարհիկ կյանքի սահմաններից դուրս է, երբ հոգին կազատվի մարմնական պատյանից և կապրի հավերժական կյանքով։

  Մարդուն ներկայացվող իսկական պահանջները կայանում են նրանում, որ նա լինի՝ բոլոր իրերի իմացողը, իրերի և իր տերը, որ նա իրեն և ամեն ինչը վերագրի աստծուն՝ բոլոր իրերի սկզբնապատճառին[26]։  

Սրանց համապատասխան նա առանձնացնում է.

  • գիտական կրթություն,
  • առաքինություն կամ բարոյականություն,
  • կրոնասիրություն կամ բարեպաշտություն։

Գիտական կրթություն ասելով պետք է հասկանալ բոլոր առարկաների, արվեստների և լեզուների իմացությունը, առաքինություն ասելով՝ ոչ միայն արտաքին դաստիարակվածությունը, այլև հակումների ամբողջ արտաքին և ներքին հիմունքները, իսկ կրոնասիրություն ասելով՝ այն ներքին աստվածապաշտությունը որով մարդու ոգին կապվում և միանում է բարձրագույն զգացմունքի հետ[27]։

Կոմենսկին դաստիարակության առջև դնում է այնպիսի խնդիրներ, որոնք բխում են բուն կյանքի պահանջներից, որոնք մարդուն նախապատրաստում են աշխարհիկ կյանքի համար և ոչ թե անդրշիրիմյան աշխարհի համար, ինչպես ձևականորեն պնդում է նա՝ ելնելով քրիստոնեական-կրոնական բարոյագիտության պահանջներից։

Բնահարմարության սկզբունք խմբագրել

Կոմենսկու կարծիքով դաստիարակության արվեստի հիմքում, որպես ելակետ, պետք է ընկած լինի բնահարմարության սկզբունքը։ Կոմենսկու մոտ բնահարմարության սկզբունքը հանդես է գալիս լայն ու տարածուն ձևով, ընդգրկելով կրթության, ուսուցման, դաստիարակության ու դրանց կազմակերպման ձևերի բոլոր բնագավառները, դաստիարակության արվեստի բոլոր կողմերը[28]։

Կոմենսկին գտնում էր, որ մարդը բնության մի մասնիկն է և ենթարկվում է նրա գլխավոր, համընդհանուր օրենքներին, որոնք գործում են ինչպես բույսերի ու կենդանիների աշխարհում, այնպես էլ մարդու նկատմամբ[29]։ Բնահարմարություն ասելով նա հասկանում է.

  • ելնել իրերի ներքին էությունից,
  • դրանց բանական լինելը հաստատել արտաքին բնության հետ արվող համանմանություններով։

Բնությունը, Կոմենսկու կարծիքով, իրերի ու առարկաների մեջ դրել է այս կամ այն օգտակար դերը խաղալու պոտենցիալ հնարավորությունը միայն, իսկ նրանք այդպիսին դառնում են մարդու ստեղծարար միջամտության շնորհիվ։ Մարդը բնությունը չի կարող վերափոխել, սակայն նա կարող է և պետք է այն բարեփոխի՝ իր բարօրությանը ծառայեցնու համար։

Տարիքային շրջաբաժանում խմբագրել

Կոմենսկին ելնելով մարդու բնությունից՝ հասունացող սերնդի կյանքը բաժանել է տարիքային չորս ժամանակաշրջանի՝ յուրաքանչյուրը 6 տարի տևողությամբ.

  • մանկություն-ծնված օրից մինչև 6 տարեկանը,
  • պատանեկություն-6 տարեկանից մինչև 12 տարեկանը,
  • երիտասարդություն-12-ից 18 տարեկանը,
  • հասունություն-18-ից մինչև 24 տարեկանը[30]։

Այս շրջաբաժանման հիմքում ընկած են տարիքային առանձնահատկությունները.

  • մանկությունը բնութագրվում է ֆիզիկական բուռն աճով և զգայարանների զարգացմամբ,
  • պատանեկությունը՝ հիշողության և երևակայության զարգացումով,
  • երիտասարդությունը բնութագրվում է մտածողության զարգացման ավելի բարձր մակարդակով,
  • հասունությունը՝ կամքի զարգացումով և ներդաշնակություն պահպանելու ընդունակությամբ։

Տարիքային այս շրջաններից յուրաքանչյուրի համար Կոմենսկին նախատեսում էր կրթության հատուկ աստիճան։ Մինչև 6 տարեկանը ներառյալ՝ երեխաների համար նա առաջարկում է մայրական դպրոց, ինչը ենթադրում էր նախադպրոցական դաստիարակություն՝ մոր ղեկավարությամբ։ Պատանեկության համար (6-12 տարեկան) նախատեսվում է վեցամյա մայրենի լեզվի դպրոց՝ յուրաքանչյուր գյուղում, համայնքում[31]։ Երիտասարդության համար (12-18 տարեկան) պետք է յուրաքանչյուր քաղաքում լինի լատինական դպրոց կամ գիմնազիա։ Հասունության հասած երիտասարդների համար (18-24 տարեկան) յուրաքանչյուր պետության մեջ կամ մեծ մարզում՝ ակադեմիա։ Կոմենսկին վերոհիշյալ յուրաքանչյուր աստիճանի համար (ակադեմիայից բացի) մշակել է ուսման բովանդակությունը։

Դիդակտիկական հայացքները խմբագրել

Ուսուցման սկզբունքները խմբագրել

Զննականության սկզբունք խմբագրել
 
Յ. Ա. Կոմենսկի. Զգայական աշխարհ նկարներով (1658)

Հետևելով սենսուալիստական փիլիսոփայությանը՝ Կոմենսկին իմացության և ուսուցման հիմքում դրել է զգայական փորձը և տեսականորեն հիմնավորել զննականության սկզբունքը։ Կոմենսկին զննականությունը հասկանում է լայն առումով, ոչ միայն տեսողության, այլ նաև մյուս զգայարանների մասնակցություն՝ իրերն ու երևույթներն ավելի լավ ու պարզ ըմբռնելու համար։

  Այն ամենն ինչ հնարավոր է տրամադրեք զգայարանների ընկալմանը. տեսանելին՝ տեսողության ընկալմանը, լսելին՝ լսողությանը, շոշափելին՝ շոշափելիքին։ Իսկ եթե որոշ առարկաներ կարելի է միանգամից ընկալել մի քանի զգայարաններով, ապա թող դրանք տրվեն միանգամից մի քանի զգայարանների ընկալմանը[32]։
- Դիդակտիկայի «ոսկե կանոն»
 

Կոմենսկին պահանջում էր, որ ուսումն սկսվի ոչ թե առարկաների մասին խոսքային դատողություններ անելով, այլ նրանց առարկայական դիտումով։ Անհրաժեշտ է ինչը հնարավոր է, դիտել բնօրինակով, իսկ առարկաների անմիջական դիտման անհնար լինելու դեպքում պետք է դրանք փոխարինել նկարներով, գծագրերով։

Գիտակցականության սկզբունք խմբագրել

Անիմաստ, մեխանիկական սերտմանը, դոգմատիկ ուսուցմանը Կոմենսկին հակադրեց ուսուցման գիտակցականության պահանջը[33]։

  Ոչինչ չպետք է ստիպել անգիր սովորել, բացի նրանից, ինչը լավ հասկացված է բանականության կողմից։  

Գլխավորն այս դեպքում այն է, որ աշակերտներն ուսուցչի օգնությամբ գիտակցեն, թե ուսումնասիրվող առարկան ինչ օգուտ է բերում առօրյա կյանքում։ Պետք է աշակերտներին հասցնել երևույթների պատճառների գիտակցմանը։

Համակարգվածության սկզբունք խմբագրել

Կոմենսկին անհրաժեշտ էր համարում աշակերտներին հասցնել երևույթների միջև եղած կապերի ըմբռնմանը և այնպես կազմակերպել ուսումնական նյութը, որ այն քաոս չթվա աշակերտներին, այլ շարադրված լինի համառոտ՝ փոքրաթիվ հիմնական դրույթների ձևով։ Ուսուցման ժամանակ պետք է գնալ փաստերից դեպի եզրակացությունները, օրինակներից՝ կանոնները, որոնք համակարգում, ընդհանրացնում են այդ փաստերն ու օրինակները. գնալ կոնկրետից դեպի վերացականը, հեշտից դեպի դժվարը, ընդհանուրից դեպի մասնավորը։

Մատչելիության սկզբունք խմբագրել

Առաջ քաշելով սովորողների համար ուսուցման մատչելիության դիդակտիկական պահանջը, Կոմենսկին գտնում էր, որ երեխաներին ուսուցման համար պետք է տալ միայն այն, ինչը մատչելի է նրանց տարիքին։ Ուսուցման ժամանակ ուժերին համապատասխան լինելը, մատչելիությունը ձեռք է բերվում դասավանդման պարզությամբ, հաղորդելով հիմնականը՝ առանց ավելորդ մանրամասների։

Հաստատունության սկզբունք խմբագրել

Առաջադրելով աշակերտների կողմից ուսումնական նյութի յուրացման հաստատունության դիդակտիկական պահանջը, Կոմենսկին ասում էր, որ անհրաժեշտ է ուսուցման ժամանակ չշտապել, հասնել նրան, որ աշակերտները լրիվ յուրացնեն դասավանդված նյութը։ Հաստատուն յուրացման համար հսկայական նշանակություն ունեն վարժությունները և աշակերտների կողմից յուրացրած նյութի կրկնությունները։

Ուսուցման մեթոդները խմբագրել

Մեթոդ հասկացությունը Կոմենսկու «Մեծ դիդակտիկա» աշխատության մեջ կիրառվում է տարբեր իմաստներով։ Ամենից առաջ մեթոդ հասկացությունը Կոմենսկին օգտագործում էր բոլորին ամեն ինչ ուսուցանելու ունիվերսալ արվեստ իմաստով։ Այս հասկացությունն օգտագործում էր նաև ուսումնական աշխատանքների կազմակերպման ձևի իմաստով (դաս-դասարանային համակարգ)[34]։ Երբեմն էլ Կոմենսկին մեթոդ հասկացությունը դիտարկում էր ավելի լայն՝ փիլիսոփայական, բնությունն ու հասարակական կյանքը, իրերն ու երևույթները ուսումնասիրելու և ճանաչելու իմաստով (մատերիալիստական սենսուալիզմ)։ Եվ վերջապես մեթոդ հասկացությունը Կոմենսկին օգտագործում էր հենց մեթոդ իմաստով, որի տակ հասկանում էր ուսումնական խնդիրներ լուծելու ուղղությամբ ուսուցչի և աշակերտների միասնական աշխատանքի ուղիները։

Խոսքային մեթոդներ խմբագրել

Խոսքային մեթոդների շարքում Կոմենսկին մեծ նշանակություն էր տալիս զրույցի մեթոդին։ Նրա կարծիքով՝ զրույցը պետք է վարել հաճելի ձևով, երբեմն սրամտելով, «հաճելին օգտակարի հետ միացնելով», աշակերտների բացառիկ ակտիվության պայմաններում։ Հաճախ պետք է ընդհատել զրույցը և աշակերտներից մեկին հարցնել, թե ի՞նչ ասվեց, ի՞նչ բացատրվեց։

Զրույցի մեթոդին բացառիկ մեծ նշանակություն տալով, Կոմենսկին գտնում էր, որ դասագրքերը պետք է «կազմվեն գերազանցապես երկխոսությունների ձևով»։ Կոմենսկու համակարգում զրույցի մեթոդի հետ սերտ կապի մեջ է նաև դերերով կարդալու մեթոդը։ Ըստ նրա՝ դա երեխաների մոտ համարձակություն է մշակում, նրանք ավելի ու ավելի են հավատում իրենց ուժերին, խոսելու իրենց կարողություններին և աստիճանաբար հաղթահարում են ընկճվածությունն ու ամաչկոտությունը։

Կոմենսկին մեծ տեղ է տվել նաև բացատրելու մեթոդին։ Նա գտնում էր, որ ոչինչ չպետք է հանձնարարել՝ կատարելու համար, բացի այն բանից, որի կատարելու ձևերն ու միջոցները բավականաչափ բացատրված են։

Ուսուցման կարևոր մեթոդներից մեկն էլ Կոմենսկին համարում էր բանավեճը։ Այս մեթոդը տարբեր չափերով ու ձևերով նա կիրառելի էր համարում ուսումնառության բոլոր աստիճաններում։

Զննական մեթոդներ խմբագրել

Զննական մեթոդներից Կոմենսկին, ամենից առաջ, կարևորում էր ցուցադրման մեթոդը։ Այս հանգամանքը պայմանավորված է իմացության հարցում նրա սենսուալիզմով։ Ցուցադրման մեթոդը զննականության դիդակտիկական սկզբունքի կենսագործման հիմնական ուղին է։

Կոմենսկին գտնում էր, որ կարելի է ցուցադրել կոնկրետ առարկան, առարկայի նկարը, գծապատկերը։ Բոլոր դեպքերում էլ ցուցադրումը պետք է լրիվ ու սպառիչ լինի։ Սկզբում, նրա կարծիքով՝ պետք է ցուցադրել առարկան ամբողջությամբ՝ ուսումնասիրվող առարկայի վերաբերյալ ամբողջական պատկերացում տալու համար, հետո, երբ ամբողջի տպավորությունն արմատավորված է, կարելի է անցնել հիմնական մասերին, այնուհետև երկրորդականներին, և, վերջապես, մանրամասներին, մինչև որ առարկան ուսումնասիրվի իր բոլոր կողմերով, իր հիմնական ու երկրորդական հատկանիշներով։

Չափազանց կարևոր է, որ խոսքային և զննական մեթոդները հանդես գան միասնաբար։ Առարկան ու նրա անվանումը երեխան պետք է միասնաբար յուրացնի։

Գործնական մեթոդներ խմբագրել

Կոմենսկին բացառիկ նշանակություն է տվել գործնական մեթոդներին՝ գրավոր և բանավոր վարժություններին, ընդօրինակմանը։ Գործնական պարապմունքները Կոմենսկու մոտ զբաղեցնում էին ուսումնական օրվա գրեթե կեսը։ Կոմենսկին այն համոզմանն էր, որ ուսուցումը հնարավոր չէ հասցնել հիմնավորվածության աստիճանի, առանց հաճախակի կրկնությունների ու վարժությունների։

Ամենից առաջ Կոմենսկին նշանակալի տեղ էր հատկացնում բանավոր վարժություններին։ Դրանք, նրա կարծիքով, պետք է սկսվեն ուսուցչի կողմից նոր նյութը շարադրելուց և հարցերի միջոցով մութ կողմերը պարզաբանելուց հետո։ Ուսուցիչը պետք է աշակերտներին հարցնի նոր շարադրած նյութը. սկզբում ուժեղներին, հետո՝ թույլերին, որպեսզի վերջիններս նյութը մի քանի անգամ լսելուց հետո կարողանան վերարտադրել։

Կարևոր նշանակություն ունեն նաև գրավոր վարժությունները։ Դրանք, Կոմենսկու կարծիքով, պետք է սկսել գրաճանաչության ուսուցմանը զուգահեռ։ Ինչը ձեռք է բերվում ընթերցանության ժամանակ պետք է ամրապնդվի գրավորի միջոցով։

Գործնական մեթոդներից մեկն էլ, այսպես կոչված, ընդօրինակման մեթոդն է։ Ընդօրինակման մեթոդը Կոմենսկու կարծիքով, կարելի է կիրառել բոլոր արվեստների ավանդման ժամանակ և կարող է լինել բանավոր, գրավոր կամ գործնական բնույթի[35]։

  Վարպետներն իրենց աշակերտներին չեն զբաղեցնում տեսական դատողություններով, այլ անմիջապես նրանց ներգրավում են աշխատանքի մեջ, որպեսզի նրանք քանդակել սովորեն՝ քանդակելով, նկարել սովորեն՝ նկարելով, պարել սովորեն՝ պարելով և այլն։ Այդպես էլ դպրոցներում թող գրել սովորեն գրության մեջ վարժվելով, խոսել՝ խոսելու մեջ վարժվելով, երգել՝ երգելու մեջ վարժվելով, հետևություններ անել՝ հետևություններ անելու մեջ վարժվելով...[36]
- Յ. Ա. Կոմենսկի «Մեծ դիդակտիկա»
 

Դաս-դասարանային համակարգը խմբագրել

Կոմենսկին տեսականորեն մշակել է ուսուցման կազմակերպման դաս-դասարանային համակարգը, որը կիրառվում է նաև ժամանակակից դպրոցում։

Նա սահմանել է ուսումնական տարվա գաղափարը՝ քառորդների բաժանումով, մտցրել դպրոցական արձակուրդները, հստակեցրել ուսումնական օրվա կազմակերպումը։ Դպրոցներում այն ժամանակ աշակերտների ընդունելությունը կատարվում էր ամբողջ տարվա ընթացքում։ Աշակերտները, թեև նստում էին միասին՝ միևնույն դասարանում, բայց դասարանի բոլոր աշակերտների հետ կոլեկտիվ պարապմունքներ չէին տարվում. յուրաքանչյուր աշակերտ սովորում էր իր անհատական տեմպով։ Ուսուցիչը յուրաքանչյուրի հետ պարապում էր անհատապես։ Կոմենսկին պնդում էր, որ ընդունելությունը դպրոցում կատարվի տարվա մեջ մեկ անգամ, որ ուսուցիչը կոլեկտիվ աշխատանք կատարի ամբողջ դասարանի հետ։ Նա ցուցումներ է տվել, թե ինչպես պլանավորել և վարել դասը, դրա մի մասը հատկացնելով աշակերտների գիտելիքների հաշվառմանը՝ հարցման միջոցով, մյուս մասը՝ նոր նյութի բացատրմանն ու վարժություններին։

Դաս-դասարանային համակարգի բնորոշ առանձնահատկություններն են.

  • ուսուցումը կազմակերպվում է նույն տարիքի, նույն պատրաստվածության մակարդակն ունեցող սովորողների խմբի հետ,
  • ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է,
  • յուրաքանչյուր դաս նվիրված է մեկ ուսումնական առարկայի,
  • ուսուցումն իրականացվում է կայուն դասացուցակով,
  • ուսուցման մեջ ղեկավարող դերը պատկանում է ուսուցչին[37],

Առավելությունները խմբագրել

Կազմակերպման մյուս ձևերի նկատմամբ դաս-դասարանային համակարգն ունի մի շարք առավելություններ։ Դրանք են.

  • աշխատանքների կազմակերպվածությունը և հստակությունը,
  • միաժամանակ աշակերտների մեծ խմբի հետ աշխատելու հնարավորությունը,
  • նպաստավոր պայմանների ստեղծումը կոլեկտիվ գործունեության, փոխհամագործակցության համար,
  • դասարանական կոլեկտիվի դրական ազդեցությունը աշակերտների վրա,
  • ուսուցման կազմակերպման այլ ձևեր ևս կիրառելու հնարավորությունը (էքսկուրսիաներ, սեմինարներ և այլն)։

Թերությունները խմբագրել

Դաս-դասարանային համակարգի թերություններն են.

  • աշակերտների անհատական առանձնահատկությունների լիարժեք հաշվառման անհնարինությունը,
  • ուղղվածությունը դեպի միջին ընդունակություններ ունեցող աշակերտները (թույլ ընդունակություններ ունեցող սովորողները մնում են ստվերում, առավել ընդունակները հնարավորություն չեն ունենում աշխատել ուժերի լիարժեք լարումով)։

Մանկավարժական տեսության նշանակությունը խմբագրել

Յան Ամոս Կոմենսկին հսկայական ազդեցություն է գործել մանկավարժական մտքի և դպրոցի զարգացման վրա ամբողջ աշխարհում։

Կոմենսկու գլխավոր աշխատության՝ «Մեծ դիդակտիկայի» մեջ տրվում է մանկավարժության մի շարք ընդհանուր հարցերի գիտական վերլուծություններ։ Այս հարցերի շարքում, առաջին հերթին, նկատի է առնվում դաստիարակության դերի ըմբռնումը անհատի ու հասարակության կյանքում, դաստիարակության, միջավայրի ու ժառանգականության փոխհարաբերության ըմբռնումը։ Հաջորդ հարցը վերաբերում է դաստիարակության բնույթին։ Կոմենսկին գիտականորեն հիմնավորեց դաստիարակության բնահարմարության սկզբունքը, որը դաստիարակության և ուսուցման պրոցեսում երեխայի բնությունը, նրա հոգեֆիզիոլոգիական, տարիքային ու անհատական առանձնահատկությունները հաշվառելու պահանջ էր։

Կոմենսկու առաջադրած մանկավարժության ընդհանուր հարցերից մեկն էլ գիտականորեն հիմնավորված կրթական համակարգ ստեղծելու հարցն է։ Կոմենսկին, քննադատելով իր ժամանակի դասային կրթական համակարգը, դրան հակադրեց նոր, խորապես դեմոկրատական համակարգ, որը դպրոցի բոլոր աստիճանները մատչելի էր դարձնում բոլոր խավերի ներկայացուցիչների համար։

Կոմենսկին նորարար էր դիդակտիկայի բնագավառում։ Նա առաջադրել է բազմաթիվ խոր, առաջադիմական դիդակտիկական գաղափարներ, ուսումնական աշխատանքի կազմակերպման սկզբունքներ ու կանոններ (ուսումնական տարի, արձակուրդներ, աշակերտների միաժամանակյա ընդունելություն աշնանը, դաս-դասարանային համակարգ, աշակերտների գիտելիքների հաշվառում, ուսումնական օրվա տևողություն և այլն)։ Նրա հանձնարարություններն այս հարցերում մինչև այսօր հիմնական գծերով կիրառվում են տարբեր երկրների դպրոցներում։

Մեծ է Կոմենսկու ներդրումը ուսուցման մեթոդների, դրանց ներկայացվող պահանջների առաջադրման առումով։ Կոմենսկին մշակել է խոսքային, զննական, գործնական բնույթի բազմաթիվ մեթոդներ, որոնց մեծ մասը մինչև այսօր էլ պահպանում է իր կենսունակությունը։ «Մեծ դիդակտիկայում» Կոմենսկին սահմանել և գիտականորեն հիմնավորել է նաև ուսուցման տեսության մի շարք սկզբունքներ, այդ թվում ուսուցման զննականության սկզբունքը, գիտելիքների համակարգվածության ու հաջորդականության սկզբունքը, գիտելիքների հաստատունության ու հիմնավորվածության սկզբունքը։ «Մեծ դիդակտիկայում» առկա են նաև մի շարք ռացիոնալ գաղափարներ աշակերտների ակտիվության ու ինքնագործունեության վերաբերյալ։

Արդիական են նաև Կոմենսկու՝ կրթության կազմակերպման ձևերին վերաբերող գաղափարները։ Կոմենսկին առաջադրել և գիտականորեն հիմնվորել է ուսուցման կազմակերպման դաս-դասարանային համակարգը։

Աշխարհայացքի և մանկավարժական համակարգի պատմական և դասակարգային որոշակի սահմանափակությամբ հանդերձ՝ Կոմենսկու տեսությունը հսկայական դեր է խաղացել մանկավարժական մտքի և դպրոցի զարգացման գործում։

Հիշատակ խմբագրել

Հուշարձաններ խմբագրել

Թանգարաններ խմբագրել

Համալսարան խմբագրել

Դպրոցներ խմբագրել

Մեդալ խմբագրել

Կոմենսկու մեդալ շնորհվում է 1953 թվականից սկսած՝ Չեխիայի Հանրապետության կառավարության, իսկ 1992 թվականից նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ. կրթության ոլորտում նշանակալի ներդրում ունեցած անձանց[38]։

Թղթադրամներ խմբագրել

Ֆիլատելիա խմբագրել

Կոմենսկին պատկերված է Չեխոսլովակիայի (1936), Բուլղարիայի (1957), Ռումինիայի (1957), ԽՍՀՄ (1958), ԳԴՀ (1958, 1970) փոստային նամականիշերի վրա.

Նշումներ խմբագրել

  1. 1613 թվականին գրված «Վիճելի հարցեր՝ հավաքված փիլիսոփայության պարտեզում» և «Արդյոք ամեն մի իմացություն սկիզբ է առնում զգայությունից» աշխատություններն ըստ կոմենագետ Ա. Ա. Կրասնովսկու՝ լավագույն վկայությունն են այն բանի, որ Կոմենսկին մատերիալիստական սենսուալիզմը չի ժառանգել անգլիացի նշանավոր փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնից։ Կոմենսկին իմացության հարցում մատերիալիստական դիրքերի վրա կանգնած էր դեռևս ուսանողական տարիներին` 1612-1613 թվականներին, մինչդեռ Բեկոնի հռչակավոր «Նոր օրագանոնը» հրապարակ է եկել 1620 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Пискунов А. И. Коменский Ян Амос // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 12 : Кварнер — Конгур. — С. 499.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jan Amos Comenius — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. 5,0 5,1 5,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/09608780500293083
  6. 6,0 6,1 6,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/02604020902733371
  7. 7,0 7,1 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1016/S0191-6599(05)80111-1
  8. 8,0 8,1 http://www.angelfire.com/journal2/watch-unto-prayer/reformation.html
  9. 9,0 9,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  10. Հարությունյան Վ. Խ. Յան Ամոս Կոմենսկին և նրա «Մեծ դիդակտիկան», Երևան, 1970 (էջ 12-17)
  11. Палацкий, Краткий очерк истории чешкого народа, Киев, 1872, (էջ 20)
  12. Հարությունյան Վ. Խ. Յան Ամոս Կոմենսկին և նրա «Մեծ դիդակտիկան», Երևան, 1970 (էջ 18)
  13. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.–2-е изд., испр. и дополн.–М.:ТЦ «Сфера», 2001.–512 с. (էջ 100)
  14. Յան Ամոս Կոմենսկի «Մեծ դիդակտիկա», Երևան, 1962, (էջ 126)
  15. Религиоведение/Энциклопедический словарь.-М.: Академический проект, 2006.-1256 с.
  16. Հարությունյան Վ. Խ. Յան Ամոս Կոմենսկին և նրա «Մեծ դիդակտիկան», Երևան, 1970 (էջ 28)
  17. Հարությունյան Վ. Խ. Յան Ամոս Կոմենսկին և նրա «Մեծ դիդակտիկան», Երևան, 1970 (էջ 38)
  18. Франтишек Кожек Скорбная и героическая жизнь Я. А. Коменского, Прага, 1958 (էջ 41)
  19. Le labyrinthe du monde et le paradis du coeur/ par John Amos Komensky
  20. «Бим-Бад Б. М.; "Очерки по истории педагогики"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  21. «Бим-Бад Б. М., Мельников Г. П.; Педагогическая система Яна Амоса Коменского». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  22. Латышина Д.И., История педагогики (История образования и педагогической мысли): Учеб. пособие.-М.: Гардарики, 2005.- 603 с. (էջ 25)
  23. Հարությունյան Վ. Խ. Յան Ամոս Կոմենսկին և նրա «Մեծ դիդակտիկան», Երևան, 1970 (էջ 89)
  24. Латышина Д.И., История педагогики (История образования и педагогической мысли): Учеб. пособие.-М.: Гардарики, 2005.- 603 с. (էջ 26)
  25. Կոնստանտինով Ն. Ա., Մեդինսկի Ե. Ն., Շաբաևա Մ. Ֆ., «Մանկավարժության պատմություն», Եր., 1972 (էջ 40)
  26. Կոմենսկի Յ. Ա., Մեծ դիդակտիկա, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1962 (էջ 83)
  27. Կոմենսկի Յ. Ա., Մեծ դիդակտիկա, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1962 (էջ 85)
  28. Հարությունյան Վ. Խ., Յան Ամոս Կոմենսկին և նրա «Մեծ դիդակտիկան», Երևան, 1970 (էջ 191)
  29. Կոնստանտինով Ն. Ա., Մեդինսկի Ե. Ն., Շաբաևա Մ. Ֆ., «Մանկավարժության պատմություն», Եր., 1972 (էջ 41)
  30. Коджаспирова Г.М. История образования и педагогической мысли: Таблицы, схемы, опорные конспекты: Учеб. пособие для студ. высш. учеб. заведений М Изд-во ВЛАДОС-ПРЕСС, 2003.-224 с.(էջ 64).
  31. Латышина Д.И., История педагогики (История образования и педагогической мысли): Учеб. пособие.-М.: Гардарики, 2005.- 603 с. (էջ 29)
  32. Կոնստանտինով Ն. Ա., Մեդինսկի Ե. Ն., Շաբաևա Մ. Ֆ., «Մանկավարժության պատմություն», Եր., 1972 (էջ 45)
  33. Коджаспирова Г.М., История образования и педагогической мысли: Таблицы, схемы, опорные конспекты: Учеб. пособие для студ. высш. учеб. заведений.- М., Изд-во Владос-Пресс, 2003. -224 с. (էջ 68)
  34. Ситаров В.А. Дидактика: Учеб. пособие для студ. высш. пед. учеб. заведений / Под ред. В. А. Сластенина.-2-е изд., стереотип.-М.: Издательский центр «Академия», 2004.-368 с. (էջ 97)
  35. Латышина Д.И., История педагогики (История образования и педагогической мысли): Учеб. пособие.-М.: Гардарики, 2005.- 603 с. (էջ 32)
  36. Կոմենսկի Յ. Ա., Մեծ դիդակտիկա , Երևան, Հայպետուսմանկհրատ, 1962 (էջ 233)
  37. Подласый И. П. Педагогика.-М..: Гуманит. исд. центр ВЛАДОС, 1999-Кн. 1:Общие основы. Процесс обучения.576 с. (էջ 520)
  38. «The Comenius Medal» (html). Международное бюро просвещения (անգլերեն) — Медаль Яна Амоса Коменского. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Գրականություն խմբագրել

  1. Альт Р., Прогрессивный характер педагогики Коменского/Пер. с нем. М., 1959.
  2. Бим-Бад Б.М., Мельников Г.П., Педагогическая система Яна Амоса Коменского. М., 2002.
  3. Гудзик К., Учитель мудрости и человечности//"День", № 110, 8.07.2006.
  4. История образования и педагогической мысли за рубежом и в России.-М.,-2001.-405 с.
  5. Коменский Я.А., Великая дидактика. Всеобщего совета об исправлении дел человеческих. Пампедия//Педагогическое наследие/Сост. В. М. Кларин, А.Н. Джуринский.-М.,-1989.-416 с.
  6. Коменский Я.А., Избранные педагогические сочинения. Том 2-Москва: Педагогика, 1982-с.576
  7. Коменский. Я.А., Материнская школа: пер. Д. Н. Королькова/Я.А. Коменский; ред. проф. А.А. Красновский М.: Учпедгиз, 1947.-104 с.
  8. Коменский, Я.А., Мир чувственных вещей в картинках или изображение и наименование всех главнейших предметов в мире и действий в жизни: пер. с лат.яз. Ю.Н. Дрейзина/ Я.А. Коменский; ред. проф. А. А. Красновский.-М.: Учпедгиз, 1941.-310 с.
  9. Константинов Н. А., Медынский Е. Н., Шабаева М. Ф. История педагогики: История педагогики: Учебник для студентов пед. Ин-тов.-М.:"Просвещение", Москва, 1982 г.
  10. Красновский А.А., Я.А. Коменский и его "Материнская школа"// Ян Амос Коменский, "Материнская школа", "Учпедгиз", Москва, 1947.
  11. Кратохвил, М.В., Жизнь Яна Амоса Коменского : кн. для учителя:пер. с чеш./М.В. Кратхолвил.- М.:Просвещение, 1991.-191 с.
  12. Латышина Д. И., История педагогики/Д. И. Латышина.-М., 2002.-603с.
  13. Лордкипанидзе Д., Ян Амос Коменский. М., 1970.
  14. Материалы науч. сессии АПН РСФСР, посвящённой 300-летию опубликования собрания дидактических трудов Я. А. Коменского (13-14 декабря 1957 г.), М., 1959.
  15. Нипков К.Э., "Ян Коменский сегодня", "Глаголь", СПб 1995
  16. Педагогическое наследие: Я.А. Коменский, Д. Локк, Ж.-Ж. Руссо, И.Г. Песталоцци/сост. В.М. Кларин, А.Н. Джуринский.-М.: Педагогика, 1989.-416 с.
  17. Сластенин В.А. и др. Педагогика: Учеб. пособие для студ. высш. пед. учеб. заведений/В. А. Сластенин, И. Ф. Исаев, Е. Н. Шиянов; Под ред. В.А. Сластенина.-М.: Издательский центр "Академия", 2002.
  18. Смоляницкий Я.А. Три века Яна Амоса Каменского.-М.: 1987.
  19. Степанов С. Ян Амос Коменский//"Школьный психолог", изд. дом "Первое сентября", № 44, 2000.
  20. Ян Амос Коменский и проблемы современной школы: Всероссийская научно-практическая конференция (Самара, 30-31 марта 1992 г): тезисы докладов /сост. доц. И.М. Магомедов, доц. Г.И. Пупынина; ред. Л.И. Бордукова.-Самара:СГУ, 1992.-170 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 535