Մրգավան

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Մրգավան (նախկինում՝ Գյոդակլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից անմիջապես հյուսիս-արևմուտք[2]։ Վերանվանվել է Մրգավան 1945 թվականի օգոստոսի 2-ին[3]։

Գյուղ
Մրգավան
Մրգավանի գյուղապետարանի շենքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՇրջանԱրտաշատի շրջան
Համայնքի ղեկավարՍամվել Վարդանյան
Հիմնադրված է1828 թ.
Մակերես3,5 կմ²
ԲԾՄ830 մ
Կլիմայի տեսակԲարեխառն
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1606[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմքրիստոնյաներ
Ժամային գոտիUTC+4
Մրգավան (Հայաստան)##
Մրգավան (Հայաստան)
Մրգավան գյուղի մուտքը, ձախ կողմում՝ հուշաղբյուր` նվիրված Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին

Աշխարհագրություն խմբագրել

Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 830 մ։

Մրգավանը զբաղեցնում է 350 հա տարածություն, որից համայնքային 77 հա, քաղաքացիներին՝ 258 հա, պետական՝ 15 հա, գյուղատնտեսական նշանակության՝ 229 հա։ Հողը սեփականաշնորհվել է 1991 թվականին, մեկ հողաբաժինը՝ 2400 մ2։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Մրգավանը տեղակայված է մայրաքաղաք Երևանից 25 կմ հարավ-արևմուտք, իսկ մարզկենտրոն Արտաշատից՝ անմիջապես հյուսիս-արևմուտք, Երևան-Արտաշատ ճանապարհի ձախ կողմում։

Գյուղը հարավից սահմանակից է Արտաշատ քաղաքին, հյուսիս-արևելքից` Այգեստանի հողատարածքին, հյուսիս-արևմուտքից՝ Դալար գյուղին, արևմուտքից՝ Երևան-Մեղրի կենտրոնական ճանապարհին։ Մրգավանը Արարատյան դաշտի գյուղերից է։

Գյուղը մոտ է մի շարք պատմամշակութային հուշարձանների և հնավայրերի։ Այնտեղից մինչև Խոր Վիրապ 15 կմ է, Հին Դվին քաղաքի պեղումները և թանգարանը՝ 6 կմ, Ազատավանի ջրամբարը՝ 7 կմ, Ոստանի պատմության թանգարանը՝ 4 կմ, Շահումյան գյուղի Գրիգորի հեքիաթային աշխարհը՝ 7 կմ։

Կլիմա խմբագրել

Կլիման բարեխառն լեռնային է, ամառը՝ տաք, ձմեռը` ցուրտ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 20 °C է, առավելագույնը` 35 °C, իսկ նվազագույնը՝ -25 °C։

Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 200-250 մմ, ձնածածկույթի հաստությունը՝ 10-30 սմ։ Վեգետացիայի շրջանը տևում է 200-230 օր։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Մրգավան (նախկին Գյոդակլու, որը թարգմանաբար նշանակում է «Կարճահասակների» գյուղ) գյուղը, որը կոչվել է նաև Դալուլար, 1831 թվականին մտնում է Երևանի նահանգի Երևան գավառի մեջ[4]։Գյուղը ունեցել է մեծ բարերար Գրիգոր Բաբաջանյանը (1893-1978) եղել է գյուղի մոտ 90% քավորը գյուղւմ ասել են (Քավոր Գրիգոր):Մինչև այսօր նրա թոռները և ծոռները բնակվում են գյուղում։

100 տարի հետո՝ 1927-1931 թվականներին, վերանվանվում է հեղափոխական գործիչ Ս. Մարտիկյանի անունով։

Գյուղի մեջ կա բազալտից հուշարձան-աղբյուր՝ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) զոհվածների հիշատակին նվիրված։

 
Մրգավանի Սուրբ Աստվածածին, հիմնավեր, ընթանում են շինարարական աշխատանքներ

Գյուղը ունի երկու եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ։ Առաջինը կառուցվել է 1833 թվականին Մուխսի Բադալի և Վարդանի կողմից։ Այն գործել է մինչև 1919 թվականը[5]։

 
Սուրբ Հակոբ եկեղեցի (Մրգավան)

Երկրորդը՝ Սուրբ Հակոբ Եկեղեցին, կառուցվել է բարերար վաճառական Անդրեաս Սարգսյանի կողմից մոտավորապես 1901-1908 թվականներին, իսկ շինարարական աշխատանքներին մասնակցել է ողջ գյուղը։

1918 թվականին Հայաստան մտած թուրքերը նահանջելիս իրենց հետ տանում են եկեղեցու զանգերը, թաքցնում Արաքսի ափին գտնվող գյուղերից մեկում, իսկ Անդրեասի որդին, Սարոն, 5 ոսկի տալով մի ադրբեջանցու, գտնում է զանգը և վերադարձնում։

Խորհրդային իշխանության որոշմամբ 1920 թվականին եկեղեցին անջատվում է պետությունից, դպրոցը՝ եկեղեցուց։ 1953 թվականին Խորհրդային կառավարությունը որոշում է քանդել եկեղեցիները։ Գյուղացիները հրաժարվում են քանդելուց, ուրիշ տեղից մարդիկ են բերում, որոնք հանում են խաչերը, քանդում գմբեթները։ Գյուղի կանայք բողոքում են Երևանի կոմիսարին, և եկեղեցին փրկվում է քանդվելուց։ Հետագայում որոշ ժամանակ այն դարձնում են գյուղի պահեստ։ Այնուհետև այն գործել և մինչև այժմ գործում է որպես եկեղեցի։ Գյուղի Հարությունյանների տոհմի ներկայացուցիչ Հովհաննես Ղազարյանը մեծ ներդրումներ է կատարել եկեղեցին ավելի գեղեցիկ դարձենելու համար։ Այդ ամենի համար նա ծախսել է ավելի քան 20 միլիոն դրամ։

Բնակչություն խմբագրել

Գյուղի բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, բանջար-բոստանային, կերային կուլտուրաների մշայությամբ և անասնապահությամբ։

Մրգավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Ընտանիք 33 ? ? ? ? ? ? ? ? 543 580 ?
Բնակիչ 134 506[7] 836 914 887 1350 1693 1799 1826[8] 1872 1518 1606[1]

Շինարարություն խմբագրել

Մինչ 1920 թվականը գյուղի բնակելի շենքերը կառուցվել են աղյուսից, փայտից, եղեգնից, իսկ խորհրդային իշխանության տարիներին՝ քարից և երկաթբետոնից։

Տարիների ընթացքում Մրգավանում կատարվել են կուլտուր-կենցաղային նշանակություն ունեցող մի շարք շինարարական աշխատանքներ։ Հին մշակույթի շենքը 1941-1948 թվականներին եղել է մանկատուն։ 1960 թվականին կառուցվել է մշակույթի նոր շենքը, որտեղ գտնվել են կինոն, գյուղապետարանը, գրադարանը և բուժկետը։

Հին մանկապարտեզը կառուցվել է 1930 թվականին, իսկ վերկառուցվել՝ 1958 թվականին։ 1996-2008 թվականներին մանկապարտեզը չի գործել։ 2008 թվականի մայիս ամսին այն տեղափոխվել է նոր շենք և սկսել է գործել։ 1926 թվականից այստեղ գործում է ծննդատուն, որը համարվում է խորհրդային իշխանության առաջին գյուղական ծննդատներից մեկը։

Գյուղը էկելտրիֆիկացվել է 1937 թվականին, իսկ գազաֆիկացվել է՝ 1998 թվականին։ 2004 թվականին գյուղը վերահիմնադրվել է և դրա առթիվ Հովհաննես Ղազարյանը և Ստեփան Շահբազյանը տեղադրել են հուշարձան։

Վերջին երեք տասնամյակում կառուցվել են գյուղի նոր թաղամասեր։

Տնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսություն խմբագրել

1831 թվականից գյուղացիները զբաղվել են ցորենի, գարու, բրնձի, կորեկի, բամբակի, քնջութի, սեխի մշակությամբ։ Գյուղը այդ ժամանակ ունեցել է 16 հա հող և 2 հա խոտհարք։ Անասնապահության զարգացած ճյուղը համարվել է տավարաբուծությունը։

1929 թվականին, Խորհրդային իշխանության տարիներին, երկրում հայտարարվել է համատարած կոլեկտիվացում և դրա արդյունքում Մրգավանում ստեղծվել է առաջին կոլտնտեսությունը։

Հողագործություն խմբագրել

ըստ տվյալների[9].

Բերքի անվանումը Զբաղեցրած տարածքը (հա) Ստացված բերքի քանակը (ցենտ)
Աշնան ցորեն 4 55
Գարնան գարի 3 9
Բամբակ 36 510
Բանջարեղեն 3,5 287
Բոստան 6 67
Խաղող 147 4689
Պտուղ 10 651
Ընկույզ 0,25 4
Փշատ 1 165

Անասնապահություն խմբագրել

ըստ տվյալների[10].

Անասնատեսակ Գլխաքանակ
Խոշոր եղջերավոր անասուններ 90
Կովեր 21
Եզներ 28
Ոչխարներ և այծեր 246
Թռչուններ 173
Մեղուներ 15
Ձիեր 12
Էշեր 1

Մշակույթ և կրթություն խմբագրել

 
Մրգավանի միջնակարգ դպրոց

Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից 1905 թվականին հիմնադրվել է մեկամյա դպրոց, որը 1908 թվականին դարձել է երկամյա։ Երկրորդ դպրոցը կառուցվել է 1930 թվականին, որը քառամյա է եղել։ 1938 թվականին կառուցվել է յոթնամյա դպրոց, որը ժամանակի ընթացքում դարձել է ութնամյա և միջնակարգ։ Այդ դպրոցը մինչ օրս գործում է։ 1905 թվականին դպրոցն ունեցել է 56 աշակերտ՝ 55 տղա և 1 աղջիկ։

Կովկասյան ուսումնական օկրուգի թույլտվությամբ 1911 թվականին գյուղում բացվել է մեկամյա դպրոց, որը շարունակել է գործել մինչև 1915 թվականը։ Սկզբնական շրջանում ուսումնարանում սովորել են 44 աշակերտ, իսկ վերջում՝ 100 աշակերտ[11]։

Գյուղի նոր դպրոցը կառուցվել է 1970 թվականին, իսկ մինչ այդ դպրոցները գործել են մասնավոր տներում։

Դպրոցի հայտնի շրջանավարտներ խմբագրել

  • Անժիկ Ենոքյան (ծնվ. 1930), գրող։
  • Բադալյան Ադելա (ծնվ. 1957), մեդալակիր։
  • Ղազարյան Ազատուհի (ծնվ. 1970), մեդալակիր։
  • Թադևոսյան Վալյա (ծնվ. 1970), մեդալակիր։

Հերոսամարտ խմբագրել

 
Հուշաղբյուր` Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին

Հերոսամարտը թուրքերի դեմ սկսվել է 1917-1918 թվականներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 150 մրգավանցիներ, որոնցից 63-ը զոհվել են[12]։

Հայտնի անձինք խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Ներսիսյան, Խաչատուր (2008). Մրգավան. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 5.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 876
  4. Ներսիսյան, Խաչատուր (2008). Մրգավան. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 10.
  5. Ներսիսյան, Խաչատուր (2008). Մրգավան. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 12.
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 141» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  7. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  8. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 774
  9. Ներսիսյան, Խաչատուր (2008). Մրգավան. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 17.
  10. Ներսիսյան, Խաչատուր (2008). Մրգավան. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 18.
  11. Ներսիսյան, Խաչատուր (2008). Մրգավան. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 20.
  12. Ներսիսյան, Խաչատուր (2008). Մրգավան. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 28.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրգավան» հոդվածին։